Հեռակայ Զրոյց` Էդիկ Բերդեանի Հետ Ցաւի Նախասահմանուած Արուեստագէտը

Ես նկարում եմ իսկական մարդկանց, ազնիւ աշխատանքով իրենց հացը վաստակած մարդկանց համար:

Է. Բ.

 

Հայրենի գեղարուեստասէր շրջանակներուն գրեթէ անծանօթ, սակայն արդէն իսկ կայացած գեղանկարիչ Էդիկ Բերդեան սկսած է արժեւորուիլ ու գնահատուիլ միջազգային արուեստի շուկաներուն մէջ: Անոր գործերը ցարդ ցուցադրուած են Մոնրէալի, Նիւ Եորքի, Ֆիլատելֆիոյ, Լաս Վեկասի, Պուէնոս Այրեսի, Փեքինի, Մոնաքոյի եւ Փարիզի «Քարուսել տիւ Լուվր» միջազգային ցուցահանդէսներու ընթացքին ու արժանացած` ջերմ ընդունելութեան:

«Բագին» գրական գեղարուեստական ամսագիրը իր նախավերջին համարին մէջ հեռակայ զրոյց մը ունեցած է խորհրդային դաժան կացութաձեւի տակ տառապած այս արուեստագէտին հետ: Իր շահեկանութեան եւ հետաքրքրականութեան համար ստորեւ զայն կը հրատարակենք ամբողջութեամբ:

«Ա.»

 

Կոնդի փողոցներէն

Քանի մը պատկերներ եւ Մովսէս Ծիրանիի յօդուածը մարդուն մասին` մղեցին «Բագին»-ը` ճանչնալու Էդիկ Բերդեանը: Մեր ժողովուրդին անցած ուղիի արտայայտութիւնն է այս արուեստագէտը, որ գոյներու եւ գիծերու աշխարհին մէջ ապաստանած` կը փնտռէ եւ կը հարցապնդէ` անհատական եւ ազգային ճակատագիր մը: Ի՞նչ բան: Շռայլօրէն ընծայուած դառնութիւններու ալֆան եւ օմեկան:

Իր մասին կան տիրական կարծիքներ: Արուեստի ներհուն քննադատ Ժոզեֆ Թարրապ կը նշէ, թէ ան հայրենահանուածի ժառանգ էր, «բնազդական հակում մը ունէր լքեալներուն անբախտութիւնը, քանդուած քաղաքներու ու հետզհետէ փշրուող գիւղերու եւ աւերուած տուներու տխրութիւնը նկարելու: Արդի կեանքի ոչ մէկ հետք…»: Երբ ցաւը հզօր է, տիեզերքը կը փոքրանայ եւ կ՛ամփոփուի տառապանքի գաղտնարաններուն մէջ` ստեղծելով պայմանները ժամանակէն անդին երթալու, ուր կան անանուններ, նոյնանման դէմքեր, որոնց համար օր եւ եղանակ կրկնութիւն են:

Մովսէս Ծիրանիի յօդուածը` խորագրուած «Իրաւութեամբ անիծուած արուեստագէտը» եւ Ժոզեֆ Թարրապի ջերմութեամբ գրուած «Վերջին թաւջութակահարը»  խորագրով էջերը ծանօթացումէ աւելին են, տեսակ մը գրականութիւն, քանի որ ինք` տիպարը, վիպային հերոս մըն է:

Արուեստագէտը իր ստեղծածով է, որ կամուրջ է իր ներաշխարհին եւ արուեստասէրին ըմբռնումներուն եւ զգացումներուն միջեւ: Հոգեշահ է իմանալ արուեստագէտին չխոստովանուող յուզումները, որոնք ստեղծագործութեան գրգիռ են: Հեռակայ զրոյցով «պեղեցինք» Էդիկ Բերդեանը: Իրեն պէս շատեր ապրեցան հայրենահանման հոգեկան ցնցումի ցաւով, traumatisme-ով, նոյնիսկ անոնք, որոնք ուղղակի զոհ չէին, բայց այդ ժառանգած էին, հայր, մայր, թերեւս` ծիներ, մեծ գիտնականը` Եունկ պիտի ըսէր` archétypes:

Մարդու, պատմութեան եւ արուեստի ըմբռնման վրայ պատուհաններ կը բանայ մեր զրոյցը: Հայը, եւ արուեստասէրը, երբեմն պէտք է նային անոնցմէ ներս, ոչ միայն արուեստագէտը ճանչնալու, այլ նաեւ` իրենք զիրենք:

Մեր զրո՞յցը` հեռախօսով: Էդիկ Բերդեան դժուար կ՛արտայայտուի, չ՛ուզեր խօսիլ իր եւ իր ընտանիքին անցեալին մասին: Ընդառաջեց: Խօսեցանք իր ստեղծագործական կեանքին մասին: Երբեմն իր խօսքերը կը զարմացնեն, եւ հարկ կ՛ըլլայ ճշդել: Տառապանք, դառնութիւն, անիրաւուած ու լքուած ըլլալու դաժան իրողութիւն կը ստիպեն զինք` իր կեանքի վերաբերող որոշ շրջաններ կամ եղելութիւններ թաքցնելու:

Ռուսերէն մասնագիտական  բառերուն մեծ մասը վերածած ենք հայերէնի:

 

Արուեստանոցին մէջ

«ԲԱԳԻՆ».- Սիրելի՛ Էդիկ, հեռակայ այս զրոյցը մարդկային ջերմութիւն չունի, ի հարկէ, բայց կը խնդրեմ, որ ամփոփ կերպով խօսիս քու մասիդ: Ո՞վ է Էդիկ Բերդեանը:

ԷԴԻԿ ԲԵՐԴԵԱՆ.- Ես չեմ սիրում իմ մասին խօսել, չեմ էլ կարող: Սիրում եմ մեկուսացած ապրել, հեռու դրսի աշխարհի ժխորից: Ես ապաստանում եմ իմ պատեանի տակ, իմ արուեստի աշխարհի մէջ ու նկարում եմ: Ես տուրք չեմ տուել ո՛չ քաղաքական ճնշումներին, ո՛չ էլ արուեստի շուկայի պահանջներին: Իմ աշխարհը ունեմ, դա իմ հայրենիքն է, հայրենի բնաշխարհն իր տարատեսակ կենդանիներով, իմ անցեալը, յիշողութիւններ, որոնք ստեղծագործութիւններիս գլխաւոր դրամագլուխն են: Ես չեմ դաւաճանում էութեանս, այլ նկարում եմ այնպէս, ինչպէս ինքս ինձ եմ թելադրում, ապրում եմ իմ ստեղծագործութիւններիս հետ, որոնք իմ զաւակներն են:

«Բ.».- Սակայն, փաստօրէն, կը վաճառէք ձեր գործերը:

Է. Բ.- Այո՛, դրանք «խոպան» են մեկնում, հեռանում են ինձանից: Ես ստիպուած եմ վաճառելու, եթէ չվաճառեմ, ինչո՞վ ապրեմ: Ժամանակին կարողանում էի աշխատել շինարարութիւնների վրայ, այսօր առողջութիւնս հնարաւորութիւն չի տալիս: Յետոյ` ուզում եմ ստեղծագործել անցեալի բացը լեցնելու համար: Երբ վաճառում եմ մի կտաւ, յատկապէս այն, որ սիրում եմ, անմիջապէս նկարում նոյն թեմայով մի ուրիշը: Եւ այս պատճառով էլ ծնւում են շարքեր ու տարբերակներ…

«Բ.».- Դեռ չըսիք, թէ դուք ո՞վ էք:

Է. Բ.- Պապերս խարբերդցի են: Ես չեմ որոշել նկարիչ դառնալ, ծնուել եմ այդպէս: Մինչեւ հիմա իմ ներքին եսը, իմ էութիւնը, իմ հոգին թելադրում են ինձ նկարել, եւ չեմ կարող թողնել ստեղծագործելը այնպէս, ինչպէս` «ալքոհոլիքը», չեմ կարող ո՛չ բաղդատել այլ բանի հետ, ո՛չ էլ կարող եմ բացատրել:

«Բ.».- Դուք աւարտած էք Փանոս Թերլեմեզեանի անուան ուսումնարանը: Բնական է, որ իբրեւ աւարտաճառ նկարած ըլլաք մեծ գեղանկար մը, որուն ոճն ու թեման պէտք էր որ յարիր ըլլային «սոցիալիստական ռէալիզմ»-ին: Կրնա՞յ ըլլալ, որ տուրք տուած չըլլաք իշխանութիւններու պահանջին:

Է. Բ.- Բացատրեմ: Իբրեւ վկայականի աշխատանք` ես նկարել էի մի դրուագ Սարդարապատի ճակատամարտից եւ անունը դրել` «Սարդարապատ»: «Կոմպոզիցիա»-ի երկու կողմերում նկարել էի զինուորներ, մէկը, որ երիտասարդ տարիքին պապուս է յիշեցնում, գնում է դէպի պատերազմի դաշտ` կռուելու, իսկ միւսը յոգնած վերադառնում է կռուից: Նրանց արանքում` երկու ազատամարտիկներ տանում են մի վիրաւորի: Դասատուներս հայրենասէր եւ տաղանդաւոր նկարիչներ էին` Զուլում Գրիգորեան, Ռուտոլֆ Կարզալոյեան եւ վաղամեռիկ Վանիկ Համբարձումեան: Աշխատանքս շատ հաւանեցին, սակայն առաջարկեցին, որ անունը փոխեմ: Սկզբում ընդդիմացայ եւ յետոյ հասկացայ, որ չէր անցնելու, եւ ես զրկւում էի վկայականից: Առաջարկում էին համայնավարական ճակատամարտի անուն: Վաղամեռիկ Վանիկ Համբարձումեանը միջին ճանապարհ գտաւ եւ առաջարկեց, որ անունը դնենք «Յեղափոխականներ». ով ի՛նչ ուզում էր, թող հասկանար: Համաձայնուեցի, եւ անցաւ:

«Բ.».- Հիմա ո՞ւր է այդ նկարը:

Է. Բ.- Այն ատեն ինձանից վերցրեցին իբրեւ նուէր, երկար տարիներ կախուած մնաց ուսումնարանի միջանցքում, սակայն, թէ հետագային ո՛ւր տարուեց եւ ի՛նչ ճակատագրի ենթարկուեց, չեմ իմանում: Լուսանկարը ունեմ, սեւ-ճերմակ: Կը պատճէնահանեմ եւ կը ղրկեմ:

«Բ.».- Ձեր ուսուցիչին` Վանիկ Համբարձումեանին անունը երկու անգամ յիշատակեցիք, երկու անգամին ալ «վաղամեռիկ» կոչեցիք զինք:

Է. Բ.- Այո՛, ափսոս եղաւ նրան, տաղանդաւոր եւ հայրենասէր արուեստագէտ էր, նա ինձ շատ էր պաշտպանում, բոլորս սիրում էինք նրան: Մի օր լուր բերին, որ որսորդական հրացանով ինքն իրան է խփել, (իբր թէ) արկածով: Կասկածելի մահ էր:

«Բ.».- Մուշեղ Գալշոյեանի մասին ալ այդպէս ըսին, սակայն ճշմարտութիւնը մինչեւ այսօր չէ բացայայտուած:

Է. Բ.- Ճիշդ էք ասում: Ես այն ատեն ասել եմ, թէ նրանց մահերը նման են իրար, եւ սպանութեան ձեւը այդքան էլ տրամաբանական չի: Համբարձումեանի ատեն մենք կասկածներ ունեցանք, սակայն հարցը շուտով փակեցին: Եթէ Գալշոյեանին այսօր յիշում են նաեւ իբրեւ հերոսի, ապա Համբարձումեանին ոչ ոք չի յիշում: Նա էլ մեծ հայրենասէր էր եւ տաղանդաւոր դասատու եւ արուեստագէտ:

 

Կոնդեցի երաժիշտ

«Բ.».- Ձեր կենսագրութեան մէջ մութ ու պակասաւոր տեղեր կան: Դուք ծնած էք Երեւանի Կոնդ թաղամասը եւ ապրած` թշուառութեան մէջ. ինչո՞ւ եւ ինչպէ՞ս եղած է ատիկա:

Է. Բ.- Է՜, դուք ինձ ստիպում էք քրքրել իմ անցեալն ու թարմացնել վէրքերս: Ես ծնուել եմ ոչ թէ Կոնդում, այլ նրան կից աւելի թշուառ` «Թուրքի մահալա» կոչուած հին թաղամասում եւ շատ աւելի վատ պայմանների մէջ: Էնտեղ ոճրագործների, մաքսանենգների, գողերի եւ հիւանդութիւնների բոյն էր, ուր ապրում էին ազերի թուրքեր, միայն երկու հայ տուն կար: Մենք եւ մէկ էլ` ոսկերիչ Յովհաննէսի ընտանիքը: Թաղը լքուած ու անտեսուած էր պետութեան կողմից, նոյնիսկ միլիցիան մուտք չունէր էդտեղ: Տները հողաշէն էին, միայն մեր տունը թիթեղածածկ տանիք ունէր եւ երկու յարկանի էր: Նա գտնւում էր հիմիկուայ «Հրազդան» մարզադաշտի տեղը, ձորում: Օձերով, կարիճներով ու այլ թունաւոր կենդանիներով ու միջատներով լեցուն թաղամաս, որտեղ անցկացրել եմ մանկութիւնս: Կային նաեւ ընտանի կենդանիներ, կովեր, էշեր, շուներ, կատուներ, նոյնիսկ երբեմն պահում էին ձիեր: Այս թաղամասը քաղաքային կեանքի հետ կապ չունէր: Ես սիրում էի կենդանիներին, յատկապէս` էշերին ու շներին, որոնց պատկերում եմ յատուկ վերաբերմունքով, դրանք եղել են իմ ընկերները: Ես չէի կարող խաղալ թուրք երեխաների հետ… (լռութիւն, յայտնօրէն կը յուզուի, ապա…) Ի՞նչ ասեմ, մանկութիւնս անցել է դաժա՛ն, շա՛տ դաժան: Խնդրում եմ, նմանօրինակ հարցեր մի՛ տուէք ինձ…

«Բ.».-  Լա՛ւ, անցնինք պատանեկութեանդ եւ ուսման տարիներուդ…

Է. Բ.- Երբ մի քիչ մեծացայ, տեղափոխուեցինք Կոնդ, որտեղ մեր կեանքը շատ տարբեր չի եղել «թուրքական մահալա»-ից: Այստեղ բնակչութեան մեծամասնութիւնը հայ էր, սակայն նրանք էլ մեզ նայում էին իբրեւ ժողովրդի թշնամիներ: Այդ շրջանին ես ընդունուեցի Փանոս Թերլեմեզեանի անուան ուսումնարանը, որը ինձ համար թէ՛ խաղավայր էր, թէ՛ դպրոց եւ թէ՛ «կեանքի վայելք»` այն ատենուայ հասկացողութեամբ: Իմ մանկական եւ պատանեկան թշուառ կեանքը նստուածք է թողել իմ մէջ: Ուսումնարանում երբ նկարում էի կիսաւեր թաղամասեր, կիսափուլ եկեղեցիներ, քանդուած տներ, անտեսուած ու լքուած, սակայն ազնիւ ու աշխատասէր մարդկանց թշուառ կեանքն ու միջավայրը, ինչ որ դուր չէր գալիս իմ ուսուցիչներին: Նրանք գնահատում էին իմ տաղանդը, սակայն վախի ազդեցութեան տակ պահանջում էին ուրախ բաներ նկարել: Չէի կարող: Ինչպէ՞ս դաւաճանէի պապերիս, որոնք եկել էին Խարբերդից … հայրենիք, հող, արժանապատուութիւն, ամէն ինչ կորցրած հայեր…

«Բ.».- Առիթով մը ըսիք, թէ դուք ձեր պապը չէք տեսած, սակայն շատ կը սիրէք զինք. երեւակայութեա՞մբ կը պատկերէիք ձեր պապը:

Է. Բ.- Ճի՛շդ, նրան չեմ տեսել, սակայն կայ լուսանկարը, որից բազմաթիւ անգամներ պատկերել եմ նրան: Սարդարապատ մեկնող ֆիտային պապս է, իսկ հիմա երբ կարօտում եմ նրան, կրաֆիքաներ (գծանկարներ) եմ անում: Պապս` այդ ես եմ: Երբ նկարում եմ, նա կողքս է, ներշնչում է ինձ:

«Բ.».-  Ինչո՞ւ այսքան տպաւորած է քեզ, ո՞վ էր ան:

Է. Բ.- Է՜, էլի քրքրում էք վէրքերս: Երկրում … Խարբերդում … (պահ մը լռութիւն) պապուս աչքի առաջ … թուրքերը կտրել են իր եղբօրը գլուխը … ու գետին շպրտել:

 

Բարի եկաք Կոնդ

«Բ.».- Խնդրեմ պատմէ` ինչպէ՞ս պատահած է դէպքը…

Է. Բ.- Ես չեմ սիրում, որ ինձ ստիպում են, «քակէպէչիք»-ները չեն կարողացել ստիպել… Դու բարի մտքով ես անում, քանի սկսել ենք, փորձեմ պատմել: Երբ թուրքերը եկել են մեր գիւղը կոտորելու, պապս իր եղբօր եւ մի քանի այլ ընկերների հետ գիւղից փող են հաւաքել, որ տան թուրքերին` նրանց  գութը շարժելու համար: Թուրքերը փողը արել են եւ աւելին են պահանջել… Պապուս աղբօրը, որ տարիքով փոքր էր, գլուխը կտրել են եւ  շպրտել պապուս ոտքերի տակ: Պապս` գլուխը կորցրած, յարձակւում է թուրքին վրայ, նրա սուրը խլում ու սպաննում թէ՛ նրան եւ թէ՛ մի քանի այլ թուրքերի… Ինք կարողանում է փախչել ու միանալ ֆիտայիներին, իր ընկերները բոլորն էլ սպաննւում են… Թուրքերը կոտորում են նաեւ ողջ գիւղը, փոքր աղջիկներին իրանց հետ են տանում…

«Բ.».- Ձեր գերդաստանէն միայն մեծ հա՞յրդ ազատած է:

Է. Բ.- Ես ունեցել եմ նաեւ հօրաքոյր, որ եղել է Ֆրանսայում եւ այնտեղ էլ մահացել է: Նա եղել է մի փոքրիկ սիրուն աղջիկ: Թուրքերը նրան իրենց հետ են տարել: Նա մեծանալուց յետոյ փախել է… երկար պատմութիւն է…

«Բ.».-  Իսկ մեծ մայրդ ո՞վ էր:

Է. Բ.- Ինչպէս ասացի, պապս եղել է ֆիտայի, կռուել թուրքերի դէմ: Նրանք մի ամբողջ խումբ որբեր ազատել են թուրքերից ու բերել Գիւմրի: Մամս եղել է այդ որբերից մէկը:

«Բ.».- Պիտի խնդրեմ, որ քանի մը խօսք ալ ըսես ծնողքիդ` հօրդ ու մօրդ մասին:

Է. Բ.-  Խնդրում եմ ուրիշ առիթի թողնել, չեմ կարող… արդէն յոգնեցի… այսօր այսքանը հերիք է: Եթէ արուեստի մասին հարցեր ունես, խնդրեմ…

«Բ.».- Ուրեմն անցնինք յաջորդին: Հայրենահանուածի ժառանգը իր հոգիին մէջ տեղ մը կը պահէ՞ այդ ցնցումը: Էդիկ Բերդեանի ստեղծագործական երազանքին մէջ տեղ մը կա՞յ վերապահուած յափշտակուած Խարբերդի մասին:

Է. Բ.- Միթէ կարո՞ղ եմ մոռանալ Խարբերդը: Հայկական գիւղեր որ նկարում եմ, դրանից մի մասը Խարբերդն է: Իմ երեւակայած Խարբերդը:

«Բ.».- Հայու ճակատագիր` որմէ դուն ալ բաժինդ ունեցար Գիւմրիի ահեղ երկրաշարժին պատճառով: Ի՞նչ կը պատմէ այսօր քեզի Խարբերդը, ի՞նչ կը պատմէ Գիւմրին:

Է. Բ.- Թէ՛ Խարբերդը, թէ՛ Գիւմրին մաս են կազմում յիշողութիւններիս եւ նստուածք են տուել մէջս այնպէս, ինչպէս` մանկութիւնս:

«Բ.».- Կեանքը գեղեցիկ է, կ՛ըսէ հայ գրող մը: Գործերդ կը փնտռեն գեղեցիկը, բայց քու բերած գեղեցկութիւնդ տարբեր է, տխրութիւնը գեղեցիկ կ՛ըլլա՞յ:

Է. Բ.- Գեղեցիկը կապ չունի տխրութեան կամ ուրախութեան հետ: Ես նկարում եմ բնութիւնը, մարդիկ, որոնք լքուած են, անտեսուած, սակայն աղարտուած չեն, ագահ չեն, ապրում են նուազագոյն պայմաններում, նրանք ներդաշնակուել են բնութեան եւ մնացել են մարդ, իսկական մարդ: Սրանից գեղեցիկ բան կա՞յ աշխարհում:

«Բ.».-  Սովորութիւն է գեղանկարիչները ենթարկել դասակարգումներու: Քեզ կրնա՞նք դասել տպաւորապաշտներու խումբին մէջ: Դուն ո՞ւր կը դասես ինքզինքդ: Պատահա՞ծ է, որ նման հարց ուղղես դուն քեզի:

Է. Բ.- Ես սերտել եմ արուեստի պատմութիւնը ոչ թէ ինքզինքս ինչ-որ խմբի մէջ տեղադրելու համար, այլ իմանալու համար, թէ ինչպէ՞ս է զարգացել արուեստը, նոյնիսկ ես չեմ մտածում կամ որոշում` ի՛նչ պէտք է նկարեմ եւ ի՛նչ պէտք չէ նկարեմ: Ես նկարում եմ այն, ինչ սիրտս է ուզում: Այն, ի՛նչ որ հնուց ի վեր նստուածք է տուել մէջս, այդ եմ նկարում: Ես նոր մարդ չեմ, չեմ էլ ընդունում ժամանակակից կեանքն ու նոր մարդկանց ապրելակերպը, դա թէ՛ կեղծ է եւ թէ՛ անմարդկային: Ես գլխագիր, իսկական ՄԱՐԴ-ն եմ փնտռում: Ո՞ւր է, կա՞յ: Եւ կարծես թէ կա՛յ: Թէ՛ խորհրդային  շրջանին եւ թէ՛ հիմա դրանք լքուած ու անտեսուած մարդիկ են եւ անմեղ ու հաւատարիմ, ես աւելի եմ սիրում նրանց, քան` ժամանակակից ագահ ու անխիղճ մարդկանց, կենդանիները նոյնիսկ աւելի են մարդկային, քան` ժամանակակից մարդը: Տեսէ՛ք, թէ ոնց են աւերում իրենց իսկ ստեղծած քաղաքակրթութիւնը, տեսէ՛ք, թէ ոնց են կոտորում անմեղ մարդկանց: Աւելի ճիշդը` կոտորել են տալիս իրար, որոնք ո՛չ իրար ճանաչում են եւ ո՛չ էլ իրար հետ ոխ ու քէն ունեն: Իսկ էդ վերջինները` բարձունքներու վրայ նստած մեծահարուստները, իրար ճանաչում են, իրար հետ խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրները լուծելու եւ կամ իրենց շահերը ապահովելու համար սպաննել են տալիս անմեղ մարդկանց` անմեղների ձեռքով: Ես նրանց համար չեմ նկարում, դա սալոնային արուեստ է, թէկուզ անօթի էլ մնամ: Ես նկարում եմ իսկական մարդկանց, ազնիւ աշխատանքով իրենց հացը վաստակած մարդկանց համար:

«Բ.».- Գործերուդ մէջ կայ աշխարհ մը, որուն հաւանօրէն չես հանդիպիր շուրջդ: «Հանդիսատես» արուեստասէրն ալ չի գիտեր այդ, բայց կը տեսնէ կտաւներուդ ետին: Ի՞նչ աշխարհ է ատիկա: Փախո՞ւստ իրականութենէն, զոր կը մերժես, որ հաւանօրէն քեզ մերժած է, թէ՞ պատկերներ եւ կացութիւններ, որոնցմէ չես ուզեր հեռանալ:

Է. Բ.- Որոշ չափով արդէն պատասխանել եմ այս հարցին: Միայն աւելացնեմ, որ այո՛, ո՛չ միայն փախչում եմ, այլ զզւում եւ մերժում եմ շռայլութիւն, ագահութիւն եւ կողոպուտի վրայ յենուած ժամանակակից կեանքը: Ես սիրում եմ բնութիւնը եւ այն խոնարհ մարդը, որ ապրում է բնութեան մէջ` բնութեան նման: Այս կեանքը կարող է լինել ե՛ւ ուրախ, ե՛ւ յուզիչ, ե՛ւ բանաստեղծական, ինչպէս` երաժշտութիւնը, ինչպէս` սոխակի երգը եւ կախեալ է իմ  հոգեվիճակից: Ես չեմ նկարում փող վաստակելու համար, թէեւ շատ էլ պէտք ունեցել եմ փողի… Իմ հոգու կանչը աւելի կարեւոր է, քան փողը, եւ նոյնիսկ աւելի, քան` փառքը: Երբե՛ք չեմ ձգտել ճանաչման: Նոր է, որ մարդիկ հետաքրքրւում են ինձմով…

 

Աշուն

«Բ.».- Կոնդի տեսարանները ծանօթ են մեզի, սփիւռքի գաղթակայաններու պատկերով: Ինչո՞ւ այդ պատկերները. յիշատակի՞, թէ՞ բողոքի համար:

Է. Բ.- Ի դէպ Կոնդի անունը տուել եմ բազմաթիւ նկարների, որոնք փաստօրէն «Թուրք մահալա»-ի խեղճուկ փողոցներն են պատկերում: Չէի ուզում «թուրք» անունը յիշել: Նկարում եմ ցոյց տալու համար, որ այստեղ ապրել են իսկական մարդիկ, սակայն անիրաւուած ու լքուած: Ես կարօտում եմ այդ կեանքին, մարդկանց, շներին ու էշերին, նեխած փողոցներին ու հիւանդկախ մուրացկաններին:

«Բ.».- Բնանկարներդ, ինչպէս` հովիւը իր գառներուն հետ, ճակատագրապաշտ խաղաղութիւն մը կը բերեն: Բայց կը վկայե՞ն նաեւ այն մասին, որ խեղճերը քաղաքակրթութեան յարաբերաբար լքուածներն են, ճամբու եզրին մոռցուածներ:

Է. Բ.- Այս հարցին պատասխանել եմ: Աւելացնեմ, որ քաղաքակրթութիւնը, մանաւա՛նդ այսօրուան քաղաքակրթութիւնը մեզ հեռացնում է մարդկայնութիւնից, բնութիւնից: Սուտ բաներ են` արդարութիւնը, մարդկային իրաւունքները, ազատութիւնը: «Բոմժ»-ը (տնանկը) աւելի ազատ է, քան` երկրի նախագահը կամ մեծահարուստը: «Բոմժ»-ը աւելի մարդ է, քան` բոլորը, ովքեր նրան խղճում են եւ ողորմութիւն են տալիս:

«Բ.».- Ինչո՞ւ այդպէս կառչած կը մնաս անցեալի մը պատկերներուն, որոնք պիտի չդիմանան, արդիականութիւնը պիտի գայ եւ աւլէ զանոնք: Այդ վախճանէն առաջ իսկ տեսակ մը կարօ՞տ են այդ նկարները:

Է. Բ.- Ես երբեք չեմ մտածել, մտահոգ էլ չեմ, թէ իմ ստեղծագործութիւնները պիտի դիմանա՞ն ժամանակի մաշումին, թէ՞ ոչ: Հաւատում եմ, որ «արդիականութիւնը» աւելի ենթակայ է աւլուելու եւ մոռացուելու, քան` իմ արուեստը: «Արդիականութիւնը» եւ կամ ժամանակակից շարժումները ես մերժում եմ, չեմ հերքում նրանց, ոչ թէ նրա համար, որ այդ տեսութիւնները սխալ են եւ կամ անարուեստ, այլ նրա համար, որ ես էութեամբ եւ խառնուածքով նրանց նման չեմ, «հներին» չեմ հետեւում, այլ` ներքին թելադրանքներիս: Արուեստը հին եւ նոր չունի: Այսօր ով ինչ է ուզում` անում է, ես էլ իմ ուզածս եմ անում, ես ոեւէ մէկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ թող չխանգարեն:

«Բ.».-  Ըսել կ՛ուզէք, թէ բնաւ չէ՞ք ընդունիր նորարարները:

Է. Բ.- Ես այդպէս չասացի, շատերին եմ ընդունում եւ գնահատում, մի խօսքով` նրանց, ովքեր իւրայատուկ են եւ չեն ընդօրինակում ուրիշներին: Այսօր թէ՛ աշխարհում, թէ՛ մերոնց մօտ շատերը նկարում են ուրիշների նման: Ես նկարում եմ ի՛նձ նման:

«Բ.».- Աշխարհի մեծերէն զո՞վ կամ որո՞նք կ՛ընդունիք եւ կը գնահատէք:

Է. Բ.- Սալվատոր Տալիին եւ Մարքս Էռնեսթին եւ էլի ուրիշներ էլ կան…

«Բ.».- Իսկ հայրենի գեղանկարիչներէ՞ն…

Է. Բ.- Շատերին… Օրինակ` Ռուբէն Աբովեանին եւ Վահրամ Դաւթեանին: Նրանք ունեն իրենց աշխարհը, ստեղծել են սեփական կերպարներ ու համապատասխան միջավայր, իսկ միւսները ընդօրինակում են դրանց: Օրինակի կարիք չկայ, ես չեմ ուզում ոչ ոքի վիրաւորել:

«Բ.».- Զարմանալի է, որ գործերուդ մէջ պոռոտ եւ զիրար հակասող գոյներ չկան: Ինչո՞ւ: Մերժո՞ւմ նորի:

Է. Բ.- Նախ ասեմ, որ վերջին գործերիս մէջ թէեւ պոռոտ գոյներ չկան, սակայն զիրար հակասող գոյներ կան, ունեմ նաեւ կիսավերացական գործեր: Դրանք կախեալ են պահից եւ հոգեվիճակից: Չեմ մերժում նորը, այլ` վատորակը, կեղծը, մտածուած ու կաղապարուած արուեստը, ինչպէս խորհրդային ժամանակներում էր: Այսօր տարբեր ձեւերով նոյն սկզբունքներին հետեւում են: Եթէ խորհրդային ժամանակներում բռնատէրերն էին թելադրում, այսօր շուկան է թելադրում ճաշակը, որը խիստ կասկածելի է եւ վիճելի: Ո՞վ է ասում, որ ես ժամանակակից եւ կամ նորարար չեմ: Ես ինքզինքս համարում եմ խիստ ժամանակակից արուեստագէտ: Այսօր չկա՞յ լքուած, թշուառ ու անտեսուած ժողովուրդ: Երկրագունդի բնակչութեան մեծամասնութիւնը այդպիսին է: Զարգացած եւ քաղաքակիրթ երկրներում եւ շռայլութեամբ գերյագեցած քաղաքներում լիքն են «բոմժ»-երն ու օրուայ հացի կարօտները: Չեն ուզում նկատել նրանց, արհամարհում են նրանց` նորաձեւութիւններին հետեւող արուեստագէտները, ու չեն պատկերում նրանց կեանքը: Կան ինձ նման շատեր, ովքեր տարբեր ոճերով պատկերում են խեղճերի կեանքը ու անուղղակիօրէն պաշտպանում նրանց իրաւունքները: Ես իմ կեանքն եմ պատկերում եւ պաշտպանում եմ իմ եւ առհասարակ մարդկային արժանապատուութիւնն ու ինքնասիրութիւնը եւ ուզում ցոյց տալ, թէ իսկական մարդը ե՛ս եմ, իմ նմանները, որոնց տեղ չի տրւում ու չեն գնահատւում նրանց արժանիքները:

«Բ.».- Կը ներէք, եթէ ձեր զգայուն հարցերուն մօտեցանք: Շնորհակալ ենք այս հետաքրքրական զրոյցին համար:

Է. Բ.- Է՜հ, ի՞նչ էք ասում, ե՛ս եմ շնորհակալ: Սա իմ առաջին հարցազրոյցն է: Սրանից առաջ ինձանով չեն հետաքրքրուել:

Share this Article
CATEGORIES