«Բազմազգ Վրաստանը» Պատրաստւում Է Հայ Բանտարկեալների Հարցով Դիմել Նոր Կառավարութեանը
ԹԵՐԹ.am
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպութիւնը պատրաստւում է առաջիկայում հանդիպել «Վրացական երազանք» կուսակցութիւնների համախմբումի առաջնորդ Պիծինա Իվանիշվիլիի ձեւաւորուող կառավարութեան անդամներից արդարադատութեան նախարար Թոզար Սուպարիի հետ` քննարկելու Ռուսաստանի կողմից Աբխազիայի սահմանը հատելու համար դատապարտուած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների խնդիրը:
«Հիմա շատ դժուար է ասել` նման քանի՞ հայ եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի բանտարկեալ կայ, քանի որ այդ գործընթացներից յետոյ, մեր տուեալներով, նրանք էդքան էլ շատ չեն: Շատ էին 2009 եւ 2010 թուականներին», «Թերթ»-ին ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպութեան նախագահ Առնոլտ Ստեփանեանը` աւելացնելով, որ յետոյ սկսուեց նրանց ազատ արձակելու գործընթացը:
Յիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Վրաստանի քրէական օրէնսգրքում կատարուած փոփոխութիւնների պատճառով` Ռուսաստանի տարածքով Աբխազիայի սահմանը հատած անձինք համարւում են քրէօրէն հետապնդելի, քանի որ Վրաստանը համարում է, որ նրանք իր տարածք են մուտք գործել առանց իր թոյլտուութեան:
Ինչպէս հաղորդել էր «Ազատութիւն» ռատիոկայանը` «Վրացական երազանք»-ի առաջնորդ Պիծինա Իվանիշվիլին օրերս հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Թերթ»-ի հետ զրոյցում Առնոլտ Ստեփանեանը մանրամասնեց, որ յայտնի հայ թարգմանիչ Գիվի Շահնազարի յոբելեանական երեկոյի առիթով տեղի ունեցած հանդիպմանը ներկայ են եղել Վրաստանում բնակուող հայ համայնքի մտաւորականութեան եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները:
Ներկայ են եղել նաեւ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանն ու «Վրացական երազանք»-ի կողմից ընտրուած հայ պատգամաւորները:
Ըստ Առնոլտ Ստեփանեանի, իրենց կողմից բարձրացուած հարցերը հիմնականում վերաբերել են Վրաստանում հայկական թատրոնի գործունէութեանը, վիրահայոց թեմի ենթակայութեան տակ գտնուող հայկական եկեղեցիներին, հայկական դպրոցներին եւ վեր են հանուել «քաղաքական որոշ հարցեր»:
«Շատ դրական խօսեց հայերի մասին, երեւաց, որ շատ բան գիտի, եւ Իվանիշվիլիի հիմնական ասելիքն այն էր, որ Վրաստանի նոր իշխանութիւնը պատրաստ է աշխատել հայերի հետ վերջին տարիներին կուտակուած հարցերը կարգաւորելու ուղղութեամբ: Եկեղեցիների մասով ինքն ասաց, որ դէմ չէ ու իրենից առաջ էլ ոչ ոք դէմ չէր, որ Վրաստանում հայկական եկեղեցի կ՛առուցուի», ասաց Առնոլտ Ստեփանեանը:
Ինչ վերաբերում է չգործող եւ փլուզման եզրին կանգնած հայկական հինգ եկեղեցիներին` Թիֆլիսի Նորաշէն, Կարմիր Աւետարան, Սուրբ Նշան, Սուրբ Գէորգ Մուղնի, Սուրբ Մինաս եւ Ախալցխայի եկեղեցուն, ապա Առնոլտ Ստեփանեանը պայմանաւորուածութիւն ունի Վրաստանի մշակոյթի ապագայ նախարարի հետ` հոկտեմբերի վերջին հանդիպել եւ աւելի մանրամասն խօսել նրանց հետագայ ճակատագրի մասին:
Հիմնական պահանջն այն է, որ նախ կատարուեն պահպանման եւ ամրացման աշխատանքներ, ինչից յետոյ միայն կը բարձրացուի «վերանորոգման եւ վերադարձման» հարցը:


