«Անվերջութիւնն Աստիճանաբար Մօտեցնում Է Աստծուն» Ասում Է Լիբանանահայ Քանդակագործ Զաւէն Խտըշեան
Խորհրդային Հայաստանի արուեստագէտների «սեւ» ցուցակում յայտնուած Զ. Խտըշեանին առաջին անգամ հանդիպեցի Երեւանում: Ժամանակից արուեստի մասին իր մօտեցումներով նա պարզապէս արգելուած էր այն ժամանակուայ Հայաստանում, որտեղ գերիշխում էին սոցիալիստական քանդակներն ու կտաւները: Վերջերս Երեւանի քաղաքապետարանի պատմութեան թանգարանում տեղի ունեցաւ լիբանանահայ քանդակագործ Զ. Խտըշեանի ցուցահանդէսը, որին ներկայ էին գտնւում նաեւ պաշտօնական անձինք: Ի դէպ, նկատենք, որ ցուցահանդէսը կազմակերպել էր Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը: Ինքս առաջին անգամ էի հանդիպում Զ. Խտըշեանին, թէեւ նրա գործերին առիթ ունեցայ ծանօթանալ Պէյրութի Պիքֆայայի բարձունքում: Նրա` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած կոթողն անհաւանական զգացողութիւն առաջացնում` կոթողային երկաթէ աղօթող կնոջ մէջ այնքան տրամաթիզմ, այնքան նրբութիւն կայ, որ թւում է` երկխօսութիւնը տարւում է դէմ առ դէմ: Ցուցահանդէսի ժամանակ քանդակագործի ժպտուն աչքերում արցունքներն աննկատ թացացնում էին նրա կոպերը: Նրա ասելիքը շատ է իր ստեղծագործութիւնների պէս…
ԶԱՒԷՆ ԽՏԸՇԵԱՆ.- Երբեք չէի մտածի, թէ ինձ այսքան հրաշալի ձեւով կ՛ընդունէին Հայաստանում: Մինչ գալս չէի պատկերացնում, թէ Երեւանն գեղագիտական կերպով այսքան գեղեցիկ է: Որքան էլ զարմանալի է, առաջին անգամ եմ գալիս Հայաստան, թէեւ երեք անգամ հրաւէր ստացել եմ: Տարբեր պատճառներով չէր ստացւում Հայաստան գալ, սակայն այս անգամ բարեբախտաբար եկայ: Հայաստանի եւ Արցախի համար ունեմ յուշարձանների մանրակերտներ, եւ այս մասին յայտնեցի Հայաստանի սփիւռքի նախարարին, որպէսզի հնարաւորութիւն տայ` մեր ներուժը օգտագործել մեր հայրենիքի համար: Տաս տարի առաջ արձան էի ուղարկել Հայաստան` որպէս նուէր: Քանդակը կոչւում էր «Ենթարկուելութիւն» կամ «Երջանկութեան գաղտնիքը», որը պատկերում է սիրահար զոյգի: Այս անգամ նուէրներից մէկը, որ բերել եմ, կոչւում է «Ծաղկեալ զոյգը»: Գիտէք` ինքս շատ եմ ուզում գործեր անել Հայաստանի համար, բայց դա, ցաւօք, պայմանաւորուած չէ միայն իմ ցանկութեամբ: Շուրջ 36 տարի ճարտարապետութիւն, նկարչութիւն եմ դասաւանդել համալսարաններում: Այսօր ունեմ հրաշալի ուսանողներ, ովքեր այս ոլորտի լաւագոյն մասնագէտներից են Լիբանանում: Ճարտարապետութեան մէջ կարեւոր է ոչ միայն գործնականը, գեղագիտական կողմը: Կառոյցը դրսից պէտք է ունենայ նոյն գրաւչութիւնը, ինչպէս` գեղեցիկ արձանը: Այս անգամ բերել եմ նաեւ ճարտարապետական նկարների ալպոմ, որը կրկին նուիրելու եմ Հայաստանին: Այն տարիներով էի պահել, եւ ուրախ եմ, որ առիթ ունեմ այդ նուէրը յանձնելու: Կը ցանկանայի, որ այն կիրառէին Հայաստանի ճարտարապետութիւն դասաւանդող համալսարաններում:
Հ.- Ինչպիսի՞ն է Երեւանի ճարտարապետական տեսքը ձեզ համար:
Զ. Խ.- Ի տարբերութիւն Լիբանանի, Երեւանում հանդիպեցի գեղեցիկ արձանների, որոնք պատմութիւն են ներկայացնում: Սա նկատւում է նաեւ Փարիզում: Երեւանի քաղաքապետարանի շէնքն իր պարզութեամբ շատ գեղեցիկ է: Ունենք բացառիկ օդակայան: Նոյնը վերաբերում է երեւանեան սրճարաններին, որտեղ գեղագիտական մեծ ճաշակ կայ: Սա, անշուշտ, հաճելի երեւոյթ է: Դրան զուգահեռ, պահպանւում են նաեւ քաղաքի գորշ շէնքերը, որոնք տխրութիւն են առաջացնում: Ես լաւատես եմ Հայաստանի ապագայի հարցում: Վստահ եմ` 20-30 տարի անց դժուար էք գտնելու գանգատուող մարդ Հայաստանում: Սակայն այս պարագայում էլ կան հարցեր, որոնք անմիջապէս վերաբերւում են պետութեանը: Ինչպէս, օրինակ, գործարանների կառուցումը: Արտագաղթը կը նուազի, եթէ մարդիկ աշխատանք ունենան: Այդ դէպքում հայրենիքից գնացած մարդիկ էլ կը վերադառնան:
Հ.- Ըստ ձեզ, ինչո՞ւ են հեռանում հայրենիքից:
Զ. Խ.- Կարծում եմ` երկու գործօն կայ: Դրանցից մէկը խորհրդային տարիներից եկած թանձրացած հոգեվիճակն է, երբ մարդիկ, հեռուստացոյցով տեսնելով եւրոպական երկրները, մտածեցին, թէ այնտեղ դրախտ կայ: Նրանք սակայն չմտածեցին, որ այդ երկրներն էլ ունեն իրենց բացասական կողմերը: Երկրորդ գործօնն էլ այն է, որ մարդիկ վախենում են, թէ կը վերականգնուեն հին կարգերը: Բարեբախտաբար արտագաղթը նուազել է, եւ այն պէտք է դադարի: Դրա համար անհրաժեշտ են գործարաններ, որպէսզի մարդկանց աչքը չլինի դէպի «դուրս»: Մենք չենք կարող անտարբեր մնալ այս վիճակի նկատմամբ: Ես ութսունն անց մարդ եմ, եւ, դժբախտաբար, չեմ կարող ամէն ինչ թողնել եւ վերադառնալ հայրենիք: Հարցազրոյցների ժամանակ երբեմն հարցնում են ինձ, թէ ես լիբանանցի՞ եմ, թէ՞ հայ: Ես պատասխանում եմ, որ լիբանանցի եմ, եւ նմանւում եմ այն անձին, որ կորցրել է իր մայրը, իսկ այն կինը, որ ընդունել է ինձ` որպէս հոգեզաւակ, Լիբանանն է: Շատ շնորհակալ եմ նոր «մօրս», ում նկատմամբ չեմ կարող անտարբեր լինել: Բայց ես գիտեմ, որ իմ բուն մայրը Հայաստանն է, որ հեռու է: Իմ հայրենիքը Հայաստանն է, որտեղ գտնւում է իմ հոգին:
Հ.- Ձեր հոգու թռիչքը, կարծես, արտայայտել էք նաեւ ձեր ստեղծագործութիւններում, որոնք մեծ մասամբ պատրաստւում են թռիչքի:
Զ. Խ.- Մանկութեանս տարիներին հետաքրքրւում էի անհունութեամբ, երկնքով: Յաճախ էի նայում աստղերին, եւ երբեմն էլ` փոքրիկ հրթիռներ ուղարկում այնտեղ: Նոյնիսկ սկսել էի թռչել իմ երազներում, եւ այնքան դիւրին էր թռչելը: Երազներիս արձագանգը կամաց-կամաց գտնում էի քանդակներիս մէջ: Ես ազատութեան մարդ եմ` ազատութիւն, թռիչք, միութիւն: Իմ քանդակները հիմնականում մոտեռն են, եւ աւելի շատ երկրաչափական ձեւերով են, մակերեսների եւ գծերի ներդաշնակութիւն է: Հակառակ այն հանգամանքին, որ դասական քանդակներ չեն, մարդիկ, այնուամենայնիւ, կարողանում են տեսնել իրականը: Երկար ժամանակ չէին վաճառում արձաններս: Մի օր բաւական հարուստ մէկը որոշեց գնել արձան: Ես դիտաւորեալ շատ բարձր գին ասացի, որ նա հրաժարուի իր մտքից: Եւ, ի զարմանս ինձ, նա համաձայնեց վճարել իմ նշած գումարը: Ես այնքան եմ մօտ ու հարազատ եմ զգում իմ արձաններին: Թւում է` նրանց դիպչելիս ինձ էլ են դիպչում: Այլ կերպ ասած` միաձուլուած եմ արձաններիս հետ: Իմ արձաններն աւելի կոթողական են: Շատերը գիտեն Լիբանանում գտնուող իմ յուշակոթողը, որ նուիրուած է հայ ժողովրդի վերականգմանը Եղեռնից յետոյ: Եթէ ստեղծագործութեան մէջ անվերջութիւն չկայ, ապա այդ գործն այլեւս չի ապրի: Անվերջութիւնն աստիճանաբար մօտեցնում է Աստծուն: Նշեալ կոթողն արտայայտում է անտեսանելի բողոք:
Հ.- Ինչո՞ւ են ձեր քանդակները կոթողային: Ձեր ասելիքը շա՞տ է:
Զ. Խ.- Արուեստը դատարկ կը լինի, եթէ այնտեղ չդրուի մարդու ենթագիտակցական աշխարհը: Այդ աշխարհում փաթաթւում են մեր բոլոր զգացողութիւնները, տխրութիւնը, երջանկութիւնը: Դա անգիտակցօրէն արձանագրւում է մեր ուղեղներում, որը գիտակցութեան օժանդակութեամբ դուրս է ելնում: Ինչպէ՞ս ցոյց տալ կոթողային արձանը: Եթէ, օրինակ, վերցնենք երկու լուսանկար, որտեղ մէկում պատկերուած կոթողային արձանը ներկայացուած է իր փոքր չափով, իսկ միւս արձանը, որ կոթողական չէ, կրկին ներկայացնենք նոյն չափով: Այդ դէպքում շատ հնարաւոր է, որ իրականում փոքր չափերով արձանն աւելի մեծ, կոթողական է երեւում, քան միւսը: Կոթողային քանդակագործութիւնը գալիս է դեռեւս հին եգիպտական ժամանակաշրջանից: Կոթողական արձանի դէպքում գծերը պէտք է լինեն ուղղահայեաց, եւ լոյսն էլ տարածուի առանց բեկանուելու:
Հ.- Պարոն Խտըշեան, ո՞ւր է գնում արուեստը:
Զ. Խ.- Շատ հետաքրքիր հարց է: Գեղարուեստն ու գիտութիւնն ընթանում են իրար զուգահեռ: Վերջին տարիներին գեղարուեստն ապրեց յետընթաց: Այն, կարծես, մահանում է: Կրկին մէջբերեմ իմ հարցազրոյցներից մէկը, որտեղ լրագրողն ինձ հարցրեց, թէ հա՞շտ եմ ապրում ներկայ կեանքի ձեւի հետ: Ասացի` ոչ: Յետոյ հետաքրքրուեց, թէ ինչո՞ւ: Ես պատասխանեցի, որ ներկայ կեանքը նմանւում է գնացքի, որը շատ արագ է ընթանում, եւ ես չեմ նստում այդ գնացքը, քանի որ այն կարող է իր մեծ արագութեան պատճառով դուրս գալ գծերից: Այնուհետ լրագրողը հարցրեց, թէ այդ դէպքում ես ե՞տ եմ մնում մարդկութիւնից, եւ արդեօ՞ք ես յետ մնաց եմ: Դրան ի պատասխան` ասացի, որ ոչ, քանի որ ես ունեմ իմ ճամբան, եւ նախընտրում եմ գնալ երկնքի ճանապարհով, ինչպէս իմ արձանները: Լրագրողը հիացել էր: Մէկ այլ փոքր փիլիսոփայութեամբ մօտենում եմ հարցին: Ես նմանւում եմ այն շերամին, որն իր կամքից անկախ` իր «բանտն» է հիւսում, եւ երբ գիտակցում է, որ բանտարկուած է, պատռում է, եւ դուրս է ելնում ոչ թէ սողալով, այլ` թռչելով: Ես ինքս ուզում եմ այդ որդի պէս պատռել «բանտն» ու թռչել: Եւ հէնց այդ թռիչքն էլ արտայայտում եմ իմ քանդակներում: Գեղարուեստի հոլովոյթները գտել են իրենց վերջը: Տպաւորապաշտութիւն, խորանարդապաշտութիւն… եւ այլն, եւ կարծես, որ «իզմերը» վերջացել են: Ամէն նկարիչ նկարում է իր ցանկութեամբ: Ամերիկացի նկարիչ Իվ Կրէյ, որ բնակւում էր Փարիզում, իր կեանքի վերջին տարիներին զգացել էր, որ այն ինչ անում էր, այլեւս արդիական չէր: Եւ ի՞նչ էր անում: Օրինակ, անտառի տեսարանը նկարում էր առանց վրձնի, ներկի, այսինքն մատներով նկարում էր օդի մէջ… Իվ Կրէյի մահուանից յետոյ նրա մեծ ցուցահանդէսը պէտք է կազմակերպուէր Փարիզում: Այդ ցուցահանդէսի բացումից երկու օր անց գնացի` պատերին նկար չկար, ոչի՜նչ: Բայց հասկացայ, թէ ի՛նչ է կատարւում` հաշուի առնելով Իվի արդիական աշխատանքները: Ցուցահանդէսի մուտքի մօտ նստած կինը հետաքրքրուեց իմ տպաւորութիւններով, եւ ասացի նրան, թէ արդեօ՞ք փոքր-ինչ չափազանցուած չէ: Յետոյ այդ կինն ասաց, թէ ցուցահանդէսի մասին մամուլը հիացական խօսքերով էր գրել: Ի՞նչ էր արել Իվը. նա վերցրել էր վրձին, թանձր ճերմակ ներկ եւ ներկել էր պատերը, որտեղ մնացել էին ներկի հետքեր: Օդի մէջ նկարելուց կամ այդ ցուցահանդէսից բացի, Իվ Կրէյն աւելի արդիական գործ էր արել: Նա կանչել էր լրագրողներին, եւ որպէսզի ապացուցէր, որ արուեստն արւում է արուեստի համար, եւ որ արուեստը բիւրեղ է իր համար, ափով ոսկի էր վերցրել եւ նետել դուրս` նշելով, որ ինքն աշխատում է ոչ այդ ոսկու համար, այլ` արուեստի: Մեր կեանքում ամէն ինչ սովորաբար պտտւում է, ինչպէս մեր մոլորակը արեգակի շուրջ: Գեղարուեստն էլ պտտուելով գալիս է իր նոյն տեղը: Հիմա, ասես, մարդիկ ձանձրացել են վերացականից, եւ կրկին արդիական է պատկերաւոր նկարչութիւնը:
Հ.- Ի վերջոյ, հետաքրքիր է` ի՞նչ զգացողութիւններով պատրաստեցիք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողը:
Զ. Խ.- Բոլոր հայերն էլ, շատ թէ քիչ, ցեղասպանութեան զգացումն ապրել են: Մայրս պատմում էր, որ երկու փոքր քոյրերս մահացել են աքսորի ժամանակ, եւ առանց թաղելու նրանց` թողել էր քարի մօտ: Երրորդ զաւակը ապրեց, եւ ես տեսայ նրան: Մենք տասնեակ տարիներ միասին ապրեցինք: Իմ մէջ ոչ միայն հոգեկան, այլեւ մտային ապրումներ կան: Ամէն տարի ապրիլի 24-ին յիշում էինք կատարուածը, ապա տարուայ 365 օրերին պատմութիւնը կրկին փակւում էր: Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին որոշեցի այնպիսի գիրք թողնել, որը կը յիշուի նա տարուայ մնացեալ` 365 օրերին, որպէսզի բոլորը` հայ, արաբ… եւ` ամէն անցորդ տեսնէր այն: Իսկ Զաւէնի գործը հսկայ յուշարձան դնելն էր, եւ` որոշ գոհացումներ տալ: Տանը միայնակ էի եւ շատ արագ գծագրեցի յուշարձանը: Ընդ որում` այն գծեցի ետեւից: Այն, ինչ գծագրել էի այդ ժամանակ, նոյն ճշգրտութեամբ վերարտադրեցի: Ընկերներիցս Գուրգէնը, տեսնելով գործս, հիացաւ, եւ ասաց, որ յուշակոթողն անպայման պէտք է կանգնեցուի: Օրեր անց իմացայ, որ Համազգայինն ընդունել է այն: Յետոյ ինքս առաջարկեցի կոթողը դնել Պիքֆայա վանքի բարձունքում, որն արտայայտում է նաեւ հայ ժողովրդի կամքը: Յուշարձանը որքան մեծանում էր, ես այնքան փոքրանում էի: Այն օրէցօր աճում էր, ծաղկում էր: Երբեւէ նման զգացողութիւն չունէի: Եւ հիմա պէտք է ասեմ, որ եթէ տաս անգամ էլ պատրաստ էի այդ արձանը, ապա այդ տասն անգամն էլ կ՛անէի նոյն ձեւով:
Հարցազրոյցը`
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան


