Հայ-Վրացական Եկեղեցական Մարտերի Նոր Փուլը
Times.am
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմը ֆինանսաւորում է խնդրում պետութեան տրամադրած ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցու, այլեւ կրօնական փոքրամասնութիւնների պիւտճէից: Այս նախաձեռնութիւնը նոր կառավութեան հետ միջկրօնական խմբի հանդիպման ժամանակ հնչեցուել է թեմի առաջնորդի խորհրդական Լեւոն Իսախանեանի կողմից, ով ղեկավարում է իրաւական մասնաճիւղը:
Ինչպէս հաղորդում է վրացական «Ափսի» լրատուական գործակալութիւնը, հանդիպմանը ներկայ էին իրաւաբան Թէա Ցուլուկիանին, Վրաստանի վերահամարկման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարէիշուիլին, մարդու իրաւունքների հարցով խորհրդարանական կոմիտէի ներկայացուցիչ Էկա Պեսելիան եւ պատգամաւոր Զախարիա Քուցնաշուիլին:
«Վրաստանի ուղղափառ եկեղեցին միջոցներ է ստանում պետական պիւտճէից: Մենք դա ողջունում ենք, սակայն ցանկանում ենք առաջարկել եկեղեցում ֆինանսաւորման մէկ այլ ձեւ, որպէսզի միւս կրօնական միաւորումները նիւթապէս ֆինանսաւորուէին պիւտճէից, որ կարողանային լուծել այնպիսի հարցեր, ինչպէս` մշակութային միջոցառումների անցկացում, վանքերի վերանորոգում եւ այլն: Այդպիսով կ՛արմատահանուէր խտրականութիւնը», յայտարարել է Իսախանեանը:
Նրա կարծիքով, միւս թեմերի ֆինանսաւորումը պէտք է իրականացուի համեմատական սկզբունքով, մասնաւորապէս` հետեւորդների քանակով:
«Օրինակ, եթէ հայոց թեմի հետեւորդները կազմում են հարկատուների 5%-ը, այն պէտք է ֆինանսաւորուի վրացական եկեղեցուն տրամադրուող գումարի 5%-ի չափով»,- յայտարարել է Իսախանեանը:
Իսախանեանի այս առաջարկին արձագանգել է վրաց պատրիարքութեան արտաքին կապերի բաժնի ղեկավար, Գերասիմը` նշելով, որ տրամադրուած միջոցները տրամադրւում են միայն կրթական համակարգի ֆինանսաւորմանը, մասնաւորապէս` սեմինարիաներին, ակադեմիային եւ գիմնազիաներին, իսկ վանքերի վերանորոգմանն այդ գումարները չեն տրամադրւում:
Նա նաեւ ընդգծել է, որ վրաց ուղղափառ թեմը պէտք է ունենայ այլ երկրներում, այդ թւում եւ` Հայաստանում նոյն իրաւական կարգավիճակը, ինչ ունի Հայոց եկեղեցին Վրաստանում, եւ անհրաժեշտ է վերականգնել աղօթքը Հայաստանի տարածքում գտնուող վրացական եկեղեցիներում:
Միաժամանակ Գերասիմը խնդրանքով դիմել է Հայաստանեայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին հանդէս գալ յայտարարութեամբ` հերքելու համար այն տեղեկատուութիւնը, ըստ որի` Վարծիեան, Ջաւարին եւ այլն հանդիսանում են հայկական մշակութային ժառանգութեան յուշարձաններ:
Հայոց թեմի ներկայացուցիչները իրենց հերթին պարզաբանել են, որ իրենք Վրաստանում պահանջներ ունեն ոչ թէ 600 եկեղեցիների համար, ինչը յաճախ է նշւում, այլ 6.5, որոնք գնտւում են Թիֆլիսում:

