Մամուլի Հաղորդագրութիւն. Երեւանում Գումարուեց ՀՅԴ Միջմարմնական Խորհրդաժողովը

Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց ՀՅԴ կազմակերպական կառոյցների միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կեդրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից:

Ժողովի ընթացքում ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը` տարբեր բնագաւառներում:

Օրակարգի գլխաւոր հարցերից էր սուրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների համար քաղաքական-յարաբերական եւ ֆինանսական աջակցութեան աշխատանքների ընթացքը: Ժողովը շեշտեց, որ պէտք է պատրաստ լինել հայրենիքում եւ սփիւռքում բոլոր ուղղութիւններով աշխատանքները շարունակելու եւ նրանց թափը պահելու` հաշուի առնելով, որ սուրիական տագնապը կարող է արագ լուծման հեռանկար չունենայ: Ժողովը նաեւ շեշտեց, որ բազմակողմանի աջակցութիւնը հիմնականում ուղղուած պիտի լինի Սուրիայում հայ համայնքի կարիքներին, ինչպէս նաեւ` Հայաստան տեղափոխուածներին:

ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի օրակարգի մնացեալ հարցերը վերաբերւում էին Հայաստանում ընկերային եւ տնտեսական մի շարք խնդիրների լուծման ուղղութեամբ կուսակցութեան ծրագրերին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, Արցախի վերաբնակեցմանը վերաբերող նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքներին:

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովից յետոյ, սա ՀՅԴ երկրորդ միջմարմնական խորհրդաժողովն էր. առաջինը գումարուել է 2011 թուականի դեկտեմբերին, Պէյրութում:

ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի նախորդող եւ յաջորդող օրերին, ՀՅԴ Բիւրոն գումարեց լիագումար նիստ, որտեղ քննարկուեցին միջմարմնական ժողովում արծարծուած հարցերը եւ Բիւրոյի օրակարգի այլ հարցեր:

 

ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES