Խմբագրական «Դրօշակ»-ի. Բանակցութիւնների Տրամաբանութիւնը

Այս օրերին, Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում են աշխուժ բանակցութիւններ: Գաղտնիք չէ, որ բանակցութիւնների նիւթը գալիք նախագահական ընտրութիւններն են` մասնաւորապէս նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու խնդիրը: Շատերը թերահաւատ են նշուած նպատակի իրագործելիութեան հարցում եւ պէտք է ընդունել, որ նման տեսակէտը զուրկ չէ հիմքից: Նկատի ունենանք, որ բանակցութիւններում ներգրաւուած բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները, նրանց հետ իրեն իշխանութեանն այլընտրանք համարող Բարգաւաճ Հայաստանը, հէնց սեփական կուսակցութեան ներկայացուցիչներին են տեսնում միասնական թեկնածուի դերում: Բանակցութիւնների մասնակից ժառանգութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանն էլ արդէն իսկ յայտարարել է առաջադրուելու որոշման մասին:

Այս դէպքում անձի ընտրութեան հնարաւորութիւնից ոչ պակաս էական խոչընդոտ են դիտւում գործընթացի մասնակից ուժերի գաղափարա-քաղաքական տարբերութիւնները, ինչպէս եւ այն փոխյարաբերութիւնների պատմութիւնը, որ որպէս բարոյա-հոգեբանական անջրպետ գոյութիւն ունի նրանց միջեւ:

Միասնական թեկնածուի ճշգրտման գործընթացների նկատմամբ բաւականին տաք զգայնութիւն են ցոյց տալիս իշխող Հանրապետական կուսակցութիւնը, ինչպէս եւ վերջինիս տուտուկը փչող լրատուամիջոցներն ու տնաբոյծ վերլուծաբանները: Որակումներից չխորշելով փորձ է արւում սեւացնել տեղի ունեցողը, գործընթացների ստուերում փնտռելով հազար ու մի պատճառ ու դրդապատճառ: Ակնյայտօրէն շահագրգիռ ուժի համար ցանկալի է, որ գալիք ընտրութիւնը ընտրութեան չնմանուի, որ ժողովուրդը մօտենայ դրան այլընտրանքներ չտեսնող դատապարտուածի հոգեբանութեամբ: Յանուն ճշմարտութեան պէտք է խոստովանել նաեւ, որ վերջին խորհրդարանական ընտրութիւններից յետոյ շատերն սկսեցին մտածել, թէ արդեօ՞ք նման ընտրութիւնների պարագայում միասնական կամ ոչ միասնական թեկնածուներն առհասարակ ունեն իշխանական ուժի հետ արդար մրցակցութեան հնարաւորութիւն:

Անդրադառնանք, սակայն ինչ իրավիճակ էր մինչ այս եւ ինչպէս էր Հայաստանը գնում նախագահական ընտրութիւնների: Գործող եւ հիմնական թեկնածու Սերժ Սարգսեանի դիմաց կարող էին յայտնուել քաղաքական դաշտը բաժան-բաժան արած մէկ տասնեակի չափ կամ դրանից աւելի թեկնածուներ, որոնք աւելի շուտ միմեանց դէմ էին պայքարելու փոշիացնելով ընդդիմադիր ընտրազանգուածի ձայները: Անձնաւորուած այս պայքարը շիկացնելու էր մթնոլորտը` կանխորոշելով նոյն դաշտում պայքարող ընդդիմադիրների ջախջախիչ պարտութիւնը եւ էլ աւելի խորացնելով ժողովրդի հիասթափութիւնն ու անտարբերութիւնը: Ի դէպ արձանագրենք, որ այս հեռանկարը չի կորցրել կենսունակութիւնը:

Նախընտրական շրջանում, քաղաքական ուժերի միջեւ նախաձեռնուած երկխօսութիւնը առաջին հերթին փոխում է այս կացութիւնը, ձեւաւորելով միանգամայն այլ որակի ընտրապայքար:

Անդրադառնանք այն մեղադրանքին, թէ իրարից գաղափարական եւ այլ առումներով տարբեր կուսակցութիւնների համագործակցութեան փորձերը անհասկանալի են եւ ինքնանպատակ:

Իրապէս էլ այդպէս կը լինէր, եթէ կուսակցութիւնները հաւաքուէին իրար գլխի եւ փորձէին համոզել մէկ-մէկու, թէ ում թեկնածուն է ամենալաւը: Նման առեւտուրը իսկապէս կ՛արժեզրկէր ընտրութիւնների քաղաքական բովանդակութիւնը: Միանգամայն տարբեր է իրավիճակը, երբ սեղանին դրւում են Բարգաւաճ Հայաստանի երկու եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան եօթը առաջարկները ու փորձ է արւում դիմացինների հետ ճշդել ինչն է ընդունելի եւ ընդհանուր միմեանց համար: Թէ ինչն է տարբեր եւ ինչն է զատում քաղաքական ուժերին միմեանցից անցած աւելի քան քսան տարիներին խօսուել է որքան ասես, բայց եթէ զգացւում է երկխօսութեան ու փոխգործակցութեան անհրաժեշտութիւնը, բնական է ի հարկէ ճշդել այն սկզբունքները, որոնք ընդհանուր են: Այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ է որդեգրել, եթէ ի հարկէ նշեալ ուժերը իրապէս ձգտում են արմատական բարեփոխումներ իրականացնել այս երկրում: Նկատենք, որ երբ դրւում են յստակ ու կարճաժամկէտ լուծելիք խնդիրներ, ապա գաղափարական եւ այլ տարբերութիւնները պարտադիր չէ, որ խոչընդոտող դեր խաղան: Մենք այս երեւոյթի մէկ այլ ձեւաչափի վկան ենք քաղաքական ուժերի խորհրդարանական գործունէութեան օրինակով:

Ինչպէս գիտենք ամէն նստաշրջանի, խորհրդարանների քննարկման են ներկայացւում երբեմն մի քանի տասնեակ ամենատարբեր հարցեր: Այդ խնդիրները շատ յստակ են եւ ընդգրկում են իրականութեան բոլոր ոլորտները` հարկայինից ու մաքսայինից սկսած մինչեւ երկաթուղին, առողջապահութիւնը, կամ ասենք հանրային ինքնաշարժի կայանատեղիները: Հարցից-հարց տարբեր քաղաքական ուժեր, անկախ նրանից ընդդիմութիւն են, թէ իշխանութիւն, կարող են հակառակուել իրար կամ միասին պաշտպանել ու հետապնդել ինչ-ինչ լուծումներ, շտկումներ, բարեփոխումներ եւ այլն: Իւրաքանչիւր նման դէպքում անհեթեթ է պատուէր կատարող լրագրողների նման, ընկնել բացայայտումների ետեւից, թէ ով ում հետ համագործակցեց, ով ում չմիացաւ եւ այլն:

Նախագահական ընտրութիւնների շուրջ այսօրուայ բանակցող հիմնական ուժերը խորհրդարանում արդէն իսկ աշխատում են նոյն սկզբունքով: Եթէ ուսումնասիրենք ներկայ բանակցութիւնների սեղանին դրուած առաջարկները կը նկատենք, որ դրանք նոյնպէս յստակ եւ մի շարք հիմնական հարցերի դէպքում ենթադրում են լուծումներ` որոշակի ոչ երկար ժամանակահատուածում: Այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են կառավարման համակարգի փոփոխութիւնը, անցումը 100 տոկոսանոց ընտրակարգի, ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջեւ, բնաւ չեն պարտադրում գաղափարական ընդհանրութիւններ ունենալ կամ միանման ծրագրեր:

Պէտք է ողջունելի համարել ներկայ բանակցութիւնների երեւոյթը թէկուզ այն բանի համար, որ վերջինս մեղմում է ընտրապայքարի հնարաւոր լարուածութիւնը եւ հասարակութեան համար տհաճ քաղաքական առեւտրի մթնոլորտը փոխարինում է ծրագրերի քննարկմամբ, ստեղծելով երկրի առջեւ ծառացած առաջնահերթ մարտահրաւէրների շուրջ խօսակցութիւնների առիթ: Ի դէպ նկատենք, որ արդէն իսկ քաղաքական որոշ ուժեր, որոնց օրակարգերում նախկինում չէին եղել նման հարցեր, հակուած են քննարկումների եւ թէկուզ վերապահումներով ընդունում են մի շարք առաջ քաշուած պահանջներ: Այդ ուղղութեամբ վերջին շրջանում տեղաշարժ է նկատւում նաեւ իշխանական ճամբարում:

Ինչպէս յայտնում են ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչները, եզրափակելով բանակցութիւնների նախնական փուլը, ներկայումս նրանք պատրաստւում են ընդլայնել քննարկումների ձեւաչափը: Նպատակն է դրանցում ներգրաւել ոչ միայն արտախորհրդարանական ուժերին, այլեւ հասարակական հատուածին: Այս դէպքում երկրի համար կարեւորագոյն հիմնահարցերի քննարկումը դուրս կը բերուի քաղաքական շրջանակից եւ կ՛ունենայ հանրային ընդգրկում: Սա իր հերթին հնարաւորութիւն է հիասթափուած ու անտարբեր զանգուածներին մղելու աշխուժ կեցուածքի եւ մասնակից բոլոր կողմերին պարտադրելու ընտրական գործընթացը դուրս բերել ետնավարագոյրների ետեւից եւ տալ նրանց քաղաքական ուղղուածութիւն: Կը յաջողուի՞ արդեօք հասնել նախանշուած նպատակների իրագործմանը: Հնարաւոր է այո, բայց հնարաւոր է նաե՛ւ ոչ: Ամէն պարագայի, չյաջողելու կասկածներից դրդուած, եթէ իւրաքանչիւր ոք խուսափի քայլ անելուց, ապա քաղաքական կեանքը ընդհանրապէս կը մեռնի: Սկսուած նախաձեռնումների այս փուլում զգալի է նաեւ հասարակական հետաքրքրութեան աճը եւ միւս կողմից ակնյայտ է դառնում, թէ իրականում ով ինչ շահագրգռութիւններ ունի եւ ինչ վերջնական նպատակներ է հետապնդում:

Շարունակենք հետեւել իրադարձութիւնների ընթացքին, համոզուած լինելով, որ այն ունի իր տրամաբանութիւնը եւ արդարացնում է սեփական գոյութիւնը:

 

26 նոյեմբեր, 2012

Share this Article
CATEGORIES