Թուրքիայի Դպրոցներն Ու Աշակերտութիւնը
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Թուրքիան ներքին շատ դժուարութիւնների առջեւ է կանգնած եւ անպայման` ոչ քաղաքական հարցեր: Դրանցից ամենակարեւորը Թուրքիայի երեխաների դաստիարակութեան հարցն է, այսինքն` երկրի ուսումնադաստիարակչական համակարգի հետ առնչուող խնդիրներ:
Ըստ Թուրքիայի կրթական օրէնքի, 6-18 տարեկանների համար պարտադիր է ուսում ստանալը: Համաշխարհային դրամատան տուեալների համաձայն, Թուրքիայի 15 տարեկան երեխաների միայն 16 առ հարիւրն է, որ դպրոց է յաճախում, իսկ Թուրքիայի «Սապանճի» համալսարանին պատկանող գիտահետազօտական մի հաստատութեան ուսումնասիրութիւնների համաձայն, նոյն 15 տարեկանների 60 առ հարիւրն անկարող է նոյնիսկ վճռել թուաբանական ամենահեշտ խնդիրներ: Այստեղ աւելացնեմ, որ Թուրքիայի դպրոցներում, հէնց տարրական դպրոցներում, ամենահիմնական առարկաներից մէկն է թուաբանութիւնը: Ըստ նոյն կենտրոնի ուսումնասիրութեան, ամէն տարի ուսումն անաւարտ են թողնում մեծ թուով աշակերտներ` տարեվերջի քննութիւններում չփոխադրուելու իբրեւ հետեւանք, որի պատճառն այն է, որ դպրոցներում որակեալ եւ գիտականօրէն հարկ եղած մակարդակով դասեր չեն տրւում: Օրինակ` անցեալ տարեշրջանում 300 հազար աշակերտներ կիսատ են թողել իրենց ուսումը: Նոյն հիմնարկի տուեալները պարզում են, որ 15-19 տարեկան աղջիկների 40 առ հարիւրը, իսկ նոյն տարիքային խմբում գտնուող տղաների 25 առ հարիւրը պարապ են, այսինքն ո՛չ դպրոց են յաճախում, եւ ո՛չ էլ աշխատում են:
Թուրքական աղբիւրներն ասում են, թէ միջին հաշուով` Թուրքիայում երեխաները դպրոց են գնում 6.5 տարի, իսկ Միացեալ ազգերի կազմակերպութեանը կապուած ԵՈՒՆԵՍՔՕ-ի տուեալների համաձայն, Թուրքիայի երեխաները միջին հաշուով` 5.3 տարի են դպրոց յաճախում: Թուրքիան գտնւում է աշխարհի զօրեղ տնտեսութիւն ունեցող առաջին 20 երկրների շարքում (17-րդ տեղում), իսկ ուսման տեսակէտից գտնւում է այդ երկրների ցանկի ամենավերջում, այսինքն` Թուրքիան ամենաաղքատ ուսում ունեցող սերունդն ունի այդ 20-ի մէջ:
Դպրոցներում հէնց տարրական դասարաններից (երրորդ դասարանից, 8-9 տարեկան հասակից) կրթական առարկայ է օտար լեզուն (որը առաւելաբար դասաւանդում են անգլերէն), սակայն ըստ Թուրքիայի ՍԵԹԱՎ հաստատութեան ուսումնասիրութեան (որը ուսումնասիրում է հասարակական եւ տնտեսական հարցեր)` Թուրքիայի 15-29 տարեկանների միայն 41 առ հարիւրն է, որ հազիւ կարողանում է ինչ-որ մի օտար լեզուով խօսել:
* * *
Թուրքիայի ուսումնական հին համակարգի համաձայն, դպրոցները բաժանուած էին երեք օղակի` հինգ տարի տարրական (7-11 տարեկան), երեք տարի միջին օղակ (12-14 տարեկան) եւ չորս տարի միջնակարգ օղակ (15-19 տարեկան): Աշակերտութիւնը միջին օղակն աւարտելուց յետոյ, 15 տարեկանում կարող էր ընտրել տարբեր մասնագիտական միջնակարգ դպրոցներ, դրանց շարքում նաեւ` իմամ-հաթիփ կրօնական դպրոցները (միջնակարգ դպրոցներ Թուրքիայում` կրօնական թեքումով եւ կրօնական առարկաներով):
Այժմ երկու ամիս է, որ Թուրքիայում փոխուել է ուսման համակարգը, որը առիթ է տուել մեծ բողոքների, դժգոհութիւնների ու նաեւ քաղաքական քաշքշուկների: Նոր համակարգին դէմ են բազմաթիւ համալսարաններ եւ ուսումնադաստիարակչական հետազօտական կենտրոններ:
Ըստ նոր համակարգի, ուսման շրջանը բաժանւում է երեք չորս տարուայ օղակի. առաջին չորս տարին` տարրական, երկրորդ չորս տարին` միջին եւ վերջին չորս տարին` միջնակարգ: Աշակերտը առաջին չորս տարին աւարտելուց յետոյ (10 տարեկանից) կարող է յաճախել մասնագիտական դպրոց (դրանց շարքում` իմամ-հաթիփ) կամ կարող է թողնել դպրոցը եւ մնացած ուսումը ստանալ տանը եւ կամ հեռակայ կերպով:
Նոր համակարգին դէմ եղող մասնագէտները պարզում են, որ այս ձեւով կրօնական դաստիարակութիւն ստանալու տարիքը իջնելու է երկրում: Նախապէս ինքը` աշակերտը արդէն մասամբ չափահաս էր եւ մասամբ էլ ինքն էր որոշում, որ կրօնական դպրոց յաճախի: Այժմ ծնողների կամքով պէտք է լինի. բացի դա` տնից կամ հեռակայ ուսում սովորելը պատճառ կը դառնայ, որ շատ ընտանիքներ իրենց աղջիկ երեխաներին փոքր հասակից (այսինքն` տարրականը աւարտելուց յետոյ, 10-11 տարեկան հասակում) տանեն տուն` օգնելու տնային աշխատանքներում կամ էլ փոքր հասակում ամուսնացնելու եւ այսպիսով` կը բարձրանայ թերուս կին բնակչութեան թիւը երկրում:
* * *
Նոր համակարգը նաեւ դժուարութիւններ է ստեղծել ոչ իսլամ փոքրամասնութիւնների դպրոցների համար, դրանց շարքում` հայերի: Ըստ նոր համակարգի, արդէն տարրականից (10-11 տարեկան) երեխան կարող է թողնել իր դպրոցը եւ գնալ մասնագիտական դպրոց: Հայ համայնքը չունի մասնագիտական դպրոց, քանի որ փոքրաթիւ է եւ չունի յարմար մասնագէտ դասատուներ` բարձր օղակների համար: Ուստի հայ երեխան կարող է թողնել հայկական դպրոցը եւ յաճախել ոչ հայկական դպրոց` 10 տարեկանից (նախապէս 14-15 տարեկանում կարելի էր անել). ուրեմն դպրոցները աւելի շուտ կը դատարկուեն:
Ըստ թուրքական աղբիւրների, ներկայում Պոլսում կան 16 հայկական, 5 յունական եւ մէկ հրեաների դպրոցներ, 3070 հայ, 210 յոյն եւ 580 հրեայ աշակերտներ:

