Պէյրութ, Տուպայ, Կիպրոս, Հայաստան «Գողգոթայից» Մինչեւ «Տիգրան Մեծ» (Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ

Կրկին վերադառնում ենք Պէյրութ, մէկ օր անց Հայաստան մեկնելու համար:  Այստեղ լինել եւ հիւր չլինել «Վանայ ձայն»¬ին, հաւանաբար ճիշդ չէ:  Սիրում եմ այցելել այս շինութիւնը, որը լիբանանահայութեան սրտում է` Պուրճ Համուտում:  Այստեղ է կենտրոնացած ՀՅԴ-ի ամենահեղինակաւոր թերթը` «Ազդակ»¬ը, գրական ամսաթերթը` «Բագին»-ը եւ կազմակերպութիւնների գրասենեակները:

Մի քանի տարի առաջ դեռ շէնքի պատին պատերազմի հետքեր կային, այն արդէն վերանորոգուած է մի արժանաւոր հայ բարերարի կողմից եւ մաքուր ու գեղեցիկ իր դռները բաց ընդունում է մեզ:

Այստեղ տարիներով իր տպագրական պարզ մեքենայի առջեւ միշտ նստած էր լինում արդէն գաղութի դէմքը դարձած, «Բագին»¬ի նախկին խմբագիր` Պօղոս Սնապեանը: Մենք երկար տարիների հարազատ կապ ունենք, ստեղծագործողները եթէ անգամ չեն տեսնւում, միեւնոյն է, ներքին աչքով ու զգայարաններով կապուած են իրար: Երբեք չենք սկսում մեր զրոյցը, այն անվերջ շարունակւում է: Հայ եւ յատկապէս արեւմտահայ գրականութեան այս կենդանի հանրագիտարանը, խորը քննադատը, առանց դադարի, անվերջ աշխատող այս գրողը բերում է իր նոր հրատարակած գրքերը:  Իմ ուրախութեանը չափ չկայ, սրանք լուրջ ուսումնասիրութիւններ են, որքան հպարտ պիտի զգանք որպէս համայնք, որպէս ժողովուրդ, որ դեռ այսպիսի մտաւորական ունենք, չէ՞ որ բոլորը գնացին եւ մի ժամանակ մտաւորականների այս հարուստ գաղութն այժմ դատարկուած է:  Իսկ գաղութի պէտքն էլ չէ, որ արժէքաւոր այս մտաւորականի իմացութիւնը օգտագործեն, շահագործման մէջ դնեն նրա գիտելիքները, գաղութի հարստութիւնը դարձնեն, հնարաւորութիւն ստեղծեն նրան նոր սերունդին փոխանցելու իր ծով իմացութիւնը:  Փոխարէնը` անուշադրութեան մատնած ապրում են  ու դատարկաձեռն սպասում, որ մշակոյթը զարգանայ: Առանց բարձրագոյն դասաւանդութեան եւ լիարժէք մասնագէտների, ինչպէ՞ս է զարգանալու արեւմտահայութեան թափառական մշակոյթը, օրէօր իր հարուստ բառապաշարից սնանկացող, իր պատկերաւոր արտայայտութիւններից ու հնչիւններից տկարացող լեզուն:

Երեք տարուց 100 տարին է լրանալու աշխարհով մէկ սփռուած սփիւռքահայութեան գոյութեան, եւ մենք դեռ անհոգ թափառում ենք սպառելով ե՛ւ մեր ազգայինը, ե՛ւ նրան պատկանող բոլոր միջոցները: Դեռ կազմակերպութիւնները` Թեքէեանը, ՀԲԸՄ-ը, պատնէշներ են ստեղծում, արհամարհում Համազգայինի կողմից կազմակերպուած ձեռնարկները, գոնէ իմ ձեռնարկներից ոչ մէկին դեռ ներկայ չեն եղել նրանք, կարծես թշնամի արուեստագէտ է ելոյթ ունեցողը: Նրանց հոգը չէ, որ իրենց կողմ յարող ժողովրդին զրկում են մտաւոր սնունդից:  Ժողովրդին նայում են իբրեւ սեփականութիւն եւ ժողովուրդն էլ ինքնակամ ընդունում է իր այդ վիճակը: Դարը աւարտելու ենք այս ամօթալի, սփիւռքը վերջնականապէս քայքայող մտածելակերպ-գործելակերպով, ոտնատակ տալով մեր մշակոյթն ու լեզուն, մեր ապագայ սերունդի ճակատագիրը:

Մի քանի ժամից մենք մեկնելու ենք, ով գիտէ ե՞րբ կրկին հանդիպենք, յատկապէս իմ ծանր քննադատութիւններից յետոյ կը հանդիպե՞նք արդեօք…

Իմ այցելած այս գաղութների անորոշ ապագայով, գոյատեւման եւ հայապահպանման լուծի տակ կքած նրանց վիճակով ծանրաբեռ, անծրագիր եւ աննպատակակէտ ժողովրդին առաջնորդող  կուսակցութիւնների աշխատանքով մտահոգ, մեր պահանջատիրութեան հանդէպ ոչ նպատակասլաց, անբոյթ, անկազմակերպ վերաբերմունքի եւ մեր առջեւ իբրեւ սփիւռք ամէն վայրկեան ծառացող քաղաքական դժուարութիւնների մտածումներով լեցուած, ես հրաժեշտ եմ տալիս այս սիրելի գաղութին, որի հիմքը դրել է նոյն ինքը` Տիգրան Մեծը:  Բնականաբար, Տիգրան Մեծի կերպարը ես շաղախելու եմ նաեւ այս ամէնով:

Ես հրաժեշտ եմ տալիս Լիբանանի Համազգայինի Կեդրոնական եւ Շրջանային վարչութիւնների անդամներին, որոնք սիրով հիւրընկալեցին մեզ, մաղթում եմ, որ շտապեն հասունացնել ժողովրդին ազգային պահանջների հանդէպ, որ աղճատուած ժողովրդի ձայնը հաւաքական դարձնեն եւ ամենակարեւորը` այն որպէս անյապաղ պահանջ ներկայացնեն մեր կառավարութեան:

Կէս գիշեր է, կրկին Պէյրութի օդակայանում ենք, այս անգամ արդէն ետ չվերադառնալու:

Մեկնում ենք Երեւան…

Ինչպէս գիտէք ընդամէնը երկուքուկէս ժամ է այս թռիչքը. ու  ես մտածում եմ, թէ որքան մեծ տարբերութիւն է բերում իր հետ այս երկուքուկէս ժամը, որպէս միեւնոյն ժողովուրդ մեր մտածելակերպի, ապրելակերպի, հոգեբանութեան, լեզուի, մեր ազգային մտածողութեան մէջ:

Օդանաւում բաւական օտարերկրացիներ կան, ոչ թէ զբօսաշրջիկներ, այլ տարբեր երկրների աշխատակիցներ, իրենց վզից կախուած պիտակներից է երեւում:  Մտածում եմ, ի՞նչ են անում նրանք այսքան շատ մեր փոքրիկ երկրում. .

Եթէ նրանք ինչ որ գործով գալիս են մեր երկիր, ուրեմն նաեւ ինչ որ բան են տանում մեր երկրից. . Երբ անցագրային ստուգման երկարատեւ սպասումից դուրս ենք գալիս, մեր դէմ բացւում է մի անակնկալ պատկեր: Նախկին, դեռ մէկ տարի առաջ, իրար գլխի հաւաքուած, մութ ու կասկածելի դէմքով, պեթոնէ մութ անցուղում հաւաքուած տղամարդկանց խմբերի փոխարէն, որոնք առանց ժամանակ տալու քեզ նստեցնում էին կեղտոտ ու էժանագին ծխախոտի ծխով լի մեքենաներն ու թաքսիները եւ կէսգիշերին յանցագործի ձեռքն ընկած զոհի նման չգիտես ուր են տանում, բայց բարեբախտաբար միշտ տեղ ենք հասել, հիմա մտնում ենք իրար յաջորդող լուսաւոր սրահները, որից յետոյ գերմանական մաքուր թաքսիները դիմաւորում ու մեզ տեղ են հասցնում: Մէկ տարում այս փոփոխութիւնն ու մաքրութիւնը ուրախութիւն է պարգեւում, յուսադրում մեզ: Ուրեմն, եթէ հսկեն, կարգ ու կանոն դնող ու հետեւող լինի, ամէն ինչ կարելի է արագ փոխել, բարձր մակարդակի հասցնել մեր երկրում էլ:

Թէեւ կրկին սփիւռքին, Պրն. Էռնեկեանին ենք պարտական, ոչ միայն գեղեցիկ օդակայանի, այլ արժանավայել միջավայր ստեղծելու համար:

Արդէն վաղորդեան առաւօտ է, մայիսեան գեղեցիկ, փափուկ, խաղաղ առաւօտ, եւ Մասիսը իր ողջ վեհութեամբ դիմաւորում, իր գեղեցկութեամբ է ողողում մեր յոգնած, բայց արթնացող աչքերը:

Այնքան ծանօթ ու հարազատ է այս առաւօտը, բաց կապտաւուն լուսաւորութիւնը, ամպերի հանգիստ սահքը, օդի խտութիւնը, ծուլօրէն արթնացող քաղաքի դժժիւնը, օդի բուրմունքը, որն ինձնից երբեք չի բաժանւում:  Որ երկրում էլ լինեմ, այն համեմատութեան մէջ եմ դնում ու միշտ գերապատուութիւնը ստանում է իմ հայրենի առաւօտը:

Ես միայն մի քանի ժամ ունեմ հանգստանալու, որից յետոյ սկսւում է արուեստագէտին ընդունելու հին ու այնքան կարեւոր դեռ պահպանուած աւանդոյթը` նրա ներկայացման մասին ժողովրդին ծանօթացնելու համար հարցազրոյց թերթերի եւ հեռուստատեսութեան հետ, հանդիպում, փորձ թատրոնում:

Դեռ ամիսներ առաջ, իմ այս ներկայացման աշխատանքի ընթացքում, յայտնի գրականագէտ, Իսահակեանագէտ Աւիկ Իսահակեանը, իմանալով իմ այդ նոր աշխատանքի մասին, ինձ հանգիստ չտուեց. իր ամէնօրեայ հեռաձայներով պնդում էր, որ անպայման Հայաստանում ներկայացնեմ «Տիգրան Մեծ»-ը, քանի որ ժողովրդին անհրաժեշտ նիւթ է, եւ ժողովուրդը դրա կարիքն ունի:

Իմ ներկայացումը Ռուսական Դրամատիկական թատրոնում էր:  Այս բեմը առաջին անգամ ոտք եմ դրել, երբ Թատերային Ինստիտուտ նոր էի ընդունուել, մի աննշան անցում էր դա, բայց որն ինձ համար մեծագոյն երջանկութիւն բերեց, քանի որ իսկական թատրոնի բեմում էի եւ յատկապէս, որ նոյն բեմում էր նաեւ մեծագոյն դերասան Արմէն Ջիգարխանեանը:

Թատրոնի գեղարուեստական ղեկավարը մինչեւ այսօր էլ աշխարհի մեծագոյն բեմադրիչներից ղարաբաղցի Ալեքսանդր Գրիգորեանն է, որի հետ աշխատել եմ «Արշալոյս» թատրոնում եւ որին եմ պարտական իմ արուեստի խորութեամբ, բեմային անկաշկանդութեամբ, իմ արտայայտչամիջոցների ազատ փոխանցմամբ: Նա միշտ սիրով, իր բոլոր անձնակազմով, այս մշտազբաղ թատրոնը տրամադրում է ինձ: Բեմադրիչ եւ դերասան մեր նախկին յարաբերութիւնը փոխարինուել է երկու հասուն արուեստագէտների փոխադարձ գնահատանքի յարգանքով:  Թէեւ մինչեւ վերջ ինքն ինձ համար մնալու է իմ անփոխարինելի ուսուցիչը եւ իւրաքանչիւր անգամ իմ ներկայացումից առաջ ճշդապահօրէն իրենից ծաղիկներ ստանալով ձգտում եմ այնպիսի մակարդակով բեմ ելնել, որ արժանի դառնամ իր յարգանքի ծաղիկներին:

Որ կազմակերպութիւնն էլ հրաւիրած լինի ինձ, իմ ներկայացումներին օգնում է տիկ. Գրետա Սահակեանը, արուեստի եւ գրականութեան խելայեղ սիրահարը, իմ երկար տարիների ընկերուհին, որը միայնակ անում է այն, ինչ կազմակերպութիւններից շատերը չեն կարողանում իրենց շուրջ հաւաքուած տասը-տասնհինգ հոգով անել:  Կազմակերպչական բացառիկ ձիրքով, արուեստը գնահատելու իր նուրբ ճաշակով եւ մարդկային եզակի խառնուածքով, անշահախնդիր այս ընկերուհուս եմ պարտական հայաստանեան իմ ներկայացումների բարձր մակարդակը: Այս օրերին լուրջ մակարդակով ներկայացումներին հանդիսատես բերելը դարձել է ամենադժուար գործը:  Արեւմուտքի թեթեւ զուարճութիւններով անարուեստ գործերը փոխել են նաեւ մեր արուեստով կրթուած հասարակութեան ճաշակը, բայց ես այն երջանիկներից եմ, որ ունեմ իմ հաւատարիմ հանդիսատեսը դա լինի Օփերայի բեմում, Սունդուկեանի, թէ Ռուսական Ստանիսլաւսկու թատրոնում, որոնց գոյութիւնը, ներկայութիւնը ինձ մղում է բեմում մնալու, ստեղծագործելու:  Գիտեմ, ամէն անգամ սպասում են, որ նոր ու բարդ հարցադրումներով իրենց յուզող հարցերը բեմ հանեմ:

Եւ այս անգամ, որոշեցի քաղաքական լուրջ երկխօսութեան մէջ պահել նրանց, խօսել այն ամէնի մասին, որն իրենց առօրեայ ցաւն է, բայց որը երբեք չեն կարողանում հասցէատիրոջը հասցնել:

Սփիւռքը թող երբեք չկարծի, որ ինքն է միայն անտէր:  Իր երկրում, իր հողի վրայ ժողովուրդն աւելի անտէր է, ամբողջովին արհամարհուած, այնքան է յուսալքուած, որ չի ձգտում նոյնիսկ պայքարել:

Եթէ սփիւռքում իմ առաքելութիւնը ժողովրդին իր պահանջատիրութեան, իր ապագայի, իր սերունդի համար հաւաքական ձայն դառնալն ու այն մեր կառավարութեան հասցնելն էր, ապա այստեղ` հայրենիքում, ժողովրդին իր անտարբեր լռութեան պատեանից դուրս հանելը, իր հողին կապելը, իր քաղաքացիական ու մարդկային  իրաւունքին տէր կանգնեցնելն էր: Իմ ընտրած նիւթը այդ հնարաւորութիւնը տալիս էր:

Ինչպէս վերը նշեցի, Կիպրոսում «Տիգրան Մեծ»-ը իր ողջ խորութեամբ ընդունուեց, մտածում էի, թէ ինչպէ՞ս կ՛ընդունեն այստեղ, չէ՞ որ սա իրենց կեանքի պատկերն է:

Պերճ Զէյթունցեանին եւ Աւիկ Իսահակեանին հետ

Տիգրան Մեծի մասին պատմական, գեղարուեստական շատ քիչ նիւթ ունենալով ես ստիպուեցի ձեռք մեկնել իմ շատ սիրելի, մեր մեծագոյն թատերգակ Պ. Զէյթունցեանի Տիգրան Մեծի թեմայով ստեղծած «Աստծոյ տասներկու օրը» գործին:  Միայն թէ Զէյթունցեանի ներկայացրած Տիգրան Մեծը չէր համապատասխանում իմ ասելիքին եւ իր այդ թատերգութիւնը աւելի շատ մեր ազգային թուլութիւնների գնահատման վրայ էր դրուած, քանի որ դեռ Խորհրդային իշխանութեան տարիներին` 1978-ին էր գրուած, երբ ազգային այլ չափանիշներն էին տիրում: Ուրեմն ես ստիպուած էի կերպարներից մի քանիսը պահել, բայց ամբողջովին փոխել նրանց էութիւնը, այն շաղախել իմ մտածումներով եւ աւելի պատմական ճշգրիտ փաստերի վրայ յենուել:  Եւ քանի որ Տիգրան Մեծը եղել է զարմանալի մեծ տեսահորիզոնով քաղաքականագէտ, ուրեմն ես ընտրել էի պատմութեան մէջ ներդրած նրա քաղաքական մտածելակերպը, երկիրը տարածելու, հզօրացնելու նրա գործելակերպը:  Ամբողջ թատերգութիւնը փոխուած, միախառնուած էր այն գաղափարներով, որով առաջնորդուել էր մեր այս եզակի հայրենապաշտ, երկրապաշտ արքան:

Ապրելով եւ ստեղծագործելով մի այնպիսի հզօր երկրում` Ամերիկայում, որն այսօր աշխարհի հզօրագոյնն է, անկարելի է չքաղաքականանալ, անկարելի է հզօրութեան չձգտել:  Հզօրանալու, ամրանալու, տիրելու, երկրին ու ժողովրդին տէր կանգնելու այս գաղափարների փոխանցումով մտնում եմ բեմ:

Դահլիճում է իմ պաշտելի թատերագիրը` Զէյթունցեանը, որը վատառողջ վիճակով եկել է իր թատերգութեան կմախքի վրայ կառուցուած իմ այս նոր տարբերակը տեսնելու: Անշուշտ յուզուած եմ, նախ իր ներկայութեամբ եւ ապա իր հեղինակաւոր կարծիք-գնահատանքի համար:

Դահլիճում են յայտնի պատմաբաններ, արուեստագէտներ, գրողներ, երաժիշտներ, նաեւ ի ուրախութիւն ինձ, ուսանողներ, դպրոցի աւարտական դասարանի աշակերտներ, որոնք իրենց տարեվերջի քննութեան պատրաստութեան սակաւ ժամերը նուիրել էին այս ներկայացմանը:

Այստեղ էլ դահլիճում քար լռութիւն է, այստեղ էլ ժողովուրդը չի ուզում որեւէ բառ բաց թողնել եւ իր շնչառութիւնից զգում եմ, թէ ինչպէս է փոթորկւում ինձ հետ միասին, երբ բեմից լսում է Տիգրանի բնորոշումը` «եթէ մի իշխող մտածում է միայն անհատների մասին, հոգում միայն նրանց շահերը, դրանք իշխողներ չեն որդիս, դրանց աւազակ են անուանում»:

Ներկայացումն աւարտուած է, բայց ոչ ոք չի ուզում հեռանալ, այնպէս են փոթորկուել, որ յոյզերը չեն կարողանում լռեցնել: Իրենք դիտել են հայ մի իշխողի կեանքի դրուագից, որը կարողացաւ հզօրագոյն Հռոմի հետ համահաւասար համբաւ վայելել եւ բնականաբար ներքնապէս այն համեմատում էին իրենց այսօրուայ վիճակի հետ:

Տիգրան Մեծի ստեղծած 3 միլիոն քառ. քմ. տարածքից մի աննշան, չնչին մաս է հասել մեր այսօրուայ սերունդին եւ ինչպէս չյուզուել, ինչպէս հանգստանալ, երբ այդ չնչինն էլ ըստ իմ պատգամի. «Ընկել է անկարող ու շահամոլ իշխողների ձեռքը:  Եւ ժողովրդը տեսնելով, որ երկիրն այլեւս իրեն չի պատկանում, խելայեղ թափով փախչում է երկրից, չմտածելով այլեւս ոչ երկրին տէր կանգնելու, ոչ էլ միաւորուելու, հզօրանալու մասին»:

Իմ կոչը ժողովրդին հետեւեալն է. «Մեր սերունդներին այլեւս մեծ առաջնորդներ են պէտք:  Ապագայի հեռատեսութեամբ օժտուած, երկրին ու ժողովրդին նուիրուած, ժողովրդին իրենց հողին կապող, ժողովրդի իրաւունքներին տէր կանգնող, երկիրը հզօրացնող առաջնորդներ»: Կ՛ունենա՞նք արդեօք… Այս համատարած փտածութեան մէջ դեռ կը գտնե՞նք այդպիսիներին եւ հաւատն ու վստահութիւնը կորցրած ժողովուրդը կը գնա՞յ արդեօք նրա ետեւից: Այս է հարցը, որ ներկայացումից յետոյ ես դեռ ապրեցնում եմ ինձ հետ:

Ներկայացման բացառիկ յաջողութիւնն այլեւս ինձ չի հետաքրքրում, չի ուրախացնում, ինձ մտահոգում է մեր երկրի վիճակը:

Այդ օրերին նոր էին աւարտուել խորհրդարանական ընտրութիւնները, կրկին բացայայտ խաբէութեամբ աթոռներ էին ապահովել աւազակներն ու նրանց մանկլաւիկները:  Ժողովուրդն անտարբեր է, միայնակ, աղճատուած, գիտէ, որ ձայն հանելու դէպքում կը մաքրեն, կ՛ոչնչացնեն իրեն:  Նրա միակուռ արթնացումը այնպէս ճզմեց, ոչնչացրեց ԼՏՊ անունով ելուզակների իշխանութիւնը, որ հազիւ թէ կարողանայ կրկին վերագտնել իր միակուռութիւնը:

Երիտասարդ, տաղանդաշատ ժապաւէնի արտադրիչ Վիգէն Չալդրանեանը հոյակապ է ներկայացրել մեր երկրի վիճակը իր նոր «Լռութեան ձայնը» ֆիլմում, որը շուտով կը յանձնի հասարակութեանը:  Ես պատիւը ունեցայ այն դիտելու առանձին:  Այնտեղ մեր երկիրը փոխաբերօրէն ներկայացւում է, որպէս մի մեծ աղբանոց, ուր մեկուսացած փորձում են ապրել իրենց ինքնութիւնը մաքուր պահել փորձող մարդիկ, որոնք մերժում են խառնուել իշխանութեան հետ համակերպուող, լռող հասարակութեանը, որոնք արհամարուած են, որոնք հալածանքի են ենթարկւում մինչեւ իսկ այդ աղբակոյտում: Պարզւում է մեր անկախութեան առաջին «արքայի»` ԼՏՊի օրօք, (չէ՞ որ նրան այդպէս էին անուանում նրա փուճ էութեամբ եւ շինծու կենսագրութեամբ հարբած ջերմեռանդ պաշտպանները), հալածել, հաճոյքի համար սպաննել են մուրացիկներին, անտուններին, գերեզմանոցներում եւ աղբակոյտերում գիշերողներին: Հասարակութեան այդ նոր դասակարգին, որը յանկարծ, միանգամից յայտնուեց անկախացած իր սեփական երկրում, ոչ ոք ուշադրութեան չարժանացրեց եւ նրանք այդպէս էլ անհետք վերացան, միայն տխուր յուշ թողնելով այդ ամօթալի տարիները դեռ յիշողների հոգում:

Վիգէնն էլ ինձ նման, փորձում է արուեստագէտի իր պարտականութիւնը կատարել, արուեստի լեզուով հասարակութեան ուշադրութիւնը կենտրոնացնել իր ողորմելի վիճակին, անկարների ձեռքում օրէօր հալչող, կորչող իր ինքնութեանը: Ես ողջունում եմ բացառիկ տաղանդի տէր իմ ընկերոջը, որն այս համատարած ստրկային թմբիրի մէջ կարողացել է համարձակօրէն իր խօսքը ասել: Յուսամ, շուտով հասարակութիւնը դիտելով իր վիճակի ճշգրիտ պատկերը ներկայացնող այս կինոնկարը տեղաշարժուի, իսկ նոր սերունդը մտածի, թէ ինքն ուզու՞մ է արդեօք շարունակել այդ աղբակոյտում ապրել: Միայն թէ նրանք էլ լուծումը երկրից փախչելու մէջ չտեսնեն:  Յուսամ նաեւ այս կինոնկարը տարածուի սփիւռքի բոլոր գաղութներում եւ ողջ հայութիւնը կենտրոնանայ ե՛ւ երկրի ե՛ւ իր ապագայի վրայ, չէ՞ որ ողջ հայութիւնը իր փրկութիւնն սպասում է իր երկրից… Այն երկրից, որն օրէօր դատարկւում է տեղաբնակ հայութիւնից:

Ես խօսում եմ տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտութեան տէր մարդկանց հետ եւ զարհուրում եմ, բոլորի նպատակակէտը երկիրը լքել, հեռանալն է: Ինչ լաւ է, մեծ պետութիւնների հայաթափման, երկրագնդի մարդկանց իրար ձուլելու ծրագիրը առանց կրակոցի յաջողւում է իրականացնել մեր երկրում:  Բոլորը մէկ նախադասութեամբ են արդարացնում իրենց փախուստի ցանկութիւնը` երկիրը երկիր չէ:  Ես նստում եմ մի թաքսի, որի վարորդը եզիտի է:  Անմիջապէս սկսում է բողոքել, վատաբանել երկիրը:  Ես հունից դուրս եմ գալիս, պահանջում եմ, որ անմիջապէս կանգնեցնի մեքենան եւ նրան ասում եմ, որ չհամարձակուի այս երկրի մասին վատ բան ասելու: Եկել, ապրում է մեր երկրում, մէկի փոխարէն կրկնակին է շորթում  յաճախորդից եւ դեռ համարձակւում է հայհոյել:

Այո՛, երկիրը վարկաբեկելու համատարած այս ախտը պէտք է կանգ առնի, որ երկիրը իր հիմքերի վրայ դրուի:  Բոլորը բողոքում են կառավարութեան աւազակութիւնից, բայց ոչ մէկը չի անդրադառնում իր գործած անօրինութեանը:  Ամէն ոք ուզում է ինքը կողոպտած լինել միւսին:  Առեւտրական փոքր ձեռնարկատէրերը տնքում են ոչ միայն պետութեան հարկերից, այլեւ հարկահաւաք տասնեակ անհատների ճնշումից:  Նրանց պարտադրւում է իրենց եկամուտի մեծ մասը կիսել տիրող շահամոլների հետ, որոնք ծառայում են իշխանութեանը: Խորհրդային իշխանութեան տարիներից ժողովուրդը սովորել էր կողոպտել կառավարութեանը:  Հիմա կառավարութիւնը իրենցից ճարպիկ է դուրս եկել եւ կողոպտում է իրենց:  Հարցնում եմ, գալիք նախագահական ընտրութիւններին ո՞ւմ կ՛ուզեն ընտրել, չէ՞ որ այսօրուայ դրութեամբ ժողովրդից շատ կուսակցութիւններ ունենք, պէտք է որ մէկին ընտրեն: Պատասխանը միանշանակ է` ոչ մէկին:  Ասում եմ, հապա՞ Դաշնակցութիւնը: Նրանից էլ հիասթափուած են, որովհետեւ այն սպասումները որը ունէին այս կուսակցութեան հանդէպ իրենց փայփայած երազանքներում, չարդարացաւ:  Նրան էլ համարում են միւս բոլոր կուսակցութիւնների պէս կառավարութեան հետ միատեղ գործող:

Եւ համատարած ծոյլ սպասումը ժողովրդին տանում է դէպի բացարձակ բարոյազրկութեան: Իրար հանդէպ ոխակալ թշնամութիւնը ողողել է երկիրը:

Հայը յօշոտում է հային: Անչափահասներին` աղջիկ, տղայ, պղծելը եւ յետոյ նրանց վաճառքի հանելով դրամ շահելը, ծեծով մարդ սպաննելը, բանակում իրար չհանդուրժելով սպաննելը, այս ամէնը դարձել է այսօրուայ մեր երկրի ժողովրդի դիմագիծը: Ինչպէ՞ս կարելի էր մեր սակաւաթիւ ժողովրդին այսքան աղաւաղել:

Երկարատեւ պատերազմից յետոյ են մարդիկ այս աստիճանի բարոյալքւում, իրենց մարդկային դիմագիծը կորցնում, ի՞նչ պատահեց մեր երկրին, որ դէպի մարդկային անկում է գնում:  Աշխարհի ամենայետամնաց երկրում իսկ յարգուած է պետական եւ յատկապէս զինուորական համազգեստը: Մինչեւ իսկ Յ. Օշականը նշում է, թէ ինչպէս թուրքերը դեռ 1800-ին ահ ու սարսափ ունէին համազգեստի հանդէպ, որոնք ոչ այլ ինչ էին, եթէ ոչ ալիւրի պարկերից կարուած ոստիկանների համազգեստներ: Իսկ 21-րդ դարում մեր ժողովուրդը ոչ միայն յարգանք չունի զինուորական բարձրաստիճան լուրջ համազգեստի, ոչ միայն զինուորական բժշկի, այլ հակառակը բոլորովին արհամարուած է այն, դեռ աւելին արհամարողներն էլ գազանային նոր յատկութիւն են ձեռք բերել` իրար վերացնել:  Զինուորական երիտասարդ բժ. Աւետեանի անմարդկային սպանութիւնը, մէկ անգամ եւս հաստատեց ո՛չ միայն կառավարութեան, այլ երկրի ապահովութիւնը ներկայացնող հաստատութեան հանդէպ ժողովրդի արհամարհական վերաբերմունքը, ժողովրդի լիարժէք բարոյազրկումը:

Ահա սա է այսօրուայ

Հայաստանի իրական պատկերը:

Ու իմ միտքը կրկին թեւածում է 24-25 երկարատեւ պատերազմի տարիների պէյրութահայութեան դիմագրաւած աննկարագրելի դժուարութիւններին, ու կրկին խոնարւում եմ իրենց առաջ, որ նրանք այդ ահռելի պատերազմի մէջ, այն էլ ոչ իրենց հողում, կարողացան պահպանել ոչ միայն իրենց ազգային դիմագիծը, այլ նաեւ պատնէշ հանդիսացան օտար, իրենց ապաստան տուած լիբանանցի ժողովրդին:  Տեսնո՞ւմ էք այդ երկուքուկէս ժամուայ օդային տարբերութիւնը, որը բաժանում է մեր ժողովուրդին:

Լիբանանահայութիւնը առաջնորդ ունէր` ՀՅԴ-ն, իսկ այստեղ, իր հողի վրայ ակնյայտ է, որ ժողովրդին առաջնորդ չունենալու փաստը թեւաթափ է արել, փոխել է ժողովրդին:  Երկրին հրատապ առաջնորդ է պէտք, իսկ ժողովուրդը առաջնորդի ընտրութիւն չունի, դա նշանակում է նա կորցրել է իր յոյսը, հաւատը ապագայի հանդէպ:  Իսկ այդպիսի ժողովրդին ոտքի կանգնեցնելը, նրան իր իրաւունքների տէրը դարձնելը, նրան իր մարդկային եւ քաղաքացիական պարտականութիւններին վերադարձնելը երկարատեւ, ծանր աշխատանք է:  Պատրա՞ստ ենք արդեօք դա անելու: Պատրա՞ստ ենք մեր ազգային գիտակցութիւնը միատեղելու, մեր ներքին ուժերը կենտրոնացնելու մէկ սրբազան նպատակի` ժողովրդին իր դիմագիծը վերադարձնելու, իր երկրի տէրը դարձնելուն:

Վերադարձի ժամը հասել է, իսկ ես դեռ մտածում եմ մեր երկրի ու յատկապէս երկրից դուրս թափառող մեր ժողովրդի ճակատագրի մասին, որի ապագան իրապէս վտանգուած է, վկան` այսօրուայ Սուրիոյ հայութեան վիճակը:  Իսկ դա նշանակում է, որ վտանգուած է ամենակարեւորը` մեր պահանջատիրութիւնը:

Մտածում եմ ինչպէ՞ս անել,
Իմ ձայնի մէջ ինչպէ՞ս դնեմ իմաստութեան ուժը ազգիս,
որ այն լցնեմ իր ոտնատակ պահանջների իրաւունքով.
եւ որպէս զանգ ես այն կախեմ
իր վիճակին հաշտուած հայի ամէն դրան,
որ նա արթուն, ոտքի մնայ:
Որ չլինի ջրվէժի մէջ օտար ուժի
խեղդել փորձեն պահանջը մեր:

Ուզում եմ տալ պայքարելու ուժը մեր հին,
որ լաստ արած մենք նաւարկենք
մեր դէմ փակուած այս նեղուցով,
դառնանք նաւորդ,
ճիշդ ճանապարհ բանանք մեր նոր սերունդներին:

Յուլիս, 2012
(Շար. 5 եւ վերջ)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )