Անին Հպարտօրէն Դիմանում Է Թուրքական Բարբարոսութեանը. Հազար Ու Մի Եկեղեցիների Քաղաքը

 

Ճանապարհորդեց ԱՐԱՔՍ ԿԱՍԵԱՆԸ Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անին իր աւերուած եկեղեցիներով ու բերդապարիսպով այսօր էլ գտնւում է զբօսաշրջիկների ուշադրութեան կենտրոնում: 10-րդ դարում Բագրատունիների մայրաքաղաք հռչակուած Անին թէպէտ երբեւէ չի ունեցել 1000 ու մի եկեղեցի, սակայն այս անուանումը մշտապէս տրուել է քաղաքին` Արեւելքում մեծ հռչակ ձեռք բերելու համար: «Արմէնփրես»-ի թղթակիցը Արեւմտեան Հայաստան կատարած իր ուղեւորութիւնը եզրափակել է հէնց Հայաստանի 11-րդ մայրաքաղաք կատարած այցելութեամբ, տեսել հայկական կիսաւեր, բայց միեւնոյն ժամանակ դեռ կանգուն եկեղեցիները: «

Սկզբում ճանապարհն անցնում էր ամայի դաշտի միջով, սակայն շուտով երեւաց Անիի բերդապարիսպը, որը, չնայած իր կիսականգուն տեսքին, միեւնոյնն է, շարունակում էր հպարտօրէն դիմաւորել իր այցելուին:

 

 

 

 

 

 

 

 

Պարսպի մուտքի մօտ` դարպասի ամենավերեւում, պահպանուել էր Բագրատունեաց տոհմի զինանշանը` սլացող առիւծը, որն ասես զգաստացնում էր բերդի պարիսպներից ներս մտնողին` յիշեցնելով, թէ ովքեր են քաղաքի իրական տիրակալները:

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանր էր պատկերը, որին ականատես եղանք քաղաք մտնելուց յետոյ. հազար ու մի եկեղեցիների քաղաքում մնացել էին ընդամէնը 9 եկեղեցի, այն էլ` կիսաւեր: Առաջին եկեղեցին, որին մօտեցանք, Տիգրան Հոնենցն էր, որը յայտնի է նաեւ Սուրբ Գրիգոր անունով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գեղեցիկ էին յատկապէս եկեղեցու ներսում արուած որմնանկարները: Սակայն թուրքական ատելութիւնն ու թշնամանքը հասել էին այն աստիճանի, որ թուրքերը փորել էին տաճարում պատկերուած սրբի աչքերը: Հետաքրքիր է, որ այս եկեղեցին միւսների համեմատ գտնւում էր բարւոք վիճակում: Թուրքական իշխանութիւնները կարգի էին բերել եկեղեցին, եւ միայն կիսատ մնացած գմբէթն էր, որ խանգարում էր եկեղեցու ամբողջականութեանը: Թէպէտ թուրքական կառավարութիւնը գմբէթի վերականգնումը կիսատ թողնելը հիմնաւորել էր նրանով, որ պարզապէս հնարաւոր չէ վերականգնել այն իր նախնական ամբողջական տեսքով, այդուհանդերձ, ակնյայտ էր այս արարքի տողատակը. թուրքերն այս կերպ պարզապէս ցանկացել էին խուսափել եկեղեցու վրայ վերականգնումից յետոյ խաչ դնելու շուրջ հետագայ բարդութիւններից: Յաջորդ եկեղեցին Սուրբ Փրկիչն էր, որ թէպէտ կիսաքանդ վիճակում էր, սակայն, միեւնոյն է, անտարբեր չէր թողնում իր կողքով անցնողին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պահպանուել է եկեղեցու ընդամէնը մէկ երկրորդ հատուածը, սակայն այդ հատուածն էլ թոյլ է տալիս պատկերացում կազմել, թէ քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: Յաջորդը Անիի Մայր տաճարն էր: Այն կանգուն էր նաեւ կիսամեռ միաժամանակ: Հեռուից եկեղեցու խրոխտ տեսքն անմիջապէս վերանում էր, երբ մօտիկից տեսնում էիր տաճարի խարխուլ պատերն ու կիսափլուած գմբէթը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հնարաւոր չէ պատկերել, թէ ինչպիսի զգացում ես ունենում փլուած գմբէթի միջով տեսնելով երկինքը, որն այնքան կապոյտ էր, որ թւում է` երբեք այս հողերում ոչ մի ցաւ չի էլ եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Հեռւում երեւում էր Հռիփսիմեան կոյսերի վանքը, որտեղ թուրքական իշխանութիւնները նախատեսել էին վերանորոգման աշխատանքներ անցկացնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սկզբում այդ փաստն ուրախալի թուաց մեզ, սակայն հետաքրքիր է` արդեօք թուրքերն այս վերանորոգումը չե՞ն օգտագործի հայկական կոթողի վրայ հայկականութեան հետքերը վերացնելու համար:

Առջեւում զուարթնոցատիպ Գագկաշէն եկեղեցին էր, որից այսօր գրեթէ ոչինչ չէր մնացել:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր պահպանուած խոյակները, կամարները, սիւներն ու զարդանախշերը թեթեւ արտացոլանքն էին այն հրաշքի, որը ստեղծուել է դարեր առաջ, սակայն ընդամէնը 10 տարուայ կեանք էր ունեցել` աւերուելով երկրաշարժից: Եւ վերջապէս` վերջին հրաշքը, որին ականատես եղանք, Առաքելոց եկեղեցին էր, որը զարմացրեց իր ճարտարապետական լուծումներով:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսքան շրջելու ընթացքում ցուցանակներից եւ ոչ մէկի վրայ վկայութիւն այս եկեղեցիների հայկականութեան մասին` մենք չհանդիպեցինք: Միայն մի ցուցանակի վրայ էր նշւում «հայ» բառը, այն էլ` բացասական իմաստով. աւերուած մզկիթի մօտ դրուած ցուցանակում նշւում էր, որ մինարէն փլուզուել է «հայ քահանայի կողմից պայթեցուելու արդիւնքում»: Թէպէտ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդէն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցուել, եկեղեցիներում խունկ չի ծխուել եւ աղօթք չի կարդացուել: Այնպիսի տպաւորութիւն էր, որ քաղաքն ուժասպառ է թուրքական վիաւորանքից, իր սուրբ եկեղեցիները թուրք ազգայանականների կողմից շարունակաբար պղծուելուց, բայց եւ այնպէս շարունակում է հպարտօրէն դիմանալ:

 

 

 

 

 

 

 

Երբ Անիի կողմից կանգնում ես Ախուրեան գետի մօտ եւ հեռուից տեսնում ես գետի այն ափին գտնուող Հայաստանը, ակամայից մտքիդ են գալիս յայտնի ժապաւէնի խօսքերը. «Տունս այնքան մօտ էր, բայց մտնել չէի կարող»… Ցաւալի է գիտակցել, որ քեզ քո հայրենիքից է բաժանում ընդամէնը մի գետ, ընդամէնը մի խղճուկ փշալար: Կիսաաւերակ քաղաքը մեծ ազդեցութիւն է թողնում քեզ վրայ եւ ստիպում անգամ օրեր անց չմոռանալ իր տեսքը, իր կառոյցները, որոնք ամէն պահի աչքիդ առաջ են գալիս: Բայց եթէ յայտնի երգում խօսւում է Անին տեսնելու եւ նոր մեռնելու մասին, ապա այս դէպքում հին հայկական մայքաքաղաքը տեսնելը նոր ուժ տուեց ապրելու, հզօրանալու, մեր երկիրն աւելի լաւը դարձնելու համար, ինչպէս նաեւ յոյս` մէկ օր կրկին վերադառնալու այստեղ, սակայն այս անգամ արդէն ոչ հիւրի կարգավիճակով»:  

«Արմէնփրես»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )