«Եթէ Մենք Տէր Ենք Էս Հողին, Ամէն Ինչին Տէր Պիտի Կանգնենք». Քարվաճառի Առաջին Քաղաքապետ
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«1998 թուականին, փետրուար ամսին, կառավարութիւնը որոշեց վերաբնակեցնել Քարվաճառ քաղաքը: Այդ ժամանակ ստեղծուեց ԼՂՀ Կառավարութեան լիազօր ներկայացուցչութիւն Քարվաճառում, լիազօր ներկայացուցիչն էր իրանահայ Սերժ Ամիրխանեանը, ով արդէն մի քանի տարի ապրում էր Արցախում: Այդ տարուայ ամրանը ես մօտեցայ նրան ու հարցրի` արդեօ՞ք աշխատանք կայ Քարվաճառում, ես էլ գնամ աշխատեմ»: Այսպէս, 1999 թուականին Քարվաճառ է տեղափոխուել քաղաքի հիմնադիր քաղաքապետ, առաջին քաղաքացիական բնակիչ Ժորա Գրիգորեանը:
Լիազօր ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթէ ցանկանում է աշխատանքի անցնել, ապա պէտք է ապրի Քարվաճառում: Այդ ժամանակ պետութեան կողմից երկու հաստիք է յատկացուած եղել. շինարարի եւ հողաշինարարի: Առաջին հաստիքն արդէն զբաղուած է եղել, մնացել է երկրորդը:
«Երբ առաջին անգամ եկայ Քարվաճառ, այստեղ գրեթէ ոչ մի բան չկար. միայն զօրամաս կար ու թեթեւակի շինարարութիւն: Լոյս չկար, ջուր չկար: Շինարարները մի ծածկ էին գտել, այդտեղ էին ապրում»: Այցելութիւնից յետոյ Ս. Ամիրխանեանը հետաքրքրուել էր, թէ ինչպիսի՞ն էր տպաւորութիւնը: «Ասացի` շատ լաւ: Զարմացաւ. ի՞նչն էր լաւ: Դէ, առաջինը բնութիւնը, ասացի ես: Գնացինք, հրամանը տուեցին»:
Քարվաճառ տեղափոխուելուց յետոյ տեղաւորուել է շինարարների մօտ: «Բայց այնտեղ շատ նեղուածք էր: Ես մի տասնհինգ օր մեքենայի մէջ քնապարկում էի քնում», պատմում է պարոն Գրիգորեանը: Այնուհետ վարչակազմի նախկին շէնքը (այդ շէնքում այժմ ելեկտրոցանցն է) յարմարեցւում է աշխատելու եւ ապրելու համար: 1999-ին տարածք է տեղափոխում նաեւ ընտանիքը:
Սկզբնական շրջանում շատ մեծ խնդիր է եղել ջրի ու ելեկտրականութեան բացակայութիւնը: «Շատ ահաւոր էր, որ ջուրը շինարարների համար տեղափոխում էինք զօրամասից, զօրամասում էլ ջուր չկար, իրենք էլ էին տեղափոխում, խնդրում էինք, որ մի անգամ էլ մեզ համար ջուր բերեն: Այդ ժամանակ հրամանատարը օգնում էր մեզ, ինքն էլ էր շահագրգռուած տների շինարարութեան համար, քանի որ յոյս կար, որ մի քանի տուն էլ զօրամասի աշխատողները կը ստանան»: Այդ տարուայ մէջ, չնայած ծանր պայմաններին, Քարվաճառում կառուցւում է քսաներեք տուն: Բայց քանի որ արդէն ձմեռ էր, վերաբնակեցման հարցը, միեւնոյնն է, մնում էր չափազանց դժուար լուծելի: Առաջին վերաբնակիչները մի քանի գաղթականներ էին Շամխորից, Գետաշէնից:
Չնայած լոյս չի եղել, ջուր չի եղել, բայց քաղաքապետը ոգեւորում էր բոլորին ու յոյս տալիս, թէ լոյս էլ կը լինի, ջուր էլ կը լինի:
«Այդ ժամանակ մի ծրագիր կար, որը ես աւելի ճոխացրած էի պատմում նրանց: Գիտէի, որ ջրատար մեքենաներ պիտի բերուեն, լոյսի համար ելեկտրածին շարժակ դրուի, եւ ես նոր եկողներին ասում էի, որ լոյս կը լինի, ջուր կը լինի, չնայած ես գիտէի, որ լոյս տալու ենք լաւագոյն դէպքում երեկոյեան ժամերին: Բայց դէ ճար չունէի, մարդիկ պիտի գային, որ տարածքը շնչէր»:
Սկզբնական շրջանում եկել են հիմնականում Սեւանի աւազանի գիւղերից:
«Այդ ժամանակ հիմնականում գալիս էին մարդիկ, ովքեր ընկերային խնդիրներ ունէին: Չնայած Սեւանի աւազանն այդքան էլ խիտ բնակեցուած չէ, եւ ես կը ցանկանայի, որ վերաբնակիչներ գային աւելի խիտ բնակեցուած տարածքներից, ասենք, Աբովեանից կամ Երեւանից, բայց այդ ժամանակ ուղղակի անհրաժեշտ էր սկսել, որպէսզի այս հողի վրայ մարդ ապրէր: Այդ պատճառով էլ ողջունում էինք թէկուզ Ճամբարակից եկածներին, չնայած որ Ճամբարակն էլ է սահմանամերձ գօտի»:
Հէնց 1999 թուականի ընթացքում քաղաքն ստացել է խոստացուած ջրատար մեքենան, եւ դա գործը բաւականին հեշտացրեց: Ջուրն առատօրէն բաժանւում էր բնակչութեանը: Ջրի հարցը կամաց-կամաց կարգաւորուեց: Նոյն ժամանակահատուածում սկսուեց նաեւ լոյսի ներքին ցանցը կառուցուել: Դրուեց տիզել ելեկտրածին շարժակը, եւ երեկոյեան, մութն ընկնելիս լոյսը միացւում էր: Վառելիքը բաւականացնում էր միայն երեկոներն ելեկտրականութիւնը միացնելուն: Այնուհետեւ կառուցւում է ջրագիծը` օգտագործելով եղած հին ջրագծերը: 1999-ին ջուրը քաղաք մտաւ: Ջրի առկայութիւնն աւելի է ոգեւորում ժողովրդին: Եւ նոյն թուականին մարդկանց հոսքը դէպի Քարվաճառ աշխուժանում է:
Մարդիկ էին գալիս արդէն Գիւմրիից, անգամ` Երեւանից: Այդ ժամանակ արդէն մարդկանց համար ամենադժուար խնդիրը աշխատատեղ ստեղծելն էր: Որոշ երիտասարդներ գնդում էին ծառայում:
Քաղաքի ղեկավարութիւնը գիտէր, որ որոշ հիմնարկներ պիտի աշխատէին, օրինակ` ելեկտրոցանցը, հիւանդանոցը, դպրոցը: Մանկավարժների կարիք կար:
«Չնայած 1999-ին դեռ դպրոց չկար, բայց մենք չթողեցինք, որ վերաբնակուող ընտանիքի երեխան տարին կորցնի: Այդ ժամանակ տարածքում մասնագէտ չկար: Ես վերցրի պատմութիւն, հայոց լեզու առարկաները, իսկ բնագիտական առարկաները վերցրեց մի տնտեսագէտ տղայ, եւ երկուսով տեղի ընտանիքների մի քանի երեխաներին ծանօթացրինք իրենց դասարանների գիտելիքների հետ: Գիտէինք, որ յաջորդ տարի դպրոց է գործելու: Յունուարից յետոյ եկածները, որ մի կիսամեակը սովորել էին նախկին բնակավայրում, տարի չկորցրին: Չնայած մենք չէինք կարող մասնագիտական այն գիտելիքները հաղորդել, ինչ որ պէտք էր, բայց ամէն դէպքում հնարաւոր եղաւ ինչ-որ չափով դասեր անցկացնել եւ նրանց տեղափոխել յաջորդ դասարան: 99-ի ընթացքում դպրոցի շէնքը կառուցուեց, որն այժմեան հիւանդանոցն է», պատմում է պարոն Գրիգորեանը:
Հէնց նոյն տարում ԼՂՀ կառավարութիւնը որոշում է տարածքին տալ շրջանի կարգավիճակ եւ անուանել այն Նոր Շահումեան: Տեղի ղեկավարութիւնը դէմ է լինում ընտրուած «Նոր Շահումեան» անուանմանը:
«Ես այդ ժամանակ պատրաստեցի մի նամակ` ուղղուած ԼՂՀ նախագահին եւ ԼՂՀ վարչապետին` փորձելով կանխել այդ սխալը: Նամակում ես գրել էի, որ մենք ունեցել ենք պատմական Քարվաճառի շրջան, որը միջնադարից կրթական կենտրոն է եղել: Նաեւ շրջանն անուանելով Նոր Շահումեան, մենք գերեզմանաքար էինք դնում Շահումեանի շրջանի վրայ: Ես նամակի մէջ մի քանի տարի էի խնդրել` պատճառաբանելով, որ եթէ տարածքն անուանուի Նոր Շահումեան, այլ տարածքից եկող մարդն իրեն այստեղ բարդոյթաւորուած կը զգայ, կողմնակի մարդ կը զգայ, քանի որ շահումեանցին պիտի լինի հիմնական բնակիչը: Ես խնդրել էի գոնէ յետաձգել անուան նշանակումը նոր եկող մարդկանց համար, բայց իրականում յոյս ունէի, որ իրենք էլ կը հասկանան, որ որոշումը սխալ է: Սակայն ինչ-ինչ պատճառներով նամակը տեղ չէր հասել: 2000 թուականին հրաւիրուեցինք վարչապետի մօտ, այն ժամանակ Անուշաւան Դանիէլեանն էր, եւ երբ քննարկուեց անուան հարցը, Ամիրխանեանն ասաց պարոն վարչապետ, դուք նամակ չէ՞ք ստացել: Նա զարմացաւ ու ասաց, որ ոչ մի նամակ չի ստացել: Եւ ամէն ինչ արդէն որոշուած էր»:
Ինչեւէ, շրջանն արդէն ստեղծուած էր, անուանումը, թէկուզ ոչ ճիշդ, բայց արդէն` ընտրուած: Ընտանիքներ էին տեղափոխուել այստեղ ապրելու, կեանքն ազատագրուած հողում կամաց հունի մէջ էր մտնում, եւ շատ աշխատանք կար անելու:
«Սկսեցինք փոքր-ինչ բարեկարգել գլխաւոր փողոցը, որ երեխաները դպրոց գնային մի քիչ մաքուր փողոցով, ոչ թէ աւերակների միջով: Բնակիչները վարձատրւում էին իրենց փողոցները մաքրելու համար: Միգուցէ պետութեան տրամադրած գումարը կարելի էր այլ բաների համար օգտագործել, բայց մենք որոշեցինք, որ այդպէս ժողովրդի մէջ հաւատ կ՛առաջանայ դէպի կեանքը, դէպի վերաբնակեցումը, կը հասկանան, որ իրենք կարողանում են նաեւ փող աշխատել: Մեքենաներ բերուեցին, մարդիկ աշխատեցին, եւ կենտրոնական փողոցը մի քիչ տեսքի եկաւ, մաքրուեց»:
Վերաբնակեցման առաջին տարիներին Քարվաճառին մեծ օգնութիւն է ցուցաբերել ամերիկահայ բարերար Նազարէթ Պէրպէրեանը: Նա շատ յաճախ բեռնատարներով մարդասիրական օգնութիւն էր ուղարկում Քարվաճառ, եւ բնակիչների համար դա իսկապէս կարեւոր աջակցութիւն էր:
«Նազարէթը մի օր առաջարկեց, որ ցանկանում է իր գորգագործական գործարանի մասնաճիւղը բացել Քարվաճառում: Նա Միացեալ Նահանգներում դրանով էր զբաղւում: Մի շէնք ընտրեցինք, նա բերեց անհրաժեշտ սարքաւորումները: 2000 թուականից գործարանն սկսեց աշխատել, 17 կին էին աշխատում աշակերտի կարգավիճակով: Նրանք արտադրանք չէին տալիս, բայց սովորում էին եւ դրա համար վարձատրւում էին: Սակայն այս ամէնը տեւեց ընդամէնը մի քանի ամիս. գործարանը փակուեց: Քանի որ ես փաստեր չունեմ, թէ ինչո՛ւ փակուեց գորգագործականը, ես ոչինչ ասել չեմ կարող: Մի օր էլի բեռնատարներ եկան, մարդիկ էլի ուրախացան, որ օգնութիւն է եկել, սակայն այս անգամ բեռնատարները դատարկ էին, եկել էին տանելու դազգահները»:
Վերաբնակեցման սկզբնական շրջանում տարեկան մօտաւորապէս 15-20 տուն էր կառուցւում, եւ սա խթան էր, որպէսզի մարդիկ տեղափոխուեն այստեղ ապրելու: Ինչպէս յիշում է նախկին քաղաքապետը, առաջին տարիներին մարդիկ տարածքին նայում էին որպէս մի վայրի, որտեղ իրենց բախտն էին փորձում, կա՛մ կը ստացուէր, կա՛մ յետ կը վերադառնային: Որոշ ընտանիքներ չկարողացան դիմանալ, եւ դա էլ բնական էր:
«Տարիների ընթացքում լուծւում էր աշխատատեղերի խնդիրը: Դպրոցը գործում էր, հիւանդանոցը կար, վարչակազմ, քաղաքապետարան կար, մարդիկ աշխատում էին: Քարվաճառում դպրոցն աւարտածները համալսարան աւարտեցին, վերադարձան Քարվաճառ, սկսեցին այստեղ աշխատել: Քաղաքի լուսաւորութեան հարցը լուծուեց: Աստիճանաբար կապ հաստատուեց Վարդենիսի հետ, Ստեփանակերտի հետ, երթուղային կար նաեւ դէպի Երեւան»:
Տեղում ծնուած կամ փոքր տարիքում այստեղ տեղափոխուած երեխաները մեծացան ու այստեղ քարվաճառցիներ ծնուեցին, մարդիկ հողում ամրացան, այս տարածքը կրկին հայի ծննդավայր է, մարդիկ այստեղ մանկութիւն ու պատանեկութիւն են ապրել…
«Ես չէի ցանկանայ, որ երեխան մեծանայ եւ տուն չունենալու պատճառով յանկարծ թողնի, հեռանայ Քարվաճառից: Դա շատ ցաւալի կը լինի, բայց եթէ երիտասարդը տեղ չունենայ ապրելու, հնարաւոր է, որ նաեւ հեռանայ: Թէկուզ մէկ նորաստեղծ ընտանիքի դուրս գալը տարածքից շատ մեծ կորուստ է: Էլ չեմ ասում, որ կան ցանկացողներ, նրանք էլ տներով պիտի ապահովուեն: Չնայած ես դեռեւս չեմ ընկալում, թէ ինչո՛ւ է բնակարանաշինութիւնն այժմ դադարեցուած, սակայն գոնէ նուազագոյն քանակութեամբ բնակարանաշինութիւն պիտի իրականացուի: Եթէ մենք տէր ենք էս հողին, ամէն ինչին տէր պիտի կանգնենք:
«Մեր վերահսկողութեան տակ շատ կարեւոր տարածք է: Քարվաճառն անգնահատելի բնական հարստութիւններ ունի թէ՛ գիւղատնտեսութեան զարգացման համար, թէ՛ կարելի է բնապահպանական կանոնները պահպանելով օգտագործել ընդերքը: Քարվաճառը կարող է նաեւ զբօսաշրջութեան հիանալի կենտրոն դառնալ. այստեղ բազմաթիւ յուշարձաններ կան, հիանալի բնութիւն, զբօսաշրջիկների համար լաւագոյնս հանգստանալու պայմանների նախադրեալներ կան:
«Կարծում եմ, որ լաւատեսութիւնը միշտ պիտի պահպանել, ու յիշենք, որ այս տարածքի նման տարածք աշխարհում չկայ», լաւատեսօրէն ամփոփեց Քարվաճառի հիմնադիր քաղաքապետը:
Times.am

