Խարբերդ. Ուրուականների Քաղաքն Ու Կեաւորի Գերեզմանը
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Արեւմտեան Հայաստանի Մալաթիայ քաղաքից մինչեւ պատմական Խարբերդ քաղաք հասնելու համար անհրաժեշտ է կտրել-անցնել աւելի քան երկու ժամուայ ճանապարհ: Ճանապարհն անցնում է Էլազիք քաղաքով, եւ երբ Խարբերդի բարձունքից ներքեւ ես նայում, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ Շուշիի բարձունքից Ստեփանակերտին ես նայում: Գրեթէ միանման բնութիւնն ու աշխարհագրական նոյն տեղանքը ապշեցնում են, հիացնում: Սակայն, ի տարբերութիւն Շուշիի, Խարբերդում հայկական շունչ չկայ: Այստեղ դեռեւս թեւածում են հայ անմեղ նահատակների ոգիներն ու իրենց հոգու հանգստութեան համար պահանջում արդարութիւն, պատիժ ու հատուցում…
Ժամանակին Խարբերդում գործում էին մի քանի վարժարաններ եւ մէկ քոլեճ: Քաղաքն ունէր երեք եկեղեցի եւ մի քանի մատուռ: Մէկ դար առաջ Խարբերդն արհեստագործութեան եւ առեւտրական կենտրոն էր: Քաղաքի հայ բնակչութիւնը զբաղւում էր արհեստներով, առեւտրով, երկրագործութեամբ ու այգեգործութեամբ: Այստեղ զարգացած էին շինարարական գործը, ջուլհակութիւնը, ներկարարութիւնը, կօշկակարութիւնն ու պղնձագործութիւնը: Առանձնայատուկ նշանակութիւն ունէին մետաքսագործութիւնը եւ գորգագործութիւնը:
1881 թ. Գրիգոր եւ Սարգիս Քիւրքճեան եղբայրներն այստեղ հիմնադրել են մետաքսի գործարան, որը 1896 թ. թուրքական իշխանութիւնները քարուքանդ են արել:
Աւելի զարգացած էր գորգագործութիւնը. գորգագործական ձեռնարկութիւնների թիւը հասնում էր ութի: Արտադրուած հայկական գորգերը վաճառւում էին զանազան երկրներում: Դրանք արտահանւում էին յատկապէս Միացեալ Նահանգներ եւ եւրոպական երկրներ: 1908թ. Նիւ Եորքում բացւում է Խարբերդի գորգերի յատուկ խանութ, որը մեծ համբաւ էր վայելում:
Այսօր Խարբերդն ամայի մի վայր է` դաշտավայր` նման ուրուականների մեռեալ քաղաքի:
Այստեղ ընդամէնը մի քանի տասնեակ քրտական տուն կայ:
Գրեթէ մէկ դար առաջ թուրքերն այնպէս են այրել քաղաքն ու աւերել ամէն ինչ, որ անհնար էինք համարում այդ վառուած քաղաքում հայկականի ու հայի մասին որեւէ, թէկուզ չնչին հետք գտնելը: Պարզուեց` շտապում էինք:
Խարբերդի «յուշարձան կոթողներից» մէկը, թերեւս ամենայայտնին, հայկական հետք ու թուրքական ցայտուն ատելութիւն ունի: «Կեաւուր թաշէի», հայերէն թարգմանութեամբ` կեաւուրի, անհաւատի քարը կամ գերեզմանը, որը գտնւում է Խարբերդի ժայռերից մէկի գլխին:
Տեղացիների հետ զրոյցներից պարզուեց, որ սա այն վայրերից է, որ ամէն մի խարբերդցի գիտի, սակայն մինչ ուղղութիւն ցոյց տալը նախ հետաքրքրւում են. «Իսկ ինչի՞ համար էք հարցնում»: Տեղացիներին թւում է, թէ այցելուները եկել են գերեզմանը քանդելու եւ հայի պահած ոսկիները գողանալու:
«Գանձեր գտնելու յոյսեր չփայփայէք, այնտեղ քարերի կոյտից բացի ոչինչ չէք գտնի», ասում են նրանք ու շտապում ցոյց տալ ճանապարհը:
Թէ ինչ նախապատմութիւն ունի Կեաւուր թաշը, գիտեն գրեթէ բոլորը:
Ալիին հանդիպեցինք պատահաբար: Ութսունամեայ ծերունուն զարմացրել էր զբօսաշրջիկների այցելութիւնն «իրենց քաղաք»: Նախ, նա հրաւիրեց սուրճ խմելու, բայց երբ իմացաւ, որ հայեր ենք, «ափսոսանքով» ձեռքերը թափահարեց ու ասաց. «Կը ներէք, տանը շաքարաւազ չկայ: Կինս ասում է, որ չենք կարող հիւրեր ընդունել»:
Նրա պատմելով` մէկ դար առաջ թուրքի եւ հայի միջեւ կռիւ է սկսուել: Հայն ու թուրքը մենամարտել եւ երկուսն էլ սպաննուել են: Հային թաղել են սարի գլխին ու տեղանքն անուանել Կեաւուր թաշ կամ Կեաւուրի քար: Սարի գլխին գտնուող գերեզմանը քարերի մի կոյտ է: Զգացւում է, որ տարիներ շարունակ գերեզմանը տեսել է տասնեակ ձեռքեր, բահեր, որոնք փնտռել են գանձեր:
Հայկական երկրորդ հետքը գտանք այսպէս կոչուած քաղաքի կենտրոնում: Հայկական եկեղեցի յիշեցնող կառոյցի մի պատն ու հարեւանութեամբ գտնուող փոքրիկ մատուռը կիսաւեր վիճակում էին: Այդ եկեղեցիների վերաբերեալ որեւէ տեղեկութիւն գտնել չկարողացանք: Խարբերդցիներն այն անուանում են գոմի մի պատ, իսկ քանի որ ձորում է, ամբողջութեամբ մատնուել է մոռացութեան:
Խարբերդում կոտորածները սկսուել են 1800-ականներին: Այդ ժամանակահատուածում 1000 հայ է գաղթել Միացեալ Նահանգներ, 1895թ. կոտորածի ժամանակ 53 հայաբնակ գիւղերի հայութիւնը մասամբ կոտորուել է, մասամբ հաւատափոխ արուել, կողոպտուել է 6023 ընտանիք, այրուել է 1861 տուն: Ըստ թուրքական աղբիւրների` 1915թ. այստեղից տարագրուել է 50024 հայ: Նրանց մի մասը բնակութիւն է հաստատել Արեւելեան Հայաստանում:
Մայրաքաղաք Երեւանի հարաւարեւելեան կողմում 1929թ. հիմնադրուեց Նոր Խարբերդ աւանը: Ներկայիս քաղաքատիպ աւանի առաջին բնակիչները հիմնականում խարբերդցիներն էին:
Խարբերդ, Արեւմտեան Հայաստան
«Ազգ»

