Կացնի Հարուած` Հունգարական Կառավարութեանը, Ոչ Թէ Հունգարացիներին

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ամէն անգամ երբ ինչ որ ձեւով մեզ դանակահարում են մէջքից, մենք արդարացի վրդովմունքով բողոքի ձայն ենք բարձրացնում` ամենատարբեր խաւերից սկսեալ: Հունգարական բարձրաստիճան կառավարական շրջանների թոյլ տուած ճակատագրական սխալը վրդովմունք է առաջացրել նաեւ իրենց` հունգարացիների շրջանակներում: Այս մասին` քիչ յետոյ:

Որտե՞ղ էր հայկական դիւանագիտական «կորպուսը»: Արդեօք նրանք որեւէ քայլ կանխազգո՞ւմ էին, կանխատեսո՞ւմ էին, թէ Սաֆարովը կարող է առեւտրի առարկայ դառնալ: Մի՞թէ դժուար էր կանխատեսել, թէ Սաֆարովի հարցը անպայման մէջտեղ կը գայ, երբ Հունգարիան Ազրպէյճանի հետ կլոր սեղանի շուրջ նստի բանակցելու: Հայաստանի ներկայացուցչութիւնը Պուտափեշտում քննարկման ենթարկե՞ց արդեօք «Տը Պուտափեսթ Թայմզ» պարբերականի յուլիսի 11-ին տպագրած «Օրպան պէքս Ազրպէյճան կէզ» յօդուածը, որտեղ մասնաւորապէս նշուած էր հետեւեալը. Հունգարիան արեւելքից կազի մատակարարման նոր աղբիւրներ է որոնում: Հէնց այս ժամանակ էր, որ երկրի ներկայիս վարչապետ Օրպանը պաշտօնական այցով Պաքու էր այցելել եւ իր ելոյթի ժամանակ յայտարարել էր, թէ Եւրոպան, այդ թւում նաեւ Հունգարիան պարտաւոր են ուժանիւթի այլընտրանքային աղբիւրների եւ դրանց մատակարարման նոր ուղիների որոնման գործում աշխուժօրէն հաշուի առնել Ազրպէյճանին:

Ներկայումս Հունգարիան բնական կազի իր պաշարի 80 տոկոսը ներմուծում է դրսից, հիմնականում` Ռուսաստանից: Օրպանը նշել էր, թէ միակ այլընտրանքային ներմուծումը գալիս է Ռումանիայից, որն իր կազի պաշարները ստանում է հարաւային գծից: Խօսք էր գնացել նաեւ տխրահռչակ Նապուքօ կազատարի մասին, որ Թուրքիայից Պուլկարիայի միջոցով կազ պիտի մատակարարէր եւրոպական երկրներին, իսկ այս կազատարի ակունքը ինքներդ գիտէք, թէ որտեղ է ընկած: Մինչեւ այս ամառուայ սկիզբն ընկած ժամանակաշրջանը դեռեւս տարակուսանք կար Նապուքոյի աշխատանքների աւարտի առիթով, սակայն յուլիսին ազրպէյճանական Շահ Տենիզ, Պրիթիշ Փեթրոլիում եւ նորվեկիական Սթաթօյլ ընկերութիւնների համատեղ յայտարարութեամբ, Նապուքոն նոր կեանք ստացաւ որպէս հարաւային կազատարի ամենահաւանական ուղիներից մէկը:

Ինչպէս Հունգարիան, այնպէս էլ եւրոպական այլ երկրներ նախորդ մի քանի տարիների ընթացքում «պատանդի» կարգավիճակում էին ռուսական կազից, երբ խնդիրը վերաբերւում էր կազի գների յանկարծակի թանկացումներին, կամ ուքրանական կառավարութեան տեղի ու անտեղի տատանողական քմահաճոյքներին (չէ՞ որ կազը Ռուսաստանից Եւրոպա էր անցնում Ուքրանիայի եւ Պիելոռուսիայի տարածքով, իսկ այս երկրների կառավարութիւնները արգելք էին հանդիսանում կազի հոսքը Եւրոպա թողնելուց): Ռուսաստանն իր հերթին է կառուցում հարաւային անցուղի` բնական կազը Եւրոպա հասցնելու ակնկալիքով: «Հարաւային հոսք» անուանումը կրող կազատարի կառուցման աշխատանքները պիտի սկսեն այս տարուայ դեկտեմբերին: Ուրեմն Հունգարիան որոշեց իր ուժանիւթային եւ այլ տնտեսական շահերի համար զոհել իր արժանապատուութիւնը. այսպիսի արձագանգ տուեցին հէնց իրենք` հունգարացիները, այս շաբաթուայ բազմահազարանոց ցոյցի ժամանակ: Բայց եկէք` մի փոքր բարձրաձայն մտածենք:

Կասկած չկայ, թէ Ազրպէյճանը իր այս ցուցադրական քայլի մէջ առանձին չի գործել: Բայց թէ բացի Թուրքիայից, էլ ո՞ր խոշոր կայսրութիւններն են խառնուած սադրանքի մէջ, մեզ մնում է միայն կռահել: Մի ներքին ձայն ինձ յուշում է, թէ Սաֆարովի «հերոսացումը» աւելի մեծ քաղաքատնտեսական խաղի ընդամէնը նախերգանքն է: Արեւմուտքը փորձում է Ռուսաստանից առաջ անցնել` ապահովագրելով իր նախընտրած պայմանագրերի շուտափոյթ ձեւակերպումը, քանի դեռ ռուսական կազատարը չի կառուցուել: Իսկ ի՞նչ դեր կ՛ընդունի Ռուսաստանը:

Յաջորդ մտայղացումը հետեւեալն է. Հունգարիան եւրոպական երկիր է եւ այստեղ շատ աւելի տարածուած է օրէնքի ուժը` համեմատած արեւելեան երկրների հետ: Մի՞թէ հնարաւոր չէ փաստաբանների հզօր մի բանակ անդամագրել, որպէսզի Սաֆարովի փոխանցման հարցը դատական գործընթացով ապօրինի յայտարարուի եւ դրամական մի խոշոր պատժամիջոց սահմանուի կատարուած ապօրինութեան արդիւնքում: Արեւմտեան երկրների լեզուով դրամական պատիժը ամենախստագոյնն է, որ կարող է ինչ-որ մէկին կամ մի քանիսին պատասխանատուութեան առաջ կանգնեցնել: Կասկած անգամ թող չլինի, թէ Ազրպէյճանն ու Թուրքիան քաջ գիտակցում էին, թէ համայն հայութիւնը ինչպիսի արձագանգ կարող է տալ կատարուածի արդիւնքում: Իսկ մեր դիւանագէտները կարողութիւն ունե՞ն կանխատեսելու, թէ նրանց յաջորդ քայլը որն է. իսկ մեր մեծահարուստները պատրա՞ստ են իրենց միջոցների մի մասը նուիրաբերել Հայաստանի արտաքին քաղաքական քայլերի նախաձեռնման համար: Իսկ ո՞րն է սփիւռքի դերը: Սրանք հարցեր են, որ կարօտ են պատասխանների: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախորդող այս ժամանակաշրջանում սադրանքների շղթան սանձազերծուած է Սաֆարովի «հերոսացմամբ»: Տնտեսական զարգացումների, տարածաշրջանի ռազմաքաղաքական հնարաւոր ապագայի պատկերի վերլուծութեամբ զբաղուելը դարձել է հրամայական, բայց ինչպէ՞ս անել, որպէսզի ծուղակը չընկնենք:

Ամօ՛թ հունգարական կառավարութեանը, ո՛չ թէ` հունգարացիներին: Հունգարացի ժողովուրդն իր արդար ձայնը բարձրացրել է, եւ բողոքի ձայն բարձրացնելիս հայերս պէտք է յստակ նշենք, թէ մենք չենք նոյնացնում հունգարացի ժողովրդին իրենց ապաշնորհ ու ծախուած կառավարութեան հետ:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )