Բանակի Վերաբերեալ Ընկերային Դիրքորոշումների Ձեւաւորումը Տպագիր Մամուլի Միջոցով (Բ. Մաս )

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔԵԱՆ

«Հրապարակ» օրաթերթում պատկերն այլ է: Այստեղ ուսումնասիրուող մէկ տարուայ ընթացում չհանդիպեցինք բանակի թեմայով դրական երանգաւորումով որեւէ լուսաբանման, իսկ չէզոք բովանդակութեամբ լուսաբանումները բացասականի համեմատ շատ քիչ էին: Այստեղ բանակին անդրադառնում էին հիմնականում բացասական կողմերով (տե՛ս Նկար 3): Նկարում պատկերուած է տարուայ կտրուածքով բացասական ողջ արձագանգի տոկոսային բաժանումն ըստ ամիսների. (Նկար 3)

 

Ամէնաշատ բացասական անդրադարձերը հանդիպում ենք հոկտեմբեր ամսին (26%), ինչը համընկնում է Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի դէմ բողոքի արարքներու աշխուժացման եւ բանակում դժբախտ պատահարների` ամսուայ կտրուածքով աւելացման հետ: Հետաքրքիր է, որ նոյնիսկ 2011թ. յունուարին, երբ նշւում էր Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի 19-ամեակը, «Հրապարակ»-ում մեծ է բացասական խորքով յօդուածների թիւը` 11%: Նոյնը վերաբերում է նաեւ 2011թ. սեպտեմբեր ամսին, երբ անցկացուեց Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած ռազմական շքերթը: Նոյնիսկ անկախութեան 20-ամեակի օրերին, երբ բանակային թեմայով հասարակական քննարկումները մեծ մասամբ ընթանում էին դրական երանգաւորումով, «Հրապարակ»-ում բացասական երանգաւորումով յօդուածներ էին հրապարակւում: Ռազմական շքերթի ընթացքում ռազմական արհեստագիտութեան ցուցադրութիւնը մի քանի յօդուածներում ներկայացւում էր որպէս «21-րդ դարում մարդ ոչնչացնող սարքով` զէնք- զինամթերքով հպարտանալու փաստ» (23.09.2011):

Քանի որ 2011թ. ընթացքում դրական խորքով յօդուածներ «Հրապարակ»-ում չկային, ստորեւ ներկայացնում ենք բացասական եւ չէզոք խորքով յօդուածների ընդհանուր պատկերը (Նկար 4):

 

 Ինչպէս տեսնում ենք, «Հրապարակ»-ում բանակին անդրադառնալիս 90%-ից աւելի դէպքերում ներկայացւում են բացասական երանգաւորումով յօդուածներ: Բացասական երանգաւորումով յօդուածներում յաճախ կարելի էր հանդիպել հակաբանակային թշնամութեան, ատելութիւն քարոզող յօդուածների, որտեղ չէին պահպանւում մասնագիտական բարոյագիտութեան տարրական կանոնները, գրութիւնը, ըստ էութեան, կազմուած էր միայն հակաբանակային զգացմունքային արտայայտութիւններից ու ընդհանրացումներից: Օրինակ` 2011թ. օգոստոսի 8-ին տպագրուած «Վերջացած բանակ» յօդուածում կարդում ենք. «Երբ հրամանատարներն իրենց կօշիկների տակ ճզմում էին մեր գլուխներն ու ներբանների ալիքաձեւ նախշերը դրոշմում մեր գանգամաշկերի վրայ, մահուան ու ընկճուածութեան դառնահամը զգալով, մի կերպ խռխռալով` փորձում էինք զգուշացնելով ընդդիմանալ. «Տենց մի խփի, ու՞ր ես տենց խփում, կարող ա մեռնեմ»: Ու լսւում էր սովորական մի պատասխան. «Բա խփում եմ, որ մեռնես»»:

