ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ` «1915 Թ. ԴԷՊՔԵՐԸ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ԶԵԿՈՅՑԻ ԱՌԹԻՒ

Յայտնի իրողութիւն է, որ բացայայտուած յանցանքը, յատկապէս դատավճռից առաջ, հանգիստ չի տալիս յանցագործին: Յանցագործն այս հոգեվիճակում փրկութեան յոյսը դնում է ստի վրայ, իսկ սուտը, հանրայայտ ճշմարտութիւն է, ծնում է մէկ այլ սուտ, եւ ի վերջոյ յանցագործը յայտնւում է իր իսկ սարքած ծուղակում, սակայն` առանց գիտակցելու իր վիճակի զաւեշտալիութիւնը: Սա Թուրքիայի կառավարութեան այսօրուայ (եւ 96 տարուայ) վիճակն է, որը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախաշեմին վերածուել է մտագարութեան:

Դրա հերթական ապացոյցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան` «1915 թ. դէպքերը» վերնագրով զեկոյցն է, որի մէջ լկտիաբար յայտարարւում է. «Հայերին վերացնել եւ կոտորել ցանկացող պետութիւնը կը դատէ՞ր հայերի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած թուրք պաշտօնեաներին»:

Զեկոյցում նշւում է, որ 1919-1921 թթ. դատավարութեան գործով ձերբակալուած 673 հոգուց 67-ի նկատմամբ օսմանեան ռազմական արտակարգ ատեաններում մահապատժի որոշում է կայացուել: Նախ` ճշդենք. ռազմական արտակարգ ատեանները մահապատժի որոշում են կայացրել ընդամէնը 20, այլ ոչ թէ 67 հոգու նկատմամբ:

Այդ մարդիկ դատուել են ապացուցուած յանցագործութեան` հայերին զանգուածաբար տեղահանելու եւ բնաջնջելու մեղադրանքով, իսկ ոճիրը մտայղացողներն ու իրականացնողները կառավարութեան առաջին դէմքերն էին, պետական այլ պաշտօնեաներ` նախարարներ, նահանգապետներ, ոստիկանապետներ եւ այլն, այսինքն` կառավարութիւնը: Սակայն դատապարտուածներից մահապատժի են ենթարկուել ընդամէնը երեքը, որոնցից երկուսը` Մեհմեթ Քեմալը եւ Պեհրամզատէ Նուսրեթը, հերոսացուեցին քեմալականների կողմից. Պեհրամզատէ Նուսրեթի մահապատժի օրը` 1920 թ. օգոստոսի 5-ին, Անգարայի մեճլիսը, ի նշան յարգանքի, 10 րոպէով դադարեցրեց իր աշխատանքը: Դարձեալ Անգարայի մեճլիսի 1920 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն, թոշակ տրամադրուեց Քեմալի ընտանիքին, նոյն տարուայ դեկտեմբերի 25-ին որոշում կայացուեց Պեհրամզատէ Նուսրեթի ընտանիքին թոշակ նշանակելու մասին(1):

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնն այս զեկոյցում դարձեալ յայտարարում է, որ 1915 թ. իրադարձութիւնների արդիւնքում ստեղծուած հակամարտութեան կարգաւորման ամենայարմար ուղին հայ եւ թուրք պատմաբանների համատեղ յանձնաժողովի ստեղծումն ու  գիտական անկողմնակալ ուսումնասիրութեան իրականացումն է: Սակայն ի՞նչ կը տայ նման յանձնաժողովը, եթէ Թուրքիայի կառավարութիւնը չի  ընդունում թուրքական իսկ դատարանի` 1919-1921 թթ. կայացած վճիռները: Իսկ դրանք փաստում են, որ հայերի տեղահանութիւնն ու կոտորածները նախապէս ծրագրուած եւ կազմակերպուած բնոյթ են ունեցել, այսինքն` ցեղասպանութիւն է կատարուել:

Զեկոյցում տեղ է գտել նաեւ թուրքական քարոզչամեքենայի մաշուած ու փաստազուրկ այն պնդումը, թէ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերը, համագործակցելով զաւթիչ ռուսների հետ, մուսուլմաններին կոտորել են` սպաննելով 523 հազար 955 թուրք: Արդէն տեսանք, թէ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը պատմական, աւելի՛ն, դատարանով վաւերացուած պաշտօնական թուերի հարցում ինչքանով է անաչառ ու ճշդապահ: Իսկ «523 հազար 955»-ը նաեւ կառուցուածքով է շատ հետաքրքիր. սովորաբար նման դէպքերում ասում են «գրեթէ 524 հազար», բայց պատմական փաստերի նկատմամբ այդքա՜ն բծախնդիր արտաքին գործերի նախարարութիւնը ինչպէ՞ս կարող էր թոյլ տալ նման կեղծիք:

Հակառակ թուրքական դատարաններով հաստատուած եւ առնուազն Թալէաթ եւ Ճեմալ փաշաների հրատարակուած յուշագրութիւններու փաստուած ճշմարտութեան (հայկական եւ օտար աղբիւրների մասին չենք խօսում. չէ՞ որ դրանք բոլորն էլ կեղծ են եւ Թուրքիայի վատն են ուզում)` զեկոյցում շեշտւում է, որ կառավարութեան կողմից իրականացուած տեղահանութեան որոշումը նախօրօք ծրագրաւորուած չի եղել եւ քաղաքական նպատակ չի հետապնդել. այն կրել է «սահմանափակ բնոյթ»: Այո՛, եթէ նկատի ունենանք, որ Հայոց ցեղասպանութեան ճարտարապետները, յատկապէս` Թալէաթը, որոշել էին աշխարհում մէկ հայ թողնել` թանգարանում ցուցադրելու համար, ուրեմն օսմանեան կառավարութեան իրականացրած «տեղահանութիւնը սահմանափակ բնոյթ» ունէր, քանի որ  գործադրուեց միայն Օսմանեան կայսրութեան սահմաններում բնակուող հայերի նկատմամբ: Իսկ հետաքրքիր է` քանի՞ հայ է տեղահանուել ու կոտորուել. թուերի նկատմամբ այդքան «բծախնդիր» Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը ինչո՞ւ տուեալներ չի բերում: Թերեւս կարելի է գլխի ընկնել. եթէ մինչեւ տեղահանութիւնը հայերի թիւը կայսրութիւնում անցնում էր երեք միլիոնից, իսկ այսօր Թուրքիայում ապրում ընդամէնը 50-60  հազար հայ, այն էլ` միայն Պոլսում, ուրեմն սահմանափակ թուով տեղահանուածների թիւը պարզ է: Թուերի նկատմամբ յատուկ ակնածանք ունեցող արտաքին գործերի նախարարութեան յիշեցնենք, որ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը միայն Պոլսում ապրում էին 200 հազարից աւելի հայեր:

Երկրորդ դժուարընկալելի հանելուկն էլ այն է, թէ ովքե՞ր սպաննեցին «523 հազար 955» թուրքերին: Պատերազմի նախօրեակին օսմանեան բանակ զօրակոչուած 18-50 տարեկան հայ տղամարդի՞կ, որոնք հիմնականում բարբարոսաբար ոչնչացուել էին` աշխատանքային գումարտակներում ուժասպառուելուց յետոյ, թէ՞ անտէր ու անպաշտպան հայ երեխաները, կանայք ու ծերերը, որոնց մեծ մասը իր մահկանացուն կնքեց աքսորի ճանապարհներին կամ Տէր Զօրի անապատում: Ակամայ «գլխի ես ընկնում», որ ռուս-թուրքական ճակատում տուած զոհերը վերագրում են հայերին, քանի որ ռուսական բանակում ծառայում էին Արեւելեան Հայաստանից զօրակոչուած հայեր այն նոյն օրէնքով ու տրամաբանութեամբ, ինչ օսմանեան բանակում` Արեւմտեան Հայաստանից ու կայսրութեան այլ վայրերից զօրակոչուած հայեր: Գուցէ Թուրքիայի կառավարութեանն ու, յատկապէս, արտաքին գործերի նախարարութեանը պէտք է շնորհակալութի՞ւն յայտնել, որ միւս ճակատներում տուած զոհերն էլ հայերի ու Անտանտի համագործակցութեանը չի վերագրում:

Ինչեւէ. մի բան ակնյայտ է. Հայոց ցեղասպանութեան ուրացումը  հանրապետական Թուրքիայի բոլոր կառավարութիւնների քաղաքականութիւնն է, որը որդեգրուեց նշուած դատավարութիւններից անմիջապէս յետոյ, երբ սկսուեցին դատավարութիւններն իրականացնող դատաւորների ձերբակալութիւնները. դէպքն աննախադէպ էր: Նրանց դէմ քրէական գործ յարուցուեց` Պեհրամզատէ Նուսրեթին մահուան դատապարտելու կապակցութեամբ: 1921 թ. փետրուարի 2-ին դատաւոր Նեմրութ Մուսթաֆա փաշան դատապարտուեց 7, դատարանի անդամներից Ռեճեփ փաշան եւ Ռեճեփ պէյը` 5-ական, իսկ Ֆեթթահ պէյը` 3 ամիս ազատազրկման:

Հարկ է նշել, որ մինչ այդ էլ ռազմական արտակարգ ատեանի դատաւորները, դատախազները եւ դատարանում որպէս վկայ հանդէս եկած անձինք ահաբեկումների էին ենթարկւում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտօններ զբաղեցնել ռազմական, ներքին եւ արդարադատութեան նախարարութիւններում(2):

Արդէն հիմնականում քեմալականներով ներկայացուած վերջին օսմանեան խորհրդարանի պատգամաւորները 1920 թ. փետրուարի 20-ին հանդէս եկան Տամատ Ֆերիտ փաշայի (մեծ վեզիր կամ վարչապետ) դէմ դատական գործ յարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բաւականին հետեւողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացայայտելու առումով(3): Քեմալականների ճնշումների պատճառով Տամատ Ֆերիտը 1920 թ. հոկտեմբերի 17-ին հարկադրուած եղաւ հրաժարական տալ: Նրան փոխարինեց քեմալականների հանդէպ բարեացակամ տրամադրուած Թեւֆիք փաշան: Վերջինիս պաշտօնավարման ընթացքում` 1920 թ. նոյեմբերի 8-ին, ձերբակալուեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատաւորները:

Ակնյայտ է, որ այս ամէնի հեղինակը նոր ձեւաւորուող քեմալական Թուրքիայի իշխանութիւններն էին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը սրանում համոզուելու համար պատմաբանների յանձնախմբի կարիք պէտք է որ չունենայ: Նրան պարզապէս յիշեցնենք պատմական յայտնի փաստերը. երբ անգլիացի գործակալ Ֆրիւն Մուսթաֆա Քեմալի ուշադրութիւնն է հրաւիրում քեմալականների կողմից իթթիհատականների յանցագործութիւնները դատապարտելու անհրաժեշտութեան վրայ` ասելով, թէ` «Նախ եւ առաջ պարտաւոր էք ընդունել Իթթիհատ վէ թերաքքիի ոճրագործութիւնները», Քեմալը պատասխանում է. «Ես Իթթիհատ վէ թերաքքի կուսակցութեան ներկայացուցիչը չեմ… Սակայն ձեր թոյլտուութեամբ պէտք է ասեմ, որ Իթթիհատ վէ թերաքքին հայրենասէր կազմակերպութիւն էր»(4):

Կարծես պարզ է դառնում, թէ ինչո՛ւ Հայոց ցեղասպանութեան մէջ դատարանի կողմից մեղաւոր ճանաչուած եւ Մալթա աքսորուած բազմաթիւ երիտթուրքեր հանրապետական շրջանում զբաղեցնում են կարեւոր պետական պաշտօններ: Այսպէս, օրինակ, Հայոց ցեղասպանութեան ժամանակ Պիթլիսի եւ Հալէպի նահանգապետը եղած եւ այստեղի հայերի կոտորածների համար պատասխանատու Ապտուլհալիք Ռենտան Մալթայի աքսորից վերադառնալուց յետոյ զբաղեցրել է Զմիւռնիայի նահանգապետի, 1924-1930 թթ. Ֆինանսների, ազգային պաշտպանութեան եւ ռազմածովային նախարարների աթոռները, իսկ 1935 թ.` ընտրուել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ, հետագայում եղել է նաեւ պետական նախարար: Հալէպ եւ Ատանա վիլայեթներում կատարուած տեղահանութեան ու կոտորածների պատասխանատու Շիւքրիւ պէյը Մալթայից փախչելուց յետոյ որոշ ժամանակ գտնուել է Իտալիայում եւ Գերմանիայում, իսկ Թուրքիա  վերադառնալուց յետոյ դարձել պատգամաւոր, ինչպէս նաեւ` գիւղատնտեսութեան, արտաքին ու ներքին գործերի նախարար: Տեղահանութեան ժամանակ Վանի եւ Էրզրումի (Կարին) նահանգապետը եղած Հասան Թահսին Ուզերը, ով հայերի դէմ կոտորածները ղեկավարած լինելու մեղադրանքով աքսորուել էր Մալթա, Թուրքիա վերադառնալուց յետոյ եղել է Արտահանի, Էրզրումի ու Գոնիայի պատգամաւոր: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան գլխաւոր քարտուղար Միտհաթ Շիւքրիւ Պլետան պատգամաւոր է եղել հանրապետական շրջանում: Իթթիհատի ժամանակ Պատգամաւորների պալատի նախագահի, ներքին գործերի, արդարադատութեան եւ արտաքին գործերի նախարարի պաշտօնները զբաղեցրած Հալիլ Մենթեշեն նոյնպէս պատգամաւոր է ընտրուել հանրապետական շրջանում: Ահմեթ Մուամմեր Ճանքարտեշը, ով Հայոց ցեղասպանութեան ժամանակաշրջանում եղել է Սվազի (Սեբաստիա) եւ Գոնիայի վալին, հանրապետական շրջանում դարձել է պատգամաւոր: Ալի Միւնիֆ Եղէնաղան, ով Մալթա էր աքսորուել Լիբանանում կատարուած հայերի կոտորածների համար, քեմալական շրջանում դարձել է քաղաքապետ ու պատգամաւոր:

Ցանկը կարելի է շարունակել. անունները շատ են: Բայց դրանց մէջ յատուկ պէտք է առանձնացնել թուրքական բոլոր ժամանակների կառավարութիւնների ոգեշնչման ու ընդօրինակման աղբիւր ոճրագործ  (ըստ Քեմալ Աթաթուրքի` հայրենասէր) Թալէաթին, որի աճիւնը կառավարութեան թոյլտուութեամբ (նախաձեռնութեա՞մբ) տեղափոխուեց Թուրքիա`  Պոլիս, եւ այսօր էլ Թալէաթի կիսանդրին գտնւում է Պոլսի Նուր-ու Զիա փողոցում, որտեղ ներկայում էլ շարունակում է գործել դեռեւս 1909 թ. Թալէաթ փաշայի կողմից հիմնուած Ազատ նի կողմից մահուան դատապարտուածների մասին հպարտութեամբ յայտարարութիւն անող Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը տեղեա՞կ է, որ այդ շարքում առաջինը Թալէաթի անունն է, ոճրագործ, որի կիսանդրին զարդարում է Պոլիսը եւ ողջ Թուրքիան:

Դատավարութեան նախօրեակին Թուրքիայի քաղաքական-մտաւորական շրջանակներում եւ հասարակութեան մէջ մէկ հիմնական հարց էր քննարկւում. հայերի տեղահանութեան ու կոտորածների հարցը պէտք է մասնատել եւ քննել առանձի՞ն դատավարութիւններով (ինչպէս որ եղաւ) եւ տարբեր դատավճիռներ ընդունել, թէ՞ համարել մէկ գործ եւ մէկ միասնական վճիռ ընդունել: Այս տեսակէտից խիստ ուշագրաւ է «Ալեմտար» թերթի տեսակէտը. «Այդ դէպքում անհրաժեշտ է որեւէ բանական, օրինական եւ տրամաբանական ելք գտնել: Այդ ելքը կայ: Աւելի ճիշդ` այն ընկալում ենք ոչ թէ որպէս ելք, այլ` միակ օրինական ճանապարհը, որին մինչեւ այժմ էլ պէտք է հետեւած լինէինք»:

Տեղահանութիւններն ու կոտորածները կրում են համընդհանուր բնոյթ:

(…) Այդ իսկ պատճառով առանձին-առանձին հետաքննութիւններն անհրաժեշտ չենք համարում: Պէտք է կազմակերպել մէկ դատավարութիւն, որը կը լինի հասարակական հայցի հիման վրայ:

Խնդիրը պէտք է լուծուի ընդհանուր դատավճռով»(5):

Այս պահանջն այսօր էլ մնում է արդիական, որից թուրքական իշխանութիւնները  խուսափել չեն կարող:

Իսկ եթէ կայ պատմաբանների յանձնախմբի  անհրաժեշտութիւն, ապա միայն` մահուան դատապարտուածների թուերը ճշդելու կամ նման հարցերի համար, որի կարիքը, ինչպէս երեւում է, ունեն միայն Թուրքիայի իշխանութիւնները:

«ԱԿՈՒՆՔ»

www.akunq.net

————————————————————————–

1.- Թաներ Աքչամ Ինսան Հաքլարը վէ Էրմենի Սորունու, էջ 556. Այսօր եւս Պոզազլըյանում կարելի է հանդիպել հերոսի կոչմանն արժանացած հայասպան Քեմալի արձանը, ինչ վերաբերում է միւս ոճրագործին` Պեհրամզատէ  Նուսրեթին, ապա Ուրֆայում նրա անուամբ է անուանակոչուել տարրական դպրոց ու պողոտայ:

2.- Գրիկեր, Եոզկաթի հայասպանութէան վաւերագրական պատմութիւնը, էջ 307: Ըստ Ֆերուտուն Աթայի` Նեմրութ Մուսթաֆա փաշան եւ դատարանի անդամները մեղադրւում էին Պեհրամզատէ Նուսրեթի վերաբերեալ երկու միմեանցից տարբեր դատական արձանագրութիւններ կազմած լինելու մէջ: Նեմրութ Մուսթաֆան չէր ընդունել իրեն հասցէագրուող այդ մեղադրանքը եւ բողոքարկել էր այն: Տե՛ս Ֆերուտուն Աթա, Իշկալ Իսթանպուլունտա Թեհճիր Եարկըլամալարը, էջ 284-285:

3.- Թաներ Աքչամ, Ինսան Հաքլարը վէ Էրմենի Սորունու, էջ 585:

4.- Սինա Աքշըն, Իսթանպուլ հիւքիւմեթլերի վէ միլլի միւճատէլէ, Իսթանպուլ, 1983, էջ 192:

5.- Ռեֆի Ճեւատ, Թեհճեր վէ Թաքթիլ մուհաքեմելերի, Ալեմտար, 28 մարտ 1919:

 

 

 

Share this Article
CATEGORIES