Ընտրութիւններ, Աշխարհաքաղաքականութիւն, Ժամանակ

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Եւ այսպէս, յուլիսի 19-ին անցկացուած ԼՂՀ նախագահի ընտրութիւնները դարձան պատմութեան սեփականութիւնը, բայց դրանք, անշուշտ, դեռ որոշ ժամանակ կը զբաղեցնեն քաղաքագէտների եւ փորձագէտների ուղեղները:

Պէտք է ասել` ԼՂՀ ղեկավարի ընտրութիւնների շուրջ գնահատականներ ու կարծիքներ հնչել են ընտրական գործընթացից ե’ւ առաջ, ե’ւ յետոյ, ընդ որում` դրանց ընդգրկումը եղել է բաւական լայն` բարեացակամից մինչեւ բացասական: Չնայած պէտք է խոստովանել, որ բացայայտ քննադատութիւններ չեն հնչել: Եթէ, ի հարկէ, չհաշուենք Ազրպէյճանի եւ Թուրքիայի կտրուկ արձագանգը, ինչը, յայտնի պատճառներով, հեշտօրէն կանխատեսւում էր, ուստի եւ արժանի չէ լուրջ ուշադրութեան:

Ի հարկէ, մեզ համար առաջին հերթին հետաքրքրութիւն են ներկայացնում միջազգային կառոյցների, ինչպէս նաեւ անցկացուած ընտրութիւնների անմիջական դիտարկում իրականացրած դիտորդների դիրքորոշումն ու գնահատականները: Միջազգային կառոյցների կողմից ԼՂՀ-ում նախկինում անցկացուած ընտրական գործընթացների եւ վերջին նախագահական ընտրութիւնների գնահատականների համեմատական վերլուծութիւնը թոյլ է տալիս խօսել որոշակի դրական միտումների մասին: Ի հարկէ, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ Եւրամիութիւնը, ինչը նոյնպէս կանխատեսւում էր, նախագահական ընտրութիւնները չեն ողջունել, բայց եւ չի հետեւել նրանց կոշտ քննադատութիւնը: Ընտրութիւնների չճանաչման մասին յայտարարողների շարքում են ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Օէն Օ՛Լիրին եւ Եւրոպական դիւանագիտութեան ղեկավար Քեթրին Էշթընը: Համապատասխան յայտարարութեամբ հանդէս են եկել նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները, ովքեր, ինչպէս եւ Քեթրին Էշթընը, նշել են, որ ընտրութիւնները պէտք չէ կանխորոշեն Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւններում:

Ըստ էութեան, այդ տեսակէտը դիւանագիտական տեսանկիւնից միանգամայն հիմնաւոր է, քանի որ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում դեռ շարունակւում է: Սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հաւանական կանխորոշման վերաբերեալ միջազգային կառոյցների անհանգստութիւնները միանգամայն ի զուր են, քանի որ ԼՂՀ նախագահի ընտրութիւններն իրենց մէջ նման գործառոյթային բեռնուածութիւն չեն էլ կրում եւ ունեն, այսպէս ասած, զուտ ներքին նշանակութիւն, այլ խօսքով` ուղղուած են իշխանութեան մարմինների ձեւաւորմանը` պետութեան կառավարման նպատակով:

Այս առումով  ուշադրութիւն է գրաւում միջազգային միջնորդների արտայայտութիւնների հնչեղութեան փոփոխութիւնը: Նոյն ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները ճանաչել են «Լեռնային Ղարաբաղում փաստացի իշխանութիւնների ձեւաւորման անհրաժեշտութիւնը` ժողովրդավարութեան ապահովման եւ հասարակական կեանքի պահպանման համար»: Այսինքն կարելի է արձանագրել, որ միջնորդներն առարկայականօրէն արդէն չեն կարող չնկատել ԼՂՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները, մասնաւորապէս` իշխանութեան օրինական մարմինների ստեղծումը համաժողովրդական ընտրութիւնների ճանապարհով:

Աւելի՛ն. ԼՂՀ-ում ընտրութիւնների անցկացումն իրական մրցակցային պայմաններում, ինչը եւ տեղի ունեցաւ յուլիսի 19-ին, միջազգային կազմակերպութիւնները պէտք է միայն ողջունեն, քանի որ դա ամբողջ ակնյայտութեամբ փաստում է հանրապետութեան ե՛ւ ժողովրդի, ե՛ւ իշխանութիւնների հաւատարմութիւնը քաղաքացիական հասարակութեան ժողովրդավարութեան սկզբունքներին: Օրինական կերպով ընտրուած պետական իշխանութիւնը կանխատեսելի է եւ գործում է պատասխանատուութեամբ, ինչը խիստ կարեւոր նշանակութիւն ունի ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում:

Պէտք է ասել, որ նախագահական ընտրութիւնների ընթացքին հետեւող միջազգային դիտորդների գնահատականները շահեկանօրէն տարբերւում էին եւրոպական պաշտօնեաների կարծիքից ու շատ աւելի ստոյգ էին: Եւ խօսքը ոչ միայն եւ ոչ այնքան բուն ընտրական գործընթացի գնահատականների մասին է, գործընթաց, որը բոլոր դիտորդների կողմից միաձայն ճանաչուել է որպէս «հանրապետութեան քաղաքացիների ազատ կամարտայայտման ժողովրդավարական քայլ, որը համապատասխանում է ընտրական իրաւունքի միջազգային չափանիշներին»: Խօսքը տուեալ դէպքում քաղաքական գնահատականների մասին է: Ինչպէս իրաւացիօրէն նկատել է Աշխարհաքաղաքական հետազօտութիւնների եւրոպական կենտրոնի լեհական բաժանմունքի տնօրէն Մաթէուշ Փիսքորսքին, «հէնց ժողովրդավարական ճանապարհով ընտրուած նախագահը, խորհրդարանը եւ իշխանութեան միւս թեւերի ներկայացուցիչները կարող են ԼՂՀ-ի անունից բանակցութիւններ վարել»:

Ռուսական դիտորդական առաքելութեան մասնակիցները նոյնպէս նշել են կայացած ընտրութիւնների կարեւորութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացի համար: Իսկ Ռուսաստանի Դաշնութեան Նորագոյն պետութիւնների հիմնարկի տնօրէն Ալեքսէյ Մարթինովը ուղղակի յայտարարել է, որ` «Լեռնային Ղարաբաղը լիովին կայացած պետութիւն է եւ իրաւական տեսանկիւնից լրիւ իրաւունք ունի լիարժէքօրէն ներկայացուած լինել բանակցային գործընթացում»: Նշենք, որ փաստօրէն դիտորդական բոլոր առաքելութիւնների կողմից նախագահական ընտրութիւնների արդիւնքներով կազմուած եզրայանգումներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական զարգացման մակարդակի համապատասխանութիւնը զարգացած ժողովրդավարութիւն ունեցող երկրների չափանիշներին: Նշանակում է` դրանք կարող են ծառայել որպէս իւրատեսակ ազդանշան միջազգային հանրութեանը` ըստ արժանուոյն գնահատելու ԼՂՀ ժողովրդի եւ իշխանութիւնների ջանքերը եւ իրաւական տեսանկիւնից ճանաչելու նրա անկախութիւնը, ինչը, դիտորդների կարծիքով, ամբողջովին կայացել է:

Ինչ վերաբերում է  նրան, որ  այդ ազդանշանը դեռեւս չի հասնում միջազգային կառոյցներին, որոնք  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մեղմ ասած, քաղաքական անտարբերութիւն են ցուցաբերում ոչ միայն ԼՂՀ-ի փաստացի անկախութեան ճանաչման, այլեւ նրան գոնէ բանակցութիւնների սեղանի շուրջ վերադարձնելու առումով, ապա այդ թեման ունի միանգամայն բացատրելի պատճառներ, այն էլ` վաղուց յայտնի: Ցաւօք, Լեռնային Ղարաբաղը դարձել է այս աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական պայքարի պատանդը, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պարզորոշել իրենց շահերը մեր տարածաշրջանում: Բայց այդ դէպքում մի՞թէ չի կորսւում ամէն մի վստահութիւն նրանց նկատմամբ` որպէս ժողովրդավարական արժէքների կրողների ու ջատագովների: Իսկ վստահութիւնը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում միջնորդների հանդէ՞պ,  միջնորդներ, որոնք ըստ կոչման համարւում են անաչառ: Եւ ի՞նչը կարող է օգնել` վերականգնելու այդ վստահութիւնը:

Բայց սրանք այն նոյն հարցերն են, որոնց պատասխանը կարող է տալ միայն ժամանակը: Ժամանակը, երբ անկախ միջազգային դիտորդների դրական գնահատականների վճռորոշ զանգուածը վերջապէս կը գերակշռի քաղաքական, այսինքն ենթադրութիւնների վրայ հիմնուած նպատակայարմարութեան սկզբունքին, որով ղեկավարւում են միջազգային կառոյցները, որոնք կախուած են արտատարածաշրջանային խոշոր ուժերի շահերից:

Արտայայտուելով նոյն դիտորդների խօսքերով` ուզում ենք վստահ լինել, որ ժամանակն այդ անպայման կը գայ:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )