Դեկտեմբերի 10. Եռատօն Արցախում. Մարդու Իրաւունքների Պաշտպանութեան, Անկախութեան Հանրաքուէի Եւ Սահմանադրութեան Օր

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1991-ի դեկտեմբերը Խորհրդային Միութեան տէ ժիւրէ գոյութեան վերջին օրերն էին: Մոլորակի մէկ վեցերորդ մասը կազմող կայսրութիւնը տէ ֆաքթօ փլուզուել էր արդէն օգոստոսին, երբ Խորհրդային Միութեան նախագահ Միխայիլ Գորբաչովի դէմ իրականացուած պետական յեղաշրջման ձախողուած փորձից յետոյ միութենական հանրապետութիւնները մէկը միւսի յետեւից հռչակում էին իրենց անկախութիւնը եւ անցկացնում անկախութեան հանրաքուէներ:

Դեկտեմբերի 10-ին անկախութեան իր հանրաքուէն անցկացրեց նաեւ Արցախը, որը արդէն ներքաշուել էր պատերազմի մէջ: Հանրաքուէին հետեւած երկու տասնեակ միջազգային դիտորդների եզրակացութեան մէջ ասւում էր, որ համաժողովրդական քուէարկութիւնն անցկացուել է Արցախի դէմ Ազրպէյճանի կողմից «զինուած յարձակման պայմաններում»: Քուէարկութեան օրը Ստեփանակերտի եւ միւս հայկական բնակավայրերի հրետակոծութեան պատճառով «զոհուել են 10 հայեր, քաղաքում կանանց եւ երեխաների մեծամասնութիւնը գիշերում է նկուղներում, փակ են դպրոցներն ու մանկապարտէզները», Արցախում չկայ «հաց եւ դեղորայք»:

Արցախում անկախութեան հանրաքուէի անցկացման օր էր ընտրուել դեկտեմբերի 10-ը: Այդ օրը պատահական չէր ընտրուել: Այդ օրը ամբողջ աշխարհում նշւում է որպէս Մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օր, իսկ արցախահայութեան պայքարը հէնց մարդու իրաւունքների պայքար էր: Թէեւ 1991-ի դեկտեմբերին ռազմական գործողութիւններ էին տեղի ունենում Արցախում, սակայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքում կողք-կողքի շարունակում էին բնակուել հայերն ու ազրպէյճանցիները, ինչպէս նաեւ` այլ ազգութիւնների ներկայացուցիչներ: Այդ պատճառով է նաեւ, որ հանրաքուէի հարցաթերթիկները տպագրուել էին երեք լեզուներով` հայերէն, ազրպէյճաներէն եւ ռուսերէն: Շուշիում եւ Խոջալույում, ինչպէս նաեւ Արցախի մի քանի տասնեակ գիւղերում ապրում էին ազրպէյճանցիներ: Հէնց Շուշիից ու Խոջալուից էին հիմնականում հրետակոծւում Ստեփանակերտն ու հայկական բնակավայրերը:

Արցախում բնակուող ազրպէյճանցիները, որոնք 1991-ին կազմում էին բնակչութեան աւելի քան 20 տոկոսը, Պաքուի հրահանգով չմասնակցեցին անկախութեան հանրաքուէին: Նրանք կարող էին մասնակցել եւ «դէմ» քուէարկել, սակայն ընտրեցին պոյքոթի ճանապարհը: Քուէարկութեանը մասնակցելու իրաւունք ունէր աւելի քան 132 հազար հոգի: «Համաձա՞յն էք, որպէսզի հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լինի անկախ պետութիւն» հարցին «այո» պատասխան տուեց աւելի քան 108 հազար հոգի, իսկ դէմ քուէարկեց միայն 24 մարդ: Քուէարկութեան իրաւունք ունեցող շուրջ 24 հազար ազրպէյճանցիները չեկան ընտրատեղամասեր: Անկախութեան հանրաքուէից յետոյ աւելի ակնյայտ դարձաւ, որ Ազրպէյճանը ղարաբաղեան հարցի լուծման այլ տարբերակ չի տեսնում, քան պատերազմն է եւ պատերազմում յաղթելով Արցախը հայաթափելը:

1991-ի դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքուէին նախորդել էին մի շարք կարեւոր իրադարձութիւններ: Նախ 1988-ի փետրուարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը որոշում էր ընդունել, որով դիմում էր Մոսկուային, Երեւանին ու Պաքուին` առաջարկելով մարզը Խորհրդային Ազրպէյճանի կազմից դուրս բերել եւ միացնել Խորհրդային Հայաստանին: Ե՛ւ Մոսկուան, ե՛ւ Պաքուն անընդունելի համարեցին արցախահայութեան պահանջը: Փետրուարի 20-ի որոշմանը Ազրպէյճանը մի քանի օր անց պատասխանեց Սումկայիթով: 1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդը (խորհրդարանը) եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը Երեւանում համատեղ նիստում Արցախը Հայաստանին միաւորուելու մասին որոշում ընդունեցին: Այդ որոշումը, սակայն, կեանքի չկոչուեց, քանի որ Հայաստանը 1991-ին հանրաքուէով իր անկախութիւնը հռչակեց Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններում: Աւելի՛ն. Հայաստանի բոլոր համապետական ընտրութիւնները անց են կացուել 30 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ Մարզային խորհուրդը եւ Շահումեանի Շրջանային խորհուրդը  համատեղ նստաշրջանում հռչակուեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը մօտ 5.000 քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ: Ապա տեղի ունեցաւ դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքուէն, իսկ 1992-ի յունուարի 6-ին ԼՂՀ Գերագոյն խորհրդի անդրանիկ նստաշրջանում ընդունուեց ԼՂՀ-ի պետական անկախութեան մասին հռչակագիր:

Այսպիսով, 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէով եւ 1992-ի յունուարի 6-ի հռչակագրի ընդունումով ամրագրուեց երկրորդ հայկական պետութեան գոյութիւնը, որ մինչեւ օրս չի ճանաչել եւ ոչ մի պետութիւն, այդ թւում` Հայաստանը: Խորհրդային Միութեան փլուզումն իր հետ բերեց նոր իրողութիւններ եւ հէնց այդ իրողութիւնների պատճառով էր, որ Արցախն ու Հայաստանը մի կողմ դրեցին միաւորման գաղափարը:

Պատմութիւնը «եթէ»-ներ չի սիրում, սակայն, եթէ Ազրպէյճանը Արցախի անկախութեան ձգտումներին չպատասխանէր սումկայիթեան ջարդերով, ցեղային զտումներով ու լայնածաւալ պատերազմով, ապա այսօր մենք կ՛ունենայինք շուրջ 5.000 քառակուսի քիլոմեթր տարածքով Արցախ` նախկին ԼՂԻՄ-ն ու Շահումեանը: 1991-1992-ի ռազմական գործողութիւնների արդիւնքում ազրպէյճանական զինուժին յաջողուեց գրաւել Շահումեանն ու Գետաշէնը, ինչպէս նաեւ ԼՂԻՄ-ի տարածքի մօտ 40 տոկոսը եւ տեղահանել հայութեանը: Սակայն Ազրպէյճանը պարտուեց ռազմական գործողութիւնների հետագայ տարիներին` 1993-1994-ին` կորցնելով աւելի քան 7.000 քառակուսի քիլոմեթր տարածք:

Այսօր Արցախը ունի շուրջ 12 հազար քառակուսի քիլոմեթր տարածք, որը ամրագրուած է ԼՂՀ-ի մայր օրէնքով` սահմանադրութեամբ: Այն եւս ընդունուել է դեկտեմբերի 10-ին: 2006-ի այդ օրը Արցախում անցկացուեց սահմանադրութեան ընդունման հանրաքուէ` կրկին համաժողովրդական քուէարկութեան միջոցով: Արցախի սահմանադրութիւնը ունի 12 գլուխ, որի առաջին յօդուածում ասւում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութիւն է»:

Միջազգային հանրութիւնը չի ճանաչել ո՛չ անկախութեան հանրաքուէի, ո՛չ սահմանադրութեան եւ ո՛չ էլ Արցախում անցկացուած խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Առաջիկայ տարիներին եւս պէտք չէ ակնկալել, որ միջազգային հանրութեան վերաբերմունքը կը փոխուի: Երբ 1991-ին Խորհրդային Միութիւնը փլուզուեց, Միացեալ Նահանգներն ու Եւրոպական Միութիւնը, ՄԱԿ-ն ու միջազգային միւս հեղինակաւոր կազմակերպութիւնները բանաւոր համաձայնութեան եկան, որ ճանաչելու են Խորհրդային Միութեան մաս կազմող միութենական 15 հանրապետութիւնները միայն: Նմանօրինակ որոշում ընդունուեց նաեւ նախկին Եուկոսլաւիոյ վերաբերեալ, որը կազմուած էր վեց հանրապետութիւններից:

2008-ի փետրուարին, սակայն, բանաւոր համաձայնութիւնը խախտուեց, երբ արեւմտեան աշխարհը ճանաչեց Քոսովոյի անկախութիւնը: Նախկին Եուկոսլաւիոյ Դաշնութեան մաս կազմող Սերպիոյ Հանրապետութեան կազմում Քոսովոն ունէր մարզի կարգավիճակ, ինչպէս ԼՂԻՄ-ը` Խորհրդային Ազրպէյճանի կազմում: Այսօր Քոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի անդամ աւելի քան 90 պետութիւններ, այդ թւում` Միացեալ Նահանգներն ու Եւրոպական Միութեան պետութիւնների մեծ մասը: Ի պատասխան Քոսովոյի ճանաչման, Ռուսաստանը 2008-ի օգոստոսին ճանաչեց Աբխազիոյ եւ Հարաւային Օսեթիոյ անկախութիւնը:

Միջազգային հանրութեան կողմից Արցախի անկախութեան ճանաչման գործընթացը մօտ ապագայի հարց չէ: Նաւթով եւ կազով հարուստ Ազրպէյճանը շարունակում է կարեւոր պետութիւն լինել Արեւմուտքի համար: Սա իրողութիւն է, իսկ իրողութիւնն ընդունելը կարեւոր է հետագայ քայլերն ու գործողութիւնները ճիշդ որոշելու տեսանկիւնից:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES