Շուշի Արթ Փրոճեքթ (Շուշի Արուեստի Նախագիծ). Մամլոյ Հաղորդագրութիւն
2012 թ. հոկտեմբերի 1-14 Շուշիում մեկնարկելու է ժամանակակից արուեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արուեստագէտներ` Հայաստանից եւ սփիւռքից, ինչպէս նաեւ կազմակերպուելու է տեղի արուեստագէտների ստեղծագործութիւնների ցուցադրութիւն: Իր տեսակի մէջ սա արցախեան հողում իրականացուող աննախադէպ միջոցառում է: Ծրագրի մէջ ներառուելու են ժամանակակից արուեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչութիւնը, բացօթեայ պերֆորմանսները, վիդէոարթը, լենտ-արթը, ինստալացիա եւ այլն: Ծրագրի շրջանակներում անուանի բեմադրիչ Սիւզան Խարտալեանը վորք-շոփ կ՛անցկացնի տեղի ուսանողների հետ, լուսանկարիչ Գերման Աւագեանը զոհուած ազատամարտիկների ընտանիքներին իր նուիրաբերում-ակցիան կ՛իրականացնի, արուեստագէտները կ՛աշխատեն Շուշիի նշանաւոր պատմամշակութային շէնքերի տարածքներում եւ անմիջապէս հողի վրայ, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի եւ հրաւիրեալ արուեստագէտների միջեւ, համերգով է հանդէս գալու «Նարեկացի» արուեստի միութեան երգչախումբը: Փառատօնն ամբողջութեամբ նկարահանուելու է: Նախագծի աւարտից յետոյ այն ներկայացուելու է Երեւանում` ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծուած գործերի մի մասը կը նուիրաբերուեն քաղաքին:
Շուշի Արթ Փրոճեքթը (ՇԱՓ) անկախ արուեստագէտներ նախաձեռնութիւն է` ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնելու եւ պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արուեստի նախագիծ-փառատօն: Նախագծի կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպութիւնը:
Յենուած լինելով հայ արուեստագէտների ներուժի վրայ (Հայաստան եւ սփիւռք)` ՇԱՓ-ը միտում ունի ձեռք բերել միջազգային կարգավիճակ` ընդգրկելով եւ Շուշի հրաւիրելով նաեւ օտարերկրեայ արուեստագէտների եւ կազմակերպութիւնների, կապեր եւ համագործակցութիւն հաստատել տեղի եւ Հայաստանի մարզերի արուեստագէտների, մշակութային կազմակերպութիւնների միջեւ:
ՇԱՓ-ի նպատակներից են ժամանակակից արուեստի միջոցով Շուշիում տարաբնոյթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ռազմավարական նշանակութիւն ունեցող այս քաղաքի արժեւորումը, միջազգային հանրութեան, զբօսաշրջիկների, արուեստագէտների եւ մշակութային հաստատութիւնների ուշադրութիւնն այստեղ հրաւիրելը: Նախագծի գլխաւոր ուղենիշն է` արծարծելով հանդերձ տեղային խնդիրներ (ինքնութեան, ընկերային-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային եւ այլ)` հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխօսութեան թէ՛ ներհայկական (Հայաստան-ԼՂՀ-սփիւռք)է եւ թէ՛ միջազգային շրջանակներում:
Մեկնարկային ՇԱՓ-ի հայեցակարգն է «Հող եւ տեխնոլոգիա»:
http://www.facebook.com/pages/Shushi-ART-Project/270082763059003
էլ. Փոստ` [email protected]
Ծրագրի ղեկավար` Հերրի Որբերեան` համադրող` Լիլիթ Սարգսեան (hեռ.` 093 28 22 05)

