Սիրիական Տագնապը Եւ Սիրիահայութիւնը. Եթէ Հեռանում Են, Ցանկալի Է Հայաստանը Եւ Արցախը
Մայր գաղութներից մէկի` Հալէպի հայապարպումը, ամենալուրջ հարուածներից ու անդառնալի կորուստներից մէկը կարող է լինել համայն սփիւռքի համար: Հիմնականում Հայոց ցեղասպանութիւնից յետոյ ձեւաւորուած այս կարեւորագոյն գաղութը անցնող գրեթէ հարիւր տարիների ընթացքում աշխարհասփիւռ հայութիւնը սնել է հոգեւորականներով, բժիշկներով, ուսուցիչներով, ազգային գործիչներով: Իրաւամբ, հալէպահայութիւնը անցնող տասնամեակներում եղել է հայկականութեան պահպանման շտեմարան:
Այսօր, ցաւալիօրէն, հալէպահայութիւնը եւ Սիրիայի շուրջ 60 հազարանոց հայկական գաղութը ընդհանրապէս, ապրում է իր ամենածանր օրերը Հայոց ցեղասպանութիւնից յետոյ: Այսպէս կոչուած «Արաբական գարունը» այսօր շրջապատել է Սիրիան: Արեւմուտքը, անկասկած, անելու է հնարաւորը, որպէսզի Սիրիայում վերջ տրուի Ասատների շուրջ կէսդարեայ մենատիրութեանը: Որքա՞ն է դեռ շարունակուելու ներքաղաքական պատերազմը Սիրիայում, արդեօ՞ք նախագահ Պաշշար Ասատը պատրաստւում է մինչեւ վերջ պայքարել, վարչակարգի տապալման դէպքում ո՞վ կամ ովքե՞ր են իշխանութեան գալու Սիրիայում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները միանշանակ չեն:
Իրականութիւնն այն է, որ այս օրերին սիրիական ընդդիմութիւնը Թուրքիայի, Քաթարի, Սէուտական Արաբիայի եւ Արեւմուտքի (Միացեալ Նահանգներ, Եւրոպական Միութեան առաջատար երկրներ) ռազմական, ֆինանսական եւ քաղաքական-դիւանագիտական օգնութեամբ փորձում է վերահսկողութեան տակ վերցնել Հալէպը եւ նահանգը` ամուր ոտքի տեղ ունենալու Ասատի կառավարական ուժերի դէմ հետագայ պայքարելու շարունակելու համար: Եւ առաջիկայում հէնց Հալէպն ու շրջակայքն է դառնալու իշխանութիւն-ընդդիմութիւն զինուած արիւնալի պայքարի թատերաբեմը:
Ահա այս պայմաններում է, որ հալէպահայութիւնն ու սիրիահայութիւնը ընդհանրապէս պիտի կայացնեն իրենց կեանքի ճակատագրական որոշումը` մտքում անընդհատ ունենալով նոյն անպատասխան հարցը` «Ին՞չ անել, ու՞ր գնալ»:
Հեշտ է ասել` դռները կողպէք ու հեռացէք Հալէպից ու Տէր Զօրից, Գամիշլիից ու Քեսապից, Լաթաքիայից ու Դամասկոսից: Իսկ ու՞մ թողնել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր դպրոցներն ու ակումբները, հայկական միւս կազմակերպութիւններն ու միութիւնները:
Որքան էլ վտանգաւոր ու անտանելի լինի, սիրիահայութիւնը պէտք է փորձի գտնել իր տներում մնալու ձեւը, եղանակը, միջոցները: Այդ մարդկանց համար Սիրիան, անկախ վարչակարգից, նախ եւ առաջ հայրենիք է: Որքան շուտ հանգուցալուծում ունենայ սիրիական տագնապը, այնքան նպաստաւոր կը լինի հայութեան համար: Որքան քիչ հայեր լքեն Սիրիան, այնքան կը շահի սփիւռքը: Սիրիահայութեան ջլատման եւ արտագաղթի դէպքում առաջիկայ տարիներին եւ տասնամեակներին հայութիւնը հոգեւորականութեան, հայոց լեզուի ու պատմութեան եւ հայապահպանութեան համար կարեւոր այլ մարդկանց սուր պակաս է զգալու Հարաւային Ամերիկայում ու Աւստրալիայում, Միացեալ Նահանգներում ու Քանատայում, Եւրոպայում ու Մերձաւոր Արեւելքում: Սիրիահայութեան ջլատման դէպքում տկարանալու է նաեւ հայկական պահանջատիրութեան ոգին: Առաջինը հէնց Թուրքիան է շահագրգռուած, որ հայութիւնը նուազի ու կազմակերպչական ուժը կորցնի Սիրիայում եւ Լիբանանում:
Միւս կողմից, չես կարող մեղադրել այն սիրիահայերին, ովքեր ժամանակաւորապէս կամ ընդմիշտ լքում են բնակավայրերը: Սիրիահայութիւնը արդէն տուել է զոհեր ու վիրաւորներ: Եթէ ընդդիմութիւն-կառավարական ուժեր մարտերը մնայուն կերպով շարունակուեն Հալէպում, ապա հայութիւնը կարող է կրել անդառնալի կորուստներ:
Լիբանանի 15-ամեայ քաղաքացիական պատերազմի, ինչպէս նաեւ Իրաքի ներքաղաքական արիւնահեղութեան պայմաններում տեղի հայութիւնը կարողացաւ գտնել գոյատեւման եղանակ ու արտագաղթի կողքին պահպանեց հայկական համայնքները: Նոյնը պէտք է փորձի անել նաեւ սիրիահայութիւնը: Այդուհանդերձ, եթէ նրանց մի մասը որոշել է հեռանալ, ապա հայեացքը պիտի ուղղի Հայաստան կամ Արցախ:
Այստեղ միանգամից տրամաբանական հարց է ծագում. Հայաստանը ինքն է արտագաղթի աղբիւր, հետեւաբար` ինչպէ՞ս կարող է ընդունել սիրիահայերին, երբ չի կարողանում իր տներում պահել հայաստանցիներին: Այո, ճիշդ է, յատկապէս վերջին մի քանի տարիներին Հայաստանից կրկին սկսուել է արտագաղթ: Սակայն եթէ Հայաստանից տարբեր պատճառաբանութիւններով մարդիկ արտագաղթում են, ապա դա չի նշանակում, որ արտագաղթի կողքին չի կարող լինել նաեւ ներգաղթ: Վիճակագրական ճշգրիտ տուեալներ մեր ձեռքի տակ չկան, սակայն իրողութիւն է, որ 1991-ից ի վեր Հայաստանում եւ Արցախում հաստատուել են հազարաւոր սփիւռքահայեր նոյն Սիրիայից, Լիբանանից, Յորդանանից, Քանատայից, Միացեալ Նահանգներից ու բազմաթիւ այլ երկներից:
Այլ հարց է` Հայաստանի ու Արցախի իշխանութիւնները, Հայաստանի ու Արցախի ժողովուրդը պատրաստակամ է՞, ունի՞ կարելիութիւններ, որպէսզի այն սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից եւ հաստատուել մայր հայրենիքում, նրանց ընդունել մարդավայել ու կացարան տրամադրել:
Այս հարցերին պատասխան տալուց առաջ նախ պէտք է մօտ 10 տարի յետ գնալ եւ յիշել, թէ ինչ էր կատարւում Իրաքի պատերազմի օրերին: Հայաստանն ու հայաստանցիները մարդավայել ընդունեցի՞ն իրաքահայերին: Նրանցից քանիսը՞ հաստատուեցին Հայաստանում կամ Արցախում: Անշուշտ, կարելի է արդարացում գտնել` ասելով, որ պատերազմի օրերին Երեւան ժամանած իրաքահայերը չցանկացան ապրել ու աշխատել հայրենիքում: Բայց դա արդարացում չէ եւ ոչ էլ` պատասխան այն հարցին, թէ ինչո՞ւ իրաքահայերը հեռացան Հայաստանից:
Վերջին օրերին Հայաստանի իշխանութիւնները, վերջապէս, ուշադրութեան կենտրոնում են պահում սիրիահայութեան խնդիրները: Թւում է` ազգային փոխադրողի յաւակնորդ «Արմաւիան» որոշել է այլեւս գերշահոյթ չստանալ փորձանքի մէջ յայտնուած հալէպահայութեան հաշուին` նրանց վրայ օդանաւի տոմսը վաճառելով սուղ գներով կամ ստիպելով, որ նրանք գնեն նաեւ յետադարձի տոմս` Հալէպ-Երեւան-Հալէպ:
Անշուշտ, Հայաստանի եւ Արցախի տնտեսական կարելիութիւնները դեռեւս թոյլ չեն տալիս մեծապէս օգնել սփիւռքահայերին: Սակայն նաեւ պիտի ընդունել, որ հայկական երկու պետութիւնները, բարեբախտաբար, այնպիսի ծանր տնտեսական իրավիճակում չեն, որպէսզի չկարողանան օգնութեան ձեռք մեկնել այն սիրիահայերին, ովքեր իրօք դրա կարիքն ունեն:
Յատուկ «Ազդակ»-ի համար
Յ. Գ.- Յօդուածի հեղինակը եւ նրա ընտանիքը պատրաստ են իրենց անձնական օգնութիւնը բերել սիրիահայ որեւէ կարիքաւոր ընտանիքի` մինչեւ 10 անձ, ովքեր ժամանակաւոր կացարանի կարիք ունեն Հայաստանում: Օգոստոսի 1-ից մենք պատրաստ ենք Երեւանում գտնուող մեր երկրորդ բնակարանը անվճար տրամադրել նման մի ընտանիքի առաջիկայ ամիսների համար: Մենք պատրաստ ենք նաեւ այդ ընտանիքին օգնել կենցաղային հարցերում: Մեր հեռախօսահամարներն են. բջջային` 374 91 42 64 35, քաղաքային` 374 10 55 90 26 եւ 374 10 61 83 17: Մեր բնակարանը, որը պատրաստ ենք տրամադրել որեւէ սիրիահայ ընտանիքի, գտնւում է հետեւեալ հասցէում. Երեւան, Սարի թաղ, 5-րդ փողոց, տուն 16:

