Լիբանանի 57 Հոգանոց Գործարար Պատուիրակութիւնը Արցախում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմուած պատուիրակութիւն, որը պաշտօնական հանդիպումներից բացի տեղում կը ծանօթանայ ինչպէս երկրորդ հայկական հանրապետութեան ներդրումային հնարաւորութիւններին, այնպէս էլ ընթացիկ պիզնըս եւ բարեգործական ծրագրերին:

Լիբանանեան դրամագլուխով Կիպրոսում գրանցուած ԱՌԻ (Արցախ Ռութց Ինվեսթմընթ) ընկերութեանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՌԻ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրոյքներով երկարաժամկէտ վարկեր է տրամադրում Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների (Մռաւից` Արաքս) բնակիչներին: Անցնող երկու տարիների ընթացքում արդէն աւելի քան 600 ընտանիքներ օգտուել են ԱՌԻ-ի տրամադրած` գիւղատնտեսութիւնն ու անասնապահութիւնը վարկաւորելուն եւ զարգացնելուն ուղղուած պատեհութիւնից:

«Մեր ընկերութեան գործունէութեան հիմնական սկզբունքներն են կայուն եւ երկարաժամկէտ վարկաւորումը, թափանցիկութիւնն ու բաց հաշուետուութիւնը», ասում է ԱՌԻ-ի բաժնետէրերից Պենիամին Պչաքճեանը:

Բազմաթիւ բարեգործական ծրագրերի կողքին, որոնք շարունակւում են արդէն տարիներ, լիբանանահայ գործարարները որոշել են իրական ներդրումներով մաս կազմել Արցախի վերականգնման եւ զարգացման համահայկական նպատակին: Պչաքճեանն ասում է, որ ԱՌԻ-ի նախագիծը օրինակելի ուղենիշ պիտի լինի նաեւ այլ երկրների հայ գործարարների համար:

Լիբանանահայ գործարարների 57 հոգանոց պատուիրակութիւնը Ստեփանակերտում հանդիպումներ կ՛ունենայ նախագահ Բակօ Սահակեանի եւ վարչապետ Արա Յարութիւնեանի հետ, կ՛այցելի Շահումեանի եւ Քաշաթաղի շրջանների բազմաթիւ գիւղական բնակավայրեր, տեղերում կը ծանօթանայ այն ընտանիքների հետ, ովքեր արդէն օգտուել են ԱՌԻ-ի վարկերից:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները տասնեակ ընտանիքների կթու կովեր կը նուիրեն: Արդէն հինգ տարի ֆոնտը կթու կով է տրամադրում Մռաւից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ եւ յաջորդ երեխան:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )