Թէ Ե՛րբ Ու Ինչո՛ւ Ոչնչացուեցին Հայ Մշակոյթի Մի Շարք Յուշարձաններ…
ԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութիւնը, որն իրականում ծագել է պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք, Փայտակարան նահանգների, Նախիջեւանի երկրամասի, իսկ մինչ արցախեան հերոսամարտը նաեւ Սիւնիք նահանգի Քաշաթաղ, Քաշունիք եւ Կովկասեան գաւառների` Հայաստանից օտարման ու Ազրպէյճանի բռնակցելու արդիւնքում, իր կազմաւորման առաջին տարիներից ի վեր հակահայկական քարոզչութիւն է ծաւալում պետական մակարդակի վրայ:
Հարկ է նշել կարեւոր մի փաստ եւս. «Ազրպէյճան» անուանումն անգամ ազրպէյճանցիների հնարածը չէ. իրականում այն պատմական Իրանի «Ատրպատական» նահանգի անունն է, որը բառիս բուն իմաստով գողացուել է` ելնելով հեռուն գնացող քաղաքական նկրտումներից: Ազրպէյճանցիների քայլերն ուղղուած են գերազանցապէս հայ մշակոյթի եւ պատմութեան փաստերի խեղմանը, ինչի շնորհիւ Ազրպէյճանը նպատակ է դրել միջազգային հանրութեանը ներկայանալ` որպէս դարաւոր հարուստ պատմութիւն ունեցող բնիկ ժողովուրդ` հայերի ու հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ յանցանքները կոծկելով: 1960-ականներից սկսած` Ազրպէյճանում, առանց որեւէ հիմնաւորումների, հայկական մի շարք կոթողներ ու խաչքարեր, որոնք միանշանակ տարբեր դարաշրջաններում ստեղծել են հայերը, «աղուանական» անուանուեցին, իսկ աւելի վաղ` «ազրպէյճանական» պիտակն են ստացել իրականում թուրքական, քրտական ցեղերի, պարսիկ խաների, կովկասեան թաթարների կողմից կառուցուած, առաւել փոքր թիւ կազմող մզկիթները, ապարանքները, դամբարանները եւ այլն:
Հայկական եւ ընդհանրապէս քրիստոնէական վանքերի աւերումն Ազրպէյճանում ծայր առաւ 1920-1940-ականներին, իսկ 1950-1960-ականներին, երբ խորհրդային իշխանութիւնը հրաժարուել էր ամէն տեսակի պաշտամունքային յուշարձանների դէմ իրականացուող պայքարից, Ազրպէյճանում արդէն իսկ պետական հովանու ներքոյ նոր թափ առաւ հայ միջնադարեան յուշարձանների ոչնչացումը: Աւելի՛ն. 1960-ականների վերջերից սկսած` ազրպէյճանցի պատմաբանները, արուեստաբանները, ճարտարապետներն ու լրագրողները դարձան քաղաքական յատուկ պատուէրով աշխատող կամակատարներ` միաձայն «աղուանական» հռչակելով մինչեւ 17-րդ դարը կառուցուած հայկական բոլոր յուշարձանները (նկատի ունեն 4-րդ դարից ի վեր հայ առաքելադաւան, սակայն 10-րդ դարից յետոյ պատմութեան թատերաբեմը լքած եւ այլեւս որեւէ սկզբնաղբիւրով չվկայուող աղուանական ցեղերին): Հայ մշակոյթի կոթողների ոչնչացումն ու հայ պատմութեան փաստերի խեղաթիւրումն Ազրպէյճանում շարունակւում է մինչ օրս, աւելի՛ն. գործընթացը վերաճել է հակահայկական քարոզչութեան պետական մակարդակի վրայ, որը հովանաւորւում եւ ֆինանսաւորւում է ազրպէյճանական պետական մարմինների կողմից: Ազրպէյճանցիները սկսել են տեղեկատուական պատերազմ, որտեղ ներգրաւուած են առաջատար տեղեկատուական կայքերը, գիտական ու հանրամատչելի պարբերականները, թերթերը` մի խօսքով` զանգուածային լրատուամիջոցների բոլոր տարատեսակները: Հայ էթնոս-ի, հայ մշակոյթի ու հայոց պատմութեան նկատմամբ ծրագրուած ատելութիւն է սերմանւում Ազրպէյճանի դպրոցներում ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում: Ազրպէյճանի ախորժակն այնքան մեծ է, որ մի շարք ազրպէյճանցի «գիտնականներ» բացարձակապէս անհիմն թեզ են հրապարակել ու շարունակում են հանդէս գալ յօդուածներով, թէ իբր Երեւանն իրականում հիմնել են ազրպէյճանցիները մ. թ. 17-րդ դարում:
Այնուհանդերձ, բոլոր փաստերը խօսում են յօգուտ մեզ` հայերիս, պարզապէս դրանց մասին պէտք է պարբերաբար բարձրաձայնել: Նշեմ մի քանի յուշարձանների մասին, որոնք ամբողջովին կամ մասամբ աւերուել են ազրպէյճանցիների կողմից.
ա. 1301 թուականին Ծար գիւղում հիմնուած Գետամիջոյ հայկական վանքը, որը, համաձայն լուսանկարների, կանգուն է եղել մինչեւ
1950-ականները, այժմ հիմնայատակ քանդուած է, ազրպէյճանցիներն օգտագործել են դրա քարէ բեկորները` որպէս շինանիւթ կից գիւղի տների համար
բ. Քաշաթաղի շրջանում Սիմէոն Լալազարեանցի միջոցներով 1867 թուականին կառուցուած Որոտան գետի վրայի կամուրջը, որի վրայից բիրտ կերպով քերել են հայերէնով գրուած շինարարական արձանագրութիւնը
գ. Շամախու շրջանի Մէյսարու վանքը, որը պայթեցուել է ազրպէյճանցիների կողմից 1978 թուականին, նաեւ` հիւսիսային Արցախի Գետաբնակ տեղանքի Ս. Սարգիս եկեղեցին, որը յաջողուել է լուսանկարել 1982 թուականի դեկտեմբերին անխնայ քանդելու ընթացքում, եւ 1980-ականների աւարտին, երբ հիմնայատակ քանդել են:
Պէտք է շեշտել նշանակալից մի փաստ եւս. Ազրպէյճանի պետական մարմինների հրահանգով արցախեան ազատամարտի ընթացքում ազրպէյճանցիներն աւերել են նոյնիսկ կարճ ժամանակով իրենց տնօրինութեան ներքոյ անցած հայկական տարածքներում տեղակայուած յուշարձանները եւ նման անփառունակ գործերին մասնակից են եղել երկրի ռազմական ուժերը:
Չեմ կարող շրջանցել Նախիջեւանի եւ Իրանի սահմանին մօտ գտնուող Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի աւերման իրողութիւնը, որը ցաւ է ամէն մի հայի սրտին: Դրանով Ազրպէյճանը աններելի ու անդառնալի յացագործութիւն իրականացրեց համայն մարդկութեան ու համաշխարհային մշակոյթի դէմ, որը շատ աւելի է, քան բարբարոսութիւնը: Խաչքարերի աւերումը թոյլ է տուել ազրպէյճանցի գիտնականներին նոր թեզ յօրինել, որը բարձրաձայնուեց միջազգային հանրութեանը սոյն թուականի յունիսի 15-ին ԵՈՒՆԵՍՔՕ-ում կայացած ցուցահանդէսի ժամանակ, երբ ազրպէյճանական ապատեղեկատուութեան արդիւնքում հանուեցին խաչքարերի մեծ մասին հայկական ինքնութիւնը վկայող ցուցանակները: Առանց փոփոխութիւնների ներկայացնում եմ այդ սին յայտարարութիւնը. «Նախիջեւանի, ինչպէս նաեւ Ղարաբաղի տարածքում ապրել են կովկասցի ալպանացիներ: Նրանք եղել են քրիստոնեաներ, ստեղծել են խաչքարեր, որոնք տարբերւում են հայկական խաչքարերից: Կովկասցի ալպանացիների գերեզմանոցը Նախիջեւանում մ.թ.ա. 4-րդ հազարամեակից մինչեւ մեր թուարկութեան 8-րդ դարի հնութիւն ունի: Ինչ վերաբերում է Նախիջեւանի հայկական գերեզմանոցին, ապա այն 19-րդ դարի երեւոյթ է: Ազրպէյճանցիները հայկական խաչքարեր չեն ոչնչացրել»:
Որքան էլ զարմանալի թուայ, միջազգային հանրութիւնը, փաստօրէն, հաւատաց նման անհիմն զառանցանքներին, քանզի ցուցանակներն այդպէս էլ չվերականգնուեցին, հայերից էլ ներողութիւն չխնդրեցին: Այսքանից յետոյ թող ոեւէ մէկը չհամարձակուի ասել, որ տեղեկատուական պատերազմից պէտք է անմասն մնալ, քանի որ մենք բազում ներքին խնդիրներ ունենք: Մենք պարտաւոր ենք տէր կանգնել մեր վեհ նախնիներից մեզ ժառանգութիւն մնացած մշակոյթին եւ թոյլ չտանք հայոց պատմութեան ու հայ արուեստի փաստերի խեղաթիւրումը` մշտապէս գործելով դիւանագիտօրէն, մտածուած ու խելամիտ` հանդէս գալով պահանջատէրի դիրքերից: Աստուած առաջ:
«Պլոկսփոթ»






