«Մեր Պապերից Լսել Ենք, Որ Այս Տարածքը Պատկանել Է Հայերին». Թուրքիայում Բացայայտուած Հայկական Գերեզմանոցի Տեսանիւթը Տարածուել Է Լրատուամիջոցներում

«ԱՐՄԷՆՓՐԵՍ»

Թուրքական լրատուամիջոցներում յայտնուել է տեսանիւթ, որը պատմում է Սիրրթ (Սղերդ) եւ Էրուհ գաւառների միջեւ ընկած ճանապարհահատուածում իրականացուող շինարարական աշխատանքների ժամանակ յայտնաբերուած հայկական գերեզմանոցի մասին: Այս մասին տեղեկացրել է թուրքական «Հիւրրիյէթ»-ը: Թուրքական լրատուական գործակալութեան պատրաստած տեսանիւթում ներկայացուած են հայկական գերեզմանի պատկերները եւ շինարարութեան արդիւնքում կիսափոր հատուածից երեւացող ոսկորները: Ճանապարհահատուածին մօտ գտնուող գիւղի բնակիչը խօսելով թուրք լրագրողի հետ` պատմում է, որ գերեզմանն ի յայտ է եկել ճանապարհաշինութեան ժամանակ իրականացուած աշխատանքների արդիւնքում: Նշելով, որ ճանապարհից ոչ շատ հեռու կայ եկեղեցի, գիւղացին նշում է, որ գերեզմանն էլ քրիստոնէական է: «Մենք մեր պապերից լսել ենք, որ այս տարածքը պատկանել է հայերին, հետեւաբար ենթադրում ենք, որ գերեզմանն էլ հայերին է պատկանում»,- ասել է գիւղացին:

Ճանապարհահատուածին մօտ գտնուող Քայապողազ գիւղի բնակիչները բողոքել են, որ արդէն շուրջ մէկ ամիս է` ապրում են բաց գերեզմանի հարեւանութեամբ, իսկ թուրքական իշխանութիւնները ոչինչ չեն նախաձեռնում այս կապակցութեամբ: Գիւղի բնակիչները իշխանութիւնների նման պահուածքը որակել են որպէս «ամօթ» եւ «մեղք»:

«Անհրաժեշտ է, որ իշխանութիւնները հետաքրքրուեն այս հարցով: Ոսկորները պէտք է տեղափոխել համապատասխան վայր: Չի կարելի այսպէս թողնել», դժգոհել են նրանք:

 

Թուրքիայում Պղծուած Հայկական
Գերեզմանատունը` Լուսանկարներով

«Հայ Նիուզ»  լրատուական կայքն անդրադարձել է ներկայիս Թուրքիայի Սիրրթ նահանգի (Սղերդ) Էրուհ շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմանատան պղծման դէպքին:

Նշենք, որ ճանապարհը կառուցուել էր հայկական գերեզմանատան միջով: Անփոյթ աշխատանքների պատճառով հողի վրայ էին յայտնուել անգամ հանգուցեալների ոսկորները, որոնք այդպէս էլ թողնուել էին:

Թուրքական «Տողան» գործակալութիւնը դէպքի վայրում տեսանիւթ է նկարահանել, որում ցուցադրւում է այդ զարհուրելի տեսարանները:

Լուսանկարներում երեւում են մարդկային ոսկորներ, քանդուած գերեզմանաքարեր եւ այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )