Հրապարակելէ Ետք Իր Կազմը «Ֆրանսայի Մարզիչը Ես Եմ Եւ Ոչ Թէ Վենկեր» Ըսաւ Տեշան
Ուրբաթ, 12 հոկտեմբերին, ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին, Ֆրանսա կը հիւրընկալէ Ճափոնը: Այս մրցումէն չորս օր ետք, 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն գծով Ֆրանսա հիւրը պիտի ըլլայ Եւրոպայի եւ աշխարհի ախոյեան Սպանիոյ:
Վերոնշեալ երկու մրցումներուն համար Ֆրանսայի մարզիչ Տիտիէ Տեշան նկատի առաւ 23 մարզիկներ, որոնց անունները հրապարակեց նախորդ շաբաթավերջին իր տուած մամլոյ ասուլիսին ընթացքին:
Ան իր կազմը յայտարարելէ բացի ըսաւ, որ ինք է Ֆրանսայի ազգային խումբին մարզիչը եւ ոչ թէ Արսէն Վենկեր:
«Կ՛ուզեմ յիշեցնել, որ ես եմ որոշողը, թէ զո՛վ պիտի ընտրեմ եւ այդ ընտրեալը որքա՛ն ժամանակ մաս պիտի կազմէ խումբին», ըսաւ Տեշան:
Վենկեր ըսած էր, որ Ապու Տիապի պէտք չէր նկատի առնուեր տեղի ունեցած նախորդ մրցումներուն:
Ստորեւ` Տեշանի հրապարակած կազմը.
Բերդապահներ.- Միքայէլ Լանտրօ (Լիլ), Հիւկօ Լիորիս (Թոթենհամ) եւ Սթիւ Մանտանտա (Լիոն):
Յետսապահներ.- Կայել Քլիշի (Մանչեսթըր Սիթի), Մեթիու Տեպուշի (Լիլ), Փաթրիս Էվրա (Մանչեսթըր Եունայթըտ), Քրիսթոֆ Ժալէ, Մամատու Սախօ (Փարիզ Սեն Ժերմեն), Լորան Քոսիելնի (Արսենալ), Ատել Ռամի (Վալենսիա), Մափու Եանկա-Մպիուա (Մոնփելիէ):
Միջնապահներ.- Եոհան Քապայէ (Նիւքասըլ), Էթիեն Քափույէ, Մուսա Սիսոքօ (Թուլուզ), Քլեման Շանթոմ (Փարիզ Ս. Ժ.), Մաքսիմ Կոնալոն (Լիոն), Պլեզէ Մաթուիտի (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Մեթիու Վալպուենա (Մարսէյ):
Յառաջապահներ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Օլիվիէ Կիրու (Արսենալ), Պաֆեթիմպի Կոմիս (Լիոն), Ժերեմի Մենեզ (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ):


