Յիսուսի Օրհնող Ձեռքերը` Երեւանում

ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

Որ հայորդիներս ազգերից առաջիններից էինք, որ օրհնուեցինք Յիսուս Քրիստոսի միջոցով, պատմական փաստ է: Բայց քչերին է յայտնի, որ մեր Տէրը հակահաւատ-համայնավարական կատաղի գաղափարախօսութեան տարիներին նոյնպէս օրհնել է մեզ, բայց` ծածուկ:

Պատմութիւնը հետեւեալն է. 1950 թուականին Քուպայի մի խումբ յեղափոխականներ մահափորձ ձեռնարկեցին այն ժամանակուայ երկրի միանձնեայ ղեկավար Պաթիսթայի նկատմամբ, ով Հաւանան հասցրել էր միջազգային խաղատուն¬քազինոյի մակարդակի:

Դաժան ու այլասերուած բռնապետի դէմ մահափորձ կատարեցին մի խումբ հայրենասէրներ: Այդ պահին ներկայ էր Պաթիսթայի կինը` Մարթան, որն այդ տեսարանից սարսափած` ուխտ արեց ամուսնու փրկուելու պարագայում Յիսուսի մեծ արձանը կանգնեցնել Հաւանայում: Ինչպէս ասում ենք հայերս, այդ խոստացուած ուխտ¬մատաղի աղօթքը լսուեց, եւ ամուսինը փրկուեց ստոյգ մահից:

Յիսուսի արձանը պատուիրում են յայտնի քանդակագործուհի, 42-ամեայ Ճիլմա Մատերային: Որոշուած էր, որ արձանը պէտք էր իր բարձրութեամբ գերազանցէր մայրաքաղաքի ամենաբարձր շէնքերը, եւ պէտք էր լինէր ճերմակ մարմարից: Իտալիայի Քարարա կոչուող տեղանքի մարմարն իր որակով ու գունային կամմայով գերազանցում է աշխարհի մնացած երկրների մարմարը: Հռոմում գտնուող Քուպայի դեսպանատան միջոցով 1957 թ. գլուխ է բերւում նաեւ մարմարի ձեռքբերման հարցը, որից յետոյ անխոնջ Ճիլման օրական 16 ժամ աշխատում է Տիրոջ անունով քանդակի վրայ, ընդհուպ` 1958 թուականը: Երբ արդէն պատրաստ են լինում քանդակի բոլոր մասերը, որն ամբողջապէս կշռում էր շուրջ 320 թոն, բեռնաւորւում են երկաթուղային վակոններն ու տարւում Սուրբ Մարթինօ նաւահանգիստը եւ բարձւում Հաւանա մեկնող նաւի վրայ: Շատ չանցած` այդ հոյակերտ արձանը տեղադրւում է Քուպայի մայրաքաղաքի մօտ գտնուող բլրի գագաթին, ծովի մակերեսից 51 մեթր բարձրութեան վրայ: Իր համար նշանակալից այդ օրը Ճիլմա Մատերան (ինչպէս մի ժամանակ մանուկ Յիսուսին երկրպագութեան եկած մոգերից մէկը ոսկի նուիրեց) Յիսուսի արձանի պատուանդանի պեթոնի մէջ մի քանի ոսկեայ ու արծաթեայ դրամներ գցեց` ի նշան երախտագիտութեան մեր Փրկչի հանդէպ:

Բայց արձանի բացման առթիւ հետագայ ճոխ արարողութիւնը յետաձգուեց® մինչ օրս, քանի որ Ֆիտել Քասթրոն եւ Չէ Կեւարան իրենց յեղափոխական մարտընկերներով 1959 թ. պետական յեղաշրջում իրագործեցին Քուպայում: Պաթիսթան, նրա կինն ու մի քանի մերձաւորներ, Նոր տարուայ գիշերը, ինքնաթիռով Սան Տոմինկօ ճողոպրեցին` իրենց հետ տանելով միլիոնաւոր տոլարներ:

Այդ խառնակ օրերին Ֆիտելին լուր բերեցին, թէ կատաղած յեղափոխականներն ականապատել են բռնապետի կնոջ ջանքերով պատրաստուած Յիսուսի արձանը ու որոշել են պայթեցնել այն: Ֆիտելն արգելում է այդ գործողութիւնը եւ անձամբ գնում յիշեալ վայրը: Տեսնելով բարձունքում վեհօրէն կանգնած Յիսուսին, ով Իր օրհնող ձեռքերն էր պարզել Հաւանայի վրայ, Ֆիտել Քասթրոն որոշում է արձանը թողնել որպէս իրենց յաղթութեան խորհրդանիշ, յեղափոխութեան պահապան եւ յաջողութեան գրաւական: Տեղին է նշել, որ Ֆիտելը, հաւատից, թէ երկիւղից դրդուած, խնայելով Յիսուսի արձանը, ինքն էլ խնայուեց Յիսուսից. Ամերիկայի բոլոր ջանքերը` գրաւելու Քուպան, այդպէս էլ յաջողութիւն չունեցան: Նոյնիսկ Խրուշչովն այդ տարիներին սպառնաց պատերազմ յայտարարել Ամերիկային, եթէ յանկարծ Քուպայի մազին դիպչեն: Ու մինչեւ հիմա էլ այդպէս է, ու Ֆիտել Քասթրոն է ողջ ու առողջ, ու այնքան առողջ, որ 1988 թ. մեր երկրաշարժի ժամանակ ինքն անձամբ արիւն յանձնեց մեր տուժածների օգնութեան համար:

Հիմա գանք մեր պատմութեան բուն թեմային, այսինքն կապենք այս շարադրուած միջադէպերը Հայաստանի հետ:

1962 թուական. Քարարայի Ճունիօ հրապարակում տեղի է ունենում հասարակական նոր պալատի բացումը, որին մասնակցում էր նաեւ այն ժամանակուայ Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթեանը: Իսկ յունիսի 12-ին քաղաքային խորհրդի որոշումով Երեւանը յայտարարւում է Քարարա քաղաքի քոյր քաղաք: Դէ այդ ժամանակ «եղբայրական հանրապետութիւններ» յայտարարուած երկրների համար նաեւ «քոյրեր» էին պէտք: Այդ «քոյրական ողջագուրման» արդիւնքը եղաւ այն, որ 1963 թ. օգոստոսին Քարարայի քաղաքապետ Ֆիլիպօ Մարթինելին տեղեկացնում է իր գործընկեր Հասրաթեանին, թէ, ի նշան իրենց բարեկամութեան, Երեւան քաղաքին է ուղարկւում սպիտակ մարմարից քանդակուած երկու ձեռք, որպէս խորհրդանիշ նոր բարեկամական յարաբերութիւնների: Դրանք Հաւանայում տեղադրուած Յիսուսի արձանի ձեռքերի կրկնօրինակն են, բացատրում է քաղաքապետը, ինքն է խնդրել Ճիլմա Մատերային` քանդակելու:

Այդ մարմարեայ ձեռքերը յաջողութեամբ ու անվնաս տեղ հասնելուց յետոյ որոշուեց դրանք տեղադրել Երեւանի օղակաձեւ զբօսայգում (այժմ դրա յետնամասում Աւետիք Իսահակեանի արձանն է կանգնած): Ես յիշում եմ այդ յիշարժան օրերը, քանի որ Լենինի, Ստալինի, Շահումեանի ու այլ «հաւատարիմ» յեղափոխականների արձանների շարքում յանկարծ յայտնուեց ոչ յեղափոխական, ազատ ոճի այդ քանդակը: Մայրաքաղաքի բնակիչները շատ սիրեցին այդ արձանը, ու իրար հերթ չտալով` անընդհատ ուզում էին նկարահանուել այդ ձեռքերի շուրջը (մինչեւ հիմա էլ պահպանուել է 40-ամեայ հնութիւն ունեցող իմ լուսանկարն այդ արձանի առջեւ): Այդ արձանը քաղաքապետարանն անուանեց «Բարեկամութեան ձեռքեր», բայց այդպէս էլ հասարակութիւնից գաղտնի պահեց ձեռքերի տիրոջ բուն պատմութիւնն ու նպատակը:

Ինքս, ի դէպ, վերջերս իմացայ, որ դրանք մեր Տէր Յիսուսի օրհնող ձեռքերն են: Հիմա ամէն անգամ արձանի կողքով անցնելիս` մտովի խնդրում եմ, որ Նա օրհնի բոլորիս, չնայած չորս տասնամեակ ուշացումով, բայց հաւատալով, որ Աստծոյ օրհնութիւնը երբեք ուշացած չի լինում, քանզի Տէրը երէկ, այսօր ու յաւիտեան նոյնն է: Կարող էք այսուհետ դուք էլ օրհնուել…

 

 

«Իրատես»

Share this Article
CATEGORIES