«Հրապարակ»-ում բանակում տեղի ունեցած ամէն դժբախտութեանն անդրադառնում էին մի քանի անգամ, երբեմն մէկ յօդուածում միաժամանակ նշւում էր նաեւ մի քանի այլ դժբախտ պատահարների մասին, ինչը մէկ դժբախտ պատահարի բազմապատկման արդիւնք էր տալիս: Օրինակ, «Հերթական մահը բանակում» (14.10.2011) յօդուածում զինուորի մահուան դէպքը նշելուց յետոյ թուարկում են վերջին շրջանում բանակում տեղի ունեցող մի քանի մահուան դէպքեր. «Ի դէպ, սա վերջին օրերին արդէն երրորդ մահուան դէպքն է: Նախ հոկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի զօրամասերից մէկում ինքնասպանութիւն է գործել ժամկէտային զինծառայող, 1992թ. ծնուած Եուրիկ Գէորգի Ներսիսեանը: Իսկ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ինքնասպանութիւն էր գործել ժամկէտային զինծառայող, 1992թ. ծնուած Վլատիմիր Անդրանիկի Ասատրեանը, որը մահից առաջ ձեռքի ափին գրել էր իրեն ծեծած եւ նուաստացրած զինծառայողների անունները» (մէջբերումն արուած է կրճատումներով): Բնականաբար կան իրավիճակներ, երբ անցեալում տեղի ունեցող նմանատիպ դէպքերի թուարկումը պահանջւում է յօդուածի տրամաբանութեամբ եւ յօդուածի կառուցման լրագրողական կանոններով,  սակայն այս դէպքերում եւս ստանում ենք մէկ իրադարձութեան «բազմապատկման արգասիք»:

Յաճախ յօդուածները գրուած էին այնպէս, որ բանակային դժբախտութիւնները ներկայացւում էին որպէս մշտապէս տեղի ունեցող սովորական երեւոյթ: Օրինակ, «Կրկին զինուոր է ինքնասպան եղել» (12.10.2011),  «Հերթական սպանութիւնը հայկական բանակում» (07.09.2011) եւ նմանատիպ վերնագրերն արդէն ընթերցողին յուշում են, որ բանակում սպանութիւնները սպասելի եւ շարունակական գործընթաց են:

«Հրապարակ»-ում յաճախ կարելի է հանդիպել հակաբանակային զգացմունքային յօդուածների, որոնք դուրս են լրագրողական որեւէ կանոնից: Օրինակ, «Զօրակոչիկի եւ զինուորի յուշատետրերի անունը կայ, ամանում չկայ» (28.10.2011) յօդուածում հեղինակը գրում է. «Մամուլում ահագնանում են սարսափազդու լուրերը հայկական բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների` սպանութիւնների,  շատ կասկածելի ինքնասպանութիւնների մասին» կամ` «Մեր լրագրողներից մէկն ասում էր, թէ ինչ է պատմել բանակում ծառայող իր եղբայրը. սահմանի վրայ դիպուկահարների կրակոցներից տղաները զոհւում են այն ժամանակ, երբ դիրքերից դուրս են գալիս օղու շշերը հեռացնելու համար: Զոհւում են ամենախեղճերը, քանի որ հրամանատարներն ու «կռուտոյները» հէնց նրանց են յանձնարարում խրամատից դուրս գալ եւ տարբեր ծառայութիւններ մատուցել իրենց» (21.03.2011): Ինչպէս տեսնում ենք, նմանատիպ նիւթերը բանակի վերաբերեալ բացասական ընկերային դիրքորոշումներ են ստեղծում` հիմնուելով «լրագրողներից մէկի եղբօր» պատմածի կամ նմանատիպ այլ, ոչ յստակ եւ հետեւաբար` ոչ հաւաստի տեղեկատուութեան աղբիւրի վրայ:

Իսկ բանակի վերաբերեալ լուսաբանումների աղբիւրների բնութագրերը «Հրապարակ»-ում ունեն հետեւեալ պատկերը (Նկար 5).

 

«Հրապարակ»-ում մեր ուսումնասիրած շրջանում բանակի վերաբերեալ տեղեկատուութեան 35%-ը հիմնուած էր տեղեկատուութեան անյայտ աղբիւրների վրայ: Յաճախ կարելի էր հանդիպել աղբիւրների այսպիսի յղումների` «ըստ հաւաստի աղբիւրների», «ինչպէս մեզ հաղորդեց մեր լրագրողներից մէկի ազգականը», «մեզ յաջողուեց ճշտել» եւ այլն:

«Հրապարակ»-ում 2011թ. ընթացքում բանակի թեմայով նիւթերն ունեն հետեւեալ իմաստային առանձնայատկութիւնները (Նկար 6).

 

Ինչպէս տեսնում ենք, ամէնաշատն անդրադարձել են բանակում առկայ օրինախախտումներին` 34% (օրինախախտումների մէջ չեն մտնում սանդղակում ներկայացուած այլ իմաստային խմբերը, որոնք կարելի է դասակարգել որպէս օրինախախտում): Երկրորդ տեղում բանակային մահուան դէպքերն են` 25%:

«Նախարարը կամ նախագահն են մեղաւոր բանակային անօրինութիւնների համար, նրանք պէտք է հեռանան, որ դրական փոփոխութիւններ լինեն» իմաստային խմբում ներառուած յօդուածներից մէկում մէջբերում է արւում նախագահի հրաժարականը պահանջող յայտարարութիւնից «Ո՞վ է մեղաւոր. գերագոյն հրամանատարը» 13.10.2011): Վերնագրում արդէն եզրակացութիւն կայ, որ մեղաւորը գերագոյն հրամանատարն է, ինչից արդէն հասկանալի է,  որ յօդուածագիրն ի սկզբանէ վստահ է, որ բանակային ապօրինութիւնների պատասխանատուն նախագահն է, եւ յօդուածն էլ ուղղուած է հեղինակի այդ համոզմունքի ամրապնդմանը: Ճիշտ է, չի կարելի է պնդել, որ տեղեկատուական աղբիւրին անդրադառնալիս լրագրողն աղբիւրի հաղորդած կողմնորոշման կրողն է, սակայն լրագրողական արհեստավարժութիւնը պահանջում է անդրադառնալ նաեւ հակառակ կողմի տեսակէտին, ինչի բացակայութիւնը, վերնագրում առկայ դիրքորոշման հետ միաժամանակ գալիս են հաւաստելու լրագրողական ենթակայականութեան առկայութիւնը նիւթում:

«Մահուան դէպքեր, սպանութիւններ ու ինքնասպանութիւններ բանակում» իմաստային խմբին համապատասխան յօդուածները բանակի թեմայով ընդհանուր հրապարակումների 25%-ն էին կազմում: Օրինակ, «Նա ո՛չ կոտրուող էր, ո՛չ դրդող» (10. 02. 2011) յօդուածում ներկայացւում է զինծառայողի մահը` հիմնուելով միայն զոհուածի հարազատների խօսքերի վրայ:

«Վիրաւորուել է հայ զինծառայող» (22.08.2011) յօդուածը համընկնում է «Փոխհրաձգութիւն հայ-ազրպէյճանական սահմանին» իմաստային խմբին: Նմանատիպ յօդուածներում հիմնականում տրւում էր սահմանային հրաձգութիւնների մասին «չոր» տեղեկատուութիւն:

Հետաքրքիր է, որ ազրպէյճանցիների կողմից հայ զինուորներին սպաննելու դէպքերի լուսաբանումը «Հրապարակ»-ում չի ուղեկցւում հակաազրպէյճանական զգացմունքային բովանդակութեամբ` ի տարբերութիւն հայկական կողմում տեղի ունեցող ներբանակային դժբախտութիւնների: Ազրպէյճանական կողմի կրակոցների ու դրանց հետեւանքով զոհուած կամ վիրաւորուած հայ զինուորների մասին լուսաբանելիս հիմնականում նիւթերը ներկայացւում էին համառօտ լուրի ձեւով: Մէկ տարուայ ընթացքում մենք չհանդիպեցինք ազրպէյճանցի զինուորականների կողմից հայ զինուորների սպանութիւնների թեմայով որեւէ նիւթի, որտեղ հայ զինուորներին սպաննող ազրպէյճանցիների մասին խօսուէր նոյն բառապաշարով, պիտակներով («արիւնարբու», «մարդակեր» եւ այլն), որոնցով «Հրապարակը» բնորոշում էր հայկական բանակը: Տրամաբանօրէն սպասելի էր նաեւ ազրպէյճանական կողմի քննադատութիւն, որովհետեւ ազրպէյճանցիների կրակոցներից աւելի շատ հայ զինուորներ են զոհւում, քան ներբանակային խնդիրներից: Այդպիսի տեղեկատուական քաղաքականութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ «Հրապարակ»-ն իր առջեւ խնդիր է դրել բացասական ընկերային դիրքորոշումներ ձեւաւորել հայկական բանակի եւ ոչ թէ Ազրպէյճանի կամ ազրպէյճանցիների վերաբերեալ, այդ պատճառով էլ ազրպէյճանական կողմի կրակոցների պատճառով վիրաւորուած կամ զոհուած հայ զինուորների մասին լուսաբանումները զուտ տեղեկատուական էին:

«Բանակին «պաշտպանողների»,  չքննադատողների քննադատութիւն» իմաստային խմբին համապատասխան տեսնում ենք նմանատիպ յօդուածներ` «Մինչեւ չծառայես` բանակը չես հասկանայ» (26.10.2011): Նիւթը կազմուած է մի ընթերցողի նամակի հիման վրայ, որտեղ հեղինակը նշում է, որ ծառայել է մարտական դիրքերում եւ վերադառնալուց յետոյ վրդովուել է` բանակի թեմայով խօսողների հանդիպելով: «Հրապարակ» օրաթերթում մէկ տարուայ ընթացքում չհանդիպեցինք որեւէ դրական պիտակաւորման, իսկ բացասական պիտակներն այսպիսի բնոյթի էին` «տարածաշրջանի «ամենամարտունակ» սպանդանոց» (28.06.2011), «պնակալէզների ու սպեկուլեանտների բանակ» (28.01.2011), «Ամենամարտունակ» բանակում» (03.06.2011), «Փառապանծ բանակի թերսնուած զինուորները» (28.09.2011) եւ այլն: Այսպիսի թշնամանք պարունակող պիտակները ցուցանիշ են ծայրայեղ զգացական եւ ոչ արհեստավարժ աշխատաոճի, որն ունենում է իր հետեւանքները բանակի վերաբերեալ հանրային որոշակի շրջանում համապատասխան կարծիքի, ընկերային դիրքորոշման տեսքով:

Կարելի է եզրակացնել, որ «Հրապարակ» օրաթերթը լրագրողական ոչ արհեստավարժ քաղաքականութեամբ իր ընթերցողների մէջ հայկական բանակի վերաբերեալ բացասական երանգաւորմամբ ընկերային դիրքորոշումներ է ձեւաւորում: Եթէ ենթադրենք, որ թերթի նման տեղեկատուական քաղաքականութիւնը, բացի ոչ արհեստավարժութիւնից նաեւ հակազինուորական տրամադրուածութեան հետեւանք է, ապա տրամաբանական չէ հայկական բանակից բացի այլ նիւթերի (օրինակ, ազրպէյճանական բանակի) նկատմամբ միանման տեղեկատուական քաղաքականութեան բացակայութիւնը: «Առաւօտ» օրաթերթում նոյնպէս գերակշռում են բանակի մասին բացասական երանգաւորում ունեցող յօդուածները, սակայն այստեղ, ի տարբերութիւն «Հրապարակ»-ի, բաւական շատ են նաեւ դրական եւ չէզոք երանգաւորումով յօդուածները, եւ «Առաւօտ-ի» ընթերցողների մէջ բանակի մասին բացասական ընկերային դիրքորոշումների ձեւաւորման հաւանականութիւնն անհամեմատ աւելի փոքր է, քան «Հրապարակ»-ի պարագայում:

1.- Ցուցակն ըստ Media.am կայքի:

2.- http://www.epfound.am

3.- http://www.civilitasfoundation.org

4 Փաստաթղթերի վերլուծութեան մեթոտը ընկերային գիտութիւններում առաջնային տեղեկատուութեան ստացման համար կիրառուող մեթոտ է, որով տեղեկատուութիւն պարունակող ցանկացած ձեռագիր, տպագիր, տեսա-ձայնագրուած նիւթ ենթարկւում է մշակման (նշումը` խմբ.):

 

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔԵԱՆ

ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի ռազմավարական
հետազօտութիւնների բաժնի գիտաշխատող

 

«Գլոբուս» վերլուծական հանդէս, թիւ 7, 2012

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES