Ջաւախք – Ախալքալաքում Կայացաւ Ցոյց` Ի Պաշտպանութիւն Վահագն Չախալեանի

2012 թ. սեպտմբերի 23-ին Ախալքալաքում կայացաւ ցոյց` ի պաշտպանութիւն ջաւախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալեանի: Ախալքալաքի կենտրոնական Մաշտոցի հրապարակում հաւաքուած հարիւրաւոր ջաւախահայեր դատապարտեցին Վրաստանի քրէակատարողական հիմնարկներում բանտարկեալների նկատմամբ խոշտանգումները եւ պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալեանին:

Ցոյցի նախաձեռնող «Միասնական Ջաւախք» ժողովրդավարական դաշինքի անդամները յայտարարեցին, որ իշխանութիւններից դրական արձագանգի բացակայութեան դէպքում ի պաշտպանութիւն Վահագն Չախալեանի միջոցառումները շարունակուելու են:

Ցոյցի վերջում ընդունուեց կոչ` ուղղուած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Ջաւախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկեալ Վահագն Չախալեանին ազատ արձակելու ջաւախահայութեան կոչը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին.

Ջաւախքի հայ բնակչութիւնը, խստօրէն դատապարտելով Վրաստանի քրէակատարողական հիմնարկներում բանտարկեալների նկատմամբ խոշտանգումները, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի փաստերը, իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանութիւն ջաւախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկեալ Վահագն Չախալեանի:

Արդէն հինգերորդ տարին է, ինչ Վահագն Չախալեանը գտնւում է բանտում:

Ձերբակալուելով 2008 թ. յուլիսի 21-ին` նա  խայտառակ խախտումներով ուղեկցուող դատավարութեան արդիւնքում` 2009 թ. ապրիլի 7-ին դատապարտուեց 10 տարուայ ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգուածային միջոցառումների կազմակերպման», «խուլիկանութեան» եւ «զէնքի պահպանման» մեղադրանքներով:

Ջաւախքի հայ բնակչութիւնը խորապէս համոզուած է, որ Վահագն Չախալեանի դէմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն եւ շինծու են, նրա դէմ դատավճիռը` անարդար: Վահագն Չախալեանը այսօր բանտում է գտնւում բացառապէս այն բանի համար, որ հետեւողականօրէն իր ձայնն էր բարձրացնում ի պաշտպանութիւն ջաւախահայութեան քաղաքական, քաղաքացիական, լեզուական, կրթական եւ կրօնական օրինական իրաւունքների:

Վահագն Չախալեանի դէմ այս աղաղակող անարդարութիւնը եւ նրա բանտում գտնուելը Ջաւախքի հայ բնակչութեան շրջանում օր-օրի խորացնում է Վրաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահութեան, վրդովմունքի եւ դժգոհութեան տրամադրութիւնները:

Հիմք ընդունելով վերոնշեալը` Ջաւախքի հայ բնակչութիւնը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կոչ է անում դրսեւորել բարի կամք եւ անյապաղ ազատ արձակել Վահագն Չախալեանին:

Միայն այս քայլով Վրաստանի իշխանութիւնները կարող են գործնականում ցոյց տալ Վրաստանի ազգութեամբ հայ իրենց քաղաքացիներին, որ իրապէս մտահոգուած են երկրում օրինականութեան եւ արդարադատութեան հաստատման խնդրով եւ վճռակամ են` ուղղելու անցեալում տեղ գտած սխալները:

Ընդունուել է Ախալքալաքում
2012 թ. սեպտեմբերի 23-ի ցոյցի մասնակիցների կողմից

 

Share this Article
CATEGORIES