Լեզգիներն Ու Թալիշները Արա Պապեանին Պատմել Են, Թէ Ի՛նչ Սկզբունքով Են Գործում Ազրպէյճանական Նշանառուները
ՍՈՆԱ ԱՒԱԳԵԱՆ
8 նոյեմբերի մամուլի ասուլիսում «Մոտուս վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը անդրադարձաւ Հայաստան-Թուրքիա սառեցուած արձանագրութիւններին եւ Ազրպէյճանում ապրող ազգային փոքրամասնութիւնների դերին ղարաբաղեան ճակատում Ազրպէյճանին խաղաղութեան պարտադրելու գործում:
ՀԱՐՑՈՒՄ.- Վերջին շրջանում կարծես չի խօսւում հայ-թուրքական յարաբերութիւնների մասին: Ի՞նչ վիճակում են այդ յարաբերութիւնները եւ արձանագրութիւնները:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Բնականաբար հայ-թուրքական յարաբերութիւնները խիստ կարեւոր են Հայաստանի եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի համար, բայց ակնյայտ է, որ այդ յարաբերութիւնների վրայ էական ազդեցութիւն ունեն այլ ուժային կենտրոնները, մասնաւորապէս` Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը: Միացեալ Նահանգների այս վերջին ընտրութիւններում Օպամայի վերընտրութիւնը որոշակի անդրադարձ կ՛ունենայ, որովհետեւ 2015-ին ընդառաջ փորձ կ՛արուի նորից մէջտեղ բերել հայ-թուրքական յարաբերութիւնները:
Ես կողմ եմ հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացմանը, սակայն դէմ եմ այս չարաբաստիկ, ստորագրուած եւ չվաւերացուած արձանագրութիւնների հիման վրայ դա անելուն, որովհետեւ տուեալ արձանագրութիւնները չեն ապահովում տեւականօրէն եւ հաստատականապէս մեր շահերը: Բացի դրանից` մեր տուածը շատ աւելին է, քան ստացածը:
Գուցէ եթէ Հայաստանի իշխանութիւնները եւ հասարակութիւնը կարողանան, օգտուելով 2015-ի աւելի հայանպաստ մթնոլորտից, վերարծարծել շատ հարցեր… Օրինակ` Հայաստանի շրջափակումը յանցանք է` ըստ միջազգային իրաւունքի: Հետեւաբար Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիայի կողմից պիտի լինի միջազգային պարտաւորութիւն եւ ոչ թէ լաւութիւն մեզ, ինչպէս փորձում է անել Թուրքիան եւ ցաւօք սրտի, ինչպէս արձանագրուած է արձանագրութիւնների մէջ: Յստակ կան միջազգային փաստաթղթեր, որոնց հիման վրայ դա Թուրքիան պիտի անի:
Այսօր Միջին Արեւելքը գտնւում է, ամերիկեան քաղաքագիտական եզրով ասած, կառավարելի քաոսի փուլում: Այդ փոփոխութիւնները, ըստ էութեան, շատ աւելի վաղ էին կանխատեսուած եւ նախանշուած Միացեալ Նահանգների քաղաքական մտքի կողմից, որ նշանակում է, թէ առաջիկայում այս կառավարելի քաոսից մենք պիտի անցնենք աւելի լուրջ փոփոխութիւնների:
Մեզ համար մինչեւ առաջիկայ 5 տարում մեծ հնարաւորութիւններ կարող են բացուել, բայց միեւնոյն ժամանակ այդ նոյն ժամանակաշրջանը կարող է լինել մեզ համար մեծ կորուստների ժամանակաշրջան, այսինքն կախում կ՛ունենայ, թէ մենք ինչքանո՛վ պատրաստ կը լինենք եւ համարժէք քաղաքականութիւն կ՛իրականացնենք: Այն ժամանակահատուածը, որ ուրիշները քաղաքականութիւն էին իրականացնում, եւ մենք կողքից այդ քաղաքականութեան մէջ ինչ-որ դերակատարութիւն ունենք, մօտենում է աւարտին:
Իմ կարծիքով, 2013-2014 թթ.-ը ամենալարուած ժամանակահատուածը կը լինի հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների փուլում, որովհետեւ Ազրպէյճանը իր հնարաւորութիւնների վերջին շրջանին կը մօտենայ: Ակնյայտ է, որ ազրպէյճանական նաւթի արդիւնահանումը, արտահանումը կրճատւում են եւ աւելի կտրուկ կը սկսեն կրճատուել 2014-2015 թ.-ից: Հետեւաբար Ազրպէյճանի հիմնական ֆինանսական առաւելութիւնը Հայաստանի նկատմամբ պիտի աստիճանաբար սկսի մարել:
Եթէ Ազրպէյճանը պիտի փորձի ուժով հարցը լուծել, նա պիտի փորձի այդ շրջանում, թէեւ Ազրպէյճանի համար դա բարենպաստ շրջան չի` նորից անդրադառնալով 2015-ին Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, որովհետեւ ակամայից այդ շրջանում շատ աւելի հայանպաստ մամուլ, հայանպաստ արձագանգներ պիտի լինեն, եւ պատերազմը Ղարաբաղի ճակատով, որը գուցէեւ ընդլայնուի, պիտի դիտարկուի փորձ (եւ իրականութեան մէջ էլ այդպէս է)` ասենք եթէ ոչ ցեղասպանութեան, ապա` ազգային զտման:
Ակնյայտ է, որ Ղարաբաղում պատերազմը չի եղել սովորական պատերազմ, երբ զինուած ուժերը իրար դէմ պայքարում են, եւ խաղաղ բնակչութիւնը մի կողմ է: Բոլոր այն հատուածներում, որոնք ազրպէյճանական զօրքերը մտան ու գրաւեցին, հայ բնակչութիւնը կա՛մ գերեվարուեց, եւ շատերի ճակատագիրը անյայտ մնաց առ այսօր, կա՛մ պարզապէս կոտորածներ եղան: Այսինքն պատերազմը մեր տարածաշրջանում պատերազմ է ոչ թէ բանակների, այլ ժողովուրդների միջեւ:
«Մոտուս վիվենտի» կազմակերպութիւնը սկսել է աւելի աշխուժացնել եւ հետագայում աւելի ու աւելի պիտի խորացնի յարաբերութիւնը տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ: Մենք սահմանակից ենք 4 պետութեան հետ, որոնցից 2-ի` Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ ընդհանրապէս յարաբերութիւններ չունենք: Իրանի հետ յարաբերութիւնները բաւականին լաւ են, բայց Իրանը ինքը խնդիրներ ունի յատկապէս Արեւմուտքի հետ: Վրաստանը մշտապէս երկակի դեր ունի` անընդհատ անհասկանալի ներքին փոփոխութիւններով, երբեմն` ծայրայեղութիւնից ծայրայեղութիւն:
Բայց, բացի այդ 4 պետութիւնից, մեր շրջապատում կան մի քանի տասնեակ ազգային խմբեր, որոնք թուաքանակով բաւականին մեծ են, եթէ նոյն հայերի հետ ենք համեմատում: Եթէ Թուրքիան ենք վերցնում, դրանք քրտերն են, զազաներն են: Եթէ վերցնում ենք Ազրպէյճանը, դրանք թալիշներն են, աւարներն են, լեզգիներն են: Զազաների` Թուրքիայում մինչեւ 4 միլիոն լինելու մասին է խօսքը: Այսինքն, երբ մենք ասում ենք «ազգային փոքրամասնութիւն», յարաբերական է. 4 միլիոնը աւելի շատ է, քան Հայաստանում ենք: Քրտերը մի քանի տասնեակ միլիոն են (20-ից մինչեւ 40 միլիոնի մասին է խօսւում) տարածաշրջանում: Պաշտօնական տուեալներով Ազրպէյճանում ապրում է 200-220 հազար թալիշ, 175 հազար լեզգի, մօտաւորապէս 80-90 հազար աւար: Բայց սրանք պաշտօնական տուեալներ են, որոնք իրականութեան համար առնուազն 3-4, երբեմն 5 անգամ պիտի բազմապատկել:
Սրանք ժողովուրդներ են, որոնք նոյնքան, եթէ ոչ աւելի, հալածեալ վիճակի մէջ են այսօր Ազրպէյճանում, ինչքան ժամանակին հայերն են եղել: Բնականաբար այս ժողովուրդները գտնւում են ազգային գիտակցութեան տարբեր շերտերում. կան լրիւ ուծացուած` թուրքացած լեզգիներ, թալիշներ, եւ կան մարդիկ, որոնք զարթօնք են ապրում: Խնդիրն այն է, որ հնարաւորին չափ նրանց ինքնութեան վերազարթօնք լինի: Որեւէ ժողովուրդ չի ուզում պատմութեան թատերաբեմից հեռանալ, ձուլուել այլ ժողովուրդներին:
Դրա համար, մեր կարծիքով, հնարաւորութիւններից մէկը այդ ժողովուրդների հետ առաջին հերթին մշակութային, գիտական յարաբերութիւնների զարգացումն է: Մենք արդէն մի քանի գիտաժողովներ ենք անցկացրել Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնի եւ կովկասագիտութեան կենտրոնի, մի շարք այլ կազմակերպութիւնների հետ համատեղ: Առաջիկայում աւելի մեծ ծրագրեր ունենք` հրատարակչական եւ տարբեր հաղորդումների առումով:
Հ.- Ի՞նչ կը տայ դա:
Պ.- Ազրպէյճանի մէջ այդ ժողովուրդները մի քանի տասնեակի են հասնում, բայց 3-5 ժողովուրդն է աւելի մեծաքանակ: Եթէ Ազրպէյճանում իրենք պաշտօնապէս խօսում են 8-9 միլիոն ընդհանուր բնակչութեան մասին, իրականութեան մէջ իրենց թիւը 5-6 միլիոն է եւ ոչ աւելի: Բայց սրանց մէջ առնուազն 1-1,5 միլիոն այդ ազգերի ներկայացուցիչներն են: Այսօր իրենք հասկացել են, որ իրենց շահերից չի բխում կռուել հայերի դէմ:
Եթէ պաշտօնական տուեալներով լեզգիները կազմում են Ազրպէյճանի բնակչութեան 2-3 տոկոսը (իրականութեան մէջ շատ են), ապա ղարաբաղեան ճակատի սահմանագծում զոհերի 30-35 տոկոսը ազգութեամբ լեզգի է: Իսկ լեզգիները թուրքական ժողովուրդ չեն, կովկասեան ժողովուրդ են` լրիւ այլ ծագում եւ ցեղային ինքնագիտակցութիւն ունեն, նաեւ կրօնական առումով սիւննի են, շիի էլ չեն:
Հիմա պատկերացրէք, որ այս ժողովուրդը, իր ինքնագիտակցութիւնը զարգանալով` չի ուզում կռուել հայերի դէմ, որովհետեւ դա իրենց շահերից չի բխում, որովհետեւ այդ խտրականութիւնը տեսնում են: Եւ այսօր իրենց հանրութեան մէջ, սկսած աւելի մեղմ, դաշնակցային դրութեան կողմնակիցներից, որոնք համարում են, որ ցեղային կամ անգամ մշակութային ինքնավարութիւն պիտի ստեղծեն, կայ աւելի ծայրայեղ թեւը, որ համարում է, որ իրենք կամ պիտի անկախանան, կամ միանան Ռուսաստանին:
Բնական է, որ նման միտումները մեր օգտին են, որովհետեւ Ազրպէյճանը եթէ պատերազմի պիտի գնայ, գոնէ տեսականօրէն պիտի հաշուի առնել, որ ինքը չի կարող խարսխել իր ուժը այդ բոլոր ժողովուրդների վրայ:
Շատ հետաքրքիր օրէնք կայ Ազրպէյճանում (Հայաստանում էլ նմանատիպ օրէնք կայ), որ զօրակոչիկը չի կարող ծառայել իր բնակավայրին աւելի մօտ, քան 200 քմ-ը: Առաջին հայեացքից բնական ինչ-որ օրէնք է, բայց այս օրէնքի պատճառով ստացւում է, որ Ազրպէյճանի հիւսիս-արեւելքում եւ հարաւ-արեւելքում բնակուող, ասենք, լեզգիները եւ թալիշները զօրակոչւում են Ղարաբաղի հետ սահման` ռազմաճակատային գիծ, իսկ այդտեղի թուրքերը զօրակոչւում են դէպի Պաքու:
Յետոյ ի՞նչ է տեղի ունենում: Այս նշանառուների պատերազմը ինչի՞ հետեւանք է: Ինձ բացատրեցին մարդիկ, ովքեր Ազրպէյճանի այդ ժողովուրդներից են, իրենց հետ խօսել ենք: Ասում են. «Ինչ-որ անյայտ մարդիկ են գալիս, սկսում են կրակել հայկական դիրքերի վրայ, երբեմն սպաննում են հայ զինուորների, եւ իրենք չկան: Յետոյ հայկական կողմից պատասխան սպաննւում են Ազրպէյճանի բանակի զինուորները եւ այն դիրքերում, որտեղ ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչներն են»: Ստացւում է, որ այս խորամանկ, նենգ քաղաքականութեան պատճառով իրենք (ազրպէյճանցիները – հեղ.) լուծում են երկու հարց. ե՛ւ հայ են սպաննում, ե՛ւ լեզգի կամ թալիշ եւ այլն: Դա քաղաքականութիւն է: Այս գիտակցումը եթէ աւելանայ, մեզ համար լաւ է:
Հ.- Որը կը լինի՞ Հայաստանի օգուտը, եթէ մենք ակտիւօրէն համագործակցենք Ազրպէյճանի ազգային փոքրամասնութիւնների հետ:
Պ.- Առաջին հերթին նուազագոյնը դա կը մեղմի Ազրպէյճանի ռազմատենչ դիրքորոշումը, որովհետեւ վստահութիւն չի լինի, որ թիկունքում ամէն ինչ լաւ կը լինի: Առաւելագոյնն էլ այն է, որ այս գիտակցութիւնը կարող է այնքան բարձրանալ այս ազգերի մէջ, որ իրենք պահանջեն իրենց ինքնավարութիւնը կամ անջատումը:
Քանի որ 2013-2014 թուականը վտանգաւոր փուլ պիտի լինի, մեզ համար խաղաղութեան պահպանումը խիստ կարեւոր է` ոչ միայն այն պատճառով, որ պատերազմ կը լինի: Ես չեմ կասկածում, որ մենք կը յաղթենք: Բայց այս յաղթանակը լինելու է շատ աւելի ծանր ե՛ւ մեզ համար, ե՛ւ Ազրպէյճանի համար:
Իրենք արդէն պարտուել են եւ պիտի ընդունեն, որ ռազմականապէս այսօր այդ հարցը լուծում չունի: Ազրպէյճանը երբեւէ չի կարող ունենալ ռազմական այնպիսի գերակշռութիւն Հայաստանի նկատմամբ (ես Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մաս, եւ սահմանադրօրէն այդպէս է), որ կարողանայ ջախջախել հայկական բանակը ամբողջովին: Դա աւելի շատ դրսեւորում կ՛ունենայ շփման գծի վրայ փոքր բախումներով, բայց դրսում աւելի աղմկայարոյց միջոցառումներ կը լինեն, որովհետեւ Ազրպէյճանը ինչ-որ «յաղթանակներ» պիտի ցոյց տայ. օրինակի համար, ասենք, Ալիեւի արձանը մի տեղ կը բացեն եւ դա կը նշեն:
Իմ սիրտը հաւասարապէս ցաւում է հնարաւոր զոհերի համար` ե՛ւ հայկական կողմից, ե՛ւ ազրպէյճանական, որովհետեւ էն կողմից էլ զոհւում են, հաշմանդամ են դառնում երիտասարդներ, շատ յաճախ անգամ ազգային շահ չունեցող: Խաղաղութեան պահպանումը կարեւոր է: Սա այդ գործօններից մէկն է, որը, մենք կարծում ենք, որպէս վճռորոշ կարող է հանդէս գալ տարածաշրջանում խաղաղութիւնը պահելու:
Հ.- Պարոն Պապեան, գիտակցումը, որ Ազրպէյճանի ազգային փոքրամասնութիւնների հետ համագործակցութիւնը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, միայն «Մոտուս վիվենտի» կենտրոնո՞ւմ է, թէ՞ Հայաստանի իշխանութիւնների շրջանում եւս կայ:
Պ.- Իշխանութեան մէջ այդ ըմբռնումը կայ, որ դա կարեւոր է, բայց, բնականաբար, նման հարցերի մէջ իշխանութիւնը չի կարող ուղղակիօրէն կամ լայնածաւալ ներգրաւուածութիւն ունենալ, որովհետեւ սրանք նուրբ հարցեր են, թէեւ, բնականաբար, մենք Ազրպէյճանի հետ այսօր պատերազմի մէջ ենք եւ ամէն հնարաւորութիւն պիտի օգտագործել: Բայց ամէն դէպքում իշխանութիւնը շատ աւելի զգուշաւոր դիրքորոշում ունի:
«Հետք»

