Տաղանդաւոր Ջութակահար Քարմեն Թոսունեանի Յաջողութիւնները

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ 

Հոկտեմբերի կէսերին էր, երբ Երեւանից մինչեւ Մոսկուա թռիչքին աթոռակից եղայ երիտասարդ, զուարթադէմ ու նրբակազմ մի աղջկայ հետ, ու անմիջապէս ինչ որ աներեւոյթ ձգողական մի ուժ զգացի նրա հետ, որ քիչ վերջը պիտի բացայայտուէր:

Միաժամանակ լուռ մնալուց յետոյ մի քանի բառ փոխանակեցինք անգլերէնով. մտածեցի երեւի ռուս է, քանի որ շատ հմտօրէն էր խօսում ռուս մատուցողների հետ:

– Կը ներէք, ինչպէ՞ս է ձեր անունը:

– Քարմեն,- եղաւ պատասխանը:

Չգիտեմ ինչո՞ւ միտքս թռաւ դէպի օփերա «Թոսքա», ու դարձեալ այդքանով գոհ չէի զգում: Միտքս աւելի էր ցանկանում իմանալ նրա մասին ու կարծես ի՛նչ որ արուեստի շողերի փայլն էի զգում նրա մէջ: Հետաքրքրութեանս աւելի գոհացում տալու համար նորէն հարցրեցի.

– Ինչպէ՞ս է ձեր ազգանունը:

– Թոսունեան,- պատասխանեց նա ժպտադէմ:

Իմ սիրտն էլ ժպտաց…

Քարմեն Թոսունեանը արուեստավարժ ջութակահար է. գնում էր Նիւ Եորք` ելոյթ ունենալու յայտնի «Քառնեկի» համերգասրահում: Սրտիս հրճուանքը անմիջական էր, խոստացայ ներկայ լինել համերգին:

Համերգը նուիրուած էր 20-րդ դարի հռչակաւոր ղեկավար եւ նուագախմբի հիմնադիր մայեսթրօ Ճորճ Շոլթիի ծննդեան 100-ամեակին:  Շոլթիի ամենամեծ ուրախութիւնն է եղել աշխատել երիտասարդ երաժիշտների հետ` վեր հանելով նրանց աստուածատուր արուեստի բնական զօրութիւնը, դրսեւորել ու փայլ տալ նրանց տաղանդին: Եւ աւելի՛ն, նա հաւատացած էր, որ նուագի միջոցով կարելի է մօտեցնել ազգերին, միջմշակութային հասկացողութիւն ունենալով`  կարելի է նպաստել աշխարհի խաղաղութեան: Այսօր Շոլթի ընտանիքի կողմից ձեռնարկած հիմնադրամը եւ ակադեմիան օգնում են նորեկ երիտասարդ երաժիշտ շատ շատերին: 1995թ. Միացեալ ազգերի կազմակերպութեան 50-ամեակի առթիւ մայեսթրօ Ճորճ Շոլթին ՄԱԿ-ի նախագահի կողմից հրաւիրւում է Ժընեւ` համերգի, ուր կեանքի է կոչւում «Համաշխարհային խաղաղութեան նուագախումբ»-ը: Այդ հսկայական նուագախմբի անդամներն են կազմում աշխարհի երաժշտախմբերի լաւագոյն ու  տաղանդաւոր 60-ից աւելի երաժիշտները:

Հոկտեմբեր 19-ին, 2012թ., երեկոյեան ժամը 7:30-ին, աշխարհահռչակ եւ բազում պարգեւների տէր մայեսթրօ Վալերի Կերկիեւի  ղեկավարութեամբ (Շոլթի մահից յետոյ ժառանգել է նուագախմբի ղեկավարութիւնը) «Քառնեկի» դահլիճի մէջ տեղի ունեցաւ «Համաշխարհային խաղաղութեան նուագախումբ»-ի 20-րդ համերգը, որն առաջինն էր Ամերիկայի մէջ: Համերգի հանդիսավարն էր Վալերի Շոլթին: Երաժշտահամերգին  անդամակցում էին 35 տարբեր երկրների լաւագոյն երաժիշտները, ներառեալ` Հայաստանը, որի փայլուն ներկայացուցիչն էր մեր շնորհալի ու տաղանդաւոր Քարմեն Թոսունեանը: Նրանք եկել էին տարբեր երկրներից` միասնաբար կազմելու այդ մեծ նուագախումբը: Նաեւ տեղի վրայ մեզ յայտնի դարձաւ, որ մեներգների շարքում նաեւ ելոյթ է ունենալու 24 ամեայ Թերեզա Գէորգեանը (սոփրանօ), Հայաստանից: Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցում. 2011-ին ընտրուել եւ սովորել է Ճորճ Շոլթիի ակադեմիայում` Թասքնի, Իտալիա: Ելոյթ է ունեցել Ֆլորանսի, Թասքնիի մէջ: Շահել է մրցանակներ` Հայաստանում եւ արտերկրում: Մասնակցել է զանազան օփերաների բեմադրութեան:

