«Գտայ Իմ Տիկնիկը` Մի Քանի Տեղից Թրատուած…». Եղեռնի Ականատեսի Պատմածը
ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ
«Մենք ոչ թէ ունեցուածք ենք կորցրել, այլ` հայրենիք», ասում է Ցեղասպանութիւնը վերապրած եւ հարիւրամեակը բոլորած նկարչուհին` Հեղինէ Աբրահամեանը:
Կարսի Առաքելոց վանքի քահանայի թոռնուհին` նկարչուհի Հեղինէ Աբրահամեանը ծնուել է 1909 թուին, Կարսում: Նա պատմում է, որ երկու անգամ ականատես է եղել հայերի բռնի տեղահանմանն ու աքսորին եւ երկու անգամ էլ բախտի բերմամբ է կենդանի մնացել: «Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն Արտահանից տեղահանուեց, սակայն ես դա գրեթէ չեմ յիշում: Միայն յիշում եմ, որ հայրս մեզ տարաւ Երեւան: Նա ցարական բանակի զինուորական էր, եւ նրան նշանակել էին զինուորական մատակարար Երեւանում: Սակայն 1918 թ. մայրս մահացաւ, եւ մօրաքոյրներս ինձ ու եղբօրս տարան Կարս: Այդ ժամանակ Կարսը ռուսների ենթակայութեան տակ էր»:
Հեղինէն ընդունւում է Կարսի օրիորդաց վարժարան: 1920 թ. վերջերին Կարսը կրկին յարձակման է ենթարկւում եւ գրաււում թուրքերի կողմից: Նա պատմում է, որ թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը, բայց քանի որ Հեղինէի հայրը զինուորական էր, նրանց թոյլ են տալիս իրերը հաւաքել եւ հեռանալ: «Հօրաքոյրս գնացել էր կայարան` իրերը դասաւորելու,- յիշում է տիկին Հեղինէն,- մէկ էլ տեսնենք` շփոթուած ու տարակուսած հետ վերադարձաւ. թուրքերը գրաւել էին կայարանը, եւ գնացքը մեկնել էր` մեր իրերն էլ մէջը: Արտահանից յետոյ երկրորդ անգամ էինք մեր ունեցուածքը կորցնում: Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, նա զօրամասում էր: Յիշում եմ` հօրաքոյրներս մի կառք գտան, նստեցինք եւ շտապեցինք դէպի ձորի ճանապարհը, որտեղով էլ պիտի փախչէինք»:
Ծեր կնոջ աչքերը փոքրանում են, դէմքը ձգւում է, զգում եմ, որ յիշողութիւնները խեղդում են նրան, սակայն նա ուզում է շարունակել, աշխարհին պատմել այն, ինչ ինը տարեկան հասակում տեսել է այդ դժոխային ճանապարհին: «Երբ հասանք ձոր, մեր առջեւ մի սարսափելի տեսարան բացուեց. մարդիկ խուճապահար փախչում էին, մի մասը` ոտքով, միւս մասը` սայլերով, ձիերով, կանայք` երեխաները շալակներին… Որքան առաջ էինք գնում, այնքան բազմութիւնը մեծանում էր: Ամէն կողմից մարդիկ էին գալիս: Քիչ անց, ձորն այնքան լցուեց մարդկանցով, որ առաջ գնալն անհնարին դարձաւ: Մեր կառքը նոյնպէս կանգ առաւ: Եւ այդ ժամանակ էր, որ թուրքերը մարդկանց կոտորելու յարմար պահ գտան: Թուրք զինուորները բարձրացել էին ձորի բարձունքները եւ այնտեղից կրակում էին անօգնական ու սարսափած մարդկանց վրայ»:
Այդ ժամանակ փոքրիկ Հեղինէի աչքի առջեւ մի երիտասարդ տղայ է սպաննւում: Նա ուշաթափւում է: Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ կառքը դատարկ է, իսկ հարազատները չկան, կառքի տակ մի քիւրտ կին է պատսպարուած` երեխան գրկին, իսկ կողքին ընկած է հօրեղբօր չորսամեայ աղջիկը` Ցօղիկը` ոտքը փշրուած: Նա, արնաքամ լինելով, մահանում է իր աչքի առջեւ: Քիւրտ կինը վերցնում է Հեղինէին, եւ նրանք շարունակում են ճանապարհը: «Ես մինչեւ այսօր չեմ կարողանում հասկանալ, թէ ինչպէս էին մօրաքոյրներս ինձ թողել ու փախել,- ասում է նա,- ճիշդ է, որ այն ժամանակուայ համար ասում էին` մերը մանուկին մոռացաւ, որ փրկուի»:
Քիւրտ կնոջ հետ հասնում են ձորի կամրջին, որը տեղացիները Մազէ կամուրջ էին անուանում: «Շատ նեղ, ճօճուող կամուրջ էր, մի հոգի հազիւ կարող էր վրայով անցնել,- պատմում է տիկին Հեղինէն,- բազմութիւնը պէտք էր այդ կամրջով անցնէր: Դիմացից թուրքերը կրակում էին, յետ գնալ հնարաւոր չէր: Սպաննուածները ջուրն էին ընկնում, գետն արիւնից կարմրել էր»:
Հեղինէ Աբրահամեանը յիշում է, որ իր առջեւով մի ծեր մարդ էր գնում ու յանկարծ ուժասպառ ընկնում է: Թէ ինչպէս է ինքն անցնում կամուրջը, չի յիշում: Նա ամբոխի մէջ սկսում է փնտռել հարազատներին, բայց ապարդիւն: «Յանկարծ ոտքերիս տակ հողը ցրիւ եկաւ,- շարունակում է նա,- սկսեցին կրակել: Մի մարդ արագ մօտեցաւ ինձ եւ իր շինելի մէջ փաթաթած` սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարուածում էի նրան, որ ինձ բաց թողնի: Յետոյ գիտակցեցի, որ նա իմ փրկիչն էր: Հասնելով մի կիսաքանդ շինութեան մօտ` այդ մարդն ինձ կոտրուած ապակիների միջով ներս գցեց: Այնտեղ խումբ-խումբ մարդիկ էին հաւաքուած` մի մասը` վիրաւոր, մի մասը` պատառոտուած շորերով: Այնտեղ էլ մերոնց գտայ»:
Քիչ անց, երբ կրակոցները դադարում են, լուրեր են հասնում, թէ Կարսի ճանապարհը բաց է: Հեղինէն ու հարազատները վերադառնում են Կարս` դժոխային ձորում թողնելով հօրեղբօր աղջկայ ու տատի դիակները: «Մեր տունը դատարկ ու թալանուած գտանք,- պատմում է նա,- ես վազեցի իմ սենեակ եւ պատուհանի գոգին գտայ իմ տիկնիկը` մի քանի տեղից թրատուած: Մենք գնացինք Կարսի Առաքելոց եկեղեցի, որի քահանան պապս էր: Մի քանի օր այնտեղ մնալուց յետոյ մօրաքոյրներս, որ այդ ժամանակ աշխատում էին Կարսի ամերիկեան որբանոցում, ինձ ու եղբօրս տարան իրենց մօտ` որբանոց: Մինչեւ այսօր յիշում եմ այդ որբանոցը, սովահար երեխաներին, ովքեր մատները թրջում էին եւ սեղանի վրայից հաւաքում հացի փշրանքները: Յիշում եմ նաեւ, որ թուրքերը գալիս էին, դռները կոտրում եւ որբանոցից հայ աղջիկներին լացացնելով տանում: Այդ աղջիկներն այլեւս յետ չէին գալիս: Անգամ ասում էին, որ մի օր մի թուրք ապտակել է տնօրէնին, երբ վերջինս փորձել է արգելել որբ աղջիկներից մէկին տանել»:
Մինչեւ 1921 թ. նրանք մնում են Կարսում: Սակայն գարնանը որբերին դուրս են բերում քաղաքից: Երկու անգամ եղեռն տեսած Հեղինէն սարսափով է յիշում նաեւ որբերին տեղափոխող գնացքն ու Կարս-Գիւմրի ճանապարհը: «Մեզ անասունների պէս լցրել էին փակ վակոնների մէջ, որոնք կողպուած էին, Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չէ, սակայն այնպիսի տպաւորութիւն էր, որ գնում-գնում ենք, տեղ չենք հասնում: Յանկարծ իմացանք, որ վակոններում համաճարակ է բռնկուել: Հետագայում մօրաքոյրս պատմում է, որ երբ երեխաները մահանում էին, ստիպուած` դիակները վակոններից դուրս էին շպրտում»:
Հեղինէի հայրն այդ ժամանակ թուրքերի մօտ գերի է լինում, սակայն գերիների փոխանակման ժամանակ ազատւում է: Որոշ ժամանակ անց հայրը նրանց տեղափոխում է Երեւան, որտեղ էլ նա դպրոց է յաճախում եւ ուսում ստանում:
Եղեռնի Ճիրաններից Մինչեւ
Փեթերսպուրկի Գեղարուեստի Ակադեմիա
«Դեռեւս դպրոցական տարիներից իմ մէջ նկարչութեան սէր կար,- պատմում է Հեղինէ Աբրահամեանը,- ուստի, դպրոցն աւարտելուց յետոյ, ընդունուեցի Լենինկրատի գեղարուեստի ակադեմիա: Յիշում եմ, մի քանի ընկերուհիներով մի սենեակ էինք վարձել: Այդ տարիներին Լենինկրատում ահաւոր սառնամանիքներ էին` մինչեւ 40 աստիճան: Ցուրտ սենեակում նկարում էի, մինչեւ ձեռքերս չդիմացան ու ցրտահարուեցին»:
1940 թ. աւարտելով ակադեմիան` Հեղինէ Աբրահամեանը վերադառնում է Երեւան: 30 տարի նա նկարչութիւն է դասաւանդում Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում, վաստակաւոր մանկավարժի կոչում ունի: Նրա աշակերտներն են եղել այնպիսի նշանաւոր արուեստագէտներ, ինչպիսիք են` Գրիգոր Խանջեանը, Օննիկ Մինասեանը, Ռաֆայէլ Աթոյեանը, Լեւոն Կոջոյեանը եւ ուրիշներ:
Հեղինէ Աբրահամեանը, որ միայնակ ապրում է իր արուեստանոց-բնակարանում` շրջապատուած տարիների ընթացքում ստեղծած իր կտաւներով, ընտանիք չունի, սակայն ունի բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, ովքեր յաճախ են լինում նրա մօտ: Զարմանում ես, թէ որտեղի՞ց է նրա նուրբ ու փոքր մարմնում այդքան եռանդ եւ աշխատասիրութիւն կուտակուել, որ անգամ կեանքի մէկդարեայ տառապալի ճանապարհը չի կարողացել սպառել: Երբեք չես ձանձրանայ նրան ընկերակցելուց, լսում ես այդ Մեծ կնոջն ու զարմանում` որքան յստակ ու իրատեսական են դատողութիւնները, միտքը` պայծառ, ուշադրութիւնը` սուր, յատկապէս երբ խօսք է լինում Հայոց ցեղասպանութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին:
«Դրական եմ համարում մեր իշխանութիւնների կատարած քայլը` բանակցութիւններ վարելու նախաձեռնութիւնը,- ասում է նա` յորդորելով, սակայն, միշտ կասկածը սրտում պահել ու մինչեւ վերջ չանկեղծանալ Թուրքիայի հետ: Մենք ոչ թէ ունեցուածք ենք կորցրել, այլ` հայրենիք, եւ թուրքին մինչեւ վերջ հաւատալ չի կարելի, նա միշտ իր օգտին է գործում: Խաղաղ ժողովուրդը, որ հայի հետ ապրել է, ճանաչում է հային, հայի հանդէպ կարող է լաւ լինել, սակայն երբ խօսքը պետական յարաբերութիւնների մասին է, ապա նրանք հայի հետ լաւ լինել չեն կարող: Թուրքի հոգեբանութիւնը դժուար է փոխել, դրա համար հարիւրաւոր տարիներ են պէտք», կարծում է նա:
պլոկ
24 ապրիլ 2012

