«Բարգաւաճ Հայաստանի» Քաղաքական Ինքնասպանութիւնից Յետոյ Լեւոն Տէր Պետրոսեան` Միակ Այլընտրա՞նքը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
2013-ի փետրուարի 18-ին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին Հայաստանում ստեղծուել է ներքաղաքական մի իրավիճակ, երբ իշխող վարչակարգի դէմ, ինչպէս 2008-ի փետրուարին, կարող է դուրս գալ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը: Սա է դաժան իրականութիւնը: Բայց իրականութիւնը կարող է դառնալ ողբերգական, եթէ Տէր Պետրոսեանը, գիտակցելով, որ անհնար է յաղթել պետական մեքենային, որոշի, որ իր համար շռայլութիւն է երկրորդ անգամ պարտուել տասը տարիների (1988-1998) իր նախկին գործընկերոջը` Սերժ Սարգսեանին:
Ես հիմա գրում եմ այս ակնարկը ներքին համոզումով, որ Հայաստանում 2013-ի փետրուարի 18-ին կայանալիք նախագահական ընտրութիւններն արդէն աւարտուել են, իսկ առաջիկայ հինգ տարիներին Հայաստանի նախագահի պաշտօնը կրկին զբաղեցնելու է Սերժ Սարգսեանը: Այն իրողութիւնը, երբ գործող իշխանութիւններին չկայ կամ չի լինում այլընտրանք, խօսում է ոչ թէ գործող իշխանութիւնների հանդէպ համաժողովրդական համակրանքի, այլ այն մասին, որ ներքաղաքական դաշտը սեփականաշնորհուել է, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհները գտնւում են Սերժ Սարգսեանի եւ նրան շրջապատող մի քանի անհատների ձեռքում, հաւասար պայմաններ չեն ստեղծւում բոլոր կուսակցութիւնների համար: Ամենասարսափելին այն է, երբ շարքային հայաստանցիների մեծ մասը համոզուել է, որ այլեւս հնարաւոր չէ ընտրութիւնների միջոցով իշխանութիւն փոխել: Այսպիսով, ընտրութիւնների հաստատութիւնը լիովին արժէզրկուել է, քանի որ 1996-ից սկսած` Հայաստանում նախագահական ընտրութիւնները կեղծւում են:
Սա է այսօրուայ իրականութիւնը: Ի՞նչ է հնարաւոր անել այս պայմաններում, երբ իշխանութիւնները, ուղղակի կամ անուղղակի, յայտարարում են, որ արդէն յաղթել են նախագահական ընտրութիւններում, իսկ Հայաստանի բնակչութեան մեծագոյն մասը ներքուստ համոզուած է, որ իր քուէն ոչինչ չի որոշելու: Առաջարկում եմ այս իրավիճակից դուրս գալու, իմ կարծիքով, երկու տարբերակ:
Առաջին. ընդդիմադիր կամ այդպիսին ընկալուող ուժերն ու քաղաքական գործիչները պոյքոթում են նախագահական ընտրութիւնները, եւ Սերժ Սարգսեանը, ըստ ԿԸՀ-ի տուեալների, ստանում է, ենթադրենք, ընտրութիւններին մասնակցած քաղաքացիների 84 տոկոս քուէն: Միանգամից կ՛ընդվզէք` ինչպէ՞ս է հնարաւոր, անգամ համատարած կեղծիքների ու անտարբերութեան պայմաններում, երբ վերջին հինգ տարիներին կեանքը աւելի է վատթարացել, աղքատութեան ցուցիչը 22 տոկոսից հասել է 35 տոկոսի, մարդիկ թողնում-հեռանում են երկրից (այս տարուայ 11 ամիսների պաշտօնական տուեալներով` Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել աւելի քան 70 հազար մարդ), պետական մեքենան ստանում է 84 տոկոս: Հնարաւոր է, քանի որ այդպէս է նաեւ պետական մեքենան իր ժողովրդին յաղթում Ռուսաստանում, Ուքրանիայում կամ Ղազախստանում:
Անշուշտ, պոյքոթի տարբերակը իտէալական չէ մի քանի առումներով: Առաջին. ընդդիմադիր կամ այդպիսին ընկալուող կուսակցութիւնների կամ գործիչների շարքում կը լինեն այնպիսիները, որոնք համաձայնութեան կը գան պետական մեքենայի հետ եւ կը մասնակցեն փետրուարի 18-ի ձեռնարկին: Երկրորդ. մէկ անգամ ընդդիմութիւնը պոյքոթեց 2005-ի սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն, արդիւնքում` այն օրուայ պետական մեքենան, որը վարում էր Ռոպերթ Քոչարեանը, ընտրատեղամասերի ամայութեան պայմաններում եւ միջազգային հանրութեան ծափահարութիւնների ներքոյ գրեց այնպիսի թուեր, որ ինքն էր ուզում: Նոյնը կարող է անել Սերժ Սարգսեանը: Բայց պոյքոթի իմաստը նախ եւ առաջ ընտրութիւնների օրինականութիւնը կանխաւ կասկածի տակ դնելն է: Այսինքն, պոյքոթը քաղաքական քայլ է:
Գործող խորհրդարանում ներկայացուած քաղաքական ուժերի մի մասը, սակայն, պատրաստւում են նախագահական առաջադրումներին: «Ժառանգութեան» առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը արդէն յայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածութիւնը: Սպասւում է, որ «Ժառանգութեան» ցուցակով խորհրդարան անցած, սակայն նրանցից անջատուած «Ազատ դեմոկրատները» կ՛առաջադրեն Անոյշ Սեդրակեանի թեկնածութիւնը: «Օրինաց երկիրը» հինգ տարի առաջ է յայտարարել, որ պաշտպանելու է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը: Դաշնակցութիւնը դեռ վերջնականապէս չի որոշել, սակայն յայտարարել է, որ ոչ մի պարագայում չի աջակցի Սերժ Սարգսեանին: Հասկանալի է, որ ՀՅԴ-ն որեւէ դէպքում չի աջակցի նաեւ Տէր Պետրոսեանին: «Բարգաւաճ Հայաստանը», որը խորհրդարանական ընտրութիւններում ստացել էր քուէների մէկ երրորդը, յայտարարել է, որ չի առաջադրի որեւէ թեկնածու: Այս քայլով «Բարգաւաճ Հայաստանը» քաղաքական ինքնասպանութիւն գործեց եւ յայտարարեց, որ, փաստօրէն, ինքն այլեւս գոյութիւն չունի որպէս քաղաքական ուժ: Հայ ազգային քոնկրէսում (ՀԱԿ) դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, քանի որ վերջնական որոշում կայացնողը նրա առաջանորդ Տէր Պետրոսեանն է, իսկ Տէր Պետրոսեանը չի կարողանում կողմնորոշուել: Առաջին նախագահը յոյս էր տածում, թէ հնարաւոր կը լինի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «բարգաւաճ Հայաստանի» համախմբումը միասնական թեկնածուի շուրջ` ընդդէմ Սերժ Սարգսեանի:
Եթէ պոյքոթը լաւագոյն տարբերակը չէ անյոյս թուացող միւս տարբերակների մէջ, ապա պէտք է Լեւոն Տէր Պետրոսեանը կրկրին առաջադրուի: Հասկանալի է, որ Տէր Պետրոսեանը իտէալական տարբերակ չէ, քանի որ 1996-ին նա եւ նրա ընկերները, որոնց մէջ էին նաեւ Սերժ եւ Վազգէն Սարգսեանները, կեղծել են նախագահական ընտրութիւնները: Բացի այդ, հայաստանցիների մի զգալի հատուածի եւ սփիւռքի համար Տէր Պետրոսեանն ուղղակի անտանելի գործիչ է: Բայց այսօր Տէր-Պետրոսեանը միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ով դեռեւս ունակ է եւ կարող է իր շուրջ համախմբել տասնեակ ու հարիւր հազարաւոր հայաստանցիների: Չկայ երկրորդը: Ուղղակի չկայ: Ինչպէս 1996-ին միակ այլընտրանքը Վազգէն Մանուկեանն էր, 1998-ին` Կարէն Դէմիրճեանը, 2003-ին` Ստեփան Դէմիրճեանը, իսկ 2008-ին` Տէր Պետրոսեանը, այնպէս էլ այօր այդ միակ այլընտրանքը պետական մեքենայի դէմ պայքարում, թւում է, կրկին հէնց Տէր Պետրոսեանն է: Տէր Պետրոսեանը հաւանաբար չի կարող յաղթել, սակայն նրա մասնակցութիւնը կարող է նոր շունչ ու յոյս տալ ներքաղաքական Հայաստանին ու նրա անյոյս քաղաքացիների մի մասին գոնէ:
Յատուկ «Ազդակ»-ի համար

