Սահմանամերձ Այգեհովտի Բնակիչները Պատերազմից Չեն Վախենում, Սակայն Խաղաղութիւն Են Երազում
Այգեհովիտ գիւղը Տաւուշի մարզի սահմանամերձ համայքներից է: Օրը բացւում է, սակայն տեղի բնակիչները չգիտեն` այն ինչպէս կ՛աւարտուի, քանի որ թշնամու կրակոցները ժամ ու պատարագ չունեն: «Արմենփրես»-ի փոխանցմամբ հակառակորդի կրակոցների յաճախակիութեան մասին գիւղում խօսում են բոլորը:
68-ամեայ Ռիման շատ է վախենում թոռնիկի համար: «Այս տարի թոռս առաջին անգամ դպրոց պիտի գնայ: Հեսա, սեպտեմբերի 1-ն է, չգիտեմ ո՞նց կը լինի: Շատ ենք վախենում, դպրոցների վրայ յաճախ են կրակում», ասում է նա: Ռիմայի նման վախենում է նաեւ 80-ամեայ Գուրգէն պապը, սակայն ոչ միայն իր թոռնիկի, այլեւ ամբողջ գիւղի բնակիչների համար: Գուրգէն պապն իր աճեցրած նռան ծառից մեզ միրգ է հիւրասիրում եւ անթաքոյց յուզմունքով ու արցունքներն աչքերին պատմում է, որ հակառակորդի կրակոցների ձայների տակ են քնում:
«Ես պատերազմից չեմ վախենում, սակայն խաղաղութիւն եմ ուզում, այդ ազրպէյճանցին չի հասկանում այդքանը, իր զինուորի մահի համար չի ցաւում, բայց մենք էդպէս չենք: Անգամ մեր զինուորի կամ գիւղացու փոքր վնասուածքի դէպքում` մեծ ցաւ ենք ապրում», ասում է Գուրգէն պապը: Նա ցաւում է նաեւ, որ «թուրք»-ի սահմանին մօտ է գտնւում իր խաղողի այգիները, որոնք չի կարողանում մշակել: «Հէնց ուզում ենք մտնելու աշխատել, մէկ էլ կրակում են, դուրս ենք գալիս, նորից ենք մտնում, էլի են կրակում», ասում է նա:
Գուրգէն պապը ցանկութիւն ունի նաեւ, որ գիւղացու խնդիրները լուծում ստանան: «Ա՛յ բալես, ապրում ենք թշնամու կողքին, վախի, սարսափի մթնոլորտում, զինուորի նման` մենք էլ ենք պահում ու պաշտպանում գիւղը, բայց գոնէ մեր խնդիրները մի քիչ լուծուեն: Գիւղի տանիքները նորոգման կարիք ունեն, աշխատատեղեր չկան, բացի դա, ունենք ահռելի քանակութեամբ բուսաբուծական մթերքներ, որոնք չենք կարողանում իրացնել, քանի որ շուկան փոքր է եւ չենք կարողանում այդքան դեղձ, սալոր, տանձ վաճառենք: Մենք ուզում ենք պետութիւնը մեզ օգնի, որ կարողանանք մթերել», ասում է Գուրգէն պապը:
Այգեհովիտի գիւղապետի օգնական Հենրիկ Յովսէփեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ կրակոցներ հիմնականում լինում են սահմանագծի մօտ, սակայն աւելի յաճախ` Կայանաւան բնակավայրի մերձակայքում, որն աւելի մօտ է սահմանին: «Դրանից ներքեւ մենք ունենք խաղողի այգիներ, վարելահողեր, որոնք չենք մշակում հակառակորդի պատճառով: Մօտ 670 հեկտար հողատարածք ունենք, որոնց ընդհանրապէս չենք կարողանում մօտենալ, քանի որ շատ մօտ են ազրպէյճանական սահմանին», նշեց Յովսէփեանը: Նա շեշտեց, որ իրենց կողքին ազրպէյճանական Ջափառլի գիւղն է, որտեղ հիմնականում իրենց յենակէտերն են: «Եթէ թշնամու յենակէտերն աւելի բարձր դիրք են գրաւում, քան մերը, ապա մեզ աւելի քիչ են անհանգստացնում, այսինքն չեն համարձակւում», վստահեցրեց նա:
Ազրպէյճանական կողմի կրակոցների թուի աւելացման մասին խօսում են նաեւ փաստերը: Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր սպայակոյտի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումեանը տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման դէպքերը կտրուկ աճել են: Նրա փոխանցմամբ, եթէ 2011թուականին` սահմանագծի ամբողջ երկայնքով արձանագրուել է հրադադարի խախտման 12 հազար 700 դէպք, ապա ընթացիկ տարուայ 8 ամիսների ընթացքում ազրպէյճանական կողմն արդէն հասցրել է հրադադարը խախտել աւելի քան 12 հազար անգամ, որից միայն 1200-ի դէպքում է հայկական կողմից պատասխան կրակոց արձակուել:



