«Ես Արդէն Ղարաբաղի Քաղաքացի Եմ», Ասում Է Սուրիահայ Կարոն

ՀԱՅԿ ՂԱԶԱՐԵԱՆ

«Մինչ այդ գալիս-գնում էի: Առաջին անգամ Ղարաբաղ եմ եկել 1992 թուականին, բայց երկար չեմ մնացել», ասում է սուրիահայ Կարօ Կարապետեանը, ով այժմ բնակւում է Ստեփանակերտում:

Կարոյի մեծ գերդաստանի մի մասը այժմ Լիբանանում է, մի մասն էլ` Գամիշլիում: Նրա խօսքերով, օր չկայ, որ նա չմտածի նրանց մասին. «Քանի որ մեծ վտանգ չկայ Գամիշլիում, նրանք` քոյրերս ու եղբայրներս, դեռ այնտեղ են: Հետագայում չեմ կարող ասել, թէ ի՛նչ են անելու, դեռ ամէն ինչ անորոշ է: Շատ ենք անհանգստանում նրանց համար, ամէն օր ու ժամ Սուրիայի մասին լուրերն ենք լսում»:

Այժմ Քաշաթաղի շրջանում սուրիահայ 28 ընտանիք է ապրում` 74 հոգի: Դրա մասին մեզ յայտնեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչութեան պետ Ռոբերտ Մաթեւոսեանը:

Նրանց մեծ մասը Թուրքիայի սահմանին գտնուող սուրիական Գամիշլի քաղաքից են, ինչպէս` Կարօ Կարապետեանը:

«Եթէ կինս ղարաբաղցի չլինէր, հնարաւոր է այստեղ չկարողանայի ապրել: Իսկ ահա Ղարաբաղ նոր ժամանածների համար աւելի դժուար է: Ի համեմատ նոր եկած սուրիահայերի` ես շատ աւելի մեծ առաւելութիւններ ունեմ», ասում է Կարոն:

Նման առաւելութիւններից մէկը, ըստ Կարոյի, երեխաների ղարաբաղեան բարբառի իմացութիւնն է: Ինքը` Կարոն, աւարտել է Երեւանի ճարտարագիտական հիմնարկը, նա արեւելահայերէնի հետ խնդիրներ չունի:

«Երեխաներս ղարաբաղեան բարբառն աւելի լաւ գիտեն, իմ ականջս էլ է արդէն վարժուել ղարաբաղեան բարբառին», կատակելով ասում է Կարոն:

Կարօ Կարապետեանը 15 տարի առաջ հանդիպել է Գայեանէին ու ամուսնացել նրա հետ: Այժմ նրանք չորս դուստր ունեն. Համեստը 9-րդ դասարանում է, Մարիամը` 5-րդ, իսկ Քարոլինն ու Ալուինան մանկապարտէզ են յաճախում:

Կարոն աշխատել է Լիբանանում, Եմենում ու Արաբական Միացեալ Էմիրութիւններում: Ընթացքում գալով Արցախ` աշխատանք չի գտել ու նորից յետ է գնացել արաբական երկրներ: Մի կարճ ժամանակաշրջան որպէս ճարտարապետ աշխատել է Սուրիայում, իսկ աւելի ուշ Լիբանանում հօրեղբօր մետաղաձուլման գործարանում էր աշխատում, որտեղ տարբեր մետաղեայ գործիքներ էին պատրաստում:

Կարոն այժմ Ստեփանակերտում երկու խանութի տարածք ունի, որոնք յանձնել է վարձով: Նա կը ցանկանար, որ իր մասնագիտութեամբ աշխատանք ունենար. «Ղարաբաղում աշխատանք գտնելն է դժուար, սակայն ամէն տեղ էլ դժուարութիւններ կան, ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այդպիսի տեղ չկայ, որտեղ ամէն ինչ հեշտութեամբ տրւում է, ամէն տեղ էլ պէտք է աշխատել»:

«Իմ ապագան այստեղ բնական եմ տեսնում, փա՛ռք Աստծոյ, ապրուստս բնական է: Սակայն ի՞նչ իմաստ կայ, երբ տղամարդը չի աշխատում կամ տանը նստած` ոչինչ չի անում»: Թէեւ այդպէս է ասում Կարոն, բայց նա իրենց մեծ բնակարանն ամբողջութեամբ իր ձեռքերով է ձեւափոխել ու վերանորոգել. «Չափագրութիւնն իմ մասնագիտութիւնն է, բայց ահա ցեխ անելիս բարեկամներիցս ու ծանօթներիցս էի խորհուրդ հարցնում»:

Ինչ վերաբերում է Սուրիայում տեղի ունեցողին, նա գտնում է, որ ոչ ոք չգիտի, թէ այն ինչով է աւարտուելու. «Այն շատ խորը արմատներ ու տարբեր գործօններ ունի, ներառեալ տնտեսականը` նաւթը, կազը եւ այլն»:

Սուրիայում խաղաղութեան հաստատման դէպքում, Կարոն չի պատրաստւում վերադառնալ այնտեղ. «Ես մինչեւ պատերազմն եմ որոշել այստեղ ապրել: Ես հայ եմ կոչւում իմ հողի անուամբ: Ես միշտ էլ երազում էի իմ մայր հողի վրայ ապրել, եւ իմ երազանքը կատարուել է: Ես արդէն Ղարաբաղի քաղաքացի եմ»:

Քանի որ Կարոն 1992 թուականին Ղարաբաղում էր, խնդրեցի զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի ու Սուրիայի պատերազմների միջեւ, եթէ դա, ի հարկէ, հնարաւոր է: «Ղարաբաղում պարզ էր, թէ ով է թշնամին, իսկ Սուրիայում չգիտես: Համ էլ Սուրիայում հիմնականում քաղաքային մարտեր են տեղի ունենում»:

Վերջում` Կարապետեանների տնից դուրս գալուց առաջ, Գայեանէն ու Կարոն հետաքրքրուեցին Քաշաթաղի շրջան տեղափոխուած սուրիահայերով: Նրանք շատ ուրախացան, երբ յայտնեցի, որ նրանցից շատերն արդէն աշխատանք ունեն: Գամիշլիից նոր եկած շատ հայերի Կարոն ճանաչեց, երբ թուարկեցի նրանց անունները:

«ՀԵՏՔ»

Share this Article
CATEGORIES