Փորձագէտ. Վրաստանի Քաղաքական Ուժերն Ասելիք Չունեն Ջաւախահայութեանը
«ՆԻՈՒԶ»
Վրաստանի քաղաքական ուժերն ասելիք չունեն ջաւախահայութեանը: Հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակէտ յայտնեց «Արեւմտահայութեան հարցերի հետազօտման կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը: Նրա խօսքով, Հայաստանը պէտք է հաշուի առնի հայերի հանդէպ վրացական քաղաքականութեան ժառանգականութիւնն` անկախ իշխող ուժից: Ալվրցեանի ներկայացմամբ, նրանց գլխաւոր խնդիրը հայութեանը Ջաւախքից դուրս հանելն է:
«20-րդ դարի սկզբում Վրաստանի բնակչութեան 45 տոկոսը հայեր են եղել, մենք ունեցել ենք հսկայական թուով հայկական դպրոցներ ու թատրոններ: Խորհրդային շրջանում հայկական դպրոցների թիւը նուազել է մինչեւ մի քանի տասնեակի, իսկ հիմա դրանք ընդհանրապէս չկան: Եթէ դու ժողովրդին հնարաւորութիւն չես տալիս կրթուել մայրենի լեզուով, ոչ մի ազգամիջեան հաշտութեան մասին խօսք չի կարող լինել: Փոխարէնը, թէեւ պահպանւում է ռուս-վրացական յարաբերութիւնների լարուածութիւնը, սակայն ռուսական դպրոցները չեն փակւում, որտեղ էլ իրենց երեխաներին տանում են հայ ծնողները: Հետեւանքները պարզ են. եթէ ռուսաց լեզուն տեղ չունի Վրաստանում, ուրեմն հայերը ստիպուած են հեռանալ Վրաստանից, բայց արդէն ոչ թէ Հայաստան, այլ` հեռաւոր Ռուսաստան: Այսպիսին է Վրաստանի իշխանութիւնների դաւը», վստահ է Ալվրցեանը:
Թէեւ Ջաւախքի խնդրի բարդութեանը, Վրաստանի քաղաքական ուժերը խուսափում են նրա բնակչութեան հետ հանդիպումներից: «Նրանք ասելիք չունեն Ջաւախքի բնակչութեանը, կամ, աւելի ճիշդ, ասելիք ունեն, բայց այդ մասին չեն ուզում խօսել», ընդգծեց նա` յաւելելով, որ սխալ է Ջաւախքի հայերին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն տրամադրելը, քանի որ դրանից անմիջապէս յետոյ նրանք կը զրկուեն Վրաստանի քաղաքացիութիւնից եւ կը դադարեն այդ երկրի լիիրաւ քաղաքացիներ լինել:
Նշենք, որ Վրաստանում, յատկապէս հայաբնակ Ջաւախքում գործում են մեծ թուով հայկական դպրոցներ, սակայն այդտեղ առարկաների մի մասը ուսուցանւում է վրացերէնով: Աւելի՛ն. մէկ տարի առաջ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա կառավարութեան նախաձեռնութեամբ Թիֆլիսում փակուել են բոլոր ռուսական դպրոցները, բացառութեամբ երկուսի:


