Պէյրութ, Տուպայ, Կիպրոս, Հայաստան «Գողգոթայից» Մինչեւ «Տիգրան Մեծ». (Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ

Իւրաքանչիւր անգամ հիւրախաղերից վերադառնալիս` ընկնում եմ անհանգիստ մտատանջութիւն-ապրումների մէջ, իմ ներկայացումներից դուրս ինձ հետ բերելով այդ  գաղութների հայութեան ապագային վերաբերող հազարաւոր հրատապ հարցեր:

Թէեւ արդէն երկու ամիս է անցել իմ վերադարձից, բայց ինձ պարտաւորուած եմ զգում ոչ թէ ճնշելով լռեցնել ինձ անհանգստութեան մատնած, իմ մէջ եռացող  հարցերը, այլ իմ  տեսած, զգացած, ապրածը բառերի վերածել, միասին մտածելու, խորհրդածելու, քննարկման նիւթ դարձնելու, որ ի վերջոյ աշխատենք դուրս գալ այս համատարած լճացածութիւնից, ուր ամբողջովին ընկղմուել ենք, որն այսօր դարձրել ենք հայի կերպար, հայի ապրելակերպ, դէպի ապագայ ընթացող հայի մտածելակերպ:

Քանի որ  ընտրել եմ իմ արուեստով իմ ժողովրդի զարգացման ճանապարհը հարթել, ուստի իմ ասելիքը այդ ճանապարհներում յայտնուած մեր ժողովրդի հատուածների ճակատագրի մասին է:

Զարմանալին այն է, որ ամէնուրեք, աշխարհի տարբեր ծայրերում, անկախ երկրից ու գաղութի մեծութիւնից, նոյն դժուարութիւնների, բազմաթիւ առկախ հարցերի ու նոյն թմրածութեան մէջ ենք ապրում:

Իմ հիւրախաղերը սկսւում էին Պէյրութից, ապրիլ 24-ի առիթով, Պէյրութի Համազգայինի Շրջանային վարչութեան հրաւէրով:  Ներկայացնելու էի «Գրիգոր Զոհրապ»` Գողգոթայի ճանապարհին» երկու արարով իմ հեղինակած թատրերգութիւնը: Պարզ է, ապրիլեան ձեռնարկ է, ըստ ընդունուած մտայնութեան, այդ նիւթին վերաբերող գործերը,  անկախ արուեստի գործ լինելուց, պէտք է ներկայացուեն անպայման ապրիլ ամսին: Մեր ժողովուրդը ամէնուրեք սիրում է իր տխրութիւնն ամփոփել միայն այդ ամսում, որ արագ ձերբազատուի իր ուսերին ծանրացած ազգային այդ ծանր պարտականութիւնից, տարուայ հետագայ ամիսներին թեթեւացած սրտով աւելի կարեւոր ու հաճելի ձեռնարկներով լեցնելու իր կեանքը:

Քանի որ Պէյրութում եմ, ուրեմն հրաւիրւում եմ նաեւ Տուպայ նոյն ներկայացումով, որից յետոյ անցնելու եմ Կիպրոս, բոլորովին տարբեր ու նոր ներկայացումով` «Տիգրան Մեծ» եւ այդ նոյն ներկայացումով աւարտելու էի իմ հիւրախաղերը Հայաստանում: Երկու տարբեր, մեծ տարողութեան ներկայացումներ, մէկը ազգային, միւսը` քաղաքական սուր հարցադրումներով:

Ես մեկնում եմ ապրիլ 24-ին: Կարծես աւելի դաժան օր չէի կարող ընտրել, բայց քանի որ բոլոր թռիչքներս միատեղելու դժուարութիւն կար, ստիպուած էի այդ օրը ընտրել:

Ես դեռ չեմ կարողացել բառերի վերածել յատկապէս այդ օրը իմ ներքինում կատարուող երեւոյթը:  Արտաքնապէս ես մնում եմ նոյնը` հանգիստ, բայց ներսս անհանգիստ եռուզեռ է, ահաւոր ցասում, ուղեղս կարծես սրտիս հետ միատեղ պայթելու, մաշկս ճեղքելով դուրս է գալու: Չեմ ուզում ոեւէ մէկի հետ շփուել:  Միշտ առանձնութեան մէջ եմ սիրում լինել այդ օրը, մեծ մօրս յուշերով պարուրուած, որի հետ ապրել եմ քառասուն տարի, ականատես եղել կրկնակի անգամ մի ամբողջ գերդաստան, զաւակներ, ունեցուածք, քաղաք, երկիր կորցրած նրա ամէնօրեայ տառապանքին եւ բնականաբար էութեանս մաս կազմած իր ապրումները դարձել են իմ կեանքի բաղկացուցիչ մասը եւ յատկապէս այդ օրերին այն գլուխ է բարձրացնում իմ ներսում:

Սակայն ամուր փակուած` չեմ թոյլ տալիս, որ ոեւէ մէկը թափանցի իմ ներսը, չեմ ուզում որեւէ միջամտութիւն, շեղում:

Վստահաբար ամերիկեան մտածելակերպի պաշտպանները անմիջապէս հոգեբանների օգնութիւն  առաջարկեն ինձ, բայց հաւատացնում եմ, դրա կարիքը չունեմ, քանի որ իմ ողջ ապրումները ես փոխադրում եմ ներկայացումներիս մէջ, որի շաղախով ստեղծում եմ դրանք, որի գոյութիւնը ինձ աւելի պայքարունակ է դարձնում:

Օդանաւում իմ ներքին եռքը է՛լ աւելի է սրւում, բայց հարիւրաւոր մարդկանցով շրջապատուած, չես կարող առանձնանալ, հարիւրաւոր նոր ու տարբեր, ուրախ ու յոգնած  դէմքեր, անհանգիստ ու ծոյլ շարժումներ, անվերջանալի թուացող, մարդ խենթացնող երկար ժամեր: Եւ մարմնով ու ներքնապէս ջախջախուած` վերջապէս հասնում ենք Պէյրութ:

Ինձ հետ, ինչպէս միշտ, իմ ամուսինն է, իմ ներկայացումների ոչ միայն երաժշտութեան եւ լոյսերի բեմային պատասխանատուն, այլ ընդհանրապէս` ստեղծագործելու եւ իմ արուեստով իմ ժողովրդին օգտակար լինելու միակ մղիչ ուժն ու պաշտպանը, միակ հովանաւորը, որն իր աշխատանքը թողած, ինձ հետ միասին, իր ժամերն ու օրերն է զոհաբերում ազգային ի՛ր պարտականութիւնը կատարելու: Ինչպէս միշտ, այս անգամ էլ իմ ներկայացումները բարեգործական են, անվճար:

Երեկոյ է, Պէյրութի գեղեցիկ օդակայանն այլեւս օտար տեղ չէ մեզ համար, յատկապէս երբ մեզ սպասում է մեր հին, ճշդապահ բարեկամ, եղբօր պէս մեզ հոգացող, պարզամիտ, իւրայատուկ հիւմըրով Աբոն: Նրա հետ է Համազգայինի ներկայացուցիչ, շատ հաճելի, առոյգ, կիրթ երիտասարդ Յակոբը, որն իր հետ կարծես Այնճարի զովաշունչ օդն է բերել Պէյրութի տօթից մեզ փրկելու:

Այդ ժամին քաղաքն անտանելիօրէն խճողուած է:  Այդ փոքրիկ քաղաքը այնքան է ծանրաբեռնուած երթեւեկով, օդն այնքան է ապականուած անսարք ինքնաշարժերի ծխից եւ յաճախակի արաբական անապատից ներխուժող փոշուց, որ Միջերկրականի սիրտ շոյող կապտագոյնն անգամ մոխրագոյն է երեւում, իսկ լեռնալանջերի մայրիները չեն հասցնում բաւարար ածխաթթու արտադրել:  Սակայն նկատելի են որոշ փոփոխութիւններ` մայրուղիները բաւական կարգաւորուել են եւ երթեւեկութիւնը համեմատօրէն կարգ ու կանոնի մէջ մտել:  Թէեւ դեռ իւրայատուկ, միայն լիբանանցուն յայտնի զգայնութիւն է պէտք այդ երթեւեկի մէջ անփորձանք ինքնաշարժ վարելու համար:

Մօտ հինգ տարի է անցել իմ վերջին այցելութիւնից, բայց զգալի փոփոխութիւն եմ տեսնում ամէնուրեք: Պատերազմներից, վերջին տարիների յաճախակի ներքին ու արտաքին բախումներից, տնտեսական ահաւոր ճգնաժամերից քայքայուած,  արտաքնապէս էլ ծակծկուած, նկատի ունեմ պատերազմի փամփուշտներից ծակծկուած եւ կիսափլատակ շէնքերը, կործանուած կամուրջները, համատարած տխրութեան քողը, որն յատուկ է պատերազմից կքած երկրներին, այդ ամէնը կարծես անհետացել է: Անշուշտ, ոչ ամբողջապէս, բայց բարելաւումը այնքան աչքառու եւ տեսանելի է, որ ուրախութիւն է ներշնչում:

Ես սիրում եմ այս երկիրը, յատկապէս` այս քաղաքը, այն մեր ժողովրդի, մասնաւորապէս հայ սփիւռքի պորտալարն է եղել եւ մնում է: Իմ գալուց մէկ օր առաջ աւելի քան 25 հազար հայութիւն է դուրս եկել ապրիլ 24-ի քայլարշաւ- բողոքի ցոյցի` դէպի Պիքֆայայի բարձունքին վրայ գտնուող Լիբանանի մէջ թրքական դեսպանատուն` հաստատելու, որ տէրն է իր Դատին եւ Թուրքիայէն պահանջելու իր արդար իրաւունքներու հատուցումը: Չկարծէք` դա հեշտ ու հարթ ճանապարհ է, այլ` լերան բարձունք տանող, ոլորապտոյտ, մղոններով զառիվեր բարձրացող ճանապարհ:  Եւ այդ հազարաւորների մէջ են նորածին եւ տարեց, Ցեղասպանութեան զոհերի եւ հրաշքով փրկուածների անմիջական առաջին սերունդը, նրանց հոգեկան բզկտումի վերջին վկաները, այսինքն` ալեզարդ ծերեր:

Ուզում եմ յիշեցնել, որ օտար հողի վրայ, օտար իշխանութեան ու օտար քաղաքականութեան հայեացքի տակ է կատարւում այս ամէնը`  առանց սեփական պետականութեան օրինագծի, առանց առաջնորդի, միայն հայութեան ճակատագրի դրօշակակիր,  հիմնականում`  ՀՅԴ եւ յարակից միւս երկու կուսակցութիւնների կազմակերպուածութեան:

Քաղաքի հայահոծ շրջանները, յատկապէս` հանրայայտ Պուրճ Համուտը, դեռ ողողուած է ծածանուող հայկական դրօշակներով:  Քաղաքի այդ նեղլիկ ու իրար վրայ յենուած պատշգամներից կարծես նարնջագոյն լոյս է ծորում:  Լիբանանեան արեւի պայծառ շողերը մեր սգահանդէսի համար պարզած եռագոյնը դարձրել էր տօնահանդէս եւ այդ հնամաշ տներն ու նեղլիկ փողոցները զարդարել մեր գոյութեան, պայքարի եւ յոյսի գրաւական-նշանաբանով:

Կա՞յ արդեօք որեւէ այլ երկիր, ուր հայը այսքան տէր զգայ իրեն, այսքան հաւասար իրաւունքով կիսի բազմակրօն ու բազմազգի օտար մի հող:

Ահա թէ ինչո՛ւ այս երկրի բարգաւաճումը ուրախութիւն է պատճառում ինձ, չէ՞ որ դա նաեւ իմ  ժողովրդի բարեկեցութիւնն է:

Երկրի այս տեսանելի փոփոխութիւնը ակամայ ինձ մղում է համեմատութեան մէջ դնելու այն մեր հայրենիքի հետ: Այս երկիրը այսքան ծուատումներից յետոյ, վերջին հինգ տարիների ընթացքում աննկարագրելի վերելքի է հասել միայնակ, առանց ոեւէ մէկի, առանց աշխարհի օգնութեան: Իսկ մեր երկիրը դեռ 20 տարի է աշխարհի եւ յատկապէս սփիւռքի անհաշուելի օգնութեամբ չի կարողանում ոտքի կանգնել, երկրաշարժի աւերից սկսած մինչեւ լեւոնեան մութ ու ցուրտ տարիների հետքերը թօթափել: Ինչո՞ւ… որովհետեւ լիբանանցին սիրում, պաշտում է իր երկիրը, իր հողը, նա դարեր ի վեր կապուած է իր հողին, թշուառութեան մէջ չի լքում այն, այլ տքնաջան ու միայնակ ոտքի է կանգնեցնում, ծաղկեցնում: Իսկ մե՞նք… բայց այս մասին յետոյ…

Իմ ելոյթին դեռ երկու օր ունեմ, այցելում եմ Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարան:

Թէեւ ինձ համար նախկին Ն. Փալանճեան ճեմարանը բոլորովին այլ խորհուրդ ու իմաստ ունէր, դա մի եզակի հաստատութիւն մնաց սփիւռքեան մեր պատմութեան մէջ եւ ցաւ եմ զգում, որ այսօր այդպիսի մի պատմական անցեալ ներկայացնող հաստատութիւն չի գործում: Միայն յուսամ, որ այն Կիպրոսի Մելգոնեանի ճակատագրին չենթարկուի, այլ պահպանուի իբրեւ պատմական գանձ:

Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին նուիրուած աշակերտների հանդէս է ճեմարանում: Այնքա՛ն հայկականութիւն, այնքա՛ն արեւմտահայութիւն, այնքա՛ն նուիրում ու զոհաբերութիւն ու սէր կայ այս հաստատութեան մէջ, որ անկարելի է չսիրահարուել, անկարելի է չգնահատել այդ ամէնը ներդրողներին, հայոց դպրոցի անհրաժեշտութիւնը գործի, իրականութեան վերածած բոլոր նուիրեալներին:

Լսում եմ այս շնորհալի աշակերտների սահուն արեւմտահայերէնը, նրանց անմեղ հոգիներում նոր ծիլեր տուող, դեռ անգիտակցօրէն մեր պայքարի յաղթանակին ձգտող տենչը եւ ուրախութեան հետ մէկտեղ ահաւոր տխրութիւն ու ամօթ եմ ապրում: Մտածում եմ` դեռ քանի՞ սերունդի մենք կարող ենք ոչ թէ բնականօրէն, մեր հողի վրայ մեր լեզուն փոխանցել, որ իրենց մատաղ շրթներում կեանք առած բառերը հարստանան, զարգանան միտք ու ապրում դառնան, այլ` զոհաբերութիւններով, օտար հողերում, մեր յաղթանակի վառ երազանքով նրանց պահել: Դեռ քանի՞ սերունդի հոգիներում թուրքի եւ անարդարութեան հանդէպ եռացող ատելութիւնը տեսնելով պիտի հպարտանանք` հաւատալով, որ հասնելու ենք մեր ձգտումին եւ հանգստանանք` լսելով անգիր արած նրանց տողերը, տեսնելով նրանց հայաշունչ հոգիներում սկիզբ առնող անյայտ ճակատագրի երթի կանչը:

Մինչեւ ե՞րբ օտար երկինքների տակ,  վերացական խոստումներով, մեր սերունդների ազգային պայքարի գիտակցութիւնը պիտի ձեւաւորենք: Մինչեւ ե՞րբ աչք փակենք, չտեսնելու տանք թաւալգլոր օտարութեան կուլ գնացող մեր լեզուն ու ապագան, կոծկենք մեր ծոյլ անտարբերութիւնը մեր ազգային լճացած վիճակի հանդէպ եւ սերունդներին ազգային յաղթանակի յոյս ներշնչենք:

Իմ ներքին այս փոթորիկը սկիզբ առած այս հրաշալի հաստատութիւնում` դեռ ինձ հետ կրելու եմ իմ ողջ շրջագայութեան ընթացքին:

Ներկայացումս «Յ. Տէր Մելքոնեան» սրահում է, ուր արդէն մի քանի անգամներ ելոյթ եմ ունեցել: Մտնում եմ յարդասենեակ ու մնում ապշած:  Ամէն ինչ ոչ միայն մաշուած, այլ անխնամ, կոտրտուած, ներկերը թափուած, ծայրայեղ բարձի թողի մատնուած վիճակ:

Այս սրահում անվերջ ներկայացումներ ու համերգներ են տեղի ունենում, այսինքն ամէնօրեայ գործածումի տեղ է: Այստեղ ելոյթներ են ունենում անյայտ եւ յայտնի արուեստագէտներ, պարախմբեր, երաժշտախմբեր: Տեսնում եմ, որ բեմում ներկայացման տեքորներ կան: Եւ ինչպէ՞ս է, որ այդքան արհամարհանքի է մատնուած հաստատութիւնը: Ես դեռ միայն յարդասենեակի մասին եմ խօսում` առանց շեշտելու յարակից սենեակները:  Դերասանի համար ամենակարեւոր տեղն է այն, այստեղ նա կենտրոնանում է, այստեղից է նա  լեցուած մտնում բեմ` հասարակութեան առջեւ:

Հասարակ յարգանքը, հոգատարութիւնը ունեցածի հանդէպ, այն էլ դժուարութեամբ ձեռք բերածի, դրամի հետ չի կապուած: Ունեցածքը, այն էլ ազգային, խնամքով պահելն էլ կրթութիւն է, յարգանք, մարդկային ու ազգային դիմագիծ:

Օտար սրահներ վարձելիս` մենք դողում ենք մեր ամէն շարժումի վրայ, որ յանկարծ որեւէ տեղ չփճանայ, այլապէս յաւելեալ տուգանք ենք վճարելու:  Իսկ մեր ունեցածը կարող ենք փճացնել եւ ոչ մէկին պատասխանատու լինել:  Մենք երբեք յարգանք չունենք մեր ունեցածի հանդէպ, երբեք հոգատար չենք, վարւում ենք այնպէս, կարծես թշնամու ունեցուածք է այն: Եւ դեռ նոր սերունդին ազգային հաւատ ենք քարոզում:  Բայց չէ՞ որ նրանց մեծացնում ենք նոյն վարմունքով, նոյն այդ հաստատութիւններում, եւ չէ՞ որ ազգայինը սկսւում է ամենաաննշան ունեցուածքի պահպանումով, նրա հանդէպ ունեցած յարգանքով` լեզուից սկսած մինչեւ հասարակ իրը:

Փորձում եմ մտքերս վանել եւ կենտրոնանալ, քանի որ մօտ երեք ժամ միայնակ բեմում եմ` 22 տարբեր կերպարներ ներկայացնելով:

Հսկայածաւալ այս ներկայացման վրայ ամիսներ եմ աշխատել: Տասնեակ ուսումնասիրութիւնների` նամակների, օրագրութիւնների, փաստերի, հրատարակուած տեղեկութիւնների, կարդացուած հարիւրաւոր էջերի, անհաշուելի անքուն գիշերների, հոգի կեղեքող ապրումների եւ հեղեղուած արցունքների արդիւնք է այս թատրերգութիւնը:

Եղեռնի 95-ամեակին էի նուիրել այն, ուր Զոհրապի, մեր միւս գրողների` Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սեւակի եղերական մահուան հետ միաժամանակ, ջարդի ողջ պատմութիւնն է ամփոփուած: Առաջին անգամ լինելով` ներկայացւում էր նաեւ յեղափոխական գործիչ, այդ օրերի խորհրդարանի անդամ, Զոհրապի հետ կեանքի վերջին օրերը կիսած Վարդգէս Սէրէնկիւլեանը:

Մեր նոր սերունդի մակերեսային իմացութիւնը Եղեռնի մանրամասներում ինձ մղեց ստեղծելու այս հսկայածաւալ գործը:  Մէկ գիշերում նրանք տեղեկանալու էին փաստագրական բաւական ծանրակշիռ նիւթերի: Ահա թէ ինչո՛ւ առաջարկում եմ անպայման ստիպեն բարձր դասարանի աշակերտներին ներկայ գտնուելու, եթէ ոչ` որտեղի՞ց են նրանք այդքան մանրամասն տեղեկութիւններ հաւաքելու:

Այս ներկայացումով հանդիսատեսին էի փոխանցում մասնաւորապէս մեր պահանջատիրութեան անհրաժեշտութեան հրատապութիւնը: Ինձ համար, որպէս մտածողի, այսօրուայ եւ վաղուայ սերունդների մասին անհանգստացողի, այլեւս անընդունելի է մեր ձեռնպահ կեցուածքը մեր ապագայի հանդէպ: Անընդունելի է մեր տարած աշխատանքը միայն օտար պետութիւններից Ցեղասպանութեան ճանաչում եւ այդ հարցով համապատասխան պատժամիջոցներ ստանալու մեր գոհացումը: Անընդունելի է, որ դեռ շարունակում ենք կենտրոնանալ միայն ցեղասպանութիւն բառի վրայ` փորձելով աշխարհին ապացուցել, որ իրօք կատարուել է այն:

Ես ուզում եմ մեր ժողովուրդն այլեւս դուրս գայ իր ձեռնպահ վիճակից, չբաւարարուի միայն մեր յարգանքի տուրքի քայլարշաւ հսկումներով, հոգեհանգիստներով, նահատակների յիշատակի երեկոներով: Կը բաւէ այլեւս ճանաչում մուրալը, մենք պահանջ ունենք եւ մեր պահանջը աշխարհից չէ, այլ` թուրքերից:

Իմ ներկայացումն ընդգրկում է ոչ միայն իմ մեծ մօր, մեր միլիոնաւոր զոհերի, մեր մտաւորականների եւ  Զոհրապի ապրածը, այլ դահլիճում նստածներից իւրաքանչիւրի էութեան մէջ ներծծուած, իրենց ծնողներից իրենց փոխանցուած, երբեք չմարող կսկիծը: Ներկաներից իւրաքանչիւրը հասակ է առել ու սնուել այդ սարսափը ապրած զգացումներով:  Իւրաքանչիւրիս արեան, բջիջների մէջ է այլեւս Ցեղասպանութիւնը, եւ մենք ինչպէ՞ս կարող ենք բաւարարուել միայն այդ բառի համաշխարհային ճանաչում-արծարծումով:

Այսօր մենք ականատես ենք լինում մեծ պետութիւնների կողմից տարբեր երկրների մասնատումին, խաղաղ բնակչութեան ծրագրուած տեղահանութիւններին եւ չենք անդրադառնում, որ շատ շուտով մեր տեղահանուած ու բռնագրաւած տարածքների պահանջը, որով դեռ մենք յուսադրում, օրօրում ենք մեզ, դառնալու է անհեթեթ, ցնորք, դառնալու է երկրագնդի իշխողների արմատական օրէնք: Եւ մեր դէմ 97 տարիներ առաջ կատարուածը ընդունուելու է, որպէս տխուր մի պատահար: Իսկ մենք ապրում ենք դեռ յոյսներս դրած հէնց այդ պետութիւնների ողորմածութեան վրայ` առանց որոշակի պետական ծրագրի, առանց ազգային ձայն ու ծպտունի:  Այժմեան մեր միակ կենտրոնացումն է, թէ ինչպէ՞ս, ի՞նչ հանդիսութիւններով նշենք Եղեռնի 100-ամեակը, հոգ չէ, որ ձեռնունայն ենք այն նշում:

 

(Շար.1)

Share this Article
CATEGORIES