Իր Հունը Գտնելու Ճանապարհին Գտնուող Ջրի Պատմութիւնը
ԻՐԵՄ ՏԷՕՆՄԵԶ
«Պիանեթ»
Տերսիմցի ալեւի մի ընտանիքից ծագող Ուղուր Էկեմենը մի օր թերթում է կարդում, որ իրենք իրականում տերսիմահայեր են: Թէեւ նախ զարմանում է, բայց հպարտութիւն էլ տածում` իր զաւակների եւ թոռների առաջ սեփական արմատները բացայայտել ձգտող պապի նկատմամբ: Եւ այդպիսով ի յայտ է գալիս «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնը:
71 տարեկան մի պապ: Անունը` Եուսուֆ Իրես: Ընտանիքն ու շրջապատը տարիներ շարունակ նրան տերսիմցի ալեւի են համարել: Իր զաւակներին էլ է որպէս ալեւի մեծացրել: Հետագայում կնոջ եւ երեխաների հետ մէկտեղ վեր է կացել եւ Պոլիս եկել: Սկիւտարում դերձակի մի փոքրիկ արհեստանոց է բացել: Մի թոռ ունի` Ուղուր Էկեմեն Իրես անունով, որն այն ժամանակ ֆիլմարուեստի բաժնի ուսանող էր Էսքիշեհիրի համալսարանում:
Մի օր հայրը զանգահարում է Ուղուր Էկեմենին եւ խնդրում, որ նա թերթերն աչքի անցկացնի: Զարմանում է Ուղուր Էկեմենը: Գնում է թերթ վաճառողի մօտ եւ պարբերականներից իմանում ճշմարտութիւնն իր ընտանիքի մասին:
Տեղեկանում է, որ իրենք իրականում տերսիմցի հայեր են: Աւելի՛ն. ոչ միայն ինքը, այլեւ ընտանիքի բազմաթիւ անդամներ նոյնպէս նոր են իմանում այդ փաստի մասին: Պապը եւ ազգականները ցանկանում են մկրտուել եւ, թէկուզ մի քիչ, մօտենալ իրենց իրական կրօնին եւ արմատներին:
Թէեւ Ուղուր Էկեմենը նախ զարմանում է, բայց հպարտութիւն է տածում իր զաւակների եւ թոռների առաջ սեփական արմատները բացայայտել ձգտող պապի նկատմամբ:
«Դա վախին սպասող մի մարդու պատմութիւն է»:
Վերոնշեալ տողերը բոլորովին էլ չեն պատկանում ժամանակակից մի հեքիաթի կամ (բեմագրութեան): Դրանք մի կեանքի պատմութեան հատուածներ են ընդամէնը: Աւելի՛ն. սա մի պատմութիւն է, որի տողերի արանքում կարելի է շատ հանգիստ կարդալ տառապանքների, մակընթացութիւնների, սեփական եսի հետ հաշուի նստելու, արհամարհանքների եւ հարկադրանքների մասին:
71 տարեկանում գաղտնիքը բացայայտել որոշած մի պապ եւ իրեն ամենամօտ գտնուած թերթ վաճառողից ճշմարտութեան մասին տեղեկացած մի թոռ:
Ո՞ր ճշմարտութիւնները, ո՞ր վախերը, ո՞ր ճնշումներն են ստիպել մի մարդու` թաքցնել գաղտնիքը: Եւ ո՞ր ճշմարտութիւնները, ո՞ր փաստերն են կարողացել համոզել մի ողջ ընտանիքի` երկար տարիներ ապրել այն թաքցնելով:
Ուղուր Էկեմենը հետեւեալն է ասում թերթերից մէկում հրապարակուած լուրի շնորհիւ սովորական օրն արտասովոր դարձրած իր ընտանեկան ճշմարտութեան մասին. «Պապիս մկրտուելը եւ դա ընդունելը չի առնչւում միայն կրօնական ընկալման հետ. այն իր զաւակների, ինչու չէ, նաեւ թոռների առաջ սեփական արմատներն արտայայտելու մղում է: Դա իրականում շատ կարեւոր դիրքորոշում է 71 տարեկանում մկրտուած մի մարդու համար: Դա այն մարդու պատմութիւնն է, ով մի կողմից դեռ շարունակում է վախերով ապրել, իսկ միւս կողմից` վախ ակնկալել»:
Մարդկութիւնն իր գոյութեան օրուանից օգտագործել է արուեստը` իր ներսում եղած փակուղինները բացելու համար: Ուղուր Էկեմենն էլ մէկն է նրանցից, ովքեր արուեստի ուժն են նախընտրում` ելքի ուղին գտնելու համար:
Նա մի անգամ լսում է Հրանդ Տինքի խօսքերից մէկը եւ շատ տպաւորւում դրանից: Ուղուր Էկեմենը, ով ազդւում է այդ խօսքից, քանի որ այն միաժամանակ նմանեցնում է իր պատմութեանը, որոշում է դա վերածել բեմագրութեան:
Ջուրը Գտաւ Իր Հունը
Տինքի խօսքերի շնորհիւ բեմագրութեան վերածուած «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնը 2011 թ. դառնում է մէկը այն ժապաւէնից, որոնք մրցանակ են շահում Թուրքիայի Հանրապետութեան մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան Հեղինակային իրաւունքների եւ շարժապատկերի գլխաւոր վարչութեան կողմից յայտարարուած «Ապագայի ժապաւէն» մրցոյթում:
Ըստ շարժապատկերի պատմութեան, ամէն տարի Ֆրանսայից Թուրքիա եկած եւ այդ այցերից մէկի ժամանակ Սեբաստիայի գիւղերից մէկում վախճանուած Մարիամը թաղւում է իսլամական օրէնքներով: Սակայն նա հայ է լինում: Գիւղի բնակիչներից Տերուիշ ամճան այդ փաստի մասին յայտնում է մի հայ լրագրողի, եւ նրա մօտ անորոշ սպասում է սկսւում:
Ուղուր Էկեմենը սկսում է ժապաւէնի նկարահանումները` մշակոյթի նախարարութեան եւ, յատկապէս, Անատոլու համալսարանի Հեռահաղորդակցական գիտելիքների բաժանմունքի աջակցութեամբ, համալսարան, որտեղ նա ուսանում է: Ընկերներն էլ, ձեռք ձեռքի տուած, հոգով-սրտով մասնակցում են աշխատանքներին: Դասախօսները, ընկերները եւ մերձաւորները, առանց դոյզն-ինչ կասկած ունենալու, թէ ժապաւէնը կարող է չյաջողուել, աջակից են լինում նրան: Տնօրէն Նեզիհ Օրհոնը ուտելիք է բերում աշխատանքային խմբին: Ժապաւէնի նկարահանումներն աւարտւում են համերաշխ աշխատանքով եւ ինքնազոհողութեամբ:
Ժապաւէնի առնչութեամբ, որն առաջին անգամ ցուցադրւում է Էսքիշեհիրի միջազգային շարժապատկերի փառատօնի ժամանակ, լաւ լուր է ստացւում նաեւ Քաննի շարժապատկերի փառատօնից: Այն ցուցադրուելու է Քաննի կարճատեւ ժապաւէնների բաժնում: Ֆրանսայի ճանապարհներն է ընկնում այս անգամ Ուղուր Էկեմենը` «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնի հետ միասին: Ուղուրին ժապաւէնի` Քաննում ցուցադրուելու փաստից առաւել յուզում է այն, որ ինքը սեփական պատմութիւնն այնտեղ կիսելու է այլ մարդկանց հետ:
Ես այս յօդուածը գրելիս մէկ էլ հեռախօսազանգ եմ ստանում Ուղուր Էկեմենից: Ձայնը յուզուած է, հպարտ, ծանօթ: Ասում է, որ «Ոսկի բոժոժ»-ի 19-րդ շարժապատկերի փառատօնում աւարտական հանգրուան անցած ուսանողների ժապաւէնի մէջ տեղ է գտել նաեւ «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնը:
Ըստ էութեան, կրկնակի հպարտ, կրկնակի երջանիկ է Ուղուր Էկեմենը, քանի որ «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնի բեմադրիչներից մէկը եղած իր ընկերոջ` Շիւքրիւ Օզչելիքի «Մօրս գեղագիտական ընկալումը» վերնագրով վաւերագրական ժապաւէնն էլ է աւարտական անցել «Ոսկէ բոժոժ»-ում:
Ուղուր Էկեմենը հաւատում է շարժապատկերի ուժին` հասարակական ջղագրգռութիւնները յաղթահարելու ճանապարհին, եւ ասում. «Հաստատ անձնասպանութիւն կը լինէր, եթէ անտարբեր մնայի աշխարհի այսչափ հոգսերի, այդքան ջղագրգռութիւնների հանդէպ»: Յայտնում է նաեւ, որ «Ջուրը գտաւ իր հունը» ժապաւէնը նկարահանելիս ամենամեծ ուշադրութիւնը յատկացրել է մարդկային զգացումների վերհանմանը, այն փաստին, որ մարդիկ չեն կարողանում ապրել այն հողերում, որտեղ ծնուել են:
Սա է կեանքը: Խամաճի՞կ ենք, թէ՞ խամաճիկ խաղացնող. դրանք յաճախ են փոխւում տեղերով: Պետութիւն, պետութեան պատժամիջոցներ պետութեան պատիժների միջոցով ի յայտ եկած թաղամասային ճնշում կոչուող այդ դաւադրութիւնը, ուզած-չուզած, պաշարում է մեր կեանքը: Մեր անհատական պատմութիւնների մէջ գաղտնի եւ թաքուն ձեռքեր ենք գտնում յաճախ: Թաքցնում ենք, թաքնւում, կաղապարւում եւ մի անկիւն քշւում:
Մեզնից ոմանք, սակայն, իրենց մէջ այդ պատմութիւնները բացայայտելու խիզախութիւն են գտնում: Սակայն անընդհատ հետաձգում են այդ գործը, ինչպէս` պապ Եուսուֆ Իրեսը:
Եւ մեզնից ոմանք էլ արուեստն են նախընտրում` մեծ յամառութեամբ դա յաղթահարելու համար, ինչպէս` Ուղուր Էկեմեն Իրեսը:
Թարգմանեց` Մելինէ Անումեանը
«Ակունք»


