Սիրիահայը Ապրել Է Որպէս Պարկեշտ Քաղաքացի
Օգտուելով Հայաստանում գտնուելու առիթից` «Երկիր»-ը հարցազրոյց անցկացրեց Սիրիայի Բերիոյ թեմի Ազգային իշխանութեան ներկայացուցիչ Կարօ Եուզպաշեանի հետ: Ստորեւ ներկայացւում է հարցազրոյցը:
Արդէն բաւական ժամանակ ձգւում է Սիրիայի տագնապը: Ինչպիսի՞ն է համայնքի կացութիւնը` հոգեբանական, տնտեսական, արտագաղթի եւ այլ առումներով:
Հայ համայնքը համեմատաբար կայուն վիճակի մէջ է` հակառակ տնտեսական եւ այլ տագնապալի իրավիճակներին: Կան աշխատանքի դժուարութիւններ, որոնց պատճառով անհատական բնոյթի գաղթի երեւոյթներ են տեղի ունենում:
Այս դժուարին կացութեան մէջ ազգային կառոյցները կարողանո՞ւմ են դիմագրաւել նոր մարտահրաւէրները, լուծել համայնքի առօրեայ խնդիրները:
Ազգային կառոյցները իրավիճակից բխող որոշ նոր կազմակերպական ձեւաւորումով պատնէշի վրայ են եւ յաջողութեամբ կատարում են իրենց ազգային պարտականութիւնը` հասնելով ժողովրդի բազմազան կարիքների բաւարարմանը:
Այս փորձութեան պահին սիրիահայութիւնը զգո՞ւմ է ողջ հայութեան ուշադրութիւնը: Ի՞նչ ակնկալիքներ կան աշխարհասփիւռ հայութիւնից եւ մասնաւորապէս Հայաստանի պետութիւնից:
Նկատելի են ողջ հայութեան օրէ օր աւելացող նախաձեռնութիւնները: Ի մասնաւորի` բարոյական եւ նիւթական զօրակցութիւնը: Այս բոլորի կողքին Հայաստանի Հանրապետութիւնը յատուկ ուշադրութիւն է ցուցաբերում, Հայաստանում գտնուող սիրիահայ քաղաքացիների նկատմամբ` ստեղծելով նրանց համար բազմապիսի դիւրութիւններ` կեցութեան, առողջապահութեան, կրթութեան, աշխատանքի հնարաւորութիւնների եւ այլ հարցերում:
Իսկ ինչպէ՞ս է իրականացւում օգնութիւնների բաշխումը: Նախ, որտե՞ղ են կուտակւում օգնութիւնները, ովքե՞ր են տնօրինում եւ ի՞նչ սկզբունքով են բաշխում: Այս գործընթացում առաջանո՞ւմ են բարդութիւններ ու դժգոհութիւններ, թէ այդպիսի խնդիրներ չկան:
Ազգային իշխանութիւնների նախաձեռնութեամբ կազմուեց Սիրիահայութեան շտապ օգնութեան կենտրոնական մարմինը` իր գործադիր ենթայանձնախմբերով: Հալէպի թէ շրջանի մէջ իրականացւում է առաքուած օգնութեան բաշխումը: Յաղթահարելով դժուարութիւնները` այս գործընթացը օր օրի կատարելագործւում է: Յիշեմ, որ Հայաստանում ստեղծուած «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութեան կողմից, ինչպէս եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու գործարար շրջանակների օժանդակութեամբ, երեք հանգրուանով, ստացել ենք աւելի քան 30 թոն բեռ` բաղկացած հիմնականում սննդամթերքից եւ դեղորայքից: Այս բեռն արդէն բաժանել ենք Սիրիայի հայ եւ ոչ հայ քաղաքացիների: Երեւոյթն արժանացել է համապատասխան գնահատանքի:
Խօսակցութիւններ կան, թէ օգնութիւնը ժամանակին տեղ չի հասնում:
Սփիւռքահայ տարբեր գաղթօճախներից հասնող դրամական օժանդակութիւնները կուտակւում են Կիլիկիոյ կաթողիկոսութեան մէկ յատուկ հաշուեհամարին: Դրանք մեր պահանջով եւ կարիքներից թելադրուած, յստակ ժամանակացոյցով փոխանցւում են մեզ` օգտագործման համար: Բնականաբար յարմար ժամանակ Բերիոյ թեմի ազգային իշխանութիւնը այս ամէնի վերաբերեալ կը ներկայանայ ամբողջական հաշուետուութեամբ:
Ներկայումս Սիրիան վերածուել է հակամարտող հոսանքների բախման դաշտի: Այս պայքարի մէջ հայութիւնը ինչպէ՞ս է կարողանում խուսափել ջրապտոյտի մէջ յայտնուելուց: Ինչպէ՞ս է կարողանում խուսափել իր դէմ ուղղուած այս կամ այն կողմի թշնամանքից:
Սիրիայում սիրիահայութիւնը ճանաչուել եւ ապրել է որպէս պարկեշտ քաղաքացի, մասնակցել է երկրի բարգաւաճման աշխատանքներին եւ այսօր, որպէս Սիրիայի քաղաքացի, դէմ է եղբայրասպան կռիւներին, երկրի պառակտմանը, կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանը եւ խաղաղ միջոցներով տարակարծութեան լուծմանը:

