Ֆինանսիստի Հոգեւոր Գործը

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ

Ս. Մաշտոց եկեղեցու բեմի վարագոյրը նախքան կախուելը

«Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր» Յիսուս Քրիստոսի պատուիրանը, թերեւս, առաւել չափով յատկանշական է դրամատներին, որոնք առանց երաշխիքի ոչինչ չեն տալիս ու պահանջում են տուածից աւելին: Այս ոլորտի ծառայողներն էլ, իրենց գործի բերումով, թւում է, կեանքում աւելի հաշուենկատ են եւ նիւթական արժէքներին հետամուտ: Այո, նիւթի գերիշխանութեան ներքոյ սպառողական մեր հասարակութեան մէջ առանց այն էլ հեշտ չէ հանդիպել հոգեւոր արժէքներին մերձ գտնուողների, էլ ուր մնաց թէ` փողի հետ գործ ունեցողների հաւաք շրջանակներում…

Բայց Գրիգոր Մովսիսեանը լինելով «ԱՐՄՍՎԻՍՊԱՆՔ»-ի ֆինանսական տնօրէնն ու իր գործի գիտակը` ապրում է նաեւ հոգեւոր կեանքով, եւ դժուար է ասել, թէ իրականում նժարի ո՛ր կողմն է աւելի ծանր կշռում իր էութեան մէջ: Սուրբ Էջմիածնի մայր տաճարում նա ամէն օր պարտադիր մասնակցում է առաւօտեան ժամերգութիւններին, կազմակերպում է արշաւներ դէպի լեռներում թաքնուած մեր հրաշք եկեղեցիները: Իբրեւ ամէնքիս ահազանգ` նախաձեռնում է վթարային վիճակի, խնամքի կարօտ եւ շատերին էլ անյայտ իր իսկ լուսանկարած եկեղեցիների պատկերներով օրացոյցի տպագրութիւնը:

Վերջերս Գրիգոր Մովսիսեանը մի հաճելի անակնկալ մատուցեց հանրութեանը: Նրա «Վահագնի ծնունդը կամ մեր Տէր Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գրքի գինեձօնն էր, որին նրկայ էին մշակոյթի եւ հասարակական գործիչներ, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարը: Փորձենք համառօտ ներկայացնել գրքի բուն նիւթը:

Գրիգոր Մովսիսեանի գիրքը

Հեղինակին երկար ժամանակ հանգիստ չի տուել այն միտքը, թէ «Վահագնի ծնունդը» բանաստեղծութիւնը դիւցազներգութիւն է` նուիրուած հեթանոսական աստծուն: Եւ ահա, Մեծ պահքի շրջանում պահեցողութեանը զուգահեռ աստուածաշնչեան վերընթերցումները նրան յանգեցրել են այն մտքին, որ բանաստեղծութիւնը խտապատկերն է Սուրբ Գրքի ողջ խորհրդի` այն յայտնութիւնն է մեր Տիրոջ երկրորդ գալստեան, Նրա արդար դատաստանի իրականացման եւ լուսեղէն նկարագրի: Հեղինակը եզրակացնում է, որ հինաւուրց բանաստեղծութեան մէջ նկարագրուած երկնքի, երկրի ու ծիրանի ծովի երկունքը այն իմաստն են հետապնդում, ինչ Յիսուսի աւետարանական խօսքերը` պատերազմները, համաճարակներն ու երկրաշարժերը` Իր գալստեան եւ աշխարհի վախճանի «երկանց սկիզբը» հանդիսանալու մասին: Կարմիր եղէգնիկն ու այրուող եղէգնը խորհրդագիրն են պատուիրանազանցների նկատմամբ արդար դատաստանի, ինչի վկայութիւնն են նոյն նշանակութեամբ Հին Կտակարանում տեղ գտած «եղէգնեայ դիւրավառ նիւթի նման պիտի այրուեն բոլոր պատուիրանազանցները», «Եսաւի (Եդոմի) եղբայրասպան եղէգնեայ տո՛ւն, հրոյ ճարակ պիտի դառնաս» եւ ուրիշ մարգարէութիւններ: Իսկ բոցից դուրս վազող հուր մազերով, բոց մօրուքով արեգակի պէս լուսաւոր աչքերով եւ Դաւիթ թագաւորի պէս խարտեաշ պատանեկիկն էլ խորհրդանշում է տիեզերքի արդար Դատաւորին, Ով Յովհաննէս առաքեալի յայտնութեան` «նրա աչքերը` ինչպէս կրակի բոց… եւ նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը» նկարագրութեանը համապատասխան աստուածային տիպար ունի:

Կարդալով այս գիրքը` նախ զարմանք ես ապրում, որ մինչ օրս որեւէ անդրադարձ չի եղել բանաստեղծութեան առնչութեանը Սուրբ Գրքին եւ ակամայ արժեւորում ես Մովսիսեանի կատարած գործը: Իսկ յետոյ արդէն սկսում ես խորհել, արդեօ՞ք Աստուածաշունչն է իր ազդեցութիւնը թողել ստեղծագործութեան վրայ, թէ երգ-բանաստեղծութիւնն առաջինը թղթին տուած մեր պատմահայրն է որոշակի սուրբգրային երանգաւորում տուել նրան: Գուցէ մարդկութեան բնօրրան բիբլիական մեր Արարատ երկրի մարդկանց խօսքն ու բա՞նն է իր միանգամայն հնարաւոր հետքը թողել բուն Աստուածաշնչի վրայ: Գրիգոր Մովսիսեանը նոյնպէս տեսակէտ չի յայտնում այս առումով` այն թողնելով ընթերցողներիս, սակայն տպաւորութիւնն այն է, թէ այնուամենայնիւ նա հակուած է կարծելու, որ իր իսկ խօսքերով ասուած «այս փոքրիկ բանաստեղծութեան միջոցով մեր շուրթերով անդադար հնչեցրած Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» մեր հինաւուրց ժողովրդի ծոցից ելած մի մարգարէութիւն է:

Գրիգոր Մովսիսեանը (աջից) եւ նկարիչ Մայիս Մխիթարեանը

Գրքի էջերը նկարազարդուած են գեղանկարիչ Մայիս Մխիթարեանի կողմից: Այստեղ պէտք է յիշել շնորհաշատ նկարչի իրագործմամբ Գրիգոր Մովսիսեանի մէկ այլ ուշագրաւ մտայղացման մասին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բեմի վարագոյրն իր եզակի շքեղութեամբ շատերին է հիացնում: Նրա վրայ ասեղնագործուած են հինգ հրեշտակներ` քերովբէներ եւ սերովբէներ` խոշոր, ամենատես աչքերով ու թռիչքի պատրաստուող վեցական թեւերով: Վարագոյրը եռագոյն է` կարմիր, կապոյտ ու ծիրանագոյն, եւ հետաքրքիրն այն է, որ վարագոյրի գունային այսպիսի ընտրութիւնը Մովսիսեանը կատարել է հէնց Աստուածաշնչից, ուր Բարձրեալը պատուիրում է Մովսէս մարգարէին կառուցելու առաջին աղօթատեղին. «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տաս շերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով» (Ելից 26:1):

Յաջողութիւն մաղթենք Գրիգոր Մովսիսեանին իր հետագայ գործունէութեան մէջ` թէ՛ ֆինանսական եւ թէ՛ ազգային-հոգեւոր բնագաւառներում, եւ թող շատանան նրա գործերն` ի շահ ազգապահպան Հայ եկեղեցու:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )