Հայոց Ցեղասպանութիւնը Եւ Միջազգային Կարմիր Խաչը

Միջազգային «Կարմիր խաչ եւ կարմիր մահիկ» կազմակերպութիւնների տարբերանշանը

Մինչ ԺԹ. դարի կէսերը գոյութիւն չունէր ռազմաճակատում տուժածներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու, պատերազմի ժամանակ վիրաւորների եւ հիւանդների վիճակի բարելաւման համար նախատեսուած միջազգային որեւէ չէզոք կառոյց կամ կազմակերպութիւն: 1859 թ. զուիցերիացի հասարակական գործիչ, գրող Անրի Տիւնանը, դառնալով Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը, կազմակերպում է վիրաւոր զինուորներին ցուցաբերուող օգնութիւնը, իսկ 1862թ. գրած իր «Յուշեր Սոլֆերինոյի մասին» («Un souvenir de Solferino») գրքում առաջ է քաշում պատերազմի ժամանակ վիրաւորներին օգնութիւն ցոյց տալու համար միջազգային կազմակերպութիւն ստեղծելու անհրաժեշտութեան գաղափարը: 1863 թ. Ժընեւում հրաւիրւում է միջազգային համաժողով, որն էլ նախադրեալներ է ստեղծում միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային Կարմիր խաչի ստեղծման համար:

Միջազգային Կարմիր խաչն իր մէջ ներառում է երեք բաղկացուցիչներ` Կարմիր խաչի միջազգային կոմիտէն, Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի կազմակերպութիւնների միջազգային դաշնութիւնը եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային կազմակերպութիւնները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ), որը հիմնուեց 1863 թ. Ժընեւում (Զուիցերիայում) 1863 թ., ունէր 25 անդամներ, որոնք հանդիսանում են Զուիցերիայի քաղաքացիներ: ԿԽՄԿ-ն ունի բացառիկ իրաւասութիւն միջազգային մարդասիրական իրաւունքի համաձայն պաշտպանելու ինչպէս միջազգային, այնպէս էլ միջազգային բնոյթ չկրող զինուած ընդհարումների զոհերի կեանքն ու արժանապատուութիւնը:

Կարմիր խայի եւ  Կարմիր մահիկի կազմակերպութիւնների միջազգային դաշնութիւնը, որին անդամակցում են աշխարհի երկրների մեծ մասի Կարմիր խաչի ազգային կազմակերպութիւնները, հիմնուել է 1919թ.` խաղաղ ժամանակ վերը նշուած կազմակերպութիւնների գործունէութիւնը համակարգելու համար (քանզի, համաձայն ԿԽՄԿ-ն կանոնադրութեանը, այն գործում է միայն զինուած ընդհարումների ժամանակ):

Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ազգային կազմակերպութիւններ գոյութիւն ունեն աշխարհի գրեթէ բոլոր երկրներում: Այդ կազմակերպութիւններից իւրաքանչիւրը գործում է համաձայն միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին:

Կարմիր խաչի կազմակերպութիւնների դերը մեծ էր հայկական կոտորածներից եւ Մեծ եղեռնից փրկուած գաղթականներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու գործում: Առաջիններից մէկը թուրքական բռնութիւններին արձագանգեց ամերիկեան «Կարմիր խաչ» կազմակերպութիւնը:

Քլարա Պարթոն (1821-1912)

Ամերիկեան «Կարմիր խաչ» կազմակերպութիւնը հիմնուել է 1881 թ. Ուաշինկթընում: Կազմակերպութեան առաջին նախագահը Քլարա Պարթոնն էր: ԺԹ. դարի վերջում Քլարա Պարթոնն արդէն ազգային հերոսի համբաւ ունէր: Հէնց նա գլխաւորեց այն պատուիրակութիւնը, որը համիտեան ջարդերից յետոյ հսկայական օգնութիւն հասցրեց կոտորածներից փրկուած հայերին: Մինչ հայերին օգնութիւն տրամադրելու իր առաքելութեան իրականացումը Պարթոնն օգնութեան ձեռք էր մեկնել բազմաթիւ ամերիկացիների ջրհեղեղների, համաճարակների եւ այլ աղէտների ժամանակ, բայց առաքելութիւնը դէպի Օսմանեան կայսրութիւն եւ հայկական նահանգներ նոր փորձութիւն էր նրա համար: Ամերիկացիները ոչ միայն հսկայական գումար եւ սննդամթերք հասցրեցին հայկական վիլայեթներ, այլ առաջին անգամ մասնագիտացուած թիմ կազմեցին Կարմիր խաչի հովանու ներքոյ Հայաստանում գործելու համար:

Քլարա Պարթոնի գլխաւորած պատուիրակութիւնը օսմանեան կայսրութիւն է ուղեւորւում 1896 թ. յունուարին: Նա շուրջ ութ ամիս մնաց Թուրքիայում` համակարգելով ներքին շրջաններում տարուող մարդասիրական աշխատանքները: Ժամանելուն պէս Պարթոնը հանդիպում է օսմանեան կայսրութեան արտաքին գործերի նախարար Թեֆիկ փաշայի հետ, ներկայացնում է ամերիկացիների անհանգստութիւնը ջարդերի հետեւանքով կայսրութեան ներքին շրջանների բնակչութեան համար ստեղծուած ծանր կացութեան վերաբերեալ եւ շեշտում, որ իրենց առաքելութեան միակ նպատակը մարդասիրական օգնութիւնն է, որ այն չունի ո՛չ քաղաքական, ո՛չ ռասայական եւ ո՛չ էլ կրօնական ենթաթեքսթ: Հանդիպման արդիւնքում կողմերը համաձայնւում են, որ Կարմիր խաչի հինգ առաքելութիւն է գործուղուելու հայկական վիլայեթներ` տեղում իրավիճակն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչները բժշկական օգնութիւն են ցոյց տալիս Մարաշում եւ Զէյթունում, ապա նրանց ուժերը կենտրոնանում են Խարբերդում: Բացի բժշկական օգնութիւնից Կարմիր խաչի աշխատակիցները կարիքաւորներին սնունդ եւ հագուստ են տրամադրում, իսկ գիւղացիներին` աշխատանքային գործիքներ եւ  հացահատիկի սերմեր: Այդ աջակցութեան շնորհիւ հազարաւոր գիւղացիներ, ովքեր լքել էին իրենց տները ջարդերից փրկուելու յոյսով, վերադառնում են եւ լծւում աշխատանքի:

Այսպիսով, ամերիկեան «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչներն Օսմանեան կայսրութեան հայկական շրջաններում աշխատում են աւելի քան չորս ամիս, հսկայական հումանիտար օգնութիւն ցուցաբերելով հայ կարիքաւորներին: Մինչ հայրենիք վերադառնալը Նիւ Եորքից եւ Պոսթընից հանգանակուած բաւականին մեծ գումար նրանք յանձնում են Կ. Պոլսում արտաքին առաքելութիւնների համամիսիոներական ամերիկեան խորհրդի գանձապահ Ուիլիամ Պիթին: Հետագայում այդ գումարը օգտագործւում է օսմանեան կայսրութեան ներքին շրջանների աւերուած հայկական բնակավայրերի վերականգնման համար:

Էմիլի Ռոպինսըն

Միջազգային Կարմիր խաչի կողմից ցուցաբերուող օգնութեան յաջորդ հզօր ալիքը բարձրացաւ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ թուրքական իշխանութիւնները գործի դրեցին հայերին ոչնչացնելու իրենց վաղեմի ծրագիրը: Հայ գաղթականներին տրամադրւում էր բժշկական եւ նիւթական օգնութիւն ամենատարբեր երկրներում հիմնուած Կարմիր խաչի ազգային կազմակերպութիւնների կողմից:

1914թ. աշնանը Լոնտոնում Էմիլի Ռոպինսընի կողմից հիմնւում է «Հայկական կարմիր խաչ եւ գաղթականների ֆոնտ» («Armenian Red Cross and Refugee Fund») կազմակերպութիւնը: Էմիլի Ռոպինսընը Լոնտոնի ամենահեղինակաւոր թերթերից մէկի` «Տէյլի նիուզ»-ի խմբագիր Ճոն Ռոպինսընի դուստրն էր եւ դեռ 1912 թ. հիմնել էր «Հայկական ընկերութիւն»-ը («The Armenian Society»), իսկ 1914 թ. սկզբին հրապարակել էր «Հայաստանի մասին ճշմարտութիւն»-ը («The Truth about Armenia») վերնագրով մի գրքոյկ` փաստերով ներկայացնելով թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացուող եղեռնագործութիւնը  եւ եւրոպական երկրների պատասխանատուութիւնն այդ ամէնում: Արդէն 1914 թ. դեկտեմբերից «Հայկական կարմի խաչ եւ գաղթականների ֆոնտ»-ը կազմակերպում է հանգանակութիւններ, որոնց մասնակցում են ոչ միայն տեղի հայերը, այլեւ մեծ թուով բրիտանացիներ: 1915 թ. այս կազմակերպութեան շնորհիւ հանգանակւում է մեծ գումար, որը հագուստի ու դեղամիջոցների հետ արագ փոխանցւում է Մոսկուայում Մեծն Բրիտանիայի հիւպատոսին եւ Ալ. Խատիսեանին` հայ գաղթականների կարիքները հոգալու համար: Կազմակերպութեանն անդամակցում էին բրիտանացի յայտնի գործիչներ, իսկ աշխատանքները կանոնակարգում էր տիկին Պրայսը (Ճէյմս Պրայսի կինը):

Առաջին աշխարհամարտի ընթացքում հրատարակուած Կարմիր խաչի պրակ` հայկական եւ սուրիական նպաստամատոյցի աշխատանքների մասին

«Պատմութեան ամենամեծ սարսափը». Միացեալ Նահանգներու դեսպան Հենրի Մորկընթաու «Տը Ռետ Քրոս» պարբերական, մարտ, 1918 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերութեան կանոնագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1920 թ.

Օսմանեան կայսրութիւնից գաղթած եւ Արեւելեան Հայաստան հասած հազարաւոր հայերի համար ակտիւ օգնութիւն է կազմակերպում ռուսական կարմիր խաչը: Տրամադրւում է ինչպէս բժշկական օգնութիւն, այնպէս էլ հագուստ եւ սնունդ: Յատկապէս մեծ նշանակութիւն ունեցաւ ռուսական Կարմիր խաչի կազմակերպած բժշկական եւ նիւթական աջակցութիւնն Էջմիածնի գաղթականներին: Կազմակերպութիւնն օգնութիւն է հասցնում նաեւ Էրզրում, ինչպէս նաեւ մասնակցում է թուրքերի կողմից ոչնչացման վտանգի առաջ կանգնած Վանի հայերի` դէպի Արեւելեան Հայաստան գաղթի կազմակերպման աշխատանքներին:

Առաջին Աշխարհամարտի տարիներին հայերին հսկայածաւալ օգնութիւն է ցուցաբերում նաեւ ամերիկեան «Կարմիր խաչ»-ը: Սակայն հայ բնակչութեանն օգնութիւն տրամադրելու միակ եղանակը մնում էր Կոստանդնուպոլսում ամերիկեան դեսպանի միջոցով նուիրատուութիւնների փոխանցումը: 1915 թ. ապրիլի 29-ին «Նիւ Եորք Թայմզ»-ում տպուած յօդուածի համաձայն թուրքական կառավարութիւնը տեղեկացրել էր պետդեպարտամենտին` Ուաշինկթըն, որ Կարմիր խաչին չի թոյլատրուի վիրաբուժներ եւ  բուժքոյրեր ուղարկել թուրքական կայսրութեան հայերին օգնելու համար: Դա վերաբերում էր ոչ միայն ամերիկացի վիրաբուժներին, բուժքոյրերին եւ գործակալներին, այլեւ միւս բոլոր օտարերկրացիներին: Եւ այդուհանդերձ, մինչ 1918 թ. յունուարը սոյն կազմակերպութիւնը 1,800,000 տոլարի հասնող գումար է տրամադրում Մերձաւոր Արեւելքում հումանիտար օգնութեան համար: Հետագայում այս կառոյցի տրամադրած օգնութիւնը հասնում է 6,000,000 տոլարի: Ամերիկեան կարմիր խաչի աշխատակիցները աչքի են ընկնում նաեւ թուրքերի եւ քրտերի կողմից առեւանգուած հայ երեխաներին իրենց ծնողներին վերադարձնելու եւ հարեմներում պահուած հայ կանանց ազատագրելու գործում: Հազարաւոր երեխաներ եւ կանայք ազատագրուելուց յետոյ ապաստան էին գտնում Կարմիր խաչի հաստատութիւններում, մինչ իրենց ընտանիքի անդամներին միանալը: Մուտրոսի զինադադարից յետոյ Կարմիր խաչի աշխատանքները դադարեցւում են (համաձայն կանոնադրութեան), եւ վերջինիս կողմից Ամերիկեան Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէին առաջարկւում է ստանձնել Մերձաւոր Արեւելքում իրականացուող աշխատանքների կազմակերպումը Կարմիր խաչի փոխարէն: Այս երկու կառոյցների միջեւ համաձայնութիւնը ստորագրւում է Գոնիայում 1919 թ. մարտին, որի համաձայն ապրիլի 1-ից Կարմիր խաչի միջոցներն ու անձնակազմը դրւում են Նպաստամատոյցի տնօրինութեան տակ:

 

Էջմիածնի հիւանդանոցի եւ որբանոցի աշխատակազմը, 1915 թ.

Սովից եւ հիւանդութիւններից մահացած հայ գաղթականների դիակները, 1915 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

Մեծ եղեռնի տարիներին ջարդերից տուժած հայ բնակչութեանը մեծ օգնութիւն են տրամադրում նաեւ Կարմիր խաչի հայկական ջոկատները, իսկ 1920 թ. մարտին ընդունւում է Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերութեան կանոնագիրը, ըստ որի սոյն կազմակերպութիւնը գտնւում էր Հայաստանի կառավարութեան հովանու ներքոյ: Կանոնագրում մանրամասն սահմանւում էին Կարմիր խաչ ընկերութեան նպատակները, կառուցուածքը եւ գործունէութեան սկզբունքները: Ընկերութեան գլխաւոր վարչութիւնը, որը հանդիսանում էր կազմակերպութեան ղեկավար մարմին, գտնւում էր Երեւանում:

 

Կարմիր խաչի ապաստարաններից մէկը Արեւելեան Հայաստանում, 1915 թ.

Հայ որբերի ապաստարան, Էջմիածին, 1915 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

«Եղբայրական օգնութիւն» կոմիտէի որբանոցն Էջմիածնում, 1915 թ.

Այսպիսով, միջազգային Կարմիր խաչը իր ստեղծման հէնց սկզբնական շրջանից ակտիւ աջակցութիւն է ցոյց տուել ջարդերից տուժած հայերին: Այն կազմակերպել է հանգանակութիւններ ամենատարբեր երկրներում, բժշկական եւ նիւթական մեծ օգնութիւն է տրամադրել հայերին ինչպէս համիտեան ջարդերի շրջանում, այնպէս էլ Մեծ եղեռնի տարիներին:

Այս հեղինակաւոր կազմակերպութեան արխիւներում պահուող բազմահազար փաստաթղթերն ու վաւերագրերը վկայում ու հաստատում են օսմանեան կառավարութեան կողմից հայերի դէմ իրագործուած Ցեղասպանութիւնը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱՐԿ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )