Անկախութեան Ուղին. 1991 Թուականի Սեպտեմբերի 21-ը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանում արդէն 21 տարի սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է: Այս օրը Հայաստանի անկախութեան տօնն է: 1991 թուականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցաւ հանրաքուէ: Ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ աւելի քան 99 տոկոսն «Այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականութիւնը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանը, ըստ էութեան, ունի անկախութեան երկու տօն. սեպտեմբերի 21 եւ մայիսի 28, որը անուանւում է Հանրապետութեան օր: Սակայն միանգամայն տարբեր էին ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակուեցին Հայաստանի առաջին եւ երկրորդ հանրապետութիւնները:

1918 թուականի մայիսը, թւում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին օրերն էին: Արարատի ստուերի տակ հաւաքուած արեւելահայերն ու ցեղասպանութիւնից փրկուած արեւմտահայերի մի հատուած միայնակ էին մնացել օսմանեան մի քանի զօրամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրեանն ու Արաքսը` յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմետականները` թուրքերը, թաթարները, քրտերը, եւ 1918-ի մայիսի կէսերից յետոյ Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատուել էր թշնամիներով: «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար է», ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիրներից Արամ Մանուկեանը:

Բոլորովին այլ էր իրադրութիւնը 1991-ին: Ի տարբերութիւն 1918-ի, այս անգամ հիմնական սպառնալիքը գալիս էր ոչ թէ արեւմուտքից` Թուրքիայից, այլ` արեւելքից եւ հիւսիսից, այսինքն` Ազրպէյճանից եւ հոգեվարք ապրող Խորհրդային Միութիւնից:

1991 թ. վաղ գարնանը Խորհրդային Միութեան առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Կորպաչովը վերջին փորձն էր անում` փրկելու կայսրութեան անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացուեց Խորհրդային Միութիւնը պահպանելու հանրաքուէ: Բնակչութեան մօտ երեք քառորդը կողմ արտայայտուեց խորհրդային երկրի ապագայ գոյութեանը: Հայաստանը հինգ այլ հանրապետութիւնների հետ` Վրաստան, Մոլտովա, Լաթվիա, Լիթուանիա, Էսթոնիա, պոյքոթեց հանրաքուէն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը մերժել էր հանրաքուէի անցկացումը երկրի տարածքում եւ որոշում ընդունել վեց ամիս յետոյ անցկացնել անկախութեան իբր հանրաքուէն:

Դրանք վիպապաշտ, երանելի ժամանակներ էին, թէեւ շատերի մօտ կային լուրջ մտահոգութիւններ երկրի ապագայի հանդէպ: Արդեօ՞ք Խորհրդային Միութեան փլուզումը անդառնալի գործընթաց է: Չկա՞ր վտանգ, որ մեռնող կայսրութիւնը մի վերջին ճիգով կը հարուածէր անկախութեան ձգտող Հայաստանին ու միւս հանրապետութիւններին: Ինչպէ՞ս անել, որ Հայաստանը չմնար կայսրութեան փլատակների տակ: Կարող է՞ր Հայաստանը միայնակ ապրել առանց Ռուսաստանի: Կարող է՞ր Հայաստանը միայնակ դիմակայել Ազրպէյճանին ու Թուրքիային: Ինչպէ՞ս էր կարգաւորուելու արցախեան հակամարտութիւնը: Կարո՞ղ էր Հայաստանը տնտեսապէս կենսունակ պետութիւն դառնալ: Հարցերը սրանցով չէին սահմանափակւում:

Այս հարցերը, սակայն, միասնաբար կամ առանձին, ունէին մէկ պատասխան` անկախութեանն այլընտրանք չկար:

Անկախութեան հռչակման 21 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիւ նուաճումներ ու ցաւալի կորուստներ: Ամենամեծ նուաճումը ինքնին անկախ պետականութեան հռչակումն էր: Մեծագոյն միւս նուաճումը արցախեան յաղթանակն էր, որը տրուեց Արցախի, Հայաստանի ու սփիւռքի միասնական ջանքերով:

Երկու տասնամեակների ամենամեծ կորուստը Հայաստանից աւելի քան մէկ միլիոն հայերի հեռանալու իրողութիւնն է: Տարբեր ծաւալներով Հայաստանից արտագաղթը չի դադարել սկսած Խորհրդային Միութեան գոյութեան վերջին տարիներից: Երբ հայերը հեռանում են հայրենիքից, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան այնպէս չի արւում: Այսօր էլ Հայաստանի պետականութեան ամենալուրջ մարտահրաւէրը հէնց արտագաղթն է:

Հայաստանի երկրորդ հանրապետութեան հիմնադիրները պետականութեան հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսք էին` ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետութեան կառուցումը, ազատ տնտեսական յարաբերութիւնների հաստատումը, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականութիւն վարելը, ազատ եւ անկախ մամուլ ունենալը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկուեց հէնց 1990-ական թուականներին, ինչը առաջ բերեց մեծ հիասթափութիւն ոչ միայն իշխանութիւների, այլ նաեւ` անկախութեան գաղափարի նկատմամբ:

Քսան տարին քիչ ժամանակ չէ, որպէսզի անկախութիւնը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժէք: Ամէն տարի սեպտեմբերի 21-ը նշւում է պետականօրէն: Այո, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տօնը դեռեւս չի վերածուել համաժողովրդականի: Հայաստանի շարքային քաղաքացիները այս օրը խնճոյքներ չեն կազմակերպում, շատերը միմեանց անգամ չեն շնորհաւորում տօնի առիթով: Անկախութեան տօնը լիովին չի մտել մեր ընտանիք եւ Անկախութեան օրով մենք մեր տներում տօնական  սեղաններ չենք բացում:

Անշուշտ, անկախութեան հաստատման ճանապարհը ենթադրում է նաեւ զրկանքներ ու անվերադարձ կորուստներ` անկախութեան ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները պէտք չէր լինէին միայն ժողովրդի մէկ հատուածի` շարքային քաղաքացիների հաշուին:

Այսօր էլ, անկախութեան հաստատումից 21 տարի անց բնակչութեան մի հատուած դեռ երանի է տալիս խորհրդային ժամանակներին: Այդ ժամանակները յատկապէս յիշում է այօրուայ Հայաստանի բնակչութեան այն հատուածը, որը պաշտօնական տուեալներով դասւում է աղքատների խմբին: Իսկ այսօր Հայաստանի բնակչութեան աւելի քան 35 տոկոսը աղքատ է: Անկախութեան հանդէպ վերապահումների պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան  աղքատութիւնն է, որքան այն յոռի բարքերը, որոնք եկան անկախութեան հէնց առաջին օրերից եւ դարձան շարքային հայ քաղաքացու կեանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա ե՛ւ փտածութիւնն  է, ե՛ւ համատարած մարդու իրաւունքների ոտնահարումը, ե՛ւ պարբերաբար կեղծուող ընտրութիւնները, անարդարութիւնը, ընկերային  խիստ շերտաւորումը:

Բայց այս յոռի բարքերի պատճառը պիտի փնտռել այլ տեղում: Անկախ պետականութիւնը չէ պատճառը, որ այսօր եւ անցնող 21 տարիներին Հայաստանի քաղաքացին լաւ կեանքով չի ապրում: Անկախ պետականութիւնը չէ պատճառը, որ այսօր եւ անցնող 21 տարիներին Հայաստանի քաղաքացին դժգոհ է օրուայ իշխանութիւնից: Հակառակը, միայն լիարժէք անկախութիւն եւ պետականութիւն ունենալու պայմաններում է հնարաւոր կերտել բարեկեցիկ, ընկերային արդար եւ վերջապէս ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ եւ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )