Ատանայից Լառնաքա

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ

Նիկոսիա հասնելու համար պէտք է իջնել  Լառնաքայի միջազգային օդակայանում, որը Կիպրոսի փոքրիկ կղզին աշխարհին կապող հիմնական օղակն է դարձել: Կոկիկ, գեղեցիկ ծովափնեայ այս շրջանը վաղուց զբօսաշրջիկների նախապատուելի տեղն է: Միջերկրականի կապտաւուն, թափանցիկ ջուրը, շոյող արեւն ու շրջապատի բնութեան պարզ գեղեցկութիւնը, տեղաբնակների հիւրընկալ վերաբերմունքը, նրանց ուրախ բնաւորութիւնը իրապէս հանգստութիւն են ներշնչում:

Աշխարհի տարբեր ծայրերից գալիս են դիտելու այս ափերում իրենց հաւաքատեղին հիմնած հարիւրաւոր ֆլամենկոների պարն ու չուերթը եւ վայելելու խաղաղ ալիքների ուրախ շրշիւնը:

Տարուած բնութեան վայելքներով` երբեք ոչ մէկը չի լսում այդ ալիքներում ձայնագրուած, այս գեղեցիկ ափերում իրենց հետքը թողած, հայի ապրած առաջին ողբերգութիւններից մէկի ձայնը: Այո՛, այո՛, այս ափը առաջինն է արձանագրել հայի բազմաթիւ կոտորածներից այն մէկը, որը մինչեւ օրս յիշատակւում է Ատանայի կոտորած անունով:

Գիտեմ, պիտի զարմանաք, թէ ի՛նչ կապ ունի Լառնաքան Ատանայի հետ, յատկապէս երբ Ատանան ծովեզերեայ քաղաք չէ:  Ես նոյնչափ զարմացայ, երբ կարդացի Կիպրոսի կառավարչին` Սըր Հերրի Լուքին ուղղուած Քիրենիայի յանձնակատար Պոլթընի նամակը:

Բայց մինչ նամակի բուն բովանդակութեան անցնիլը` պարզեմ հետագայ շարադրելիք տեղեկութիւններիս աղբիւրը:

Այս տարի մայիսին Կիպրոս` Նիկոսիա, իմ համերգային շրջագայութեան ընթացքին, ինչպէս միշտ, այս անգամ էլ այցելեցի Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ Վարուժան արք. Հերկելեանին:  Միշտ մտազբաղ, անհանգիստ, մշակոյթի, պատմութեան այս անխոնջ աշխատակիցն ու սրտաբաց, հետաքրքիր զրուցակիցը, որը իր լուրջ ուսումնասիրութիւններով հարստացնում է ոչ միայն կրօնական մեր պատմութիւնը, այլ իր արժէքաւոր հետազօտութիւններով նոր տեղեկութիւններ է բացայայտում նաեւ գաղութի եւ մեր ժողովրդի պատմութեան մասին:

Ինչպէս միշտ, այս անգամ էլ նա իր ուսումնասիրութեան գրքերից նուիրեց ինձ, որը թէեւ երկու տարի առաջ է հրատարակուած, բայց անմիջապէս  ուշադրութիւնս գրաւեց: «Ատանայի վկաները եւ Սուրբ Ստեփանոս վկայարանը» վերնագրով 1908-19013թթ նամակագրութիւնների հաւաքածու է, իր մանրակրկիտ, բարեխիղճ ուսումնասիրութեամբ ու խմբագրութեամբ: Սովորութեանս համաձայն, պարզ թերթատելը աւարտուեց մէկ շնչով այն կարդալով:

Վերադարձիս կարդացածս արդէն մտածում, վերլուծում ու ներքին անհանգիստ հարցադրում էր դարձել ու ճնշում էր ինձ:

Որքան քիչ բան գիտենք ոչ միայն մեր աղաւաղուած պատմութիւնից, այլ նաեւ` մեր գաղութների անցեալից, ուր ապրում կամ այցելում ենք, մտածում էի ու նաեւ ամօթ զգում մեր անտարբեր անգիտութեան համար:

Եւ քանի որ արժէքաւոր տեղեկութիւններ է փոխանցում այս նամակների հաւաքածուն, Կիպրոսի եւ յատկապէս Լառնաքայի գաղութի ձեւաւորման մասին, այս անհանգիստ Վարուժան Արք. Հերկելեանի ինձ վարակած անհանգստութիւնը փորձելու եմ փոխանցել նաեւ քեզ,  սիրելի՛ ընթերցող, որ Լառնաքայի այս ծովափը ոտք դնելիս յիշես ժողովրդիդ եւ գաղութի պատմութիւնը, քո տուրքը մատուցես ոչ միայն ալիքների հեւքում պահուած քո արիւնակիցների ողբերգական ճակատագրին, այլ մտածես, թէ ինչպէ՛ս քո մէջ արթնացող ցասումը արդարութեան պահանջ դարձնես:

Նիւթը աւելի ընկալելի դարձնելու համար հաւաքագրուած նամակները արքեպիսկոպոսը բաժանել է երկու մասերի, որոնցից մէկում ներառուած են 90 նամակներ, ուր նկարագրւում է Ատանայի ջարդից մազապուրծ փախած եւ Լառնաքա ապաստանած 2000 գաղթականների վիճակը:

Իսկ երկրորդ խմբում 40 նամակներ են, որոնք պատմում են Լառնաքայում Ատանայի զոհերի յիշատակին 1909-1913թթ կառուցուած մատուռի մանրամասները:

«1909թ մայիսի առաջին կէսին Լափիթոսի ծովեզրին ափ է հասել տղամարդու դիակ գնդակի երկու հարուածով` մէկը վզին, միւսը` որովայնից ներքեւ:  Որից յետոյ հասել են նաեւ երկու այլ այրերի դիակներ, իսկ չորրորդը` 6-8 տարեկան աղջկայ մարմին է, գլուխը ամբողջովին ջախջախուած, հաւանաբար մուրճով, կամ բահով: 

Հագուստներից պարզւում է, որ բոլորն էլ հայեր են:  Սրանցից բացի, մեծ թուով միեւնոյն հագուստներով հայերի դիակներ են յայտնուել նաեւ Գարփասում»: Ինչպէս վերը նշեցի, սա Քիրենիայի յանձնակատարի` Պոլթընի նամակն է` Կիպրոսի կառավարիչ Սըր Հերրի Լուքին ուղղուած:

Գրքում չի քննւում, թէ ինչպէս են այդ դիակները հասել Լառնաքա, միայն փաստի ահաւորութիւնն է արձանագրուած օտար այդ նամակում:

Սակայն, մինչ այդ, արդէն 1000–ից աւելի հայեր Ատանայի ջարդից փախչելով` աւստրիական շոգենաւով հասել էին Լառնաքա, որոնց թիւը իւրաքանչիւր անգամ աւելնալով` հասել է 2000-ի:

Լառնաքան ոչ միայն մօտ, այլեւ աշխուժ նաւահանգիստ լինելով այդ օրերին` Կիլիկիոյ շրջանի կոտորածից փախչող հայերի առաջին բաղձալի իջեւանն է հանդիսացել:

Դէպքից մէկ տարի առաջ` 1908թ, Լառնաքայի հայոց թեմի արխիւը արձանագրել է այդ շրջանում մնայուն բնակութիւն հաստատած միայն 10 հայ ընտանիք` մեր տարբեր քաղաքներից ու երկրներից եկած եւ մի քանի ամուրիներ:  Բնականաբար այսչափ փոքրիկ, դեռ նոյնիսկ չձեւաւորուած գաղութի համար անկարելի է եղել աստիճանաբար աւելացող եւ 2000–ի հասնող, մերկ ու անօթի, ահարկու կոտորածից փախած հայերին հոգ տանելը:

«Հրոյ եւ սրոյ կոտորածէն ճողոպրելու համար հազիւ կրցած են իրենց վրայի զգեստով խուսափիլ շնչասպառ: Շատերուն վրայ գիշերանոց մը միայն կար, առանց տաբատի կամ վերարկուի: Ոմանք ո՛չ դրամ ունին, ո՛չ մահիճ, ոմանք ալ ամբողջովին կիսամերկ են: 

«Մեր տալիք նպաստներն բոլորովին անբաւական են այս տարաբախտ ամբոխին կենսական պէտքերն հոգալու: Կան այնպիսի խեղճեր, որուն ի տես` ամէնէն քարսիրտն ալ պիտի չկրնար զսպել իր արտասուքը», այսպէս է ներկայացնում իրավիճակը Լառնաքայի Նպաստի յանձնաժողովի ատենապետ Յ. Յովսէփեանը Պոլսոյ հայոց պատրիարքարանին ուղղուած իր նամակով: Յիշեցնեմ, որ այդ տարիներին Կիպրոսը Պոլսոյ պատրիարքարանին էր պատկանում:

Մէկ օր անց, ապրիլ 21-ին, պատրիարքարանից 90 անգլիական ոսկի է փոխանցուել օսմանեան դրամատան հեռագրով, աղէտեալների անմիջական օգնութեան համար:

Առանց հանգստի, ամէն օր նամակներ են յղուել Գահիրէի Հայկական բարեգործական միութիւն` Նուպար փաշային, որտեղից ստացուել է 200 անգլիական ոսկի: Փարիզի առաջնորդ Վռամշապուհ Քիպարեանին, Մանչեսթրի առաջնորդ Գ. եպս. Իւթիւճեանին, Զմիւռնիոյ առաջնորդ Ե. արք. Դուրեանին եւ այսպէս չորս ամիս շարունակ ամէն կողմ խնդրագրերով կաթիլ-կաթիլ նպաստ են ապահովել օրէ օր աճող գաղթականներին հոգալու:  Միաժամանակ մանրակրկիտ հաշուետուութիւն են ներկայացրել նիւթական օժանդակութիւն տուողներին այդ օգնութեան բաշխման մասին:

Նամակներից պարզւում է` Կիպրոսի կառավարութիւնը ոչ միայն նիւթական օգնութիւն չի տուել ապաստանեալներին, այլ նոյնիսկ, երկրի օրէնքի համաձայն, դրամական երաշխաւորութիւն է պահանջել իր երկիրը մուտք գործած իւրաքանչիւր անձի համար:  Եւ կրկին թաղականութիւնը իր պատասխանատուութեան երաշխաւորութեան տակ է ընդգրկել գաղթականներին` նրանց նիւթական եւ բժշկական օգնութեան ծախսերի համար:

Նամակներից մէկում յիշատակւում է, որ ֆրանսացի հայասէրներ` Մալզաք եւ Տիւփոն, տեսնելով սովատանջ հայութեան սրտաճմլիկ վիճակը, Լառնաքայի մէջ թատերային հանդէս են կազմակերպել Ատանայի աղէտեալներին ի նպաստ եւ ձեռնարկի հասոյթը` 9. 1/2 անգլ. ոսկի յանձնել յանձնախումբին:

Կիպրոսը տարածութեամբ  եւ բնակչութեամբ սահմանափակ տեղ լինելով` աշխատանքի մեծ դժուարութեան առջեւ են կանգնել ե՛ւ աղէտեալները, ե՛ւ օգնող յանձնախումբը, որն այդ ծայր աստիճան թշուառութեան դարմանման ելքը համարել է` «կարօտեալները ուղարկել աւելի մեծ երկիրներ, ուր կարենան գործ գտնել ու իրենց օրապահիկը հանել: Սակայն այն գործադրելու համար ալ մեծ քանակութեամբ դրամի պէտք կայ», այսինքն` նրանց ճանապարհածախսի գումարի հայթայթումը:  Ահա այս երկընտրանքի առջեւ կեցած հանգանակութիւնների համար տարուող աշխատանքում ընդգրկուել են նաեւ Նիկոսիոյ եւ Լիմասոլի յանձնախումբերը:

Պատմութիւնն արդէն քանիերորդ անգամ կրկնում է ինքն իրեն:  Ապահովագրական 13 ընկերութիւններ, որոնց մօտ Ատանայի հայերը ապահովագրել են իրենց կալուածները հրկիզումից, հրաժարուել են վճարել հայերին պատկանելիք գումարները, եւ նամակագիրը նշում է այդ ընկերութեան անունները, որպէսզի հետագայում հայերը այլեւս չօգտուեն այդ ընկերութիւնների ծառայութիւնից:

Յունիսին Պոլսոյ միջազգային նպաստից յանձնախումբը 150 ոսկի է ուղարկում աղէտեալների կարիքները հոգալու, Լոնտոնից` 60 անգլ. ոսկի, տեղի հայերի հանգանակութեամբ հաւաքուել է միայն 30 ոսկի:

Սրտաճմլիկ է Ատանայի առաջնորդին` Սերոբեան եպիսկոպոսին ուղղուած աղէտեալների իրենց հարազատներին փնտռող նամակները:

Որքան բիրտ ու անասնական պիտի լինել այս պարզունակ, առանց հասցէների, թաղերով ու անուններով, կամ գերդաստանի կապով իրար փնտռող միամիտ մարդկանց գազանային ձեւով ոչնչացնելու համար, մտածում ես ու մարդկային միտքը ոչ մի կերպ չի կարողանում իր մէջ ամփոփել ոչ միայն մեր կրած անվերջանալի ստորացուցիչ կոտորածները, այլ` փնտռել ուղեղում մի բջիջ, մի կէտ, որ կարողանայ ներել յանցագործին:

Մինչ յանձնախումբը գլուխ է կոտրել անօթի ու հոգածութեան կարօտ այդ հսկայական ամբոխին խնամելու, կառավարական բժշկապետը տիֆի համաճարակից զգուշանալու համար ստիպել է Լառնաքայում ապաստանեալներին ցրել, ուղարկել մօտակայ գիւղերն ու շրջանները, քանի որ` «հայերէն շատեր խռնուած են նեղ տան մը կամ սենեակի մը մէջ եւ այս կերպով օդը ապականելով` վտանգաւոր կը լինի բոլոր բնակչութեանց»: Գաղթականների այս վիճակը կառավարութեան համար պատրուակ է եղել արգիլելու հայերի հետագայ մուտքը իրենց երկիր: Սակայն յանձնախումբի յամառ աշխատանքով կարողացել են համոզել կառավարութեան, որ առժամանակ դադարի ներգաղթը, բայց պայմանով, որ յետոյ, եթէ կրկին հայերին իրենց երկրում վտանգ սպառնայ, իրենք պարտաւոր են ընդունել իրենց հայրենակիցներին:  Կառավարութեան համաձայնութեամբ եւ թոյլատրութեամբ, ստիպուած, Լառնաքա ապաստանած հայերի զանգուածը ցրուել են շրջակայ քաղաքներ` Նիկոսիա, Լիմասոլ, Ֆամակուսթա, Սկալա, Քիրենիա եւ այլ շրջաններ, ուր 65 տարի յետոյ, 1974-ին, ինչպէս գիտէք, նրանց մի մասը օտար երկրում բնաւորուած, կրկին ենթարկուել է թուրքի կոտորածին ու կրկին ամէն ինչ թողած` մազապուրծ փախել երկրի տարբեր անկիւններ:

Օգոստոս 12 թուակիր նամակը աւելի տեսանելի է դարձնում իրավիճակը: Փաստօրէն այդ զարհուրելի կոտորածից փախածները չորս ամիս յետոյ դեռ բարելաւում չստանալով, աշխատանք ու ծածկ չունենալով, ստիպուած, նրանցից շատերը ետ են վերադարձել իրենց քաղաքը: Ահա Նիկոսիայի Թաղական խորհուրդին Լառնաքայից ուղղուած նամակը. «Ձեր նամակով արտօնած էք միայն 5 ոսկի ծախսել, այն ալ` հիւանդին, ծերին, կաղին, կոյրին եւ տկարին:  Փառք Աստծոյ, մեր գաղթականներուն մէջ գրեթէ չկան այդ դասակարգէն անձինք:  Ընդհակառակը, բոլորն ալ պատուաւոր դասակարգէն են, մէկ մասը վաճառական, գրագէտ եւ պաշտօնեաներ: Եթէ Ատանան քիչ մը բարեկարգուի, իրենց նպատակն է մօտ օրէն իրենց տեղը վերադառնալ: Արդէն ընտանիք չունեցողներուն մեծ մասը ետ մեկնեցան, 8-10 հոգի ալ մտադիր են յառաջիկայ շոգենաւով մեկնելու:

«Միեւնոյն ատեն, մինչեւ դրամին հասնիլը շատ հաւանական է, որ քաղցին չդիմանալով` տեղւոյս յոյն հասարակութեան տուներուն մուրալու չափ զիջողներ պիտի գտնուին: Կրկին ու կրկին կը խնդրուի, որ առ նուազն 40 ոսկի հասցնէք, որպէսզի ծագելիք անտեղութեանց առաջքը առնուի»: Իսկ 10 օր յետոյ կարդում ենք. «Նկատելով, որ Կիլիկիոյ վիճակը մասամբ իրեն անդորրութիւնը ստանալու վրայ է, նպաստ ստանալն ալ դադրած է բոլորովին: Յանձնաժողովս պիտի դադրեցնէ նպաստ բաշխելը:  Միմիայն ճանապարհածախսը պիտի հոգացուի անոնց, որոնք պիտի պատրաստուին օգոստ. 21-1սեպտ. իտալական շոգենաւով մեկնիլ իրենց վայրերը»:

Անկարելի է այս տողերը կարդալ, տեսնել այդ զարհուրելի կոտորածը դեռ չմոռացած մարդկանց մղումը դէպի իրենց տուն, դէպի իրենց հայրենի հող վերադարձը եւ չհամեմատել այսօրուայ հայրենի հողից մէկընդմիշտ փախչողների մօտեցման հետ:

Աւելի՛ն. փախստականները միայն իրենց կեանքի փրկութեամբ չեն հանգստացել, նրանց մտահոգութիւնը, իրենց վիճակից աւելի, երկրում մնացած իրենց հայրենակիցների կացութիւնն է եղել եւ սպանդի դադարի լուրից յետոյ, ժամ առաջ ետ երկիր վերադառնալը:

«Շատ տխուր եւ սրտաճմլիկ տեսարաններու ականատես եղանք, երբ շաբաթ օրուան իտալական շոգենաւով բաւական թուով Մերսին գացողներ եղան», գրել է նամակագիրը իր գրառման եւ  հաշուետուութեան մէջ` նշելով նրանց յատկացուած գումարը:

Հաստատելու համար, թէ յանձնախումբը ի՛նչ բարեխղճութեամբ է մօտեցել նպաստի օգտագործման գումարին, ահա մի փոքրիկ մէջբերում:  Հաւանաբար Նիկոսիոյ առաջնորդ Մուշեղ սրբազանը ցանկացել է ութ օրուայ այցելութիւն տալ գաղութին, իր կեցութեան համար ցանկանալով օգտուել աղէտեալներին յատկացուած նպաստից, որի համար Լառնաքայի յանձնախումբը անյապաղ հետեւեալ ծանր պատասխանով կանխել է այդ այցելութիւնը. «Կը համարձակինք ձեր ուշադրութեան ներկայացնել, որ երբեք պատուաբեր չէ ցուցնել, թէ նորին սրբազնութիւնը սովեալներու հացը յափշտակեց հոս:  Այս մասին լսողները արդէն սկսած են բողոքի ձայն բարձրացնելու»:

Յուլիսին այս նոյն յանձնախումբի ջանքերով մինչեւ իսկ երկսեռ նախակրթարան է բացուել հայ երեխաներին իրենց մայրենի լեզուից ու մշակոյթից չզրկելու համար եւ ամէն կողմ դրամահաւաքի խնդրագիր ուղարկուել ուսուցիչների վարձատրութեան համար դրամ հայթայթելու:

Դեռ 1908 թ մայիսին Թաղական խորհուրդը խնդրագիր է ուղարկել Պոլսոյ պատրիարքարանին Պոլսոյ, Զմիւռնիոյ եւ հայաշատ այլ քաղաքներում հանգանակութիւններ արուելու` Լառնաքայում մատուռ կառուցելու, տեղում հաստատուած 30 ընտանիքների եւ մէկ տասնեակ ամուրիների հոգեւոր սնունդի համար:

Մաղաքիա արքեպիսկոպոսը անմիջապէս արդար  պատասխան նամակով մերժում է լառնաքացիների խնդրագիրը` նրանց ուշադրութեան ներկայացնելով հետեւեալը`. «Գաւառաբնակ բազմաթիւ հայ կարօտեալներ կը տառապին սովատանջ եւ անոնց օգնելու համար նպաստ խնդրելու հարցին առջեւ կեցած ենք եւ  նոր հանգանակութիւն բանալը պատշաճ չէ»:

 

12 սեպտեմբեր 2012
(Շար. 1)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )