Թուրքիայում Տարեկան 60-70 Իսլամացած Հայ Մկրտւում Եւ Վերականգնում Է Իր Քրիստոնէական Ինքնութիւնը

Մինչեւ 1914թ. Օսմանեան կայսրութեան սահմանների մէջ պատրիարքարանի ենթակայութեան ներքոյ եղել է հայկական 2170 եկեղեցի եւ շուրջ 2000 դպրոց: Բայց յետոյ,  հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում գործող եկեղեցիների թիւը նուազել է`  հասնելով 45-ի, դպրոցներինը`  13-ի: Այս մասին «Ermenihaber.am»-ին յայտնել է Կ. Պոլսի հայոց պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշեանը: Ըստ նրա, գործող են համարւում բոլոր այն հայկական եկեղեցիները, որոնք տարուայ մէջ թէկուզ մէկ անգամ բացում են իրենց դռները պատարագի համար:

«Հայ առաքելական եկեղեցուց դուրս ունենք նաեւ հայ կաթողիկէ համայնք (2000 մարդ), հայ բողոքական համայնք (500 հոգի): Իսկ առաքելական եկեղեցու հետեւորդների թիւը Թուրքիայում հասնում է 70.000-ի: Մենք աշխուժ գործող համայնք ենք, Թուրքիայի միւս ազգային փոքրամասնութիւնների համեմատ շատ աւելի մեծ թիւ ենք կազմում: Օրինակ` ասորական համայնքը հաշւըում է շուրջ 25.000, հրէականը` 20.000, միւսները շատ աւելի քիչ թիւ կը ներկայացնեն», պատմել է արքեպիսկոպոս Աթեշեանը:

Անդրադառնալով այն դժգոհութեանը, թէ ինչո՛ւ թուրքական իշխանութիւնները պատրիարքարանի իրաւասութեանն ու խնամքին չեն վերադարձնում հայկական բոլոր պատմական եկեղեցիները` արքեպիսկոպոս Աթեշեանը նշել է, որ իրենք չունեն այն հսկայական ֆինանսական միջոցները, որ հնարաւոր լինի բարեկարգել վնասուած եկեղեցիները: Բացի այդ էլ մարդուժի պակաս կայ, հոգեւորականների թիւը շատ քիչ է (22-23 հոգի):

«Մենք այսօր Տիգրանակերտի եկեղեցին չենք կարողանում նորոգել-վերջացնել: Մի եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ է մօտաւորապէս 1 միլիոն տոլար: Եթէ անգամ 500 եկեղեցի վերադարձնեն մեզ, այդ ամէնի վերանորոգման համար կը պահանջուի մէկ միլիառ տոլար: Բայց մենք ոչ միայն այդքան գումար չենք կարող ապահովել, այլեւ անգամ պահակ չենք կարող կարգել բոլոր այդ եկեղեցիներում: Թէ՛ պետութիւնը վերանորոգելուց յետոյ եկեղեցին օգտագործում է որպէս թանգարան կամ ասենք` մշակոյթի տուն, այնուամենայնիւ, մենք համարում ենք, որ եկեղեցին փրկուեց աւերակ մնալուց եւ վերջնական կործանուելուց:

«Ermenihaber.am»-ի այն հարցին, թէ իսլամացուած հայերից կան այնպիսիք, ովքեր իրենց հայկական եւ քրիստոնէական ինքնութիւնը վերականգնելու համար դիմում են Կ. Պոլսի պատրիարքարան, արքեպիսկոպոսը պատասխանեց. «Այն հայերը, որոնք կարողանում եմ փաստեր ներկայացնել, որ հայկական ծագում ունեն, որ իրենց արմատը հայկական է, ես անմիջապէս ընդունում եմ, նա 6 ամսուայ դասընթաց է անցնում քրիստոնէութեան, մկրտութեան եւ հայ լինելու մասին: Այնուհետեւ անձնաթուղթը պաշտօնապէս փոխել եմ տալիս, որտեղ նշւում է որպէս քրիստոնեայ, ապա մկրտւում է եւ դառնում հայ եկեղեցու անդամ: Տարեկան մօտ 60-70 հոգի այդ կերպ վերականգնում են իրենց հայ քրիստոնեայի ինքնութիւնը»:

Յիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու նուիրապետական աթոռներից է` հիմնուած 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստուածածին մայր եկեղեցին է: Առաջին պատրիարքը եղել է Յովակիմ եպիսկոպոսը (1461-78թթ): Մինչեւ օրս եղել է 84 պատրիարք: Սկզբնական շրջանում սուլթանն է նշանակել պատրիարքին: Ներկայումս Պոլսոյ հայոց պատրիարքն ընտրւում է համայնքի ներկայացուցիչների պատգամաւորական ժողովում:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )