Ազգային Գաղափարախօսութիւն

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Գաղափարախօսութիւն` նշանակում է գաղափարների մի համակարգ, որը արտայայտում է զանազան տեսութիւնների եւ սկզբունքների ամբողջութիւնը` ԻՏԷՈԼՈԿԻԱ:

Ազգային գաղափարախօսութիւն նշանակում է` մի համակարգի կիրառում, որը ապահովելու է որեւէ ազգի գոյութեան պահպանման, հայրենիքի հողային ամբողջականութեան, ազատ զարգացման, տնտեսական ապահովութեան եւ ամուր պետականութեան կերտմանը:

Հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութեան հիմնադրոյթներն են.

Ա.- Հայութեան պահպանում

Ներկայում հայ ժողովրդի մի մասն է միայն, որ ապրում է Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների սահմաններում, որոնք ձուլման վտանգի ենթակայ չեն, իսկ մնացեալ խոշոր մասը, որ ապրում է աշխարհի զանազան երկրներում, զանազան մշակութային ազդեցութիւնների ներքոյ, գտնւում է ձուլման վտանգի առջեւ:

Ամբողջական Հայաստանի ստեղծման համար անհրաժեշտ է Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարածքներում ունենալ ստուար թուով հայութիւն, ուստի պէտք է զարկ տալ սփիւռքում հային հայ պահելու ջանքերին` սփիւռքահայի մէջ զարգացնելով առաւել հայրենասիրական ոգի, որպէսզի նա ձերբազատուի իրեն ամերիկահայ, ֆրանսահայ, լիբանանահայ եւ այլնի հայ զգալուց եւ զգայ իրեն ՀԱՅ` հայրենի հողերի վրայ համախումբ ապրելու տենչով եւ իր նիւթական ու բարոյական կարողականութիւններն ուղղելու դէպի Հայաստանի պետականութեան հզօրացման եւ Հայ դատի հետապնդման աշխատանքները:

Բ.- Հայաստանի եւ Արցախի հողային ամբողջականութեան պահպանում

Ազգերի գոյութիւնն ու զարգացումը պայմանաւորուած է իրենց հայրենիքում ապրելով միայն, քանզի չկայ ազգ` առանց հայրենիքի եւ չկայ հայրենիք` առանց ազգաբնակչութեան, ուստի մեր պատմական Հայաստանից արեան գնով ձեռք բերուած Հայաստանի եւ Արցախի այս փոքրիկ հողակտորների ամբողջականութեան պահպանումը հայ ժողովրդի գոյութեան եւ Հայ դատի լուծման հիմնական կռուանն է հանդիսանալու:

Գ.- Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծում

Հայ դատը, որ անցեալում կոչուել է Հայկական հարց, Յունական հարցից յետոյ աշխարհի ամենահին դատերից մէկն է համարւում, որը մինչ այսօր անարդարօրէն մնացել է անլոյծ վիճակում:

Հայ ժողովուրդը, որպէս Միջին Արեւելքի ամենահին ժողովուրդներից մէկը, կազմաւորուել է իր պատմական հայրենիքում, որը տարածուած է եղել Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ, որտեղ կերտել է պատմութիւն, քաղաքակրթութիւն, մշակոյթ ու ազգային նկարագիր եւ հազարամեակներից ի վեր վարել է իր ազգային բնականոն կեանքը:

Հայ ժողովրդի ազգային բնականոն այս կեանքն ընդհատուեց 11-րդ դարում` թուրանական ներխուժողների կողմից, որոնք ոչ միայն աւերեցին երկիրը, այլ հաստատուելով Հայաստանի բոլոր նահանգների մէջ` փոխեցին Հայկական Լեռնաշխարհի, ազգագրական պատկերն ու ազգային նկարագիրը եւ հինգ դար շարունակ կասեցրին հայ մշակոյթի ու քաղաքակրթութեան առաջընթացն ու զարգացման հոլովոյթը, որը վճռական հետեւանքներ ունեցաւ հայ ժողովրդի քաղաքական կեանքի վրայ:

Թուրքական պետութիւնը օգտուելով Ա. Աշխարհամարտի առիթից` պետական ծրագրումով կազմակերպեց Ցեղասպանութիւնն ու տեղահանումը, որը շարունակուեց մինչեւ 1923 թ. եւ Արեւմտահայաստանը հայաթափուեց:

Ըստ միջազգային օրէնքի, ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ ի մասնաւորի 1948 թուականի Ցեղասպանութեան համաձայնագրի, Հայ դատն ունի պատմական, բարոյական, իրաւական եւ քաղաքական հիմնաւորումներ. առ այդ, Թուրքիայի կողմից հայ ազգի նկատմամբ գործադրուած Ցեղասպանութեան ոճիրը պէտք է միջազգայնօրէն դատապարտուի եւ բռնագրաւուած հողերը վնասուց արդար հատուցմամբ` վերադարձուեն հայութեանը, որպէսզի աշխարհասփիւռ հայ ժողովուրդը համախմբուի իր ամբողջական (Սեւրի դաշնագրով սահմանուած հայկական հողերը եւ Նախիջեւանի, Արցախի եւ  Ջաւախքի շրջանները) Հայաստանի տարածքում:

Խորհրդային ամբողջատիրութեան շրջանից սկսեալ` արցախեան ազատատենչ պահանջատիրութիւնը 1988 թուականից նոր թափ ստացաւ ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ հայութեան մօտ` դառնալով բառի բուն իմաստով նորօրեայ ազգային-ազատագրական շարժում, որն իր յաղթական երթով եւ ազգային ազատ ինքնորոշման իրաւունքով կերտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Արդ, հիմք ունենալով ՄԱԿ-ի կանոնադրութեան մաս կազմող ազգերի ինքնորոշման իրաւունքը, ինքնորոշումը Արցախի անկապտելի իրաւունքն է, որի հիման վրայ է միայն, որ պիտի կարգաւորուի Արցախի հարցը:

Դ.-  Տնտեսական արդարութիւն

Այն երկրներում է ժողովուրդը տնտեսապէս ապահով ու երջանիկ, որտեղ մտքի ու աշխատանքի ձեռքբերումները հաւասարապէս ծառայում են հասարակութեան բարօրութեանը:

Այն հասարակութիւնն է բարօրութիւն վայելում, որի երկրի տնտեսական համակարգը բաշխւում է արդարութեամբ եւ կասեցւում են հասարակական բեւեռացումները, իսկ նոյն համակարգի յատկանիշերն են` անհատի աշխատանքի իրաւունքի երաշխաւորումը եւ եկամուտների արդար բաշխումը:

Վերոնշեալ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է ունենալ մրցունակ, հասարակական արդարութեամբ եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող արտադրանքին պետական վերհսկողութեամբ, հաւասարակշռուած տնտեսական համակարգ` հիմնուած երկրի ու ժողովրդի նիւթական արհեստագիտական, մշակութային եւ մտաւոր ներուժի վրայ:

Հայաստանի տնտեսական առաւել բարգաւաճումն ապահովելու համար անհրաժեշտ է մասնակցել Հայաստանի տնտեսական կեանքին առնչուող միջազգային տնտեսութեան գործընթացներին, ինչպէս նաեւ` վերոնշեալ նպատակի համար օգտագործել սփիւռքահայերի լիակատար ներուժը:

Ե.-  Ազգային անկախ պետականութիւն

Անկախ ու ամուր է համարւում այն պետութիւնը, որ ընտրւում է ժողովրդի ուղղակի քուէով, կերտում է ժողովրդավար կարգեր եւ վայելում է նոյն ժողովրդի համակրանքն ու վստահութիւնը եւ որպէս ժողովրդի ներկայացուցիչ ու  ղեկավար ուժ` վարում է հասարակութեան գործերը, ի կատար ածում ժողովրդական պահանջները եւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականութիւնն առաջ է տանում ըստ երկրի մշակուած գաղափարախօսութեան:

Ազգային գաղափարախօսութիւնը լաւագոյնս գործադրելու համար նախ պետութիւնը պէտք է լինի ինքնիշխան, ապա պետական բոլոր գործունէութիւններում, ի մասնաւորի ուժային կառոյցներում, պէտք է ունենայ հաւատարիմ ու անկաշառ անձնակազմ, կազմակերպուած ու կարգապահ մեքանիզմ:

Վերոնշեալ նպատակների իրականացման համար պէտք է կազմել պետական յստակ ռազմավարութիւն եւ գործադրական եղանակների համար` ըստ օրուայ քաղաքական պայմանների, ճշդել համապատասխան մարտավարութիւն:

 

«Ալիք»

 

Share this Article
CATEGORIES