Խմբագրական «ՎԷՄ»-ի . 2015 Թուականը Շրջանցելու Փորձեր

Այն պատճառով, որ Նրան ամենազօր են անուանում, որովհետեւ կարող է անել այն ամէնն, ինչ ցանկանում է, ամենեւին էլ չի նշանակում, որ Նա կարող է տուժել ինքն իրենից, որովհետեւ եթէ դա պատահէր, Նա ոչ մի դէպքում ամենազօր չէր լինի: Ուստի Նա չի կարող անել որոշ բաներ հէնց այն պատճառով, որ ամենազօր է:

ԱՒԳՈՒՍՏԻՆՈՍ ԵՐԱՆԵԼԻ(1)

 

Արդէն մէկ տարի է անցել «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի նախագահի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրից եւ 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100-ամեակը նրա հետեւանքների յաղթահարման իրաւաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»:

Մինչեւ 2015-ը նախատեսուող ծրագրերի վերաբերեալ յանձնաժողովի անմիջական պատասխանատուների վերջին յայտարարութիւնների եւ հարցազրոյցների բովանդակութիւնը հիմնականում սահմանափակւում է պատմագիտական պրպտումների շարունակման, ցուցահանդէսների կազմակերպման գիտաքարոզչական առաջադրանքներով, որոնք շրջանցում են ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը(2): Ուստի հիմնազուրկ չէ այն մտահոգութիւնը, որ նիստերի շուրջ մէկամեայ դադարի մէջ գտնուող այս յանձնաժողովի պատասխանատուների որդեգրած «ակադեմական կեցուածքների» յետնախորքում թաքնուած է 2015-ին ընդառաջ ցեղասպան Թուրքիայի դէմ իրաւաքաղաքական գործընթաց սկսելու առաջարկները կասեցնելու միտումը:

Ի վերջոյ, Հայոց ցեղասպանութեան պատմութեան շուրջ գիտական պրպտումները կարելի է իրականացնել ե՛ւ մինչեւ 2015-ը, ե՛ւ դրանից յետոյ, բայց եթէ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը Հայաստանի ու հայութեան համար չդառնայ նրա հետեւանքների յաղթահարմանն ուղղուած համակարգուած իրաւաքաղաքական նախաձեռնութիւնների մեկնակէտ, միջազգային հանրութիւնը այս իրադարձութիւնը եւս աստիճանաբար կարող է ներառել սոսկ «ակադեմական ուշադրութեան» արժանի հիմնահարցերի շարքը, քանի որ`

ա) եթէ 1918-1920 թուականներին Հայաստանը` որպէս անկախ պետութիւն, հետապնդել է Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման առաջադրանքը` ընդհուպ մինչեւ իր անկախութեան կորուստը, իսկ նրա 70-ամեայ «խորհրդային լռութիւնը» եղել է քաղաքական պարտադրանքի հետեւանք, ապա 1991-ին միջազգային քաղաքականութեան բեմահարթակ վերադարձած Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը նախքան 2015 թուականը բաւարար ժամանակ է ունեցել եւ այսօր էլ դեռ ունի` այս հիմնահարցի վերաբերեալ սեփական պատկերացումները բանաձեւելու եւ դրանք միջազգային հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար,

բ) անկախ առաջիկայ տարիների միջազգային-քաղաքական կոնիւնկտուրայից, Թուրքիան` որպէս մարդկութեան դէմ յանցագործութիւն կատարած պետութիւն, երբեք չի բարելաւի Հայաստանի հետ իր յարաբերութիւնները` չստանալով Հայոց ցեղասպանութեան փաստի պատմականացման, այսինքն` այն պատմաբանների յանձնաժողով տեղափոխելու եւ իրաւաքաղաքական բովանդակութիւնից զրկելու երաշխիքներ, որոնց տեսանկիւնից մնացած բոլոր հիմնախնդիրները, նոյնիսկ Ղարաբաղի հարցը, թուրքական պետութեան համար եղել են ու կը մնան որպէս օժանդակ միջոցներ:

Ուրեմն` անկախ նրանից, թէ 2015-ին Հայաստանի Հանրապետութիւնը կը բացայայտի՞ արդեօք Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման միջազգային-իրաւական գործընթաց սկսելու համայն հայութեան եւ Հայոց պետականութեան մտադրութիւնները, Թուրքիան Հայաստանի հանդէպ կիրառուող պարտուողական բացախօսութեան պարտադրանքը կը շարունակի դիտարկել իբրեւ երկկողմ յարաբերութիւնների բարելաւման հիմնական պայման: Այսպիսով, որեւէ «մարտավարական առաջնահերթութիւն», որեւէ «իմաստուն փաստարկ» այսուհետ չի կարող հերքել Մեծ եղեռնի հետեւանքների յաղթահարման քաղաքական հիմնանպատակի յստակեցման այժմէականութիւնն ու հրատապութիւնը: Հակառակ տեսակէտի գերակայութեան պարագայում, մինչեւ 2015 թուականը եւ դրանից յետոյ գործ կ՛ունենանք սոսկ մեր արդարացի ու միաժամանակ` աւելի քան ակնյայտ պահանջների ջայլամային քողարկման հետ:

Հարց է առաջանում` միթէ՞ այս ամէնը չի գիտակցում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող յանձնաժողովի անմիջական պատասխանատուներին ցուցմունքներ տուող Հայաստանի ղեկավարութիւնը: Անշուշտ, գիտակցում է, բայց թերեւս հէնց դա է նրան մղում 100-ամեակի միջոցառումները սոսկ յոբելեանական գիտաժողովների եւ ցուցահանդէսների վերածելու գործելակերպին: Այդօրինակ քայլերը Հայաստանի իշխանութիւններին հնարաւորութիւն են տալիս նրբօրէն քողարկել Մեծ եղեռնի հետեւանքների յաղթահարման հիմնանպատակին իրաւաքաղաքական տեսք տալուց խուսափելու իրենց մտադրութիւնը, ինչը պայմանաւորուած է հիմնականում` երեք պատճառներով.

առաջին` իր պատմութեան երրորդ տասնամեակը բոլորած Հայաստանի երրորդ Հանրապետութեան քաղաքական ու տնտեսական ընտրանու հետեւողական դեգրադացումը փաստօրէն նրան վերածել է փողատէրերի փակ կաստայի, որն առաջնորդուելով իշխանութեան, որ նոյնն է թէ` հարստութեան պահպանման գերխնդրով, ազգային հիմնահարցերի առկայութիւնն օգտագործում է սոսկ որպէս երկրում ձեւաւորուած փողապետութեան(3) պահպանման միջոցներ,

երկրորդ` սեփական հայրենիքում բնակուող հայութեան զգալի մասի օտարումը պետութիւնից եւ ընտանիքի ապագան օտար երկրներում փնտռելու կործանարար մտասեւեռումի վերածումը մի նոր «ազգային գաղափարի», ինչը հետեւողականօրէն խարխլում է ոչ միայն Հայոց պահանջատիրութեան, այլեւ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան հիմքերը,

երրորդ` Հայաստանում տիրող անմխիթար իրավիճակին քաջատեղեակ հայկական սփիւռքի աստիճանական խորթացումը մայր հայրենիքից, մասամբ նաեւ` հատուածական գաղափարների վրայ խարսխուող փակուղային գործելակերպի արմատաւորումը նրա ներսում:

Այսպիսով, ակնյայտ է, որ ժամանակին սկսելով հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրութիւնները որդեգրելու փակուղային գործնթացը, Հայաստանի իշխանութիւնները անցած տարիների ընթացքում չեն դաւաճանել իրենց էութեանը:

Իրենց էութեանը չեն դաւաճանել նաեւ Թուրքիայի իշխանութիւնները, որոնք այսօր ամէն ինչ անում են մինչեւ 2015-ը «երկխօսութեան» կեղծ նմանակումների բեմականացման ճանապարհով Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կասեցնելու համար: Դրա վկայութիւնն են Միացեալ Նահանգների հայ համայնքի հետ «անկեղծ խօսակցութիւն ծաւալելու» Թուրքիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի խորամանկ փորձերը: Այս ամէնի հեռահար նպատակը հայութեան առանձին խմբերի պահանջների մասնակի բաւարարման միջոցով «կարգաւորման» սեփական բեմագրութիւնը պարտադրելն է: Ուրեմն` եթէ անգամ Հայաստանն ու հայութիւնը մինչեւ 2015 թուականը ոչինչ չձեռնարկեն Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման իրաւաքաղաքական գործընթաց սկսելու համար, միեւնոյն է, Թուրքիան ինքը, առանձին եկեղեցիների կամ կալուածքների վերադարձի եւ այլ «ընտրողական քայլերի» միջոցով փորձելու է առեւտրայնացնելով` արժէզրկել հայերի օրինական ու արդարացի պահանջների իրաւաքաղաքական բովանդակութիւնը:

Ուստի Հայաստանի իշխանութիւնների ներկայ կրաւորական կեցուածքի պահպանման դէպքում մինչեւ 2015 թուականը մենք անխուսափելիօրէն ներքաշուելու ենք Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման զանազան կեղծ բեմագրութիւնների մէջ: Որովհետեւ, երբ Հայաստանն ու սփիւռքը իրենք իրենց համար չեն յստակեցնում Մեծ եղեռնի հետեւանքների յաղթահարման հիմնանպատակի իրաւաքաղաքական բովանդակութիւնը, նրանց փոխարէն դա անում են ուրիշները` առաջնորդուելով օտար կամ թշնամական օրակարգերով:

Նման վտանգի առկայութեան պայմաններում վերջին տարիներին փորձագիտական մակարդակով մեզանում լրջօրէն քննարկւում է մինչեւ 2015 թուականը Թուրքիային ուղղուած հայկական պահանջների որոշակի փաթեթ եւ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հայեցակարգ մշակելու եւ դրանցով առաջնորդուելու` երկմիասնական առաջադրանքը: Առաջինն անհրաժեշտ է, որպէսզի ճշգրտուեն մեր կորուստների չափերը, կասեցուեն առանձին խմբերի ու անհատների «ինքնագործունէութիւնն» օգտագործելու Թուրքիայի փորձերը եւ առանձնացուեն Հայոց պահանջատիրութեան այն սուբյեկտները, որոնք կարող են ներկայացնել Հայաստանի ու հայութեան շահերը: Երկրորդն անհրաժեշտ է` յստակեցնելու համար այն մարտավարութիւնը, որը յարկ է լինելու կիրառել մինչեւ 2015 թուականը Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու նրա հետեւանքների յաղթահարման առաջադրանքի համատեքստում: Այս երկու անհրաժեշտութիւնների շուրջ հայ գիտատեսական միտքն արդէն բաւականին մեծ ծաւալի աշխատանք է կատարել` զգալիօրէն առաջ անցնելով անորոշութեան մէջ տարուբերուող ազգային քաղաքականութիւնից(4):

Մեր փորձագէտների ձեռքի տակ եղած հիմնաւորումների, փաստարկների ու հաշուարկների բազմաթիւ տարբերակները վկայում են, որ դրանք գտնւում են հասունացման այն հանգրուանում, երբ արդէն զգում են իրենց դրոյթները որդեգրող եւ գործնական քաղաքականութեան մէջ տեղափոխող կոնկրետ սուբյեկտների կարիքը: Ուստի երբ այսօր, «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողով ստեղծելու մասին» որոշման ընդունումից եւ նրա առջեւ սովորական, տարելիցային բնոյթի խնդիրներ դնելուց զատ, պետական մակարդակով «2015-ին ընդառաջ» մեզանում փաստօրէն ոչինչ չի արւում, կրկին ուրուագծւում է սովորական նմանակումների ու թատերականացումների այն ծանօթ բեմագրութիւնը, ինչը բնորոշ է Հայաստանի իշխող վերնախաւի գործունէութեան փաստօրէն բոլոր ոլորտներին:

Այսինքն սրանով մեզ առաջարկւում է մի կողմ դնել Թուրքիային ներկայացուելիք իրաւաքաղաքական փաթեթի ստեղծման համար անհրաժեշտ` հիմնաւորումների նախապատրաստումը, քննարկումն ու որդեգրումը եւ զբաղուել այնպիսի ձեռնարկներով, որոնք մեր հակառակորդները վաղուց արդէն բնորոշել են հայ ժողովրդի համար խիստ վիրաւորական` «մազոխիզմ» բառով: Նման գործելակեպը լիովին տեղաւորւում է Արեւմուտքում պարբերաբար «լեգիտիմութիւն» մուրացող, իսկ երկրի ներսում փող բաժանելով ինքնաւերարտադրուող իշխանութեան պատկերացումների շրջագծում: Ընդամէնը մի քանի տարուայ ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը աստղաբաշխական թուերի հասցրած, կախեալ եւ ոչ լեգիտիմ իշխանութիւնը չի կարող օրինականութիւն պահանջել երկրից դուրս, ուստի 2015-ին ընդառաջ` զգայացունց, բայց դատարկ ձեռնարկների կազմակերպման միջոցով պատրաստւում է «փափուկ բարձ» դնել մեր հասարակայնութեան գլխի տակ:

Այսպիսով, ակնյայտ է դառնում, որ հայ ժողովրդի համար ճակատագրական` 2015 թուականին ընդառաջ.

ա) միջազգային հանրութիւնը շարունակաբար խօսում է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւման «վարդագոյն հեռանկարների» մասին` անտեսելով Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը,

բ) ցեղասպան Թուրքիան փորձում է միջազգային հանրութեանը ցոյց տալ, թէ իբր` «երկխօսութիւն» է սկսում իր հանդէպ առաւել հետեւողական սփիւռքի հայութեան առանձին հատուածների հետ,

գ) պիղատոսների երկերեսանութեան ու ցեղասպանի լկտիութեան երկկողմանի աքցանի մէջ յայտնուած Հայաստանի իշխանութիւնները, տեղի տալով առաջինների «փողաբոյր կամքին», փորձում են յիշատակի ու սգոյ արարողութիւնների կազմակերպման միջոցով շրջանցել միջազգային ասպարէզում Հայոց ցեղասպանութեանը քաղաքական եւ իրաւական գնահատական տալու հասունացած առաջադրանքը:

Ուրեմն` «2015-ի» իրաւաքաղաքական բովանդակութիւնը շրջանցելու հարցում, գոնէ ներկայ պահին, այս երեք սուբյեկտների միջեւ առկայ է յստակ կոնսենսուս, ինչն անվիճելի իրողութիւն է: Սակայն 2015-ին ընդառաջ` կողմերի «հնարաւոր դերաբաշխումների» մասին դեռեւս խիստ վաղ է խօսել, որովհետեւ ինչպէս գլոբալ ու տարածաշրջանային, այնպէս էլ դրանցից բխող` ներազգային ու ներպետական գործընթացների ընդհանուր ուղղուածութիւնն առաջիկայ երեք տարիներին մեզ բոլորովին այլ հեռանկարներ է խոստանում:

Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների բարելաւմանը զոհաբերելու արձանագրային ցանկութիւնը ներկայումս անլուծելի հակասութեան մէջ է յայտնուել գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակների վրայ յստակօրէն ուրուագծուող այն վտանգաւոր զարգացումների հետ, որոնք ծաւալւում են Հայաստանի անմիջական հարեւանութեամբ` Արեւմուտք-արեւելք դիմակայութեան առաւել սուր կէտերում:

Սիրիայի ու Իրանի շուրջ սպասուող իրադարձութիւնների նախօրէին Հարաւային Կովկասում Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀ-ի դէմ ձեռնարկուող ազրպէյճանա-թուրքական շանթաժը ցոյց է տալիս, որ մեր հակառակորդները Ղարաբաղում եւս հայերի հետ հաշուեյարդար տեսնելու առաջադրանքը համարում են Հայկական հարցը փակելու վճռորոշ պայման: Ու քանի որ հէնց Ղարաբաղի միջոցով է Հայաստանի Հանրապետութիւնը շաղկապուած ուժի այն կենտրոններին, որոնց ներկայութիւնից ազատուելու համար են ծաւալւում մեր շուրջն ընթացող գործընթացները, ապա տարածաշրջանային ուժերի ընդհանուր հաշուեկշռի փոփոխութիւնը կարող է խարխլել այն խաբուսիկ սթաթիւս–քուոն, որը դարձել է Հայաստանի իշխանութիւնների պատրանքային սպասումների ենթահողը: Մինչդեռ տեկտոնիկ ճեղքուածքների վրայ յայտնուած երկրի համար որքան անհրաժեշտ ու պարտադիր է ուժի տարբեր կենտրոնների հետ ծաւալուող միաժամանակեայ խաղը, նոյնքան էլ հակացուցուած է «մէկը զիջելու, միւսը շահելու» հատուածական հաշուարկը:

Աւելի՛ն. ներկայումս Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդրի մէջ պարփակուող Հայկական հարցն այն հզօր քաղաքական գործօններից մէկն է, որը միջազգային ասպարէզում ծառայում է իբրեւ լրջագոյն խոչընդոտ Լեռնային Ղարաբաղի հանդէպ նոր յարձակման ճանապարհին: Ողջ մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութեան` Հայոց ցեղասպանութեան կրկնութեան վտանգը, այն էլ` ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին, խիստ ազդեցիկ բարոյաքաղաքական լծակ է, որից հրաժարումը չի կարող փոխհատուցուել Համաշխարհային դրամատան կամ այլ կառոյցների կողմից առաջարկուող հերթական վարկով, որը, բնականաբար, մսխուելու է` հերթական ընտրութիւնը կեղծելու նպատակով:

Ստեղծուած իրավիճակում Հայոց ցեղասպանութեան դիմաց արդարացի հատուցման պահանջի առաջադրումն ու շաղկապումը` հայութեան ղարաբաղեան հատուածի դէմ նիւթուող ցեղասպանական ծրագրերը կանխելու առաջադրանքի հետ, ազգային հիմնանպատակից անխուսափելիօրէն վերածուելու է համամարդկային առաջադրանքի` մարդկութեան ու քաղաքակրթութեան դէմ նոր ոճիրը կանխելու կամքի ու վճռականութեան:

Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդրի առաջադրումով Հայաստանի Հանրապետութիւնը կարող է նաեւ ամբողջացնել Լեռնային Ղարաբաղի արդար դատը պաշտպանելու համահայկական յանձնառութեան դաշտը` իր շուրջը համախմբելով ողջ աշխարհի հայութեանը:

Նոյն հիմնախնդիրը ներպետական իրողութիւնների համատեքստում քննելու պարագայում հարկ է վերյիշել, որ հէնց Հայոց ցեղասպանութեան դաժան վերյուշն էր այն հզօրագոյն ազդակը, որ 1988-ին ոտքի հանեց, իսկ քիչ անց` մարտի դաշտ տարաւ ղարաբաղեան պատերազմում յաղթանակած սերնդին: Սխալւում են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի իշխանութիւնների կողմից մատակարարուող «բարիքներով» հաճոյք ստացող մեր քաղաքացիների մի մասի ժամանակաւոր ընդարմացումը գնահատում են իբրեւ բարքերի աղճատման վկայութիւն: Հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնութեամբ որեւէ կապ չունի իրեն պարտադրուող արգահատելի երեւոյթների հետ, որոնք նրա կամքը կոտրելու նպատակ են հետապնդում: Հայութեան ազգային իտէալները այսօր էլ աւելի ուժեղ են ու կենսունակ, քան ցեղասպանական նպատակներ հետապնդող հարեւանների` ցեղապաշտութեան ու ատելութեան վրայ հիմնուած նկրտումները: Պարզապէս` դրանց պոռթկալու համար զգացւում է ենթակայական գործօնի հասունացման կարիքը, ինչն ի յայտ է գալիս արտաքին վտանգների առարկայացմանը զուգընթաց: Ուստի կասկած անգամ պէտք չէ ունենալ, որ առաջիկայում նոյնպէս հայ ազգը միայն պայքարի ճանապարհով է պաշտպանելու իր շահերը:

Իսկ ահա Հայաստանի իշխանութիւնները 2015-ին ընդառաջ նախատեսուող ձեւական գիտաժողովներով ու ցուցահանդէսներով այլեւս չեն կարող խաբել սեփական ժողովրդին եւ ապացուցել, թէ իբր` տէր են կանգնում նրա ողբերգական պատմութեանն ու անժամանցելի իրաւունքներին: Մեծ եղեռնի 100-ամեակի նախապատրաստութիւնները նմանակումների վերածելու նրանց բոլոր փորձերը դատապարտուած են ձախողման:

Նոր սպառնալիքների առարկայացման պայմաններում ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդրի առաջադրումն է ժողովրդին կրկին համախմբելու եւ պայքարի առաջնորդելու վճռական պայմանը, որովհետեւ առաջիկայ տարիներին հէնց արտաքին վտանգը կանխելու հրամայականն է լինելու ներհայաստանեան քաղաքական դիսկուրսի առանցքային հիմնահարցն ու շարժիչ ուժը:

Իսկ դա նշանակում է, որ այսօր 2015-ը շրջանցելու անյաջող փորձեր անող Հայաստանի իշխանութիւնները առաջիկայում չեն կարողանալու շարունակել իրենց ներկայ քաղաքականութիւնը: Աւելի՛ն. նրանք հարկադրուած են լինելու այս կամ այն կերպ ընթացք տալ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման առաջադրանքին` գիտակցելով ոչ միայն ազգին ու պետութեանը, այլեւ իրենց իշխանութեանը սպառնացող վտանգի մեծութիւնը: Պատճառն այն է, որ անգամ «գրպանով մտածող» հայաստանեան փողապետութեան համար ի վերջոյ հասու է դառնալու ամենազօրութեան պարադոքսի յայտնի տրամաբանութիւնը. «Խնդրէք Աստծուն, որպէսզի նա ստեղծի մի քար, որն ինքը չի կարող բարձրացնել: Եթէ ստացուի, նշանակում է նրա ամենազօրութիւնը կորցրել է իր ուժը: Իսկ եթէ ոչ` ապա նա չի էլ եղել ամենազօր»(5):

Այն քարը, որը 2015-ին ընդառաջ` փակելու է Հայաստանի իշխանութիւնների ճանապարհը, օրէցօր վտանգաւոր դարձող արտաքին միջավայրից բխող սպառնալիքներին դիմակայելու հրամայականն է, որն, ինչպէս գիտենք, հայաստանեան փողապետութեան «արժեհամակարգի» շրջագծում միայն մէկ լուծում ունի` արձանագրային անձնատուութիւնը: Բայց քանի որ վտանգը Ղարաբաղի վրայ կենտրոնանալու պարագայում քարը ստեղծելուց հրաժարուելը սպառնալու է իշխանութեան, իսկ բարձրացնելը` էութեան կորստեան վտանգով, ապա նման գլուխկոտրուկը հանգուցալուծուելու է «ճարահատեալ դաւանափոխութեան» տարբերակով: Ուրեմն` վտանգուած երկրի իշխանութիւնների համար Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման առաջադրանքը ամենազօրութեան պարադոքսի այն քարն է, որը որեւէ կերպ հնարաւոր չէ շրջանցել: Եւ ներկայումս հայ հասարակայնութեանը խաբելու անօգուտ փորձեր անողների ինքնապահպանման ձգտումը 2015-ին ընդառաջ` անխուսափելիօրէն փոխակերպուելու է Մեծ եղեռնի հետեւանքների յաղթահարման խնդիրն առաջադրելու եւ իրենք իրենց բացասելու գործընթացի:

Մինչեւ 2015 թուականը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրն առաջ քաշելու հրամայականը նոր ցեղասպանութեան բացառման, ներազգային համերաշխութեան վերականգնման եւ Հայաստանի Հանրապետութեան ներքին կեանքի առողջացման այն վճռորոշ պայմաններից է, որը չի կարող շրջանցել մեզանում գործող ո՛չ մի ուժ կամ անհատ: Ելնելով նման հասունացած առաջադրանքը կեանքի կոչելու նպատակադրումից` «Վէմ» հանդէսը կարեւորում է Հայոց ցեղասպանութեան իրականացման համար Թուրքիային պատասխանատուութեան կանչելու միջազգային-իրաւական գործընթացին անհրաժեշտ` փորձագիտական մշակումների հրապարակումն ու քննարկումը: Դրանցից առաջինը մեր աշխատակից Արմէն Ց. Մարուքեանի ամփոփիչ ուսումնասիրութիւնն է, որը տեղ է գտել հանդէսի ներկայ համարում:

 

1.- City of God. Book 5, Chapter 10.

2.- Հայոց ցեղասպանութեան հետեւանքների գնահատման առումով մեզանում լայնօրէն կիրառուող «յաղթահարում» հասկացութիւնից զատ, որոշ փորձագէտների կողմից երբեմն օգտագործւում է նաեւ «վերացում» եզրոյթը, որը, մեր կարծիքով` հիմնաւորուած չէ, քանի որ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների մի մասը եւ առաջին հերթին` մարդկային կորուստները, անդառնալի են (Խմբ.):

3.- Այս եզրոյթը, որն առաջին անգամ օգտագործուել էր 2009 թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման ներքաղաքական շարժառիթների բացայայտման նպատակով հրապարակուած մեր խմբագրականում («Վէմ», 2009, N 3, էջ 3-10), անցած տարիների ընթացքում պատշաճ ըմբռնման չէր արժանացել: Բայց 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական «ընտրութիւններից» յետոյ, երբ մեր աչքերի առջեւ «գնուեց» Հայաստանի քաղաքացիների զգալի մասը, անգամ այն փորձագէտները, որոնք մինչ այդ լուրջ վերապահումներ ունէին, իրենք եւս սկսեցին օգտագործել այս բանալի բառը (Խմբ.):

4.- Տե՛ս Արա Պապեան, Հայրենատիրութիւն: Հայոց պահանջատիրութեան իրաւական հիմունքները եւ յարակից հարցեր, յօդուածների ժողովածու, Եր., «Ասողիկ», 2012: Տե՛ս նաեւ` «Վէմ»-ի ներկայ համարում հրապարակուող` Արմէն Ց.Մարուքեանի «Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիը» ամփոփիչ ուսումնասիրութիւնը:  

5- Savage, C. Wade. The Paradox of the Stone, «Philosophical Review», Vol. 76, N 1 (Jan. 1967), pp. 74-79.

Share this Article
CATEGORIES