Քարմեն Թոսունեանը եօթը տարեկանից սկսել է ջութակ նուագել, նա նախ ցանկացել է դաշնամուրը, բայց չի յաջողուել, համաձայնուել ու յարմարուել է ջութակի հետ: Միջնակարգ դպրոցից յետոյ ընդունուել է Ա. Բաբաջանեանի երաժշտական-մանկավարժական ուսումնարանը, որից յետոյ 1991թ. ընդունուել է Երեւանի պետական երաժշտանոցը, ուր ուսանողական տարիներին մասնակցել է բազմաթիւ համերգների: 1987 թուին հանրապետական մրցոյթում ստացել է երկու մրցանակ, նաեւ` պարտադիր ստեղծագործութեան լաւագոյն կատարման մրցանակ: 1988 թուին Ռուսաստանի Հանրապետութեան երիտասարդ կատարողների մէջ եղել է դափնեկիր:

1993 թուին ընդունուել է Հայաստանի պետական երաժշտանոցի ֆիլհարմոնիք նուագախմբի մէջ, միաժամանակ, աշխատանքի հետ, 1997թ. ընդունուել է նոյն երաժշտանոցի ուսանող:  Եւ 2006 թուին ՀՊՖՆ-ի  նուագահամերգի վարպետ տիտղոսի է արժանացել: 2003 թուից յետոյ հրաւիրուել է անդամակցելու Վալերի Կերկիեւի «Համաշխարհային խաղաղութեան նուագախումբ»-ին, հիւրախաղերին եւ համերգներին:  Հրաւիրուել է բազմաթիւ երկրներ, ինչպէս` Ամերիկա, Քանատա, Անգլիա, Ֆրանսա, Գերմանիա, Իտալիա, Հոլանտա, Զուիցերիա, Լեհաստան, Սլովաքիա, Չեխիա, Չինաստան, Ճափոն եւ այլուր: Այս համերգների ընթացքում ելոյթ են ունեցել նաեւ համաշխարհային ճամաչում ունեցող արուեստագէտներ, ինչպէս` Փլասիտօ Տոմինկօ, Անտրէա Պոչելլի, Սերգէյ Խաչատրեան (ջութակ), Սթիվըն Իսսերլիս (թաւ ջութակ) եւ այլն…

2010թ. Քարմենը, որպէս նուագախմբի անդամ, «ԵՈՒՆԵՍՔՕ-ի արուեստագէտ» կոչումն է ստացել: Իսկ 2012 թուին պարգեւատրուել է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ պատուաւոր կոչումով:

Արամ Հայկազի դստեր` Այրիսի հետ միասին վայելեցինք դասական երաժշտութիւնը եւ հոգեպէս ուրախացանք Հայաստանով ու Հայաստանի շնորհալի տաղանդաւորներով: Ազգային բարձր մշակոյթի տէր ժողովրդի  հպարտութիւնն էր շոյում մեր սրտերը…

Այո՛, երաժշտութիւնը ազնուացնում է մարդուն, բացայայտում է մտքեր ու գաղափարներ, ստեղծում է յուզական իրավիճակներ, փոխում,  բարելաւում է մարդուս տրամադրութիւնն ու զգացողութիւնը, երաժշտութիւնը համաշխարհային այն լեզուն է, որ մարդկութեան է մօտեցնում միմեանց, հաշտութիւն ու խաղաղութիւն հաղորդում բոլորին:

Սիրելի Քարմեն, շնորհաւորում ու մաղթում ենք քեզ առաւել յաջողութիւններ, որ քո տաղանդի միջոցով պանծացնում ու բարձր ես հնչեցնում Հայաստանի անունն  աշխարհում:

Նիւ Եորք, հոկտեմբեր 2012

Share this Article
CATEGORIES