Ժամանակների Մէջ Ժառանգել Հերոսականը Զօրավարը Միշտ Շարքում Է
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
1988-ի ազգային զարթօնքը որպէս երգ, ոգի, կորով եւ ուժ գօտեպնդեց իւրաքանչիւրիս: Վրէժն ու ուխտը մեր հոգիներում «Հասնինք Սասուն, մտնինք Վան…». Անցանք Արազը Սասունի, Տարօնի, Վասպուրականի երգերով, որ չէին թողնուել մեր պապերի դատարկուն տների պատերի տակ, չէին մոռացուել:
Աստեղային ժամին դարերի պատմութեան մէջ մեր ժողովրդի ամենաերջանիկ սերունդն էի ես, որովհետեւ զգացի, տեսայ, հաւատացի եւ կրկին Անդրանիկ զօրավարի զինուորը որպէս` ելայ յանուն Հայաստանի անկախ պետականութեան: Հայրենեաց ազատագրական երգերը մեզ նորից դարձրին սեփական պատմութիւնը ինքնուրոյն կերտող ազատամարտիկ: 88-ի արթնացումը իւրաքանչիւրին նուաճած երջանկութեան իրաւունքն էր:
Վարդանանց պատերազմի բարոյական յաղթանակը ժողովրդի միջից բարձրացրեց շապինգարահիսարցի Անդրանիկ Օզանեանին, քանզի վեց դար շարունակ գոյատեւում էինք առանց պետականութիւն ունենալու:
20-րդ դարասկզբին արեւմտահայութեան ազգային-ազատագրական պայքարը կոփել էր քաջամարտիկ հերոսների, եւ զօրավարը դարձաւ Անդրանիկը:
Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք
տենչավառ,
Սուրբ անունդ պիտի յիշուի դարէ դար,
Հսկայ լեռինք քեզ ապաստան,
Անդրանիկ…
Քաջերի սրտում երգն արձագանգում էր, բայց 1914թ. զօրավարն արդէն հեռւում էր: Ժողովրդի երգն ու գորովը իբրեւ հող հայրենի անթեղելով հոգում` նա շարունակեց իր ազատագրական պայքարը Պուլկարիայում եւ Կովկասում` ապրեցնելով իր զինուորների ոգին: Վառնայի արուարձան Կալաթա գիւղում Անդրանիկի այգու դրան մօտ երախտապարտ պուլկար ժողովուրդը յուշասիւն կանգնեցրեց:
1946թ.-ին պապս Պուլկարիայից ներգաղթեց Հայաստան: Նա եկաւ հայրենականչը հոգում, որպէս զօրավարի զինուոր իր ստեղծագործ մտքով, քարտաշ քանդակագործի հատիչով ու մուրճով` սրբատաշ քարերով բարձրացնելու համար հայոց նոր մայրաքաղաք Երեւանի շէնքերը: Մասիսահայեաց Երեւանը իմ ծննդավայրն է, երբ ես արդէն դպրոցական էի եւ ձեռքս էի վերցրել հայոց պատմութեան դասագիրքը, պապս վաղուց կողպած գզրոցը բացեց եւ մեկուսի, չար աչքից հեռու մի պահ դուրս սահեցրեց Անդրանիկի լուսանկարը եւ ինձ ցոյց տալով` ասաց.
– Ես նրա զինուորն եմ եղել, հերոս Անդրանիկը քաջաբար կռւում էր ոսոխի դէմ, միաժամանակ որբացած երեխաներին փրկում կորստից, բնաւեր եղած գաղթականների խմբերին պաշտպանում էր հրոսակներից, օգնում Արազն անցնել, որ շարունակուի գրուել հայերիս պատմութիւնը: Հաւատում եմ, որ դու ժառանգելու ես հայրենեաց ոգին,- ասաց, թաքցրեց լուսանկարը գաղտնի անկիւնում եւ կրկին կողպեց իր հին գզրոցը:
– Անդրանիկ Զօրավարը Փոքր Մհերի պէս փակուեց Ագռաւաքարում, – աւելացրի ես` նրա լուռ հայեացքը որսալով: Ապրուած այդ պահը որպէս հաւատամք` արդէն այսօր քաջալերեց ինձ փնտռելու Փոքր Մհերին Ագռաւաքարից դուրս` մեր հասարակութեան անհատների մէջ: Յիշում եմ նաեւ, որ տատս իր բառ ու բանով երգում էր Էրգրից բերած սիրերգերը, երբ պապս լռում էր: Բայց մի օր ես լսեցի. պապս իր առանձնութեան մէջ ցածրաձայն երգում էր. «Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ…», եւ` նորից գաղտնի, մեկուսի:
Ես հասկացայ` պապս մենակ էր զգում իրեն առանց զօրավարի: Անդրանիկն էլ ազատութեան մէջ ազատագրական երգերն է մրմնջացել` «գործս կիսատ մնաց» խորհելով:
Հայոց պատմութեան ազգային զարթօնքի ժամը հնչեց նոր հազարամեակի նախաշեմին:
– Զօրավար Անդրանիկի գործը շարունակուեց, երբ 1988թ. հայը կրկին կամք ունեցաւ իր ճակատագրի տէրը դառնալու եւ ոտքի ելաւ` ի մի դարձած, մի յոյս ու ոգի դարձած: Կրկին փոթորկուեց հայոց ոգին, ալիքուեց արցախեան շարժումը, բռնկուեց ազատագրական հերոսամարտը, եւ շարունակեցին զօրավարի գործը: Եւ դեռ գալու են նոր տղերք` Անդրանիկի ոգուց ծնուած, որոնք շարունակելու են յաղթական ազատագրական երթը. քանի դեռ վերջնականապէս ազատագրուած չէ մեր պատմական հայրենիքը, նորերը կ՛առիւծանան, ու Անդրանիկի ոգին նոր սերնդի մէջ կ՛ալիքուի:
– Զօրավարի գործն անմահ է: Այն տղաները, որոնք հերոսացան արցախեան ազատամարտում, գնացել են իրենց սիրած հերոսների յետեւից, – զրոյցի ժամանակ ասաց արցախեան հերոսամարտի մահապարտների «Արծիւ» գումարտակի մարտիկ Գագիկ Գինոսեանը:
Այսօր փառքի Եռաբլուրում արցախեան ազատամարտի զինուորները անմահացել են, ինչպէս` մեր դիւցազնավէպի հերոս Փոքր Մհերի ոգին, եւ զօրավարը վերադարձել է, քանզի ինքն է սովորեցրել մեզ գիտակցել, որ հայրենիքի պատմութեան քառուղիներում առաջինն ենք կանգնելու ճամբաբաժանում: Ապրելու եւ զգալու ենք, որ ժամանակն է երկնային ուղիներում հնչեցնելու շեփորը մաղթանքի ու ազատութեան, ներշնչանքն ենք ունենալու յաղթանակների եւ մեր ճշմարտութիւնը հակադրելու ենք հեւահաս շնչառութեանը մեր թիկունքին դեռ կառչած անցեալի պարտադրանքի:
Եւ 88-ի ազգային զարթօնքը կանխորոշեց պատմութեան ընթացքի նոր հազարամեակի մեր ճակատագիրը, կայացաւ ինքնիշխան պետականութեան հանրապետութիւնը մեր դիւցազնական ասքի` Սասնայ Մհերի անմիջականութեամբ եւ հաւատով:
Հաւատով եւ բանաստեղծի տեսլականով 1903թ. զօրավար Անդրանիկի խօսքը իր բանաստեղծութեամբ սերունդներին է պատգամել Սիամանթոն.
Հողին փրկութեանը սիրովը հրաշացած եղբօր մը նման,
Որ եղբօր մը օտարեցումէն հոգին կ՛արիւնի,
Խօսեցայ. ինծի Ան, եւ իր բառերը իրարու ետեւէ, կարգ առ կարգ,
Խիստ էին, եւ քաղցր, ե՜ւ ճշմարիտ, ե՜ւ քիմայօյգ, ե՜ւ առնական…
Հայոց պետականութիւնը վերակերտած հայկերը, վահագները, տիգրանները, արաները, վարդանները կազմեցին բանակ, ամէն գարնան ու աշնան զօրակոչից առաջ որպէս կամաւոր զինուոր` առաջին շարքում միշտ ինքն է` Զօրավար Անդրանիկը:
«Դուք գիտցաք կռուիլ անոր համար, որ դուք կը հասկանայիք ԿՌՈՒԻՆ ԱՐԺԷՔԸ, դուք կրցաք պարտութեան մատնել թշնամին եւ հիացում հրաւիրել ձեր վրայ, անոր համար, որ Գ ԻՏԷԻՔ ՆՈՒԻՐՈՒԻԼ ԵՒ ԳԻՏԷԻՔ ԾԱՌԱՅԵԼ հայրենիքին ու անոր ազատութեան»:
Այս խօսքերը նա որպէս դիմում-կտակ յղել է իր զինուորներին:
Անդրանիկ զօրավարը միշտ շարքում է, իսկ մենք նրա հոգեզաւակը եւ մարտիկը` խաղաղութեան մէջ:

