Վառել Լոյսերը Հոգու…

 

 

 

 

 

 

 

 

 ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Քարեկուռ Խոյանք

Քարեղէն հրա՛շք` հող իմ հայրենի,
Ծնունդ ես տուել տոկուն մի ազգի,
Որ քարին փարուել, քարերով ապրել,
Քար լեռների մէջ դրախտ է կերտել:

Վիշտը կիսել է քարի հետ միայն,
Քարը դարձրել է բերդ, ամրոց, վահան,
Դարձրել է Գեղարդ, Զուարթնոց, Անի`
Քարակուռ վկայ քարէ խոյանքի:

Թէկուզ աշխարհը տիեզերք հասնի,
Մենք մնալու ենք օրրան քարերի,
Անձայն քարերը խօսուն պիտ դարձնենք,
Անմահութիւնը քարերով թրծենք:

 

Լոյսի Ժպիտը

Դրսում անձրեւ է, աշուն, մառախուղ,
Խամրած տերեւներն թափւում են անյոյս,
Սիրտս խոր վշտով դարձեալ համակւում,
Երազներիս է կարօտով կառչում:

Անցնում են օրերն տխուր անձկութեամբ,
Ապրում եմ խոցուած` ցաւով, դառնութեամբ,
Ամէնուր փնտռում լոյսն արդարութեան,
Մինչդեռ բախւում եմ խաւարին միայն:

Կ՛ուզէի վանել կեղծիք, մոլութիւն,
Աշխարհը դարձնել համակ բարութիւն,
Մարդիկ ապրէին յոյսով, ժպիտով`
Անմահութեանը յար հաւատալով:

 

Հաւատ Ու Ձգտում

Յոգնած խոհերից իմ ամէնօրեայ,
Պաղ ու անլուսին այս գիշերներում,
Լսում եմ աշնան մեղեդին թախծոտ,
Ու մենութեանն եմ ակամայ տրւում:

Տարիքի բեռն է արդէն ծանրանում,
Մորմոքով լեցուն յուշերիս վրայ,
Աշնան դեղնաւուն տերեւն է ընկնում,
Գալիք օրերիս տրտմութեան վրայ:

Ձմեռնամուտի շնչով իսկ վերջին,
Մահուան սարսուռը ուզում եմ վանել,
Գարնան ցօղերով կրկին ծաղկելու,
Լոյսին հասնելու հաւատով ապրել:

 

Տառապած Յուշեր

Ցրտահար, տխուր, ճիւղերն են դողում`
Արտասունքի պէս տերեւներ թափում,
Նրանք յոյզեր են` կարօտ, տխրութիւն,
Աշնան քամին է` համակ դառնութիւն:

Ծառն է ծերանում աշնան մշուշում,
Գոյներն են խամրում ու տարրալուծւում,
Ինձ հետ թախծում է երկինքը մթնած`
Չուող հաւքերի թեւերին թառած:

Օրերս յոգնած` անդարձ հեռանում,
Լոկ տառապանքի յուշեր են թողնում,
Հայեացքս անվերջ երկինք եմ յառում`
Գարնան արեւի շողը չեմ գտնում:

 

Ձմրան Օր

Ձիւնը իջնում է դանդաղ, մեղմօրէն,
Ճերմակ սաւան է փռում դաշտերին,
Փաթիլ առ փաթիլ աստղերի ցոլքով,
Տեղում է, ինչպէս անուրջ կաթոգին:

Պահը ինձ համար հեքիաթ է թւում,
Որ լոյսն է վառում յոյսիս տնակի,
Ձմրան ցրտի մէջ ինչ որ հրաշքով,
Լցնում է սիրտն իմ շնչով բերկրանքի:

Օրհնաբանում եմ այս ձիւնը չքնաղ,
Որ յորդուն խինդի յորձանք է ծնում,
Ահագնանում է մի վեհ երազանք,
Յոյսը իմ հոգու երկինք է ճախրում:

 

Գարնան Կարօտ

Երկինքը տխուր կամար է կապել,
Մոխրագոյն օրուայ մշուշոտ դաշտում,
Արեւի շողն է խամրում ու մարում,
Ձմեռնամուտ է, անձրեւոտ աշուն:

Թափւում են դարձեալ տերեւներն դեղին,
Շփոթ ու մոլոր` կքուած ծառերից,
Անյոյս սրսփում, դողում են լռին,
Սպասում հողմի վերջին մոլուցքին:

Աշնանային այս մէգում տխրամած,
Յոյզերս ու յոյսերս տերեւներ դարձած,
Վշտիս յոգնաբեկ յորձանքին տրւում,
Մթամած սիրտս լքում են, մեռնում:

Ո՞ւր էք դուք գարնան օրեր իմ ապրած,
Որ այդպէս արագ հեռացաք անդարձ:
 

 

Բաժանման Խռովքը

Աշուն է հայոց լեռներում կրկին,
Աշնան թախիծն է ընկճել իմ հոգին,
Բիւր կարօտներս չեմ էլ ամոքել,
Մեկնումի ժամն է, աւա՜ղ, մօտեցել:

Շէնշող գոյների դրախտավայրում,
Ուր լուրթ Սեւանն է խայտանքով ծփում,
Աշխարհում միակ Մասիսի դիմաց,
Օրերն անցնում են արագ, սրընթաց:

Աշնան մեղմ շունչն է հայոց լեռներում,
Բայց ես մրսում եմ, մոլոր մտմտում`
Երկիրս թողնեմ, ո՞ւր պիտի գնամ,
Որ գնամ` մէկ ել ե՞րբ ետ կը դառնամ:

 

Երազների Հանգրուան

Գալիս եմ գիրկդ` հող իմ Հայաստան,
Վեհ տաճարների շէնշող անդաստան,
Ուզում եմ բուժել վէրքերն իմ բոլոր,
Քո գրկում գտնել հանգիստ ու անդորր:

Իմ մայր հայրենիք, իմ հոգու ամրոց,
Յաղթանակների նորօրեայ դարբնոց,
Կապուած է հոգիս լեռներիդ անպարտ,
Շնչում եմ հեռուից բոյրդ հարազատ:

Գալիս եմ քեզ մօտ` երկիր հայրենի,
Միակ ապաստան իմ կարօտների,
Քեզնով է միայն սիրտս խաղաղւում,
Քեզնով է երազն իրականանում:

Ընդունի՛ր որդուդ` աշխարհ Հայաստան,
Իմ պանդուխտ հոգու միակ հանգրուան…

 

Քառեակներ

*

Կատարեալը մի՛ փնտռիր,
Ամբողջ կեանքում տառապիր,
Կատարեալի խորհուրդը
Ինքդ քո մէջ որոնիր:

*

Սիրոյ երգեր եմ երգում,
Սիրոյ խօսքեր շշնջում,
Բայց առեղծուածը սիրոյ
Դեռ ոչ ոք չի հասկանում:

*

Գերել ես ինձ հիմնովին,
Հրաշք ես դու լուսածին,
Ասա` որտե՞ղ ես փնտռեմ
Սիրուդ դրան բանալին:

*

Քաղցրութիւնը իմ երկրին
Տարագիրը կ՛իմանայ,
Հայրենիքի կարօտին
Աստուած էլ չի դիմանայ:

*

Պարտք տուեցի` օրհնաբանեց ու գնաց,
Պարտքս ուզեցի` ինձ անիծեց, քէն մնաց,
Ո՞րն է բարիք, ո՞րը` չարիք, չիմացայ,
Այս աշխարհը ե՞ր    բ պիտի ինձ պարզ դառնայ:

 

 

 

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )